Կայացաւ «Հայաստան, Արցախ, Սփիւռք» թեմայով հանրային քննարկումը. «Պատերազմը շարունակւում է, եթէ քո «Խաղաղութեան դարաշրջանում» շարունակում ես հողեր յանձնել»
(Թեհրան). – Չորեքշաբթի, օգոստոս 17-ի երեկոյեան, Իրանի Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում Հայաստանից ժամանած տարածաշրջանային եւ քաղաքական հարցերով փորձագէտների մասնակցութեամբ տեղի ունեցաւ «Հայաստան-Արցախ-Սփիւռք» թեմայով հանրային քննարկում:
Նախաձեռնութիւնը Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն («ՀՈՒՍԿ» հաստատութեան) էր, որի ներկայացուցչի՝ Սարինէ Թորոսեանի մեկնարկային ելոյթին յաջորդեց Թեհրան ժամանած Վարուժան Գեղամեանի, Էդգար Էլբակեանի, Կարէն Իգիթեանի եւ Սերգէյ Մելքոնեանի միջոցով ներկայացւած Հայաստանի եւ Արցախի հիմնահարցի քաղաքական ներկայ իրավիճակը:
Նիստի յաջորդ բաժնում լսարանի կողմից ուղղուած հարցերին պատասխանելով՝ փորձագէտներն արձանագրեցին, որ ինչպէս պատկերացնում էին, Հայկական Սփիւռքն ունի անելիք ցեղասպանութեան գծով պահանջատիրական իր ծրագրերն իրականացնելու, յատկապէս, երբ 2018 թուականի ապրիլից սկսած, ՀՀ-ն կասեցրել է այդ օրակարգն իր դեսպանութիւնների աշխատանքային ուղղածութիւնից:
Տարածաշրջանային հարցերի փորձագէտ Կարէն Իգիթեանի փաստարկմամբ՝ այն, ինչ կատարւում է աշխարհում, երկրների շահերն են, ոչ թէ այն գեղեցիկ բայց ֆէյք իրավիճակը, որով խեղւում են ժողովրդի իրազեկմանն հարկաւոր տեղեկատուութիւնը: «Իշխանութիւնների պնդմամբ անընդհատ դրական ազդակներ են ստանում թուրքական կողմից, որի դիմաց մենք անընդհատ ինչ-որ բան ենք զիջում։ Դա է պատերազմը»,- այս մասին յիշեցնելով Իգիթեանը յաւելեց, որ այլեւս անհեթեթ է ասել, թէ Արցախի համար էք կռւում, ուրեմն գնացէք Արցախ։ «Այդ փուլն անցել է։ 2020 թուականին հազարաւոր կամաւորներ գնացել են Արցախ, բայց քանի որ որոշումներն ընդունւում են Երեւանում, պատերազմում է պետութիւնը, գնում սպառազինութիւն, ապա անիմաստ է խրամատ պահել, եթէ ղեկավարութիւնը կարող է հրաման տալ դիրք յանձնելու, ինչպէս բազմիցս եղել է նոյեմբերի 10-ից յետոյ» ,- նշեց նա եզրակացնելով, որ գործող իշխանութիւններն անվտանգային ճարտարապետութիւնն են քանդել՝ հիմնուելով 1991-98 թուականներին Հայաստանում իշխած անձի կեղծ փաստարկումների վրայ:
Նոյն կապակցութեամբ Վարուժան Գեղամեանը յայտնեց, որ սոցիալական հարցումների արդիւնքում պարզ դարձաւ, որ Հայաստանի բնակչութեան 52 տոկոսն է տեղեկացուած Բերձորը յանձնելու եւ դրանից կախուած վտանգների մասին: Իսկ մնացած 48 տոկոսը ոչ թէ չի կարեւորում խնդիրը, այլ անտեղեակ է, քանի որ իշխանութիւնների վարած տեղեկատուական ռազմավարութեան արդիւնքում, յաջողուել է ժողովրդի ուշադրութիւնից հեռու պահել քաղաքական գործընթացները: «Սա այն դէպքում, երբ նոյն սոցիալական հարցումները ցոյց են տալիս, որ հայաստանցիների 86 տոկոսը պատրաստ է մասնակցել Շուշին ու Հադրութը վերադարձնելու հնարաւոր մարտերին: Իսկ 46 տոկոսը՝ կը մասնակցի Քարվաճառը եւ Ջրականը ազատագրելու գործընթացներին»,- յաւելեց թուրքագէտ, արեւելագէտ Վարուժան Գեղամեանը:
Սերգէյ Մելքոնեանի եւ Էդգար Էլբակեանի ելոյթների առանցքում նոյնպէս ստեղծուած ծանր իրավիճակում գործող տէ ֆաքթօ վարչապետի վարած քաղաքականութիւնն էր քննարկման առարկայ, որտեղ այն անվտանգային լուծումը, որով առաջնորդւում է այսօրւայ տէ ֆաքթօ իշխանութիւնը, կառուցուած է թուրքերի խօսքին հաւատալու վրայ: «Եթէ նախկինում մեր անվտանգային համակարգը բաղկացած էր բանակ-ռազմավարական դաշնակից բանաձեւի վրայ, ապա այսօր ասում են «Խաղաղութեան դարաշրջան» ենք սկսում, եւ այլեւս Թուրքիան նորից չի կոտորելու հայութեանը:
Էդգար Էլբակեանի կարծիքով՝ այդ թէզի մէջ շահարկում կայ, քանի որ անվտանգային գործօն են նաեւ աշխարհագրական դիրքը, որոնք 1994 թուականին Արցախում մեծ զոհերի գնով ձեռք էինք բերել եւ ռազմավարական դաշնակիցները, որոնց աչքին եւս գործող իշխանութիւնները երեւացին որպէս անվստահելի գործընկեր:
Յանցագործութիւն է այս իշխանութիւնների թոյլ տուածը մեր պետութեան հանդէպ, երբ արդարացնում են մարդկային զոհերը, տարածքների կորուստը: «Եթէ չկայ Արցախի համար պայքարը, Ցեղասպանութեան հարցում արդարութեան ձգտումը, փանթուրքիզմին հակադրուելու առաջադրանքը՝ Հայաստանն էլ կը զրկուի գոյութեան իրաւունքից, քանի որ այն չի կարող վստահելի եւ մնայուն դաշնակիցներ ունենալ, իսկ ի՞նչ իմաստ ունի ներդրում անել մի երկրի վրայ, որը չի ուզում ստատուս-քօ փոխել»-, յայտարարեց Էլբակեանը:
Սերգէյ Մելքոնեանի կարծիքով կարեւոր է յիշել, որ Արցախեան պատերազմից յետոյ մեր տարածաշրջանում Թուրքիան ձեռք բերեց ամուր դաշնակից՝ Ադրբեջանին, որի վրայ իր նպատակներին հասնելու համար կարող է աւելի ուժեղ յենւել եւ ունենալ ազդեցութեան ամուր լծակներ, փոխարէնը՝ Ռուսաստանն այլեւս չի կարող աւելի ամուր յենուել Հայաստանի վրայ, որովհետեւ Հայաստանի տէ ֆաքթօ իշխանութիւնը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր ու դաշնակից չէ։
Անդրադառնալով Սփիւռքի անելիքներին ու հզօր գործօնին նա յաւելեց. «Թուրքական պետականաշինութիւնը հիմնուած է ցեղասպանութեան վրայ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դրանից երաշխաւորւած չէ։ Եթէ ՀՀ իշխանութիւնն ընտրում է թուրքական կողմին որպէս հեռանկարային գործընկեր, ապա Սփիւռքն իր ամուր կառոյցով մեծ անելիք ունի այդ ուղղութեամբ, գոնէ քողազրկելով ներկայ իշխանութիւններին պատկան երկրի կառավարութեան աչքին»: Նրա փոխանցմամբ՝ Թուրքիան չի փոխուել, չի փոխել իր պետական քաղաքականութիւնը, եւ ասուածի ապացոյցն է Սիրիան եւ Իրաքը։ «Այսօր միջանցքի հարցն են դրել եւ պնդում են Սիւնիքից անցնելու իրենց ճանապարհի մասին, վաղն այդ ճանապարհն անվտանգ դարձնելու պատրուակով զօրք են տեղակայելու, իսկ յաջորդիւ սողալով առաջ են շարժուելու… սա է թուրքական կողմի գերնպատակը: Զաւթել Սիւնիքը քանի Փաշինեանն ու իր թիմակիցները կան»,- պնդեց Մերձաւոր Արեւելեան քաղաքական գործընթացների փորձագէտ, իսրայէլագէտ Սերգէյ Մելքոնեանը:
Նշենք, որ ներկաների շարքում էին Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորները, ազգային մարմինների եւ փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչները: