Հայաստանը պէտք է լինի ոչ թէ իրականութեան հետ հաշտուող, այլ իրականութիւն ստեղծող պետութիւն
- (0)

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթէլեանի խօսքը Արամ Մանուկեանի յուշարձանի մօտ՝ Հայաստանի Անկախութեան օրուայ կապակցութեամբ.
Յարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ընկերներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը։
Մեր անկախութիւնը եւ պետականութիւնը, մեր ազգի դարաւոր պայքարի ու զոհաբերութեան արդիւնքն է։
Վերջին տարիներին մենք անկախութեան օրը նշում ենք մեր ինքնիշխանութեան ու ինքնութեան դէմ աննախադէպ արշաւի պայմաններում։
Այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ եւ տեսլական չունեցող ազգ ենք, մեր անկախ պետականութիւնը պէտք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տօնակատարութիւններին մասնակցելու համար։
Արդեօ՞ք Աւարայրում, Սարդարապատում, Արցախեան ազատագրական պայքարի, 44 օրեայ պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։
Բնականաբար Ո՛չ:
Մեր պայքարը եղել է ինքնութեան համար, մեր հող ու ջրի, մեր լեզուի ու մշակոյթի, մեր եկեղեցու համար։
Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար։
Կայ պարզ ճշմարտութիւն․ միայն հայկական պետութիւնն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնութիւնը եւ հայ մարդու անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեզ պարտադրում են կեղծ հակադրութիւն՝ իբր գոյութիւն ունի «պատմական Հայաստան» եւ «իրական Հայաստան»։ Բայց դա մտացածին հակադրութիւն է։ Որեւէ վէճ չկայ պատմական եւ իրական Հայաստանի միջեւ։
Պատմական Հայաստանը հենց մեր իրականութիւնն է։ Այն մեր անցեալն է, որ մեզ տուել է անկախութիւն։ Այն մեր պատմութիւնն է, որ մեզ պարտաւորեցնում է կերտել ապագայ։
Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակութիւնն է՝ մեր պայքարի արդիւնքում ստեղծուած պետութիւնը, մեր ինքնութեան պաշտպանն ու ապագայի երաշխիքը։
Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։
Իրական ինքնիշխան Հայաստանը՝ հայկական Հայաստան է։
Իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմութիւնից։
Իրական Հայաստանում չի կարող թիրախաւորուել Հայ Առաքելական Եկեղեցին։
Իրական Հայաստանում չի կարող ուրացուել Հայոց ցեղասպանութեան փաստը։
Իրական Հայաստանում չի կարող փակուել Արցախի էջը։
Իրական Հայաստանում ոչ մի պետութեան պահանջ չի կարող աւելի բարձր լինել, քան մեր անկախութեան հռչակագիրը։
Ուրեմն այն, ինչ մեզ մատուցում է այս վարչախումբը, իրական եւ ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ։
Այն իրականում Ատրպէյճանի պատկերացրած Հայաստանի մոտելն է՝ փոքր, թոյլ, յանձնուած եւ պարտուած։
Հայաստան, որի բնակիչները զրկուած են ե՛ւ յիշողութիւնից, ե՛ւ ազգային դիմագծից։
Մինչդեռ իսկական, իրական Հայաստանը հզօր պետութիւնն է․ պետութիւն, որը յիշում է իր անցեալը եւ կարողանում է պաշտպանել իր իրաւունքները։
Սիրելի ներկաներ
Երէկ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց է Հայաստանի Երրորդ Հանրապետութեան էջը փակելու եւ «Չորրորդ Հանրապետութիւն» ստեղծելու իր մտադրութեան մասին:
Այս յայտարարութիւնն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետութիւնը, այլ նաեւ պատրաստւում է կազմաքանդել՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը։
Դա Թուքիայի եւ Ատրպէյճանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի աւարտն է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթաւորելու է «Չորրորդ Հանրապետութիւն» մոտելի տակ
Նրանց պատկերացրած նոր հանրապետութեան մոտելը հետեւեալն է ՝
-պետութիւն, որը պէտք է ունենայ Ատրպէյճանի պահանջած սահմանադրութիւնը,
-պետութիւն, որը հրաժարւում է իր անցեալից, իր պատմամշակութային ժառանգութիւնից, իր ժողովրդի հաւաքական իրաւունքներից
-պետութիւն, որն պէտք է ունենայ սահմանափակ զինուած ուժեր եւ իր տնտեսութեամբ ու անվտանգութեամբ ամբողջութեամբ կախուած լինի Ատրպէյճանի եւ Թուրքիայի կամքից։
Այս հրէշաւոր ծրագիրը իրականութիւն կը դառնայ, եթէ Փաշինեանը վերարտադրուի եւ հանրաքուէով փոխի սահմանադրութիւնը՝ փորձելով ժողովրդին դարձնել իրեն յանցակիցը:
Սա մարտահրաւէր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին եւ բոլոր դերակատարներին:
Այս մարտահրաւէրը՝ իբրեւ գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային եւ համահայկական պատասխան։
Մենք այդ մարտահրաւէրը ընդունում ենք՝ ստանձնելով մեր բաժին պատասխանատուութիւնը եւ պատրաստ ենք այդ կարեւոր ճակատամարտին։
Մինչ այդ մենք պէտք է ձեւաւորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝
-անցեալն ուրանալով ապագայ չես կառուցի,
-քո իրաւունքներից հրաժարուելով ու անընդհատ զիջելով խաղաղութիւն չես ունենայ,
-ինքնութիւնից հրաժարուելով երջանիկ չես ապրի։
Այդ ճակատը ունի յստակ անելիք եւ ասելիք, համատեղ ուժերով, արդիւնաւէտ մեխանիզմներով, բացայայտել իրականութիւնը ՝անընդհատ եւ անդադար, հնարաւոր ձեւերով ներկայացնել Փաշինեան–Ալիեւ ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցոյց տալ, որ խաղաղութեան ու «իրական Հայաստանի» անուան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականութիւնը։
Բացայայտել Փաշինեանի ծրագիրը, ցոյց տալ դրա հետեւանքները նշանակում է՝ նրան զրկել այն խաղաթղթից, որով պատրաստւում է վերարտադրուել։
Ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան հիմնական սպառնալիքներից մէկը՝ անձամբ Նիկոլ Փաշինեանն է, հետեւաբար նրա հեռացումը կամ վերարտադրութեան կանխում ազգային անվտանգութեան հարց է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախութիւնը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելութիւն է։
Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելութեամբ։ Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ, այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփիւռքը մեր համաշխարհային յենարանն է։
Պատերազմը, պարտութիւնը անգամ Ցեղասպանութիւնը դատավճիռ չեն յանձնուելու համար, եթէ պատրաստ ես պայքարել։
Մեր հաւատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգութիւնը, մեր յիշողութիւնը կամ բիբլիական Արարատը ոչ թէ սպառնալիք են, այլ արժանապատիւ ապագայի միակ երաշխիքը։
Հայաստանը պէտք է լինի ոչ թէ իրականութեան հետ հաշտուող, այլ իրականութիւն ստեղծող պետութիւն։
Սիրելի՛ ընկերներ
Այսօր մենք ոչ միայն տօնում ենք մեր անկախութեան օրը, այլեւ այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի յուշարձանի մօտ վերհաստատում ենք մեր ուխտը՝ պաշտպանելու մեր անկախութիւնն ու ինքնութիւնը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրաւական պետութիւն կերտելու:
Արամ Մանուկեանը եւ մեր նախնիները մեզ պարտաւորեցնում է լինել ուժեղ, համարձակ եւ աննահանջ պայքարել համազգային նպատակների համար:
Փա՜ռք Հայաստանի Հանրապետութեանը։
Փա՜ռք մեր ժողովրդին։
Փա՜ռք անկախութեան համար ընկած բոլոր նահատակներին։