Հայաստանի շուրջ առկայ զարգացումներում ամերիկեան դիրքորոշման շուրջ
Գէորգ Ղուկասեան
Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների միջպետական յարաբերութիւնների էութեան վրայ մեծ ազդեցութիւն ունի ոչ միայն ԱՄՆ-ի որպէս համաշխարհային գերտէրութեան բնոյթը, Հայաստանի՝ աւանդաբար ռուսական ազդեցութեան գօտում գտնուելու փաստը, այլ նաեւ հայ-ամերիկեան յարաբերութիւնների պատմական հոլովոյթը՝ սկսած դեռեւս 19-րդ դարավերջից, երբ համիտեան ջարդերից մազապուրծ՝ հայերը սկսեցին ապաստան եւ փկութիւն գտնել Միացեալ Նահանգներում։ Այնուհետեւ՝ Հայոց ցեղասպանութիւնից փրկուած հարիւր հազարաւոր հայերի ապաստանումը Նահանգներում, 1919 թ․ Հայաստանի Հանրապետութեան եւ ԱՄՆ-ի միջեւ հաստատուած դիւանագիտական յարաբերութիւնները, դրանից աւելի վաղ՝ ամերիկահայ համայնքի կողմից հայկական շահերի պաշտպանութեան աշխատանքների սկիզբը ԱՄՆ-ում, վերջապէս ԱՄՆ 28-րդ նախագահ Վուտրօ Ուիլսոնի դերակատարութիւնը հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ, ընդհանրապէս ամերիկահայ համայնքի ակտիւ ներկայութիւնն ու ազդեցութիւնը ԱՄՆ-ում էական ազդեցութիւն ունեն հայ-ամերիկեան եւ Հայաստան-Ամերիկա միջպետական յարաբերութիւնների ընկալման եւ դրա արդիւնքում ձեւաւորուած սպասումների վրայ։
Մեր նախորդ յօդուածներից մէկում անդրադարձել էինք Միացեալ Նահանգներում հայկական էթնիկ լոբբինգի սկզբնաւորման, առաջին դրսեւորումների, դրանց զարգացման փուլերի, աշխատելաոճի, քաղաքական առաջնահերթութիւնների ու գործունէութեան հիմնական ուղղութիւնների առանձնայատկութիւններին։ Չկրկնուելով, միայն յաւելենք, որ Ամերիկայի հայկական սփիւռքի քաղաքական ազդեցութեան գնահատումն ու դրա վերաբերեալ ակադեմիական աշխատանքները մշտապէս եղել են քաղաքագէտների ու միջազգային յարաբերութիւնների տեսաբանների, ինչպէս նաեւ պատմաբանների ուշադրութեան կեդրոնում։ Ամերիկայի հայկական սփիւռքի գործունէութիւնը գնահատել են այնպիսիի գիտնականներ ինչպիսիք են Սամուէլ Հանթինգթոնը, Եոսի Շէյնը, Զբիգնեւ Բժեզինսկին եւ այլք։ Վերջինս օրինակ Ամերիկայում իսրայէլական եւ կուբայական լոբբիների շարքում ամենաարդիւնաւէտը դիտում էր հենց հայկական լոբբին։
Այնուամենայնիւ, այս յօդուածով նպատակ ունենք ընթերցողի դատին յանձնել ոչ թէ Ամերիկայում հայկական շահերի պաշտպանութեան ներկայ հանգրուանը, այլ խթանել ընթերցողի ուշադրութիւնը հայ-ամերիկեան բազմաշերտ յարաբերութիւնների վրայ, յատկապէս միջպետական յարաբերութիւնների։
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, ԱՄՆ-ն առաջին պետութիւններից մէկն էր, որ ճանաչեց ՀՀ անկախութիւնը 1992 թ․ Դեկտեմբերին, հաստատուեցին միջպետական յարաբերութիւններ, 1992 թ․ Փետրուարին եւ Մարտին փոխանակուեցին դեսպաններ։ Նոյն թուականից Հայաստանում իր գործունէութիւնը սկսեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւնը (USAID)՝ իրականացնելով ձեռներէցութեան խրախուսման, էներգաջրամատակարարման կարգաւորման, մարդասիրական օգնութեան, իրաւական դաշտի բարելաւման, գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան աճի եւ այլ բնոյթի բազմաթիւ ծրագրեր: Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնութեան տրամադրման տեսանկիւնից ԱՄՆ-ն խոշորագոյն դոնորն է:ԱՄՆ-ն նաեւ նոյն 1992 թ․ ձեւաւորուած եւ նոյնիսկ ցայսօր Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման գործում միջնորդութեան միակ բացառիկ մանդատ ունեցող կառոյցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Համանախագահութեան հանգամանքը եւ Ղարաբաղեան հիմնախնդրի նշանակութիւնը ՀՀ-ի համար ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններում պայմանաւորեցին յաւելեալ կաեւորութիւն։ Կարելի է ասել, որ հենց 1992 թ․ էր, որ ամենաբեկումնայինն էր երկկողմ յարաբերութիւններում։ Մասնաւորապէս, 1992 թ. Օգոստոսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունուեց «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ ենթաբաժինը (յայտնի որպէս 907-րդ բանաձեւ), որով արգելւում էր ամերիկեան ուղղակի ֆինանսական աջակցութիւնը Ատրպէյճանին։ Այն ղարաբաղեան առաջին պատերազմի հետեւանքով Ամերիկայի հայկական սփիւռքում ձեւաւորուած քաղաքական օրակարգ էր, որն իրացուեց Ամերիկայի հայ համայնքի եւ դրա լոբբիստական կառոյցների գործունէութեամբ: 2002 թ․ ԱՄՆ Կոնգրեսը նախագահին հնարաւորութիւն տուեց ի թիւս այլնի շրջանցելու 907-րդ բանաձեւը՝ եթէ դա պայմանաւորուած է ԱՄՆ անվտանգային հետաքրքրութիւններով։ Դրանից յետոյ ԱՄՆ բոլոր նախագահները, մէկամեայ իրաւական ուժ ունեցող ակտով կասեցնում են դրա կիրառումը, ինչի դէմ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը երկար տարիներ մեծ ջանքեր է գործադրում։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահը, 2024 թ․ համար դեռեւս չի ստորագրել 907-րդ բանաձեւի կասեցումն ապահովող համապատասխան ակտը, ինչի մասին վերջերս ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ ակնարկեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի պաշտօնակատար Եուրի Քիմը։
Գալով ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնների կառուցակարգային հարթութանը՝ յաւելենք, որ ստորագրուած են շուրջ 15 երկկողմ համաձայնագրեր, մէկ արձանագրութիւն, բազմաթիւ յուշագրեր, որոնք խիստ բազմոլորտ են եւ վերաբերում են տնտեսութեան ու հասարակական կեանքի տարբեր ոլորտներին։
Ասուածը փոքր մասն է հայ-ամերիկեան առնչութիւնների հարուստ պատմութիւնից, ինչը հայ ժողովրդի եւ քաղաքական եւ հասարակական լայն շերտերի մօտ ձեւաւորում է Ուաշինկթոնից քաղաքական, անվտանգային, տնտեսական օժանդակութեան սպասումներ, ինչը յաճախ չի արդարացւում, ոչ միայն, նրա համար, որ ԱՄՆ-ն անպայմանօրէն մտադիր է չօգնել Հայաստանին, այլ նրա համար, որ ամերիկեան քաղաքական շահն ու հայ ժողովրդի շահը միշտ չէ, որ զուգամիտւում են։
ԱՄՆ-ն խիստ բազմաշերտ պետութիւն է՝ հիմնուած պետական իշխանութեան թեւերի ու ոլորտային գերատեսչութիւնների միմիանց հաւասարակշռման ու հակակշռման վրայ, որոնցից իւրաքանչիւրն ունի իր առանձնայակութիւններն ու առաջնահերթութիւնները։ Օրինակ, ընդունուած է կարծել, որ ամերիկեան վարչակարգում Հայաստանի հետ յարաբերութիւնների պլանաւորմամբ առաւելապէս զբաղւում է պետդեպարտամենտը, իսկ Ատրպէյճանի հետ յարաբերութիւններով՝ պաշտպանութեան դեպարտամենտը, եւ ներամերիկեան քաղաքական գործընթացների տրամաբանութիւնից է նաեւ կախուած, թէ որ ոլորտի թելադրած ուղենիշներով կը զարգանան ԱՄՆ յարաբերութիւնները հարաւկովկասեան երկու հակամարտ երկրների հետ։ Հայաստանի հետ ամերիկեան յարաբերութիւնների տեսլականի տարբերութիւնը խիստ ընդգծուած եւ տեսանելի է յատկապէս օրէնսդիր գործադիր հակասութիւնների պարագայում։
Նախ՝ ինչո՞ւ է այդպէս։ Որպէս կանոն պետութիւնների խորհրդարանները, որոնք օժտուած են առաջնային մանդատով, ամենաբացն են համայնքային կազմակերպութիւնների եւ էթնիկ լոբբիստական խմբերի համար եւ յատկապէս արեւմտեան աշխարհում ազատօրէն յարաբերւում են վերջիններիս հետ ու կաշկանդուած չեն պետական քաղաքականութեան սահմանափակումներով։ Բացի այդ, յատկապէս ԱՄՆ-ում քաղաքականապէս ակտիւ հայ համայնքի վստահութեանն արժանանալը կարեւոր դեր կարող է խաղալ ընտրական գործընթացներում։ Սրանք պատճառներից ի հարկէ մի քանիսն են, որոնք ԱՄՆ-ում, յատպակէս Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ծաւալուն եւ ամենօրեայ աշխատանքի արդիւնքում յանգեցրել են նրան, որ ԱՄՆ Կոնգրեսում պարբերաբար քննարկման առարկայ են դառնում եւ օրէնսդրական տարբեր գործընթացների միջոցով առաջ են մղւում, օրինակ, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնները։ Մասնաւորապէս Կոնգրեսը, դրա զոյգ պալատները, ոլորտային պատասխանատու գործիչները շատ յստակ կամ նուազագոյնը ոչ մեզ հակառակ վերաբերմունք ունեն 907-րդ բանաձեւի պահանջների վերականգնման, Արցախին տրամադրուող ատրպէյճանական ռազմական օժանդակութեան անյապաղ դադարեցման, Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ ԱՄՆ օրէնսդրութեամբ նախատեսուած՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների կիրառման», Հայաստանին տրամադրուող ամերիկեան օժանդակութեան շեշտակի մեծացման, Հայաստանի անվտանգութեան պաշտպանութեան գործում ամերիկեան ներգրաւուածութեան, Ղարաբաղեան հակամարտութեան արդար լուծման վերաբերեալ։ ԱՄՆ Կոնգրեսում գործում է 118 անձից բաղկացած հայկական հարցերով խումբը, որի 4 համանախագահներից Ֆրենք Փալոնի ու Ադամ Շիֆի անունները Հայաստանում յայտնի են նոյնիսկ քաղաքականութեամբ չհետաքրքրուողների շրջանակում։
Այս ամէնը ի հարկէ վիթխարի ճնշում է ԱՄՆ իշխանութեան գործադիր թեւի վրայ, որը 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումից յետոյ, ի վերջոյ 2021 թ․-ին տեղի տուեց եւ իր հերթին ճանաչեց ցեղասպանութիւնը։ Այնուամենայնիւ, արցախեան հիմնախնդրի առումով կոնգրեսական եւ համայնքային ճնշումը, ոչ միայն դեռեւս չի պսակուել յաջողութեամբ, այլեւ ԱՄՆ-ն, ի թիւս մնացեալ դերակատարների, պատասխանատուութեան իր բաժինն ունի արցախեան հերթական ողբերգութիւնը չկանխելու եւ դրանով մեղսակից դառնալու մէջ։
Մինչ Կոնգրեսը պնդում է իր յստակ դիրքորոշումը Ատրպէյճանի նկատմամբ, ԱՄՆ պետական իշխանութան գործադիր թեւը շարունակում էր եւ շարունակում է իր երկդիմի քաղաքականութիւնը, երբ յաճախ հաւասարեցման նշան է դրւում ագրեսորի եւ ագրեսիայի զոհի միջեւ, իսկ լաւագոյն դէպքում Ուաշինկթոնը բաւարարւում է Պաքուին յղուած կոչերով։ Երբեք յղում չի արուել կամ նոյնիսկ չի ակնարկուել Պաքուի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հաւանականութեանը։ Ամերիկեան գործադիր իշխանութիւնը լռեց շուրջ տասն ամիս շարունակուող շրջափակման ու սովի ընթացքում, խաղաղ բնակչութեանը տեղահանելու ժամանակ ու առհասարակ Արցախի էթնիկ զտման ընթացքում եւ հիմա։ Աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութիւնը քաղաքական առաջնահերթութիւն հռչակած ԱՄՆ-ի լուռ համաձայնութեամբ նաեւ, Արցախը ենթարկուեց էթնիկ զտման։
Այսպիսով ակնյայտ է, որ Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը ԱՄՆ քաղաքական առաջնահերթութիւնների մէջ չի մտնում, ինչը սակայն չի նշանակում թէ Հայաստանը կորցրել է հետաքրքրութիւնը ԱՄՆ-ի համար։ Վերը յիշատակուած հանգամանքները, ինչպէս նաեւ Հայաստանի ռազմավարական դերը, բնակչութեան մի ստուար հատուածի մօտ պրո-արեւմտեան ձգտումները եւ Ռուսաստանից հիասթափութիւնը պայմանաւորում են Հայաստանի վերաբերեալ ԱՄՆ քաղաքական ուշադրութիւնը։
Թէեւ մեր ժողովրդի պատմութեան հերթական ծանրագոյն հանգրուանում յաճախ արդարացի ցանկութիւն է առաջանում մեղքը բարդել նաեւ օտար ուժերի վրայ, պէտք չէ սակայն հաշուի չառնել երկու հանգամանք՝ ե՛ւ Ամերիկան, ե՛ւ Ռուսաստանը մեկնում են սեփական ազգային-պետական շահերից, որոնք կարող են չզուգամիտուել մեր շահերին եւ երկրորդ՝ Հայաստանի գործող իշխանութիւնները միջազգային որեւէ գործընկերոջ շրջանում չեն ձեւաւորել այն համոզումը, որ իրենք պատրաստւում են ամէն գնով փրկել Արցախը։ Ընհակառակը՝ Հայաստանի իշխանութիւնն աշխարհին ցոյց է տուել Արցախեան հիմնահարցի լուծման ամէնից կարճ ճանապարհը, ինչն էլ միջազգային հանրութեանը հետաքրքրում է աւելին, քան Արցախի ժողովրդի իրաւունքների իրացումն է։
Ակնյայտ է, որ ԱՄՆ-ն Արցախը համարում է Ատրպէյճանի մաս, դեռեւս չի պատրաստւում պատժամիջոցներ կիրառել Ալիեւի եւ նրա վարչակազմի նկատմամբ մարդու իրաւունքների զանգուածային խախտումների, պատերազմական յանցագործութիւնների եւ էթնիկ զտման ցեղասպան քաղաքականութեան համար, ինչն ուղղակիօրէն քաջալերում է Ալիեւին անպատժելիութեան գիտակցմամբ շարունակելու վայրագութիւնները։ Սրան զուգահեռ մենք ունենք ԱՄՆ Կոնգրեսի տրամագծօրէն տարբերուող դիրքորոշումը, ինչի առկայութիւնն ինքնին հնարաւորութիւն է տալիս ԱՄՆ գործադիր իշխանութեանը իր համար յարմար պահին խստացնելու Ատրպէյճանի նկատմամբ դիրքորոշումը։
Այս առումով Ամերիկայի հայկական սփիւռքը անելիք ունի, ամերիկեան տարածաշրջանային քաղաքականութիւնը չի կարող մշտապէս նոյն ուղենիշներն ունենալ եւ անհրաժեշտ է աշխատել, որ այդ ուղենիշների փոփոխութեան ժամանակ քաղաքական հաշուարկներն արուեն յօգուտ մեզ։ Հետեւապէս պէտք է շարունակապէս մեծացնել կոնգրեսական ու համայնքային ճնշումը եւ իբրեւ ամենաառաջին քայլ, կանխել նախագահ Պայտընի կողմից 907-րդ բանաձեւի կիրառման պահանջներից հրաժարումը՝ այն հիմնաւորմամ, որ Ատրպէյճանը, ի հակառակ ԱՄՆ պաշտօնական դիրքորոշման, Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ կիրառել է ագրեսիա։ Թերեւս, եթէ չգտնուէինք ներկայ հանգրուանում եւ ԱՄՆ նախագահն էլ ստորագրած չլինէր 907-րդ բանաձեւի չեղարկումը, դա համարուէր կարեւորագոյն յաղթանակ Հայ դատի հետապնդած նպատակների համատեքստում, բայց ամերիկեան քաղաքականութեան վերջին ձախողման եւ Արցախի հայութեան տեղահանման համատեքստում, այդ «յաղթանակի» բովանդակութիւնն ամբողջութեամբ խեղաթիւրուած է։ Ամէն դէպքում, քանի դեռ նախագահ Պայտընը չի ստորագրել 907-րդ բանաձեւի պահանջների չեղարկումը, ինչը ըստ կարգի պէտք է անէր ամիսներ առաջ, ապա ներկայումս, առաւել քան երբեւէ, պէտք է անել ամեն ինչ դա թոյլ չտալու համար։
Comments are closed.