«Լուրջ հարց է՝ արդեօ՞ք ՀՀ-ն Արցախի Հանրապետութեան կորցրած տարածքները համարում է վիճելի տարածքներ»․ քաղաքագէտ Վիգէն Յակոբեան

ՀՀ իշխանութիւնը, այդ թւում Փաշինեանը, մի քանի անգամ յայտարարել է, որ Հայաստանը տարածքային որեւէ յաւակնութիւն չունի, իսկ Արցախը ՀՀ իշխանութիւնները չե՞ն համարում տարածք, որի նկատմամբ Հայաստանն ունի յաւակնութիւններ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում այսպիսի հարցադրում արեց քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը։

«Այստեղ հարց է առաջանում՝ այո, գուցէ Բաքուի կամ Գեանջայի նկատմամբ յաւակնութիւններ չունի, բայց հիմա խնդիրը վերաբերում է, թէ «Արցախի Հանրապետութիւն» հասկացութիւն ՀՀ այսօրուայ իշխանութիւնների համար գոյութիւն ունի՞, թէ՞ չէ։ Եւ այդ պարագայում Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի Հանրապետութեան հետ ունե՞ն յաւակնութիւններ վերադարձնելու երբեւիցէ Շուշին եւ Հադրութը։ Այստեղ բաւականին շատ հարցեր են առաջանում, որոնք իշխանութիւնը պէտք է բացատրի»,- ասաց Վիգէն Յակոբեանը։

Աւելին, նրա խօսքով, այսօրուայ դրութեամբ բաւականին լուրջ հարց է՝ արդեօ՞ք Հայաստանի Հանրապետութիւնը գոնէ Արցախի Հանրապետութեան այն տարածքները, որոնք կորցրել ենք պատերազմի ընթացքում, համարում է վիճելի տարածք։

«Որովհետեւ երբ յայտարարւում է՝ տարածքային պահանջներ չունեմ, ես, օրինակ, եթէ կողմնակի դիտորդ լինեմ, կարող եմ ընկալել, որ Հայաստանի Հանրապետութիւնը արդէն յայտնում է, որ այդ տարածքները անվերադարձ կորսուած են։ Այս կոնցեպտով առաջնորդուող պետութեան ղեկավարը կարո՞ղ էր գնալ Արցախ ընդհանրապէս, ի հարկէ ոչ, որովհետեւ դա այդ կոնցեպտից չէր բխում»,- ասաց քաղաքագէտը։

Նրա համար շատ զարմանալի կը լինէր, եթէ Նիկոլ Փաշինեանը գնար Արցախ, շատ տարօրինակ եւ նոյնիսկ տրամաբանութիւնից դուրս կը լինէր՝ հաշուի առնելով Նիկոլ Փաշինեանի որդեգրած քաղաքական կուրսը, որը ուղղակիօրէն արտացոլուած է ՀՀ կառավարութեան ծրագրի մէջ, որտեղ նոյնիսկ չկայ «Արցախի Հանարպետութիւն» եզրոյթը։

«Եւ երբ Նիկոլ Փաշինեանին հարցնում էին՝ ինչո՞վ է պայմանաւորուած այդ եզրոյթի բացակայութիւնը, նա բացատրում էր, որ փորձում են որեւէ բան չփչացնել հնարաւոր բանակցային մթնոլորտում։ Երբ Նիկոլ Փաշինեանը եւ իր վարչախումբը համարում են, որ եթէ ՀՀ ղեկավարութիւնը այցելի Արցախ, դա դիտարկուելու է որպէս մի ակտ, որը հնարաւոր է վնասի խաղաղութեան կոնցեպտին, Ալիեւի վարչախումբը ոչ միայն ընդհանրապէս նման կոմպլեքսներ չունի, այլ նաեւ յաւակնութիւն ունի արդէն Հայաստանի սուվերեն տարածքի մի զգալի մասի վրայ, եւ դա չի թաքնում»,- ասաց Վիգէն Յակոբեանը։

Նա յիշեցրեց, որ Ալիեւն ընդհանրապէս ասում է, որ Արցախի հարցը առհասարակ լուծուած է։

«Ընդ որում, հիմա հակադրւում է նաեւ միջազգային կազմակերպութիւններին, միջնորդ կազմակերպութիւններին, Մինսկի խմբի երկրների յայտարարութիւններին, որոնք, ըստ էութեան, կոչ են անում վերադառնալ բանակցային գործընթաց, որպէսզի լուծուի Արցախի հարցը, ենթադրւում է նաեւ կարգավիճակը, մինչդեռ Ալիեւն ասում է, որ այդպիսի հարց այլեւս գոյութիւն չունի՝ Ադրբեջանը պատերազմով այդ հարցը լուծել է, ուր ուզի կը գնայ, երբ ուզի կայցելի որտեղ ուզենայ։ Նաեւ յայտարարում է, որ Ստեփանակերտի հարցը եւ պատերազմի ընթացքում դեռեւս չգրաւուած այլ տարածքների հարցը դա ժամանակաւոր հարց է»,- ասաց Վիգէն Յակոբեանը։

Սա, նրա համոզմամբ, չի բխում Հայաստանի շահերից, բայց փաստն այն է, որ «ընտրութիւն» կոչուած միջոցառումից յետոյ Հայաստանի այսօրուայ ղեկավարութիւնը վերարտադրեց իր իշխանութիւնը, եւ դա ընկալեց որպէս մանդատ ստանալու ակտ, ըստ որի իրենք կարող են նման քաղաքականութիւն վարել։

Այնինչ, ըստ նրա, եթէ չլինի Նիկոլ Փաշինեանը, կարող է դադարել նաեւ հայրենավաճառութեան այս գործընթացը։

«Ժամանակը հաստատեց, որ այն բանակցողը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, չի կարող այլ բաների մասին մտածել․ իր ստորագրութեամբ եւ վերցրած պարտաւորութիւններով է Նիկոլ Փաշինեանը կաշկանդուած, որովհետեւ շատ լաւ հասկանում է, որ չի կարող հրաժարուել այդ պարտաւորութիւններից, որովհետեւ այդ թղթի տակ նաեւ կան շատ աւելի լուրջ խաղացողներ, քան ինքն ու Ալիեւը։ Գէոքաղաքական կենտրոն չենք, որ այսօր կարողանանք այս բանն ասել, վաղը՝ հրաժարուել»,- ասաց նա։

Այդ փաստաթղթերը ստորագրողը, նշեց քաղաքագէտը, պէտք է շարունակի իր ստորագրած փաստաթղթի տրամաբանութեամբ ընթանալ։

«Եթէ բանակցողը փոխուէր ժամանակին, շատ հնարաւոր է, որ մենք այլ պատկեր ունենայինք թէ՛ Սիւնիքում, թէ՛ մայիսի 12-ից ադրբեջանական զինուած ուժերը չմտնէին ՀՀ տարածք եւ Սեւ լճի մօտ մինչեւ հիմա նստած լինէին»,- ասաց Վիգէն Յակոբեանը։

Փաշինեանի հեռանալն, ի հարկէ, լուծում է՝ նշեց նա․ ինքը չի ասում, որ դա բերելու է նրան, որ ինչ-որ հրաշքով հայկական բանակը ուժեղանալու էր եւ բլիցկրիգ էր անելու, բայց քաղաքագէտը կարծում է, որ նոր հնարաւորութիւններ էին բացուելու ռազմաքաղաքական եւ բանակցային պրոցեսում։

Աննա Բալեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.