Հայոց Ցեղասպանութիւնը կը դասաւանդուի ԱՄՆ-ի դպրոցներում ու բուհերում․ մանրամասներ Էլիզաբէթ Չուլջեան

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատում է Հայոց Ցեղասպանութեան ուսուցման համար 10 միլիոն դոլար ապահովելու ուղղութեամբ։ Օրինագիծը նախ՝ Ներկայացուցիչների պալատում կը քուէարկուի ապրիլի 24-ին ընդառաջ։ Ընդունուելու դէպքում գումարը կը յատկացուի Կոնգրեսի գրադարանին՝ առաջիկայ 5 տարում Հայոց Ցեղասպանութեան պատմութեան, դասերի, հանգամանքների եւ դրա ներկայ դրսեւորումների վերաբերեալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանը Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց, որ օրինագծի ընդունումից յետոյ Հայոց Ցեղասպանութիւնը դասաւանդուելու է դպրոցներում, բուհերում ու կրթական այլ կենտրոններում։ Մեթոդաբանութիւնը կը մշակուի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ու ոլորտի մասնագէտների կողմից։

«Կարող ենք ընդլայնել Հայոց Ցեղասպանութեան ուսուցումը երկրի չորս կողմը։ Ամերիկայի մէջ մինչեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը դաշնակցային մակարդակի վրայ եւ նախագահի ճանաչումը 49 նահանգ տարբեր մակարդակներով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են։ Դրանց կողքին մօտ 12 նահանգ արդէն որոշում են որդեգրել, որ Հայոց Ցեղասպանութիւնն ուսուցուի իրենց նահանգների մէջ։ Բայց մենք պէտք է ընդլայնենք այդ թիւը մինչեւ 50 նահանգների, եւ շատ կարեւոր քայլ է հասցնելու դասաւանդման մեթոդները, որպէսզի ուսուցիչներն այդ միջոցը ունենան շիտակ ձեւով դասաւանդելու ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը, այլեւ դրա ներկայ հետեւանքները»,- ասաց Էլիզաբէթ Չուլջեանը։

Ցեղասպանութեան հանգամանքերի ուսուցումը ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից յետոյ կարեւոր մի հանգրուան է՝ նշեց նա։

Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը, նրա խօսքով, կարող է ներառուել, ասենք, 7-րդ դասարանի պատմութեան դասագրքում կամ գրականութեան դասագրքում եւ այլն։

«Միտքն այն է, որ ուր որ ճիշտ է ներգրաւել Հայոց Ցեղասպանութիւնն ու հետեւանքները՝ լինի զուտ պատմութեան տեսանկիւնից, լինի գրականութեան տեսանկիւնից, որ այս նիւթերը ներգրաւուեն դպրոցական ուսուցման ընդհանուր ոլորտի մէջ։ Հայոց Ցեղասպանութեան ուսուցման օրինագիծը միտք ունի պէտք եղած գումարները տալու Կոնգրեսի գրադարանի միջոցով, որպէսզի ուսուցիչները կարողանան մտածել, թէ ինչ ձեւով ներգրաւեն Հայոց Ցեղասպանութիւնը իրենց ուսուցման ընդհանուր ցուցակներում»,- ասաց Չուլջեանը։

Ուսուցման թեմատիկան նահանգային մակարդակում է որոշւում, եւ այդ պատճառով տարբեր նահանգներում ընդհանրապէս՝ ճիշտ, երբեմն սխալ ձեւով դասաւանդում են Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը․ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը տասնամյակներով յատուկ այս նպատակով յանձնախմբեր է ունեցել, որոնք աշխատել են դպրոցների հետ, նահանգների հետ, որ ճիշտ ձեւով դասաւանդուի նշուած թեմատիկան։

Օրինագիծն ընդունելուց յետոյ Կոնգրեսի գրադարանի միջոցով հնարաւոր կը լինի աշխատել Հայոց Ցեղասպանութեան եւ ընդհանրապէս Ցեղասպանութեան ուսուցման մասնագէտների հետ, որպէսզի կարողանան պէտք եղած թղթածրարները պատրաստել, տարբեր դասարանների դասաւանդման ցուցակները պատրաստել, որ ուսուցիչները կարողանան օգտագործել իրենց դասարաններում։

Թուրքական կառավարութիւնն, իհարկէ, ամէն կերպ փորձում է արգելք լինել այս գործընթացին։

«Ամէն քայլափոխի միշտ աշխատել է դէմն առնել, կանգնեցնել Հայոց Ցեղասպանութեան ուսուցումը նահանգային, քաղաքային մակարդակներում։ Ոչ միայն աշխատել են քաղաքային մակարդակի վրայ, նոյնիսկ դատի են տուել նահանգների, ինչպէս Մասաչուսեցի պարագայում, երբ ասել են, որ Հայոց Ցեղասպանութեան ուսուցումով սխալ պատմութիւն է ուսուցանւում։ Իրենք այդ դատը պարտուեցին, բայց, յամենայն դէպս, դժբախտաբար արգելքները շատ են Հայոց Ցեղասպանութեան ուսուցման համար։ Յուսով ենք, որ դաշնակցային մակարդակում այս օրէնքը անցկացնելով պիտի ինչ-որ կերպ վերացնենք այդ արգելքները»,- ասաց Էլիզաբէթ Չուլջեանը։

Նրա համոզմամբ, անհրաժեշտ է այսօրուայ մակարդակով ըմբռնելի, ընթեռնելի ձեւով ներկայացնել թեման, որպէսզի հնարաւոր լինի ոչ միայն անցեալն իմանալ, այլեւ կանխել ապագայ ցեղասպանութիւնները։

 

Աննա Բալեան

https://youtu.be/2Tw6JIClYdM

Leave a Comment

You must be logged in to post a comment.