«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
1655
0
«Հայաստան» դաշինքն իր երախտագիտութիւնն է յայտնում 2021թ. յունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրութիւններում դաշինքին աջակցած եւ իր օգտին քուէարկած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին: Այն վստահութիւն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարիւր հազարաւոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաեւ իրենց հաւանութիւնը տուեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկուած լուծումներին:
«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մօտեցումը, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները խիստ վիճայարոյց են եւ վստահութիւն չեն ներշնչում: Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրութիւնները ոչ լեգիտիմ համարելու եւ յայտարարելու, որ այսպիսի արդիւնքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական յարաբերակցութիւնը: Մեր դիտարկումները եւ դաշինքի նախընտրական շտաբներից եկած տեղեկատուութիւնը փաստում են, որ խախտումները սկսուել են ընտրութեան օրուանից շատ աւելի վաղ: Իսկ բուն ընտրութեան օրը բազմաթիւ տեղամասերից մեր վստահուած անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խօսքը գնում է ընտրութեան արդիւնքների համակարգուած եւ նախապէս պլանաւորուած կեղծարարութեան մասին:
Մասնաւորապէս.
1. Ձեւաւորուեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանութեան կողմից զանգուածաբար օգտագործուեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկուեցին ընտրական ահաբեկման առերեւոյթ գործողութիւններ:
2. Ընտրահաշուարկը սկսելուն պէս բազմաթիւ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խօսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմաւիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն եւ այլն:
3. Բազմաթիւ տեղամասերում արձանագրուեցին այդ բնակավայրերին օտար մեծ թիւով քաղաքացիների առկայութիւն եւ քուէարկութիւն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարութեան համակարգ:
4. Անհերքելի իրողութիւն է բանակի անթաքոյց ուղղորդուած քուէարկութիւնը, որն իշխանութեան համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
5. Առկայ է խորը կասկած, որ գործել է ընտրութիւնների ծրագրային ապահովման կեղծարարութիւն, որն ի սկզբանէ բացառում է օբյեկտիւ արդիւնքների հնարաւորութիւնը:
6. Առանձին համայնքներում իշխանութեան կողմից քօղարկուած ընտրակաշառքի դէպքերի մասին ահազանգեր կան:
«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրութեան արդիւնքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թւում դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրութիւններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարաւորութիւնը քննարկելու համար:
«Հայաստան» դաշինք