«Կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիւները պէտք է մի կողմ դրուեն, եւ միասնաբար աշխատենք». Կ. Մանոյեան

«Ֆակտոր.Ամ»-ի Հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի Անդամ Եւ Հայ Դատի Քաղաքական Հարցերի Գրասենեակի Պատասխանատու Կիրօ Մանոյեանի Հետ

Ստորեւ` «Ֆակտոր»-ի (Factor.am) հարցազրոյցը` ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ.

ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Պարո՛ն Մանոյեան, հրադադարից 25 տարի անց, երբ հայկական կողմը յաղթեց պատերազմում, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դիրքերը շարունակո՞ւմ են մնալ այն մակարդակին, ինչ կար 1994թ., թէ՞ ուժեղացել կամ թուլացել են:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- 25 տարիների ընթացքում շատ բան է փոխուել` թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական, թէ՛ դիւանագիտական առումներով: Եթէ անգամ յարաբերակցութիւնը նոյնն է, թէ իրենք կամ մենք որքան ուժեղ ենք, փաստն այն է, որ մենք 25 տարի առաջ յաղթեցինք, թէեւ մեր դիրքերը նուազ էին:

Ա. Ա.- Դաշնակցութիւնն Արցախում կազմակերպել էր «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը եւ կոչ է անում հայկական երկու պետութիւնների միջեւ դաշինք կնքել: Բայց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը ձեր ֆորումի ժամանակ ունեցած ելոյթում յայտարարեց, որ` «Դաշինքի կայացումը պէտք է լինի խորը քննարկումների արդիւնք` հնարաւոր ռիսքերի ճիշդ գնահատմամբ եւ տարբեր տեսակէտների ու դիրքորոշումների հաշուառմամբ»: Այդպիսով, Արցախը մերժե՞ց ձեր առաջարկը:

Կ. Մ.- Աշոտ Ղուլեանի յայտարարութիւնը, ի վերջոյ, ԱԺ նախագահի յայտարարութիւն է. Արցախի ԱԺ-ում այդ քաղաքական ուժը մեծամասնութիւն չէ, թէեւ իւրայատուկ քոալիսիոնի մէջ է: Բայց Արցախում նման համաձայնագրի անհրաժեշտութիւնն անցած երեք-չորս ամիսների ընթացքում բարձրաձայնուել է թէ՛ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Վիտալի Բալասանեանի, թէ՛ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի կողմից:

Ա. Ա.- Բայց փաստն այն է, որ Արցախում մինչեւ հիմա ձեր այդ առաջարկին ընդառաջ չեն գնացել:

Կ. Մ.- Ո՛չ, Արցախը միայնակ չի կարող այդ համաձայնագիրը ստորագրել, պէտք է որ ՀՀ-ն էլ այդ ուղղութեամբ քայլեր ձեռնարկի:

Ա. Ա.- Արգելակողը Հայաստա՞նն է:

Կ. Մ.- Չեմ ասի` արգելակողը, բայց այն մտահոգութիւնը, որ ԱԺ նախագահն արտայայտեց, պէտք է ասել, որ այդ ռիսքերն աւելի շատ քաղաքական են: Եւ մի քիչ համարձակութեան պակասի հարց է: Այնպէս չէ, որ պայմանագրեր ընդհանրապէս չկան: Ճիշդ է, որ Ազրպէյճանն աղմուկ է բարձրացնելու, եւ նրա այդ աղմուկի պատճառով Մինսքի խմբի համանախագահող պետութիւնները կարող են ինչ-որ դժգոհութիւն արտայայտել: Բայց` այդքանը: Մեր կարծիքով, արտառոց ոչինչ չի լինի այդ պայմանագրում: Հիմնականն արդէն արւում է անվտանգութեան, արտաքին քաղաքականութեան առումով, եւ պէտք է դա ամրագրուի: Եւ Հայաստանի իւրաքանչիւր վարչապետ ստիպուած չլինի բացատրելու, թէ ինչո՛ւ ինքը չի կարող ներկայացնել Արցախը, կամ ինչո՛ւ Հայաստան զինծառայողը պէտք է ծառայի Արցախում:

Ա. Ա.- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը «Ռոյթըրզ» գործակալութեանը տուած հարցազրոյցում ասել է, որ միանալու է գործող իշխանութիւնների դէմ պայքարին: Դուք միշտ համագործակցել էք Ռ. Քոչարեանի հետ, կը միանա՞ք նրան այդ պայքարում:

Կ. Մ.- Մենք այս իշխանութիւնների հետ էլ գործակցել ենք, եւ չի բացառւում, որ որոշ հարցերում էլի՛ գործակցենք: Մեր ֆորումին մեր հրաւէրով նաեւ ներկայ էին «Իմ քայլը» խմբակցութեան ներկայացուցիչներ: Մեզ համար կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիւները պէտք է մի կողմ դրուեն, եւ միասնաբար աշխատենք:

Ա. Ա.- ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը յեղափոխութեան շրջանում կալանավայրում հանդիպեց Նիկոլ Փաշինեանի հետ: Ի՞նչ կարգավիճակում էր նա մտնում կալանավայր, պատգամաւոր չէր, որ իրաւունք ունենար:

Կ. Մ.- Նախ` այդ հանդիպումը եղել է ՀՅԴ առաջարկով, եւ Սերժ Սարգսեանը ստեղծել է հնարաւորութիւն: Այնպէս չէ, որ Հրանդ Մարգարեանը գնացել է, դուռը թակել է, բացել են:

Ա. Ա.- Այսինքն այդ հանդիպման համար Հրանդ Մարգարեանը Սերժ Սարգսեանի հե՞տ է պայմանաւորուածութիւն ձեռք բերել:

Կ. Մ.- Այո՛: Սկսենք այն տեղից, որ մարդիկ չգիտէին, թէ որտեղ է Նիկոլ Փաշինեանը: Հրանդ Մարգարեանը հանդիպումից վերադարձել եւ զանգել է նրա կնոջը` Աննա Յակոբեանին ու փոխանցել Ն. Փաշինեանի խօսքը, որ լաւ է, մի՛ մտահոգուէք:

Leave a Comment

You must be logged in to post a comment.