Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հանրաքուէն

1991 թուականի Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անցկացուեց անկախութեան հանրաքուէ։ Անցկացուեց ԽՍՀՄ օրէնսդրութեան համապատասխան եւ իրաւական առումով՝ անթերի։ Հանրաքուէին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչութեան 82,2%-ը: Անկախութեանը կողմ էր քուէարկել հանրաքուէին մասնակցած քաղաքացիների 99,99%-ը՝ 108.615 մարդ։ Դէմ էր քուէարկել ընդամէնը 24 հոգի։ Կարեւոր թիւ է հենց 82,2%-ը։ Այն ցոյց է տալիս հանրապետութիւնում հայերի ու ատրպէյճանցիների բաշխումը 1988 թուականի դրութեամբ։ 1991-ին ընտրացուցակներից հանուել էին մահացածները, մուտք էին արուել 18 տարեկան դարձածները։

Ինչո՞ւ է սա կարեւոր։ Համաձայն Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգաւորման առաջարկների, որոնք շրջանառւում էին դեռեւս 2006 թուականից, եւ որի մի տարբերակ ժառանգել էր նաեւ Փաշինեանը, Լեռնային Ղարաբաղի ապագայ իրաւական կարգավիճակը որոշելու հանրաքուէին (կամ պարտադիր կամարտայայտութեանը) պէտք է մասնակցէին թէ՛ հայեր եւ թէ՛ ատրպէյճանցիներ այն ՆՈՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹԵԱՄԲ, որ գոյութիւն ունէր մինչեւ 1988 թուականի Փետրուար։ Նոյնիսկ եթէ հանենք Շահումեանի շրջանը, որը «Սովետի թուին» ԼՂԻՄ կազմում չէր, հայերն Արցախում բացարձակ մեծամասնութիւն էին, եւ հանրաքուէի արդիւնքները կասկած չէին առաջացնում։ Այնպէս որ, թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թէ հանրաքուէի արդիւնքները երաշխաւորուած չէին, քանի որ ատրպէյճանցիք նոյնպէս պէտք է մասնակցէին։

Քուէաթերթիկի օրինակը տրամադրել է ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը։

Արթուր Խաչատրեան

Comments are closed.