Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները մաշւում են «Շագրէնի կաշուի» նման. Սրապիոնեան

Սփիւռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, խօսել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հնչեցրած ահազանգի մասին։

«Յեղափոխական» իշխանութիւնները 2018-ից ի վեր ամէն ինչ արել են Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների քայքայման, դրանց վերջնական խզման համար։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց սփիւռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնեանը։

Նրա խօսքով` այդ ուղղութեամբ արուած առաջին մեծ քայլը համապատասխան գերատեսչութեան լուծարումն էր, այնուհետեւ սփիւռքի հարցերով յանձնակատարի պաշտօնում Զարեհ Սինանեանին առաջադրելը, որի հաւանական պաշտօնանկութեան մասին լուրերը վերջերս բաւականին յաճախ են յայտնւում մամուլում։

«Ի՞նչ է արել Սինանեանը յանձնակատարի պաշտօնում սփիւռքն ի մի բերելու կամ սփիւռք-Հայաստան կապերը խորացնելու համար։ Ո՞վ կարող է նշել գոնէ մէկ գործողութիւն, որեւէ միջոցառում, որեւէ քայլ։ Հիմա էլ ասում են, թէ հեռացնելու են։ Ակնյայտ է, չէ, որ ուզում են Սինանեանին փոխել մէկ ուրիշ, աւելի ուժեղ քանդարարով, որը կարող է գալ եւ քանդել ստեղծուած կապերը, հակամարտութիւններ մտցնել սփիւռքի տարբեր կառոյցների միջև»,- նշեց նա։

Սրապիոնեանը պատահական չի համարում նաեւ օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ահազանգն այն մասին, որ սփիւռքը տանգնապի մէջ է։ Նախկին նախարարն ասում է` սփիւռքի նախարարութիւնը վերածուել էր «ցեմենտող» մի կառոյցի, որը մէկտեղել էր սփիւռքի ամենատարբեր, յաճախ իրար չհանդուրժող կառոյցներին։ Նրանք համախմբուել էին հզօր հայրենիք ստեղծել ու շուրջ եւ այդ հզօր հայրենիքի տեսլականը բոլորի մէջ կար։ Հիմա արդէն այդ հանդուժողականութեան, միմեանց հասնելու պատրաստակամութեան թելերը կտրւում են եւ ամէն օր մաշւում են «Շագրէնի կաշուի» նման։

«Արամ Ա-ն տեսնում է, որ սփիւռքը գլորուել է այնքան հեռու, որը յիշեցնում է 20-րդ դարի 20, 30 40-ականները, երբ տարբեր գաղափարական կառոյցների միջեւ նոր-նոր ստեղծւում էին կապեր` թոյլ, երերուն։ Վեհափառը տեսնում է, որ այս երկիրը մաշւում է ամէն օր «Շագրէնի կաշուի» նման, որ այս երկիրը ձեռք քաշեց իր վերականգնուած պատմական հայրենիքից` Արցախից, որ այս երկրում ջահելներ ու տարածքներ կորցնելով` բարբաջում են խաղաղութեան դարաշրջանի մասին։ Պարզ է, որ մի հոգեւոր հովիւ, որը տոգորուած է հայրենասիրական զգացումներով, պիտի տագնապի եւ ահազանգ հնչեցնի»,- ընդգծեց Սրապիոնեանը։

Նախկին նախարարը կարծում է, որ Հայաստան-սփիւռք կապերը վերականգնելու միակ ճանապարհն օր առաջ այս իշխանութիւնների հեռացումը եւ ազգասէր ու ազգընտիր կառավարութեան ձեւաւորումն է։

Նշենք, որ յունուարի 15-ին լիբանանահայ մտաւորականների հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ասել է, որ սփիւռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, յուսախաբ` Հայաստանի նկատմամբ, յատկապէս Արցախի պատերազմից յետոյ։

Վեհափառ Հայրապետը պարզաբանել է, որ 2022-ը Սփիւռքի տարի է հռչակել, քանի որ սփիւռքը տագնապի մէջ է։

Leave a Comment

You must be logged in to post a comment.