«Հազարաւոր տղերք պէտք է քայլէին փողոցում, սակայն չկան այս իշխանութեան  պատճառով. Չպէտք է այս քաղաքական ուժը մնայ իշխանութեան»

Ամենավատ բանն այն է, երբ մեծ աղէտից յետոյ գիտակցում չկայ, որ աղէտը եղել է։ Այս մասին ԱԺ նիստին յայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գեղամ Նազարեանը։

«Երբ սպառնում են, «մատ են թափ տալիս», յետոյ ամբիոնին է մօտենում Բաբգէն Թունեանը, լսում ես ու ասում՝ փառք Աստծոյ, հարևան խմբակցութիւնում կան մարդիկ, որոնք իսկապէս մտածում են երկրի մասին։ Յետոյ նորից յայտնւում է մէկը, որն սպառնում է խեղդել բնում, նորից պողպատէ մանդատ է ցոյց տալիս»,-ասաց նա՝ կոչ անելով հասկանալ, թէ երկիրն ինչ վիճակում է։

«Ամէն բառն ասելիս հաշուի առէք, որ մի երկրում ենք, որտեղ այսօր հազարաւոր տղերք պէտք է շարունակէին ծառայութիւնը բանակում կամ վերադարձած լինէին, քայլէին փողոցում, բայց չեն քայլում։ Մենք ապրում ենք այն երկրում, որտեղ դեռ յետպատերազմեան շոկը չի անցել և երկար ժամանակ չի անցնելու։ Ես ուզում եմ՝ ստեղծենք քննիչ յանձնաժողով, որը ղեկավարի ոչ թէ կառավարող ուժը, այլ ընդդիմութիւնը, և առանց աղմուկի, ցուցադրութեան, քաղաքական վարկանիշ հաւաքելու պարզենք, թե ինչու մեր երկրում պատերազմ եղաւ»,-ասաց նա։

Նազարեանն ընդգծեց՝ որքան էլ փորձէք ապրել այնպես, ասես չի եղել 44 օրը ու դրան յաջորդող իրադարձութիւնները, իրականութիւնը չի փոխուելու։

«Բոլորս պէտք է գիտակցենք, որ այն ընտրութիւնները, որ եղան յունիսին, երկրում իրավիճակ փոխելու համար էին, բայց դա չեղաւ, որովհետև մենք գնացինք աստուածային, բնական, մարդկային, նոյնիսկ կենդանական օրէնքների դէմ։ Երկրին պարտութիւն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, չի կարող լինել, որքան էլ ուզէք, դա չի լինի, դրա համար այս վիճակը փոխուելու է, շուտով լինելու է նոր իրավիճակ, քաղաքական նոր հոսանք է առաջանալու, որը փոխելու է այս իրավիճակը, բոլորի անձնական շահերից է բխում, որ այդ փոփոխութիւնը շուտ լինի, որովհետև այս երկիրը հանգուցալուծում է ուզում»,-յայտարարեց Գեղամ Նազարեանը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.