Ընկե՛ր Զաքար, վարձքդ կատար

Սեպտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հիւրընկալել է դաշնակցական ընկեր, Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարուեստական ղեկավար և խմբավար, Արցախի Արուեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշեանին: Հանդիպմանը ներկայ են եղել նաև Արցախի շրջանների ՀՅԴ կոմիտէների ներկայացուցիչները:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիյեանը կարևորել է Զաքար Քեշիշեանի ներդրումն Արցախում երգարուեստի զարգացման, պատանիներին ազգային ոգով դաստիարակելու գործում: Նա շեշտել է, որ Շուշիում 30 տարի դասաւանդած դաշնակցական արուեստագէտը հանգամանքների բերումով փոխել է գործունէութեան վայրը, բայց նրա ոգին ու առաքելութիւնը մնացել են նոյնը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անունից Արթուր Մոսիյեանը Զաքար Քեշինեանին յանձնել է խոհրդանշական նուէր՝ ՀՅԴ 130-ամեակի առթիւ գործուած գորգ:

Իր խօսքում Զաքար Քեշիշեանը նշել է, որ դաշնակցական ընկերները միայն յետմահու են պարգևատրւում, սակայն այս պարգևն ինքը կ՚ընդունի որպէս անսահման վստահութեան, սիրոյ և իր ուխտը վերանորոգող երևոյթ: «Ես դաշնակցական եմ, իմ գործունէութիւնն այստեղ կուսակցական չէ, այլ ազգային, բոլորանուէր: Սակայն այն ոգին, որ ինձ մղում է այստեղ աշխատելու, դաշնակցականի իմ դաստիարակութիւնն է և դրա նկատմամբ իմ հաւատարմութիւնը: Դաշնակցութիւնը 29 տարի առաջ Շուշիում հիմնադրեց վարժարան, այն ժամանակ ես, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան մաս կազմելով, վարժարանի հիմնադիր ընկերներից մէկը դարձայ: Երբ վարժարանը պետականացուեց, ես շարունակեցի իմ առաքելութիւնը, որ սկսել էի 29 տարի առաջ: Առաջիկայ տարիներին, ինչքան իմ կարիքը լինի, և Աստուած ինձ կեանք տայ, անպայման կը վերադառնամ»,- իր խօսքում ասել է Զ. Քեշիշեանը՝ շնորհակալութիւն յայտնելով պարտաւորեցնող վերաբերմունքի համար և մաղթելով, որ այս դժուարին պայմաններում Դաշնակցութեան ուժն ու կորովը չպակասի:

«Ես հաւատում եմ, որ հայ ժողովրդի փրկութիւնն իր դաշնակցական որդիների միաբանութեան, ամրակուռ կառոյցի, կառոյցը աւելի հզօրացնելու, այդ ճանապարհով հայրենիքին ծառայելու և հայրենիքը փրկելու մէջ է»,- նշել է արվուեստագէտը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.