Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցին աղուանացնելու երեւոյթը նոր չէ
Alpha News-ի ուղիղ եթերում Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար Սերգէյ Շահվերդեանն ասել է, որ Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցին աղուանացնելու երեւոյթը նոր չէ.
«Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցին աղուանացնելու երեւոյթը նոր չէ, որովհետեւ վերջին 3 տարուայ ընթացքում Ատրպէյճանը շարունակաբար կազմակերպում էր ուտիական համայնքի, այսպէս կոչուած, այցելութիւններ Սուրբ Յարութիւն եկեղեցի, այնտեղ ինչ-որ ծիսակատարութիւններ էին իրականացնում: Նաեւ ժամանակին հրապարակուել էին կադրեր, թէ ինչպէս են տապանաքարերի հետ ինչ-որ անհասկանալի մանիպուլիացիաներ անում:
Ատրպէյճանը նշում է, որ այդ եկեղեցին կառուցուել է 12-րդ դարում: Իբր 18-րդ դարում հայերի՝ այստեղ յայտնուելուց յետոյ օգտագործուել է որպէս հայկական եկեղեցի ու անհրաժեշտ է իրականացնել հնագիտական պեղումներ, կազմել վերականգնման նախագիծ ու վերականգնումն իրականացնել», նշել է Շահվերդեանը:
Նա նշել է, որ կան բազում արխիւային փաստաթղթեր ոչ միայն հայկական, նաեւ ռուսական աղբիւրներից, որտեղ նշուած է, որ Հադրութի այդ եկեղեցին հայկական է.
«Բազմիցս փաստագրուել է, որ Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցու մասին վիճելի հարցեր չկան, կան արխիւային փաստաթղթեր: Այն եկեղեցին, որը մենք տեսնում ենք այսօր, կառուցուել է 18-19-րդ դարերում:
Մենք ունենք Ծաղկավանքի եկեղեցին, որտեղ Ատրպէյճանի ղեկավարը կնոջ հետ հրահանգներ էր տալիս դիտորդներին՝ հայկական գրութիւնները վերացնել այնտեղից՝մեկնաբանելով, թէ այդ արձանագրութիւնները աւելի ուշ են սարքուած: Նոյն վիճակում են Տող գիւղի երեք եկեղեցիները», նկատել է Սերգէյ Շահվերդեանը:
Comments are closed.