Իրանի ներքին անկայունութիւնը՝ որպէս Պագուի «հնարաւորութիւնների պատուհան»
- (0)

ԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ սեղմուող աշխարհաքաղաքական օղակը 2026 թուականի սկզբին թեւակոխել է մի փուլ, որտեղ ներքին սոցիալական դժգոհութիւնները սերտաճում են արտաքին կազմակերպուած միջամտութիւնների հետ։ Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ Իրանի դէմ պայքարն այլեւս չի սահմանափակւում միայն միջուկային ծրագրի շուրջ վէճերով կամ տնտեսական պատժամիջոցներով։ Այսօր մենք ականատեսն ենք Իրանի պետականութեան հիմքերի թիրախաւորմանը՝ էթնո-դաւանաբանական պառակտման միջոցով։ Այս գործընթացում առանցքային դերակատարում է ստանձնել Ատրպէյճանը, որն իր արտաքին քաղաքականութեան հիմքում դրել է համաթուրանական գաղափարախօսութիւնը։ Թեհրանի համար սա գոյաբանական մարտահրաւէր է, իսկ Հայաստանի համար՝ անվտանգային աղէտի նախերգանք։
Համաթուրանականութիւնը՝ որպէս քաղաքական հայեցակարգ, ձգտում է թրքալեզու ժողովուրդների միաւորմանը մէկ ընդհանուր քաղաքական կամ տնտեսական տիրոյթում։ Իրանի պարագայում սա նշանակում է երկրի առնուազն մէկ քառորդի՝ հիւսիսային նահանգների անջատում։
Պագուի ռազմավարութիւնը հիմնուած է «Միացեալ Ատրպէյճանի» կեղծ պատմական թէզի վրայ։ Չնայած Ատրպէյճանը պաշտօնապէս չի բարձրացնում «հարաւային Ատրպէյճանի» հարցը պետական մակարդակով, վերջին օրերին ատրպէյճանական պետական քարոզչութիւնը ողողուած է «Գիւլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերով բաժանուած ազգի» մասին առասպելներով։ Սա պարզապէս արկածախնդրութիւն չէ, այլ ուղղակի հրահանգ Իրանի ներսում գործող քնած բջիջներին։ Պագուն օգտագործում է ցանկացած սոցիալական դժգոհութիւն՝ այն ներկայացնելով որպէս էթնիկ ճնշումների դէմ պայքար։ Ըստ էութեան, սա ոչ միայն Իրանի անվտանգութեան համակարգի համար է մարտահրաւէր, այլեւ Իսլամական յեղափոխութեան գաղափարախօսութեան։ Համաթուրանականութեան ներթափանցումը Իրանի հիւսիսային շրջաններ նպատակ ունի կոտրելու իրանական միասնական ինքնութիւնը։
Վերջին ցոյցերի ընթացքում սոցիալական ցանցերում եւ որոշ լրատուամիջոցներում նկատելի դարձան ազգային ինքնութեան, լեզուի եւ «թրքական միասնութեան» շեշտադրումներ, որոնք անմիջականօրէն կապւում են համաթուրանական գաղափարաբանութեան հետ։ Չնայած այս կարգախօսները ցոյցերի հիմնական շարժիչ ուժը չեն, դրանք ստեղծում են տեղեկատուական ֆոն, որն օգտագործելի է արտաքին դերակատարների համար՝ այդ թւում Ատրպէյճանի։
Համաթուրանական գաղափարախօսութիւնը Ատրպէյճանի արտաքին քաղաքականութեան պաշտօնական դոկտրին չէ, սակայն այն աշխուժօրէն շրջանառւում է պետականօրէն վերահսկուող կամ խրախուսուող հանրային տիրոյթում։ Իրանի դէպքում այս գաղափարախօսութիւնը կարող է ծառայել որպէս երկարաժամկետ ճնշման միջոց՝ ոչ թէ անմիջական ապակայունացման, այլ Թեհրանի նկատմամբ մշտական զգօնութիւն պահպանելու նպատակով։
Իրանի համար համաթուրանականութեան տարածումը ներքին անվտանգութեան լուրջ մարտահրաւէր է, քանի որ այն համադրում է ազգային ինքնութեան հարցերը սոցիալական դժգոհութեան հետ։ Ատրպէյճանը, իր հերթին, շահագրգռուած է այդ գործօնը պահպանել «աշխոյժ, բայց վերահսկելի» վիճակում՝ առանց բացայայտ բախման Իրանի հետ։
Ատրպէյճանի հիմնական ակնկալիքը Իրանում ընթացող գործընթացներից ոչ թէ ռեժիմի փոփոխութիւնն է, այլ Թեհրանի արտաքին աշխուժութեան սահմանափակումը։ Թուլացած, ներքին խնդիրներով ծանրաբեռնուած Իրանը պակաս լծակներ եւ ուշադրութիւն կյատկացնի Հարաւային Կովկասի վրայ ազդելու համար։ Սա Պագուի համար ռազմավարական առաւելութիւն է, յատկապէս հաշուի առնելով Իրանի զգուշաւոր, երբեմն հակակշռող դիրքորոշումը Ատրպէյճանի տարածաշրջանային նախաձեռնութիւնների հանդէպ։
Բացի այդ, Իրանի երկարատեւ ներքին լարուածութիւնը կարող է նրան ստիպել վերանայելու արտաքին գործընկերների հետ յարաբերութիւնների առաջնահերթութիւնները, ինչը Պագուում դիտարկւում է որպէս հնարաւոր դիւանագիտական պատուհան՝ սեփական շահերն առաջ մղելու համար։
Այս համատեքստում Ատրպէյճանի Հանրապետութեան դերակատարումը դադարել է լինել լոկ դիտորդի կամ հարեւանի դեր. Պագուն այսօր հանդիսանում է Իրանի դէմ ուղղուած «հիբրիդային պատերազմի» հիմնական հարթակներից մէկը։ Իրանի տարբեր քաղաքներում ծաւալուած բողոքի ակցիաները, որոնք սկզբնաւորուել էին տնտեսական դժուարութիւնների եւ սակագների բարձրացման պատճառով, արագօրէն վերածուեցին քաղաքական օրակարգի, որտեղ ատրպէյճանական հետքը դառնում է աւելի քան տեսանելի։
Ատրպէյճանի ներգրաւուածութիւնը նախեւառաջ դրսեւորւում է տեղեկատուական եւ գաղափարական մակարդակում։ Պագուի պետական վերահսկողութեան տակ գտնուող լրատուամիջոցները, ինչպիսիք են «AzTV»-ն կամ «Real TV»-ն, լարուածութեան աճի օրերին իրենց եթերաժամանակի զգալի մասը յատկացնում էին Իրանի հիւսիսային նահանգներում տեղի ունեցող իրադարձութիւններին՝ դրանք անուանելով «Ազատութեան շարժում Հարաւային Ատրպէյճանում»։ Սա պարզապէս քաղաքական խօսոյթի նախասիրութիւն չէ, այլ Իրանի տարածքային ամբողջականութեան դէմ ուղղուած բացայայտ քաղաքական դիրքորոշում։ Որպէս օրինակ կարելի է դիտարկել Պագուում կազմակերպուող տարբեր համաժողովները՝ նուիրուած «բաժանուած ատրպէյճանական ազգին», որոնք ուղղակիօրէն խրախուսում են Թեհրանի դէմ անջատողական տրամադրութիւնները Թաւրիզում, Ուրմիայում եւ Արդապիլում։
Ատրպէյճանի խորհրդարանում (Միլլի Մեջլիս) հնչող ելոյթները, որոնք կոչ են անում Իրանի թրքախօսներին «ազատագրուել պարսկական լծից», այլեւս առանձին պատգամաւորների նախաձեռնութիւն չեն։ Սա պետական ուղղորդուած քաղաքականութիւն է։ Իսկ Թաւրիզի փողոցներում յայտնուող «Գորշ գայլերի» նշանները կամ Ատրպէյճանի դրօշները ուղղակի մարտահրաւէր են Իրանի ինքնիշխանութեանը։
Պագուն միաժամանակ շրջանառութեան մէջ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը մերժող եւ Իրանի հիւսիսային նահանգները յուրացնող քարտէզներ։ Սա նպատակ ունի ստեղծել միասնական թրքական աշխարհագրութիւն, որտեղ Հայաստանը եւ Իրանի հիւսիսը դիտարկւում են որպէս «ժամանակաւորապէս կորսուած տարածքներ»։
Գաղտնիք չէ, որ Իրանն ունի բարդ էթնիկ կազմ։ Եթէ ատրպէյճանական անջատողականութիւնը յաջողութիւն ունենայ, դա ազդանշան կդառնայ քրտական, բելուջական եւ արաբական խմբաւորումների համար։ Երկիրը կարող է վերածուել քաղաքացիական պատերազմի թատերաբեմի։ Իսկ Պագուն եւ Անգարան հաշուարկել են, որ տնտեսական ճնշումների համատեքստում էթնիկական կարգախօսները աւելի արագ են «վաճառւում» բնակչութեանը։
Ատրպէյճանի ռազմավարական ակնկալիքները բազմաշերտ են։ Առաջնային պլանում այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն է։ Թեհրանը հետեւողականօրէն յայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանի ցանկացած փոփոխութիւն իր համար «կարմիր գիծ» է, եւ անհրաժեշտութեան դէպքում Իրանը ռազմական ուժ կկիրառի՝ կանխելու համար Սիւնիքով անցնող արտատարածքային միջանցքի ստեղծումը։ Պագուի հաշուարկը պարզ է. որքան շատ լինեն ցնցումները Իրանի ներսում, այնքան թոյլ կլինի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուշադրութիւնը հիւսիսային սահմանների նկատմամբ։ Այս համատեքստում Իրանի ներքին անկայունութիւնը Պագուին «հնարաւորութիւնների պատուհան» է բացում՝ Սիւնիքի դէմ նոր յարձակում իրականացնելու համար՝ յոյս ունենալով, որ Թեհրանը, զբաղուած լինելով սեփական վարչակարգի փրկութեամբ, չի միջամտի ռազմական գործողութիւններին։
Մէկ այլ կարեւոր գործօն է Իսրայէլ-Ատրպէյճան ռազմավարական դաշինքը։ Լարուածութեան օրերին իրանական հետախուզութիւնը մի քանի յայտարարութիւններ է տարածել այն մասին, որ Ատրպէյճանի տարածքում գործող իսրայէլական արհեստագիտական կենտրոններն օգտագործւում են Իրանի ներսում կապի միջոցները խափանելու եւ ցուցարարներին համադրելու համար։ Պագուն, ըստ էութեան, վերածուել է Իրանի դէմ ուղղուած գործողութիւններում Թել Աւիւի «առաջնագծի»։ Ի պատասխան սրան՝ Իրանը վերջերս Արաքսի ափին անցկացրեց հերթական զօրավարժութիւնը՝ ցոյց տալով, որ պատրաստ է հարուածել Ատրպէյճանի ենթակառուցուածքներին, եթէ վերջինս շարունակի աջակցել ներքին խռովութիւններին։
Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանութիւնը նոյնպէս դարձել է առաւել յարձակողական։ Նրա վերջին ելոյթները, որտեղ նա շեշտում է, որ «Ատրպէյճանի սահմանները չեն սահմանափակւում միայն այսօրուայ քարտէզով», ուղղակի ազդակ են Իրանի թրքալեզու բնակչութեանը։ Սա ուղեկցւում է սոցիալական ցանցերում հազարաւոր «բօթերի» եւ գործիչների աշխատանքով, որոնք Իրանի տարածքում իրանական դրօշի այրման եւ ատրպէյճանական խորհրդանիշների տեղադրման տեսանիւթեր են տարածում։ Ըստ էութեան, Պագուն փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ ցանկացած տնտեսական բողոք Իրանում կարող է վերածուել էթնիկական բախման։
Այնուամենայնիւ, Պագուի այս քաղաքականութիւնը գոյաբանական ռիսկեր է պարունակում հէնց Ատրպէյճանի համար։ Իրանը Ատրպէյճանի ներսում դեռեւս պահպանում է ազդեցութեան լուրջ լծակներ՝ ի դէմս հաւատացեալ շիիթ բնակչութեան որոշակի շերտերի։ Իրանամէտ «Հուսէյնիյուն» խմբաւորման աշխուժացումը եւ Պագուի կողմից իրականացուող զանգուածային ձերբակալութիւնները «իրանական լրտեսական ցանցի» մեղադրանքով փաստում են, որ Ալիեւը վախենում է Թեհրանի համաչափ պատասխանից։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Իրանի վերջին ցոյցերը Ատրպէյճանի համար ոչ թէ ժողովրդավարական արժէքների պայքար են, այլ սառը աշխարհաքաղաքական հաշուարկ։ Իրանի ներկայ ճգնաժամը լոկ ներքին խնդիր չէ։ Սա աշխարհաքաղաքական վերադասաւորումների մի մեծ «փազլ» է, որտեղ Ատրպէյճանը փորձում է իրագործել իր դարաւոր երազանքը՝ Իրանի հաշուին դառնալ տարածաշրջանային գերտէրութիւն։ Հայաստանի համար Իրանի տարածքային ամբողջականութիւնը սեփական անվտանգութեան անբաժանելի մասն է։
Պագուին ձեռնտու է Իրանի կազմաքանդումը կամ այնպիսի թուլացումը, որը թոյլ կտայ վերջնականապէս կտրել Հայաստանը Իրանից եւ հաստատել թուրք-ատրպէյճանական անընդհատական կապը դէպի Կեդրոնական Ասիա։ Հայաստանի համար այս իրավիճակը պահանջում է առաւելագոյն զգօնութիւն, քանի որ Իրանի «հիւսիսային դարպասների» ցանկացած թուլացում ուղղակիօրէն հարուածելու է մեր ազգային անվտանգութեանը։ Ատրպէյճանը Իրանի ցոյցերի միջոցով փորձում է լուծել իր «պատմական» հարցը՝ միաւորել թրքական աշխարհը եւ վերացնել Հայաստանը՝ որպէս խոչընդոտ։ Թեհրանի դիմակայութիւնը այս գործընթացին Հայաստանի համար կեանքի եւ մահուան հարց է։
«Դրօշակ» թիվ 3 2026թ.