ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակուել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցութիւնների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանութիւնը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանութիւնները։

-Յունուարի 20-ին թուրքական իշխանութեան խօսափող համարուող Sabah թերթի անգլիալեզու տարբերակը (Daily Sabah), յղում կատարելով իր դիւանագիտական աղբիւրին, յայտնեց, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնները երրորդ երկրում անցկացուելու փոխարէն պէտք է անցկացուեն երկու երկրներից մէկում»։ Նոյն աղբիւրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում՝ հաշուի առնելով, որ առաջին հանդիպումը Երևանի պահանջով տեղի է ունեցել Մոսկուայում»։

-Յունուարի 25-ին, հեղինակաւոր Hürriyet թերթը, յղում կատարելով արտաքին քաղաքականութեան հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մօտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Թերթը նաև յայտնում է այն քայլերի մասին, որոնք պէտք է ձեռնարկուեն Հայաստանի ուղղութեամբ. «Որպէս առաջին քայլ՝ յստակեցուել է փոխադարձ ուղիղ չուերթներ սկսելու մասին որոշումը: Յատկապէս Կարսի և Վանի մասով կատարուելիք աշխատանքներից յետոյ օրակարագ կուգայ նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղութեամբ Հայաստանից չուերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ յատկապէս Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածուել: Բացի այդ ծրագրուել է Կարսի մօտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թւում՝ կամուրջների ու այլ շինութիւնների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորութիւն ունեն։ Իսկ Հայկական Սփիւռքի ճնշումը նուազեցնելու նպատակով միաժամանակ կ’ընդլայնուեն նաև առևտրային յարաբերութիւնները»:

Առաջին նորութիւնը տեղաւորւում է աշխարհաքաղաքական տրամաբանութեան մէջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարաւորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու և Հւ. Կովկասը Թուրքիայի լիարժէք ազդեցութեան գօտու վերածելու նպատակով։

Երկրորդ նորութեան մանրամասները առաւելապէս վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթութեանը։ Դժուար չէ կռահել, որ նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայութեան զգօնութիւնը և «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չէզոքացնել հայկական քաղաքական գործօնը Արցախի և տարածաշրջանի այլ հարցերում։ Կարելի է ենթադրել նաև, որ առաջիկայում մենք կը տեսնենք հայ-թուրքական «բարեկամութիւնը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի և ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնների կողմից։ Անհրաժեշտ է յիշեցնել նաև, որ այդպիսի ձեռնարկները հնարաւորութիւն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրուել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնները։

Պ.Գ.Թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.