Թուրք-իրանական շահերի բախումը Սիւնիքում
Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետութիւնները կարևոր տեղ են գրաւում Իրանի և Թուրքիայի հարաւ կովկասեան տարածաշրջանային քաղաքականութեան մէջ: ԻԻՀ-ն կարևորում է նրանց հետ բարի դրացիական յարաբերութիւնների պահպանումն ու ամրապնդումը, մասնաւորապէս, հաշուի առնելով այդ երկրների աշխարհագրական դիրքը, որը հնարաւորութիւն է տալիս ցամաքային կապ ապահոուելու Ռուսաստանի Դաշնութեան և հիւսիսային Եւրոպաայի հետ: Հաշուի առնելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողութիւնները` Իրանի Իսլամական Հանրապետութիւնը այդ երկրներին վերաբերում է որպէս իր անվտանգային և տնտեսական լծակները համալրող գործօնների:
Թուրքիան այն երկրներից էր, որոնք Խորհրդային Միութեան փլուզման շրջանից փորձեցին էլ աւելի մեծ ուշադրութիւն յատկացնել հարաւային Կովկասի տարածաշրջանին և առանցքային դերակատարում ունենալ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձութիւններում: Հարաւային Կովկասի երկրների դիրքը Սև և Կասպից ծովերի աւազանների միջև այս շրջանը կրկնակի արժէքաւոր է դարձնում Թուրքիայի համար: Եւ զարմանալի չէ, որ և´ Թուրքիան, և´ Իրանը ամէն կերպ հաւակնում են գերիշխող դեր ունենալու հարաւային Կովկասում ընթացող իրադարձութիւններում, որով կը բարձրացնեն իրենց պետութիւնների գլոբալ և տարածաշրջանային դերն ու վարկանիշը: Այս առումով նրանց համար ռազմավարական կարևոր կէտ դարձաւ նաև Լեռնային Ղարաբաղը, իսկ այսօր` Սիւնիքի մարզը:
Վերջիններիս որդեգրած քաղաքականութիւնն առաւել բացայայտ դրսևորուեց ինչպէս Արցախեան առաջին պատերազմի տարիներին, այնպէս էլ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծուած 44-օրեայ պատերազմի օրերին: Եթէ 90-ականներին Իրանն աւելի ակտիւ ու գործուն ջանքեր էր գործադրում պատերազմի դադարեցման ու հրադադարի կնքման հարցում, ապա 2020 թ. բաւականին չէզոք և երբեմն նոյնիսկ իրարամերժ յայտարարութիւններ էր հնչեցնում՝ վերջնականապէս չբացայայտելով, թէ պատերազմող կողմերից որին է աջակցելու: Նոյնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որն Արցախեան և´ առաջին, և´ երկրորդ պատերազմների օրերին ռազմական և նիւթական բացայայտ օգնութիւն էր ցուցաբերում Ադրբեջանին` այդպիսով կարևոր դերակատարում ունենալով պատերազմում Ադրբեջանի հաւանական յաղթանակում:
Հակառակ հրադադարի կնքմանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտութիւնը դեռևս չի կարգաւորուել, և կարելի է ասել, որ այն պատկանում է մշտապէս շարունակուող հակամարտութիւնների շարքին: Սա այն խնդիրներից է, որոնք յանգեցնում են դրանցում ներքաշուած և դրանցից օգուտներ քաղել փորձող գերտէրութիւնների (տուեալ դէպքում` Իրան, Թուրքիա, ԱՄՆ, ՌԴ, Իսրայէլ) յարաբերութիւններում լարուածութեան աճին: Սրա վառ ապացոյցը դարձաւ 2021 թ. սեպտեմբերին Գորիս-Կապան աւտոճանապարհի Որոտանի հատուածում ադրբեջանական ոստիկանական անցակէտի տեղադրումը, որի պատրուակով ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում և մաքսատուրք են գանձում նաև իրանցի վարորդներից: Միջադէպերից մէկի ժամանակ անգամ իրանցի երկու վարորդներ ձերբակալուել էին, որոնք ազատ են արձակուել միայն վերջերս :
Սրան ի պատասխան` հոկտեմբերի 1-ից Իրանի հիւսիսարևմտեան հատուածում՝ Նախիջևանի սահմանի մօտ, մեկնարկել են «Խայբերի նուաճողները» կոչուող զօրավարժութիւնները, որոնց ընթացքում կիրառուեցին և փորձարկուեցին մի շարք զրահատանկային զինատեսակներ, հրետանի և անօդաչուներ: Վերջիններս օգտագործուեցին հետախուզական նպատակներով :
Հետաքրքիր էր նաև զօրավարժութիւնների համար ընտրուած անունը: Խայբեր ամրոցում դեռևս Մոհամմադ մարգարէի օրոք պատերազմ էր տեղի ունեցել մուսուլմանների և հրեաների միջև: Ըստ մուսուլմանների՝ Խայբեր ամրոցի վրայ յարձակման պատճառն այն էր, որ այնտեղից հրեաները Մեքքայի բնակիչներին տրամադրում էին մահմեդականների դէմ:
Սիւնիքում՝ Ադրբեջանի հետ սահմանի հարևանութեամբ անցկացուող զօրավարժութիւնները դժգոհութիւն են առաջ բերել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտօնեաների շրջանում, մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետութեան ներկայացուցիչները յայտարարել են, որ դա կապուած է Ադրբեջանում Իսրայէլի ներկայութեան հետ, և փորձ է արուել հակազդելու իսրայէլական սպառնալիքին:
ԻԻՀ ցամաքային զօրքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիոմարս Հեյդարին յայտարարել է, որ իւրաքանչիւր ուսումնական դասընթացի աւարտին, երբ որևէ յատուկ ձեռքբերում ունենան, Իրանը կանցկացնի զինատեսակների և նոր կիրառուող զէնքերի փորձարկում: Այս դէպքում իրանական կողմի «յատուկ ձեռքբերում»-ը ներքին արտադրութեան անօդաչու թռչող սարքերն էին :
Սրան զուգահեռ` Նախիջևանի սահմանային հատուածում «Անխախտ եղբայրութիւն» կոչուող համատեղ զօրավարժութիւններ սկսեցին նաև Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետութիւնները, և սա այն դէպքում, երբ Իրանում դեռևս չէր մարել զայրոյթը կողմերի նախորդ զօրավարժութեան համար, որին մասնակցում էր նաև Պակիստանը:
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացուող նման ձևաչափով զօրավարժութիւնները Սիւնիքին սահմանակից հատուածներում, չնայած առերևոյթ որևէ քաղաքական նպատակ չեն հետապնդում և միտուած են նորաստեղծ տեխնիկայի փորձարկումներին ու զօրքերին ռազմական պատրաստուածութեան բերելուն, իրականում ունեն նաև քօղարկուած քաղաքական ենթատեքստեր, որոնցով կողմերն ուզում են միմեանց հասկացնել իրար հետ ռազմական բախման գնալու բոլոր հնարաւոր սպառնալիքների մասին: Մասնաւորապէս, Ադրբեջանի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից Սիւնիքի մարզի Գորիս-Կապան աւտոճանապարհի փակումը, որով ադրբեջանցիները խոչընդոտում են իրանական բեռնատարների մուտքը Հայաստան, իրականում լուրջ մարտահրաւէր է ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Իրանի համար, քանի որ դրա նպատակը ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականութիւնը սպառնալիքի տակ դնելն է, այլև Իրանի տարածաշրջանային ազդեցութիւնն ու դերը նուազեցնելը։ Ընդ որում, Իրանի հիւսիսային շրջաններում առկայ լարուածութիւնը, հնարաւոր է, որ տարածուի նաև Կասպից ծովի աւազանում, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Թուրքիային:
Իրանը Հայաստանը դիտարկում է որպէս կարևոր բուֆերային գօտի, որը հնարաւորութիւն է տալիս կանխելու Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումները: Վերջինս, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ կը կարողանայ ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ, ինչն էլ նրա պանթուրքական ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Չմոռանանք նաև պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի այն յայտարարութիւնը, որ Սիւնիքը ևս Ադրբեջանի պատմական տարածք է, որն էլ աւելի յստակեցրեց նրանց պլանները այս շրջանի վերաբերեալ:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ 2020 թ. պատերազմի հրադադարի պայմանագրի միակ կէտը, որը սպառնում է հենց Իրանին, Բաքու-Անկարա ուղիղ կապի ստեղծումն է, ինչը հնարաւոր է միայն «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմամբ: Չնայած այս միջանցքի բնոյթը դեռ պարզ չէ, ասւում է, որ Բաքու-Անկարա դաշինքի նուազագոյն նպատակը քաղաքացիների տեղաշարժի, ապրանքների տարանցման և վերջապէս էներգիայի ու էլեկտրահաղորդման գծերի հատման միջանցք ստեղծելն է: Բայց, հակաիրանական մօտեցման համաձայն, «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանից դէպի Նախիջևան և Թուրքիա գազի տարանցումն արդէն կ’իրականանայ առանց Իրանի, և դա ևս իր հերթին կը նուազեցնի Ադրբեջանի վրայ իրանական ազդեցութեան տնտեսական և լոգիստիկ կարևոր լծակների թիւը: Նման սցենարի կեանքի կոչման դէպքում շատ հնարաւոր է, որ իր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակութիւնն ամբողջութեամբ կորցնի նաև Իրան-Թուրքիա գազատարը: Թուրքիան կը դադարեցնի իրանական գազատարի շահագործումը կամ Իրանից գազի գնման ծաւալը կը հասցնի հնարաւոր նուազագոյնի` փոխարէնը ապահովելով գազի մատակարարում Ռուսաստանից և Ադրբեջանի Հանրապետութիւնից։
Իրանի և Հայաստանի միջև 21 կիլոմետրանոց սահմանագծի վերացմամբ, որը հնարաւոր է միայն թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Սիւնիքի բռնազաւթմամբ, կը բարդանայ նաև Իրանի աշխարհաքաղաքական դրութիւնը հարաւային Կովկասում: Հաշուի առնելով Թուրքիայի նկրտումները Կասպից ծովի` նաւթազազային պաշարներով հարուստ արևելեան և արևմտեան ափերի նկատմամբ, ինչպէս նաև վերջին երեք տասնամեակներին Իսրայէլի ազդեցութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւնում, որը նաև ռազմական մեծ ծաւալներ ունի (ինչն առաւել ցայտուն դրսևորուեց 2020 թ. արցախեան պատերազմի օրերին), և Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմաններում ճգնաժամ ստեղծելու Միացեալ Նահանգների լուրջ ջանքերը` Իրանի սահմաններից հիւսիս աշխարհաքաղաքական զարգացումների վրայ աչք փակելը պատճառ կը դառնայ Իրանի դերի նուազեցմանը տարածաշրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ռազմավարական գերակայութիւն ապահովել Թուրքիայի համար ինչպէս Կասպից ծովի արևմտեան ափերին, այնպէս էլ ողջ հարաւային Կովկասում: ԱՄՆ-ն ձգտում է թուլացնելու իր երկու թշնամիների՝ Իրանի և Ռուսաստանի դիրքերը հարաւային Կովկասի տարածաշրջանում և Կասպից ծովի արևմտեան եզրին` ընդլայնելով գաղտնի յարաբերութիւններն ադրբեջանական և հայկական հանրապետութիւնների հետ, լուծելով նրանց միջև առկայ ռազմական հակամարտութիւնը` ժամանակաւորապէս զսպելով Ադրբեջանին և գայթակղելով Հայաստանին: Թէև ճշգրիտ վիճակագրութիւն չկայ, սակայն բազմաթիւ զեկոյցներ վկայում են իսրայէլական վարչակարգի՝ յատկապէս Ադրբեջանի Հանրապետութիւնում աճող ներկայութեան մասին, որը կենտրոնացած է «Գաբալայի աւիաբազայի» վրայ: Այստեղ Իսրայէլի անվտանգութեան ուժերի թիւը գնահատւում է 500-1000-ի սահմաններում, միւս կողմից` վերջին տասնամեակում այս վարչակարգը զգալի ազդեցութիւն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետութեան և Իլհամ Ալիևի ընտանիքի վրայ, քանի որ սիոնիստ առաջնորդները Ադրբեջանն անուանում էին «Իսրայէլի Լիբանան»: Այս պարագայում Իսլամական Հանրապետութիւնը ստիպուած է դիմակայել սահմանների անվտանգութեան երկարաժամկէտ մարտահրաւէրներին և նուազեցնել դրանց ազդեցութիւնը տարածաշրջանում:
Պէտք է նկատի ունենալ նաև, որ թէ՛ Էրդողանը, թէ՛ Ալիևը հասկանում են, որ Իրանը նշուած շրջանների հարցում զիջումների չի գնայ: Իրանի հիւսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձութիւններից ամերիկա-իսրայէլական ներկայութեան հոտ է գալիս, և այստեղ նրանք Էրդողանին ու Ալիևին կը ցանկանան օգտագործել որպէս խամաճիկների: Միւս կողմից` սա խաղ չէ Իրանի համար, որը նա կարող է անտեսել:
Այսպիսով` շատ քիչ հաւանական է, որ Բաքուն և Անկարան երկկողմ համատեղ զօրավարժութիւնների միջոցով վտանգ ներկայացնեն Իրանի համար: Միաժամանակ երկու երկրներն Իրանի հետ այժմ ունեն դրական յարաբերութիւններ տնտեսական, առևտրային, դիւանագիտական, մշակութային և այլ հարթութիւններում և միշտ վայելել են Թեհրանի աջակցութիւնը: Իրանը կարող է ռազմական միջամտութեան դիմել միայն այն դէպքում, եթէ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան պատերազմական ճանապարհով խզել Իրանի և Հայաստանի միջև սահմանային կապը, և այս պարագայում Իրանն իր զօրքերը կը մտցնի Սիւնիք միայն Հայաստանի Հանրապետութեան խնդրանքով: Սիւնիքն Իրանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող կարևոր կէտ է, որով նա կանխում է պանթուրքական էքսպանսիան: Եթէ Արցախի պարագայում Իրանը կարող էր չէզոք մնալ և յարգել երկու երկրների ինքնիշխանութիւնը, որով փաստացի ընդունում էր Ադրբեջանի կողմից հայկական տարածքների զաւթումը, ապա Սիւնիքի պարագայում նա կորցնելու շատ բան ունի: Իզուր չէ, որ իրանական կողմից բազմիցս յայտարարուել է, որ երկրի հիւսիսարևմտեան սահմաններն իրենց «կարմիր գիծն են», որոնք անցնելու հնարաւորութիւն չեն տայ Ադրբեջանին: Սա Իրանի համար աշխարհաքաղաքական, տնտեսական, նաև մշակութային արժէք ունեցող շրջան է, որի կորստի հետևանքները ծանրակշիռ կը լինեն:
Իրանը կը ձգտի թոյլ չտալ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ներկայութիւնն իր հիւսիսարևմտեան սահմաններին` այդպիսով ապահովելով իր երկրի անվտանգութիւնը, ինչպէս նաև ամրապնդելով իր դիրքերը հարաւային Կովկասում:
Նարէ Գևորգեան
ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի աշխատակից