«Հայաքուէն» շարունակում է պայքարը․ առաջիկայում նախագիծն ԱԺ-ում քուէրարկութեան կը դրուի
58,000 ստորագրութիւն հաւաքած «Հայաքուէ» նախաձեռնութիւնն Ազգային ժողովում մօտ 5 ժամանոց հանրային լսումներ է անցկացրել։
«Հայաքուէն» քաղաքացիական-օրէնսդրական նախաձեռնութիւն է, որով առաջարկւում է քրէականացնել Հայաստանի անունից Արցախը այլ պետութեան կազմում ճանաչելը եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչումից հրաժարուելը։ ՔՊ-ականները չմասնակցեցին լսումներին: Այս իշխանութիւնը ճանաչում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, աւելին՝ իշխանութեան ներկայացուցիչներից ոմանք խօսում են այն մասին, որ Հայաստանի համար վտանգաւոր կարող է լինել Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտները պահպանելը։
Յիշեցնենք՝ «Հայաքուէ»ի ստորագրահաւաքների գործընթացը սկսուել էր 2023-ի ամրանը, երբ Արցախն արդէն շրջափակուած էր։
Նախագիծը Դեկտեմբերի 4-ին դեռ պէտք է քննարկուի ԱԺ պետաիրաւական յանձնաժողովում։ Եթէ անգամ յանձնաժողովը դրական եզրակացութիւն չտայ, յաջորդիւ այս օրինագիծը մտնելու է Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ եւ քուէարկութեան է դրուելու, այսինքն՝ ակնյայտօրէն երեւալու է՝ որ պատգամաւորն ինչպէս քուէարկեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ, դաշնակցական Թադեւոս Աւետիսեանը «Հորիզոն»ի հետ զրոյցում նշում է՝ զարմանալի էլ չէր, որ ՔՊ-ականները չմասնակցեցին «Հայաքուէի» նախաձեռնած խորհրդարանական լսումներին։
«Նրանք սկզբում քօղարկուած, իսկ հիմա արդէն բացայայտ կերպով հանդէս են գալիս այն խօսոյթով, որով խօսում են Ատրպէյճանի ու Թուրքիայի ցեղասպան իշխանութիւնը․ ՀՀ իշխանութեան ներկայացուցիչները ՀՀ դրօշի, զինանշանի առաջ կանգնած՝ ասում են՝ Արցախի Հանրապետութիւնն իրենք չեն ճանաչում, ընդհակառակը՝ այդ տարածքը ճանաչում են որպէս Ատրպէյճանի անբաժանելի տարածքային ամբողջականութիւն։ Կարծում եմ՝ արդէն ամէն ինչ պարզ է ու արդէն նաեւ բացայայտ», ասում է Թադեւոս Աւետիսեանը։
Դաշնակցական պատգամաւորը շեշտում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գործելաոճն արդէն իսկ ակնյայտ է, ուստի ակնյայտ է նաեւ, թէ ինչ արդիւնք է լինելու Դեկտեմբերի 4-ին ԱԺ պետաիրաւական յանձնաժողովում, որտեղ ՔՊ-ականները մեծամասնութիւն են կազմում։
«Չեմ կարող ասել, թէ թշնամուն հպատակ ուղեղն ինչ սցենար կը մտածի, բայց այն, որ ազգային շահ եւ համապետական շահ չի լինելու դրա հիմքում, ակնյայտ է», ասում է պատգամաւորը։
Խօսելով «Հայաքուէն» կեանքի կոչելու, ստորագրահաւաքն իրականացնելու ու ստորագրահաւաքին մասնակցած քաղաքացիների ջանքների ու ակնկալիքների մասին՝ Թադեւոս Աւետիսեանն ասում է՝ այն, ինչ արւում է անկեղծօրէն ու հաւատամքով, երբեք ի չիք չի դառնում, պայքարը պիտի շարունակուի։
«Մենք չպէտք է յուսահատուենք, որովհետեւ այլընտրանք չունենք։ Այլընտրանքն արդէն այս անգամ Հայաստանի թրքացումն է լինելու։ Եւ այո՛, ողջ ուժերով, իւրաքանչիւրս մեր մասնակցութեամբ պիտի պայքարենք․ սա աներկբայ է։ Մինչեւ վերջ պայքարի այլընտրանքը լինելու է Հայաստանի ինքնիշխանութեան կորուստը, թրքացումը, նոր ցեղասպանութիւնն ու հայրենազրկումը», եզրափակում է պատգամաւորը։
Յասմիկ Բալէեան
Comments are closed.