Թուրքիայում ստեղծուող Ցեղասպանութեան ուսումնասիրութեան կառոյցը լինելու է պատմութեան խեղաթիւրման ևս մէկ հարթակ. Ռուբէն Մելքոնեան

ԵՊՀ արևելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ստամպուլում Ցեղասպանութեան և մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների ուսումնասիրութեան միջազգային ինստիտուտ հիմնելու տեղեկութեանը։

Ռուբէն Մելքոնեանի դիտարկմամբ` այն ընկալումները, որ ունի քաղաքակիրթ մարդկութիւնը յանցագործութիւնների, ցեղասպանութիւնների վերաբերեալ, գլխիվայր են շրջուած Թուրքիայում, որն իր հերթին ժխտում է քաղաքակիրթ մարդկութեան ընկալումները, հետևաբար նոր ձևաւորուող կառոյցը վստահաբար ունենալու է միտում ոչ թէ մարդկութեան համար ընկալելի շրջանակներում զբաղուել տուեալ յանցագործութիւնների ուսումնասիրութեամբ, այլ կը հանդիսանայ պատմութեան խեղաթիւրման ևս մէկ հարթակ, ևս մէկ օջախ մարդկութեան հանդէպ իրականացուած յանցանքները Թուրքիայի քաղաքական նպատակներին յարիր ուսումնասիրելու և ներկայացնելու համար։

«Այստեղ կայ երկու առանձնայատկութիւն։ Մէկն այն է, որ Ցեղասպանութեան ժխտումը շարունակում է մնալ Թուրքիայի պետական քաղաքականութեան անկիւնաքարերից մէկը, իսկ երկրորդն այն է, որ մարդկութեան պատմութեան ընթացքում ձևաւորուած սկզբունքները, պատկերացումները, արժեհամակարգը հետևողականօրէն խեղաթիւրւում և ոտնահարւում են Թուրքիայի կողմից։ Առաջ է մղւում ձևախեղուած մէկ այլ արժեհամակարգ, որի շրջանակում զոհին դարձնում են մեղաւոր, բնօրրանում ապրողներին դարձնում են ներգաղթեալներ կամ եկուորներ, իսկ թալանչիներին, քոչւորներին դարձնում են «քաղաքակրթութեան մունետիկներ» և բնիկներ»,– նշեց թուրքագէտը։

Մելքոնեանի կարծիքով` նման գործելակերպն ուղղուած է ոչ միայն հայութեան, այլև համաշխարհային քաղաքակրթութեան, մարդկութեան արժեհամակարգի դէմ և մարտահրավեր է ամբողջ աշխարհին, թեև այդ աշպարհի մի զգալի հատուածը, ինչպէս, միշտ, լուռ է մնալու այս ամենի հանդէպ։ Ըստ նրա` Ցեղասպանութեան ժխտման ուղղութեամբ Թուրքիայում ինստիտուցիոնալ կառոյցներ ձևաւորուել են վաղուց, ուստի վերջինը ոչ միայն այս շղթայի էվոլյուցիոն շարունակութիւնն է, այլ ևս մեկ հանդուգն քայլ, որը միտուած է լինելու դէպքերն ու իրադարձութիւններն այլ արժեհամակարգային լույսի ներքո ներկայացնելուն, այսինքն` թուրքերը ժխտում են ոչ միայն Հայոց ցեղասպանութիւնը, այլև այն արժեհամակարգը, որի ընկալման շրջանակներում այդ դէպքերը կոչւում են հենց ցեղասպանութիւն։

Մելքոնեանի խօսքով` հայ և թուրք պատմաբանների համատեղ յանձնաժողով ձևաւորելու հարցը թուրքական հռետորաբանութեան և քարոզչական գործիքակազմի մասն է դարձել, ինչին Հայաստանը թէև միշտ բացասաբար է վերաբերուել, բայց այն դեռ մնում է Թուրքիայի քաղաքական օրակարգում, և Էրդողանն այդ մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է, հետևաբար թուրքագէտը վստահ է, որ վերոյիշեալ կառոյցի ձևաւորմանը զուգընթաց այդ գաղափարը կամ աւելի է ակտիւանալու, կամ էլ այլափոխուած կերպով կրկին բերուելու է քաղաքական, գիտական օրակարգ և հրամցուելու է նաև միջազգային հարթակներում, հետևաբար ստեղծուելիք նոր կառոյցը նոյնպէս սպառնալիքների մի ամբողջութիւն է։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ստամպուլի համալսարանի ռեկտորատի հովանու ներքոյ ստեղծուելու է «Ցեղասպանութեան և մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների ուսումնասիրութեան միջազգային ինստիտուտ»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թուրքիայում արդէն ստեղծուել էր ինստիտուտ` հայերի, ասորիների և յոյների դէմ Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից իրականացուած Ցեղասպանութիւնը ժխտելու քաղաքականութիւնն առաջ տանելու համար

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.