Խուզարկութիւններ՝ ՀՅԴ անդամների տներում

Վաղ առաւօտից ուժային կառոյցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկութիւններ են իրականացւում ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինեանի տանը։
Բերման է ենթարկուել ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Արսէն Մարտոյեանը։

Խուզարկութիւն է ընթանում նաեւ «Եղվարդ» խոշորացուած համայնքի աւագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Կեդրոնական վարչութեան նախագահ Գէորգ Մուրատեանի տանը։

Յայտնի է, որ ԱԱԾ-ն ապօրինաբար առգրաւել է ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հեռախօսը, իսկ որդուն՝ Տարօն Մանուկեանին, ձերբակալել։
Խուզարկութիւնների արդիւնքում ձերբակալուած ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարոյր Սեւակ 4 հասցէում գտնուող Երեւան քաղաքի քննչական վարչութիւն։ Այնտեղ են ուղեւորւում նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

Քիչ առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի հանրային կապերի գրասենեակը հաղորդագրութիւն տարածեց, որում ասւում է.

Սիրելի հայրենակիցներ,

Յայտնում ենք, որ դաշնակցականների տների խուզարկութեան արդիւնքում որեւէ ապօրինի առարկայ չի յայտնաբերուել։ Առգրաւուած բոլոր զէնքերը օրինական են։

Նկարներում պատկերուած առարկաների մեծ մասը, այդ թուում՝ նռնականման առարկան նախատեսուած է Սթրայքբոլ խաղի համար։
Նռնականման առարկայի ներսում պահուել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսուած սիսեռի հատիկներ։