Հայ Դատի Կեդրոնական խորհուրդը մշտապէս խրախուսում է տարածաշրջանային եւ համահայկական բնոյթի գործակցութիւնները

«ԱԼԻՔ»-ը զրուցել է Հայ Դատի Կեդրոնական խորհրդի յատուկ ծրագրերի համակարգող Գէորգ Ղուկասեանի հետ:

– Պարոն Ղուկասեան օրեր առաջ Թեհրանում գումարուեց «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը ընթացքում տարբեր թեմաների մասին տեսակէտներ հնչեցին, խորհրդաժողովը յատուկ անդրադարձ կատարեց Հայկական հարցին, Արցախում Ցեղասպանութեան խնդրին, Հայկական Սփիւռքի անելիքներին եւ այլ թեմաների: Այս հարցազրոյցի ընթացքում կը փորձեմ խորհրդաժողովին արծարծուած հարցերն ուղղել նաեւ Ձեզ, բայց նախ անդրադառնանք Հայ Դատի Կեդրոնական խորհրդի աշխատանքների վերջին նորութիւններին:

– Արցախում կատարուող գործողութիւնները իրենց բնոյթով Ցեղասպանական գործողութիւններ էին եւ այդ ուղղութեամբ միջազգային հնչեղութիւն ապահովելու աշխատանքները սկսել են դեռեւս 2023 թուականի Օգոստոսից, երբ որ Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազը հրապարակեց իր յայտնի զեկոյցը դրանից յետոյ որոշակի քննարկումներ տեղի ունեցաւ ՄԱԿ-ի կեդրոնակայանում:

Այսինքն այս ամբողջ քննարկումների էութիւնը յանգում էր այն եզրակացութեան, որ համաձայն 1948 թուականի Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնուենցիայի Արցախում Ատրպէյճանի իրականացնող քայլերն իր բնոյթով Ցեղասպանական գործողութիւն են: Արդէն 2023 թուականի Սեպտեմբերեան չարաբաստիկ իրադարձութիւններից յետոյ, երբ որ նաեւ այդ ամբողջ յանցագործութիւնների մասին էր բարձրաձայնւում:

Անհրաժեշտ է շեշտել, որ Հայ Դատի համակարգում գործում է հայկական իրաւական կեդրոն անունը կրող կազմակերպութիւն: Տարիներ շարունակ այն տեղակայուած է ԱՄՆ-ում եւ Հայ Դատի աշխատանքներին առնչուող իրաւաբանական խնդիրների շուրջ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները խորհրդակցում են հայ իրաւական կեդրոնի հետ: Նաեւ հայ իրաւական կեդրոնը իր կողմից ինքնուրոյն աշխատանքներ է ձեռնարկում, որոնց մեծ մասը նաեւ վերաբերում են հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին: Բայց գալով քննարկուող նիւթին 2022-2023 թուականների ընթացքին հայ իրաւական կեդրոնը գործուն մասնակցութիւն է ունեցել ՄԱԿ-ի կողմից Ատրպէյճանի ՈւՊՐ գործընթացին, որտեղ ՄԱԿ-ի անդամ պետութիւնները չորս տարի մէկ անգամ անցնում են մարդու իրաւունքների իրավիճակի գնահատման ընթացակարգերով նախատեսուած գործողութիւնները, որպէսզի այլ կազմակերպութիւններ եւս կարողանան մասնակցութիւն ունենալ այդ գործընթացին եւ հայ իրաւական կեդրոնը մոբիլիզացրեց Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների ռեսուրսը, այդ թւում՝ Հայ Դատի կեդրոնական գրասենեակները մասնակցեցին այդ աշխատանքներին եւ Ատրպէյճանի ՈւՊՐ տեքստում մեր կողմից մատնանշուած խնդիրների մի մասը, որոնք վերաբերում են Ատրպէյճանի կողմից մարդու իրաւունքների խախտումներին կարելի է հաշուի առնել:

Սա խնդրի զուտ իրաւական կողմն է եւ այս առումով աշխատանքները եւս շարունակելու են կատարուածը որպէս Ցեղասպանութիւն ներկայացնելու համար, որովհետեւ Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնուենցիայի երկրորդ յօդուածով նախատեսուած կարգով, կատարուածը ամբողջովին համապատասխանում է Ցեղասպանութեան յանցագործութեան բնորոշումին:

Գալով արդէն քաղաքական աշխատանքներին, 2020 թուականից մինչ այժմ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները ստիպուած են լինում պարբերաբար վերանայել իրենց առջեւ դրուած մարտավարական խնդիրները եւ այդ մարտավարական խնդիրները եւ քաղաքական առաջնահերթութիւնները համապատասխանեցնել ստեղծուած աղէտալի իրավիճակին: Մենք խնդիր ունենք նաեւ Ատրպէյճանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառման ապահովմանը: Եթէ մենք խօսում ենք ԱՄՆ-ի պարագային այն եւրոմիութեան նախատեսուած թիրախային պատժամիջոցների կատարումն է: Այսինքն պատժամիջոցների կիրառման հարցը քաղաքական օրակարգ բերելը եւ անդամ 27 պետութեան հաստատումը:

Գոնէ մեզ յաջողուել է պատժամիջոցների հարցը բերել քաղաքական դիսկուրսի մակարդակ նոյն իրավիճակն է ամերիկեան կոնգրեսում, որտեղ այսօր ներկայացուել է մի քանի բանաձեւեր, որոնք ամերիկեան վարչակազմին պահանջում են գլոբալ պատժամիջոցներ կիրառել:

Այն, որ Ատրպէյճանը Արցախում իրականացրել է Ցեղասպանութիւն դա միանշանակ է: Բայց խնդիրը Հայ Դատի յանձնախմբերի առջեւ այդ Ցեղասպանութեան համար Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների հարցը օրակարգ բերելն է:

– Պարոն Ղուկասեան Եւրոպայում, ԱՄՆ-ում, Գանատայում Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները բնականաբար տարբեր են Մերձաւոր Արեւելքում գտնուող կառոյցների աշխատանքից: Արդեօք կառոյցները եւ Հայ Դատի յանձնախմբերը աշխատո՞ւմ են որպէս ոչ պետական կազմակերպութիւններ՝ աւելի անկախ, թէ՞ ուղղորդուած աշխատանք են իրականացնում:

– Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը օգնում է Հայ Դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին եւ ընդհանրապէս բոլոր աշխատանքներով, որոնցով Հայ Դատի կեդրոնական գրասենեակը կարող է օժանդակութիւն ցուցաբերել՝ տեղեկատուութիւն, վերլուծութիւն եւ այլն, բայց Հայ Դատի կեդրոնական գրասենեակի կեդրոնական խորհուրդը Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները չեն ուղղորդում, Հայ Դատի իւրաքանչիւր յանձնախումբ աշխատում է տուեալ երկրի օրէնսդրաիրաւական ամբողջ համակարգին համահունչ, որպէս այդ երկրներում գրանցուած եւ աշխատող քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններ: Հայկական Սփիւռքի էթնիկ լաբբիստական կառոյցները հիմա կախուած երկրի քաղաքական մշակոյթին եւ օրէնսդրաիրաւական հնարաւորութիւններին, նրանց աշխատանքը պէտք է ներկայացնել այս տրամաբանութեան ներքոյ եւ կախուած երկրի քաղաքական մշակոյթին եւ օրէնսդրաիրաւական հնարաւորութիւններին, որոնք տրւում են քաղաքացիական հասարակութեանը էթնիկ լոբբիստական կառոյցներին Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները ունեն գործունէութեան տարբեր մեթոդներ գործիքակազմեր, քաղաքական առաջնահերթութիւններ: Բնականաբար մենք չենք կարող համեմատել ամերիկեան քաղաքական միջավայրը գանատական եւ մերձաւորարեւելեան քաղաքական միջավայրի հետ, որովհետեւ նոյն դէպքում էթնիկ լաբբինգը քաղաքական մշակոյթի ուրոյն մասն է, որոնք ամրագրուած եւ պաշտպանուած են օրէնսդրութեամբ, միւս դէպքում էթնիկ լաբբինգը քաղաքական մշակոյթի ուրոյն մասն է: Ըստ այդմ Մերձաւոր Արեւելքի երկրներում Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները առաւելապէս կատարում են իրազեկման աշխատանքներ տարբեր շրջանակներին Հայկական հարցի մասին իրազեկելու համար: Այսինքն աշխատանքի բնոյթը յաճախ կախուած է լինում այն երկրների քաղաքական մշակոյթին որտեղ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները գործում են:

– Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին ուղղութիւն որդեգրո՞ւմ էք, թէ այնուամենայնիւ, փորձում էք քաղաքական հարցով ունենալ ձեռնպահ դիրքորոշում:

– Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների քաղաքական առաջնահերթութիւնները եւ քաղաքական դիրքորոշումները պայմանաւորուած չեն Հայաստանի իշխանութիւնների քաղաքական դիրքորոշումների հետ: Հայ Դատի յանձնախումբը այս տարի նշում է իր հիմնադրման 80-ամեակը եւ 80 տարիների ընթացքում Հայ Դատի ցանցը ունեցել է ճշդուած քաղաքական ուղեգիծ եւ գործունէութեան առաջնահերթութիւններ: Այլ հարց է, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնների այս աղէտալի գործունէութեան արդիւնքում ստեղծուել է մի իրավիճակ, որ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները իրենք ստիպուած են իրենց դիրքորոշումները մարտավարական վերանայման ենթարկել, եւ համապատասխանեցնել ներկայ իրավիճակին: Այսինքն Հայաստանի իշխանութիւնը ունի իր դիրքորոշումը Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները ունեն իրենց քննարկումների արդիւնքում ճշդուած դիրքորոշումները եւ այդ ուղղութեամբ շարունակում են աշխատանքները:

Մէկ այլ հարց է, որ ՀՀ-ի իշխանութիւնների դիրքորոշումները էականօրէն խանգարում են Հայ Դատի աշխատանքներին: Օրինակ 2022 թուականին երբ Ֆրանսայի սենատը ընդունում է բանաձեւ, որով Ֆրանսայի գործադիր իշխանութեանը յորդորում է ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը Ֆրանսայի գործադիր իշխանութիւնը յայտարարեց, որ դուք գործադիր իշխանութիւնից պահանջում էք մի բան, որ Հայաստանի գործընկերները մեզանից չեն պահանջում: Այսինքն որոշակի դիխոտոմիա (երկճիւղաւորում) կայ ՀՀ-ի իշխանութիւնների դիրքորոշումների եւ Հայ Դատի քաղաքական առաջնահերթութիւնների միջեւ: Բայց դա չի նշանակում, որ Հայ Դատի ցանցը պէտք է հրաժարուի քաղաքական առաջնահերթութիւններից:

– Արդեօք կեդրոնական գրասենեակները փորձո՞ւմ են միմեանց հետ յարաբերութիւններ ունենալ եւ տարբեր գրասենեակների հետ համատեղ նախաձեռնութիւններով հանդէս գալ:

– Տարածաշրջանային եւ համահայկական բնոյթի համագործակցութիւնները մշտապէս կատարուել են: Օրինակ Հոկտեմբերին տեղի ունեցաւ Ուաշինկթոնում Հայ Դատի Գանատայի, Ամերիկայի, Աւստրիայի եւ Հարաւային Ամերիկայի եւ կեդրոնական գրասենեակի խորհրդաժողով, որտեղ քննարկուեցին Հայ Դատի քաղաքական առաջնահերթութիւններին վերաբերող հարցեր:

– Սփիւռքի գոյութիւնը եւ լինելիութիւնը շաղախուած է Հայ Դատի յանձնախմբերի գոյութեան նպատակների հետ: Այսինքն Սփիւռքի համար կարմիր գիծ է Հայոց Ցեղասպանութիւնը, հայ-թուրքական յարաբերութիւնները: Ներկայ քաղաքական համաշխարհային իրավիճակը նաեւ նկատի առնելով, պարզ է, որ կուսակցութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնը պակսել է, մինչդեռ յատկապէս ՀՅԴ-ն մեծ աշխատանք է իրականացնում Հայոց Ցեղասպանութեան ուղղութեամբ: Հայ Դատի յանձնախմբերը ինչպէս են փորձում Հայկական հարցը աշխարհում դարձնել հիմնական օրակարգ:

– Հայ Դատի յանձնախմբերը Սփիւռքում ունեն համախմբելու, էթնիկ լաբբիստական կառոյցների գործառոյթը, էթնօ-պաշտպան գործառոյթ: Մեր շատ յանձնախմբեր ունեն համայնքային տարբեր ծրագրեր, օրինակ Հայ Դատի շատ յանձնախմբեր համայնքային բազմաթիւ ծրագրեր են իրականացնում:

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը ունէր Վահան Յովհաննիսեան վարժողական ծրագիրը, որում Մերձաւոր Արեւելքում փորձ է կատարւում եւս նման ծրագրեր իրականացնել: Համայնքն է, որ մեր Հայ Դատի յանձնախմբերին պատուիրում է աշխատանք կատարել եւ իրենց ձայնը, իրենց կողմից ընտրուած պաշտօնեաների մօտ լսելի դարձնել: Հետեւաբար Հայ Դատի յանձնախմբերը աշխատում են համայնքին համահունչ:

– Թուայնացման, արհեստական բանականութեան գերիշխման ժամանակաշրջանում ինչպէ՞ս է արդիականացւում Հայ Դատի յանձնախմբերի գործունէութիւնը, համապատասխան եւ համաչափ արձագանգելու ժամանակի մարտահրաւէրներին:

– Յատուկ ռազմավարութիւն չկայ, որ մենք արհեստական բանականութեամբ փորձում ենք էթնիկ լաբբինգը զարգացնել: Բայց արհեստական բանականութիւնից մի փոքր աւելի յետ, բայց յետ արդիւնաբերութեան յեղափոխութեամբ պայմանաւորուած տեխնոլոգիաներ օգտագործում ենք: Օրինակ՝ տարբեր մէյլինգ համակարգերով մարդկանց հետ կապի մէջ մնալով, սոցիալական մեդիայում կայքերում եւ այլն:

Ներկայ ժամանակաշրջանի ընձեռած հնարաւորութիւնները մեզ թոյլ են տալիս կապը յանձնախմբերի միջեւ ամուր պահել: Այդ առումով աշխատանքային յարաբերութիւնները շահում են: Բայց Հայ Դատի լայն համակարգում մշտապէս խրախուսւում է միջանձնային շփումները եւ պարբերաբար հանդիպումներ է անցկացւում:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Comments are closed.