Հայաստանի լինելիութեան հարցը կախուած է Արցախի ճակատագրից․ Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ազատութեան հրապարակում՝ ԱԺ «Հայաստան» և «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների հրաւիրած հանրահաւաքին․

Սիրելի հայրենակիցներ

Քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ և հանդէս եկել յայտարարութեամբ․ այդ յայտարարութեան մէջ շատ յստակ ասւում է, որ հայ ժողովուրդը պէտք է համախմբուի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Այնտեղ նաև ասւում է, որ Հայաստանի լինելիութեան հարցը կախուած է Արցախի ճակատագրից։

Եկէք այսօր այս հրապարակում միասնաբար յայտարարենք․ տէ՛ր ենք Արցախին, տէ՛ր ենք Հայաստանին, տէ՛ր ենք Հայաստանի ինքնիշխանութեանը և տարածքային ամբողջականութեանը։

Պատրա՞ստ էք պայքարել դրա համար․ շատ լաւ։

Նախ ուզում եմ անել մի քանի կարևոր արձանագրումներ․

Առաջինը․ այսօր պատմական օր է, որովհետև դուք այսօր ձեր մասնակցութեամբ, ձեր վճռականութեամբ ապացուցեցիք և վերջանականապէս փակեցիք այն բոլոր խօսակցութիւնները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, դուք փակեցիք այն խօսակցութիւնները, որ մենք պետութիւն ունենալու իրաւունք չունենք, որ մենք համակրեպուել ենք այս իրավիճակին, դուք այսօր վերջանականապէս սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտութեան էջը փակելուն։

Երկրորդը․ քիչ առաջ մեր բոլորի անունից հնչեցուեց այն հիմնական սկզբունքները, որով պէտք է առաջնորդուենք։ Դա հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանութեան կամարտայայտութիւնն է։ Ուրեմն եկէք այս հրապարակից միասնաբար յայտարարենք՝ ցանկացած իշխանութիւն, ով կը շեղի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը։ Այն քաղաքական ուժը, այն անհատը, այն իշխանութիւնը, ով կը շեղի այս պահանջներից, դուք՝ մեր ժողովուրդը, ունի լեգիտիմ իրաւունք հակազդելու, գետնին տապալելու և երկրի ողնաշարը շտկելու։

Երրորդ․ այսօր մենք այս հրապարակից արձանագրեցինք, որ տէր ենք Արցախին, տէր ենք Հայաստանին, և ամենակարևորը՝ պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։

Չորրորդը․ դուք այսօր ձեր ներկայութեամբ, ձեր վճռականութեամբ ասում էք, որ այս իշխանութիւնները չունեն ժողովրդի կողմից մանդատ խաղաղութեան կեղծ և յիմար լոզունգների տակ երկիրը տանելու նոր զիջումների։

Խնդրում եմ նորից, սա շատ կարևոր է, սա մեր պայքարի վաղույ հիմքն է, միասին այս 4 կէտի շուրջ ունենանք համաձայնութիւն․ 1․ փակում ենք պարտութեան էջը, 2․ տէր ենք Արցախին, տէր ենք Հայաստանի տարածքային ամբողջականութեանը, 3․ այս իշխանութիւնը չունի մանդատ երկիրը զիջումների տանելու, 4․ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը։

Համաձա՞յն էք․ այո՛։

Սիրելի հայրենակիցներ, ի՞նչ է կատարւում․ թշնամին պատերազմից յետոյ շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետութեան և Արցախի նկատմամբ։ Օրուայ իշխանութիւնը երկրի պաշտպանութիւնը կազմակերպելու փոխարէն ժողովուրդին պատրաստում է նոր զիջումների։ Նա ասում է՝ հնարաւոր չէ․ բանակը թոյլ է, ժողովուրդը խեղճացած, հայրենիքի համար պայքարը նշանակում է պատերազմ։ Ժողովրդին շարունակում են վախեցնել պատերազմով՝ ներկայացնելով, որ ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ հայրենազրկում, կա՛մ պատերազմ։ Մենք պատերազմ չենք ուզում, մեր պայքարը արժանապատիւ խաղաղութեան և յանուն Արցախի և Հայաստանի Հանրապետութեան է։ Բայց փորձում են ներկայացնել՝ իբրև թէ իրավիճակը անելանելի ծանր է, վիճակ չկայ։

Ուզում եմ ներկայացնել երկու պատմական օրինակ, որոնք տեղի են ունեցել ձեր աչքի առջև, սա շատ կարևոր է․ 1992 թ․ իրավիճակը ծանր էր, թշնամին հասել էր մինչև Թարթառ գետ, Ստեփանակերտի հետ չկար ցամաքային ճանապարհ, իրօք վիճակը ծանր էր։ Որոշում կայացուեց պաշտպանել երկիրը, փոխուեց Պաշտպանութեան նախարարը, օրուայ Գերագոյն խորհուրդը ընդունեց որոշում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կանգնեցինք, պաշտպանեցինք մեր երկիրը, ազատագրեցինք Արցախը և բերեցինք խաղաղութիւն։ Երկրորդ օրինակը․ 1998 թ․ օրուայ իշխանութիւնն առաջարկում էր՝ կա՛մ պէտք է զիջենք, կա՛մ պէտք է լինի պատերազմ։ Մենք դէմ էինք զիջելուն։ Ընդ որում, այդ զիջման դէմ լինողների մեծ մասը նաև այսօր այս հարթակում է։ Դէմ գնացինք զիջմանը, օրուայ իշխանութիւնը խաղաղ հեռացաւ, բայց ասաց՝ իշխանութեան եկան պատերազմի ուժերը։ Բայց այսպէս կոչուած «պատերազմի ուժերը» եկան և 20 տարի երկիրը ունեցաւ խաղաղութիւն։ Սա իրականութիւն է, պատմական փաստ։

2018 թ․ կրկին իշխանութեան եկան զիջման կողմնակիցները՝ նախորդի գաղափարակիրները, կրկին մեզ ասացին՝ զիջենք, որպէսզի լինի խաղաղութիւն։ Ի՞նչ տեղի ունեցաւ․ հայրենիքի կորուստ, զիջումներ, զոհեր, նոր աղէտ։ Սա է իրականութիւնը․ խաղաղութիւն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտութիւն և նոր պատերազմ։

Հիմա եթէ Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղութիւն, յանուն այդ խաղաղութեան պէտք է հեռանայ։ Հայաստանի պատմութեան մէջ Նիկոլից քիչ ոչ մէկն իրաւունք չունի խաղաղութեան մասին խօսելու, որովհետև ինքը պարտութեան և պատերազմի խորհրդանիշ է։

Եթէ մենք ուզում ենք ունենալ արժանապատուութիւն, իրական խաղաղութիւն, օր առաջ, րոպէ առաջ պէտք է սրանց հեռացնենք։

Համաձա՞յն էք։ Այո՛։ Ձեր ցաւը տանեմ, անելու ենք։

Մեր պայքարը այլընտրանք չունի․ այս պայքարի այլընտրանքը հայրենազրկումն է։ Մէկ անգամ ևս յայտարարում եմ՝ յանուն Արցախի, յանուն Հայաստանի, յանուն հայ ժողովրդի ապագայի այստեղ՝ այս հրապարակից, յայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը։

Ի՞նչ պէտք է անենք․ սա ձեր բոլորի գլխաւոր հարցադրումն է։

Ի՞նչ պէտք է անենք․ սա գլխաւոր խնդիրն է, որ պէտք է այս հարցը լուծենք։ Հրապարակում կան բազմաթիւ մարդիկ, մեզ այսօր օնլայն հարթակներով, հեռուստացոյցով հետևում են հազարաւոր քաղաքացիներ, մենք պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի այդ քաղաքացիներին բերենք փողոց։

Պարզ ձևակերպեմ․ բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պէտք է իջնեն փողոց և միանան այս պայքարին։ Յաճախ հարցնում եք՝ ե՞րբ ենք աւարտին հասցնելու։ Ես ասում եմ՝ աւարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ, և այդ օրը հեռու չէ։

Սիրելի՛ հայրենակիցներ, ասում էք՝ ծրագիր ուէե՞ք, ասում եմ՝ այո՛, ասում էք՝ կարո՞ղ ենք երկիրն այս վիճակից դուրս բերել, ասում եմ՝ այո՛։ Կարո՛ղ ենք, և միասին։

Սա համարում ենք մեկնարկ։

Ես կարճ պատասխանում եմ ձեր հիմնական հարցերին․ շարունակակա՞ն է լինելու, այո՛, հասնելո՞ւ ենք յաջողութեան, այո՛, գիշեր-ցերեկ պէտք է աշխատենք, որովհետև սեղանին դրուած է մեր հայրենիքի հարցը։

Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին՝ համազգային դիմադրութեամբ, միասնութեամբ, յանուն ձեր թոռների, ձեր երեխաների, ձեր ծնողների, պէտք է պայքարենք, ընդ որում, մշտապէս գիտակցելով, որ պայքարը լինելու է երկու ճակատում․ մենք պայքարում ենք յանուն Արցախի և Հայաստանի, իսկ օրուայ իշխանութիւնը յանուն իր իշխանութեան, մենք ունենք թշնամի՝ մեր պայքարը ուղղուած է նաև այդ թշնամիներին։ Համազգային դիմադրութեամբ հասնենք յաղթանակի։

Ուրեմն այսօր հանրահաւաքը կ’աւարտենք հետևեալ կերպ․ միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, փակում ենք հրապարկի 4 մուտքերը, սա կը լինի մեր առաջին նախազգուշական գործողութիւնը, դա տևելու է մէկ ժամ։

Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մէջտեղում կը զետեղենք Արցախի դրօշը։ Սա իր մէջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք յանուն Արցախի դրօշի, յանուն Եռագոյնի, միասնութեան և վաղուայ յաղթանակի։

Leave a Comment

You must be logged in to post a comment.