Զանգեզուրի միջանցք Զանգեզուրից դուրս. Ադրբեջանն ու Իրանը «Զանգեզուրի» միջանցքի բացման վերաբերեալ փաստաթուղթ են ստորագրել
- (0)

Իրանն ու Ադրբեջանը ստորագրել են համաձայնութեան մասին յուշագիր Իրանի տարածքով Նախիջևանի և, այսպէս կոչուած, «Արևելեան Զանգեզուրի տնտեսական գօտու միջև հաղորդակցութեան նոր կապերի ստեղծման վերաբերեալ. յայտնում է Caucasus Watch-ը:
Արցախի 75 տոկոսի օկուպացումից յետոյ Ադրբեջանը Կովսականի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները յայտարարեց «Արևելեան Զանգեզուր»` հետագայ նկրտումներ որդեգրելով նաև Սիւնիքի նկատմամբ, որը, ըստ նրանց, «Արևմտեան Զանգեզուրն» է:
Փաստաթուղթը ստորագրուել է մարտի 11-ին Բաքւում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի Ճանապարհաշինութեան և քաղաքաշինութեան նախարար Ռոստամ Ղասեմիի կողմից:
Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` յուշագրի ստորագրումը պատմական իրադարձութիւն է։ «Նախիջևանի նկատմամբ էմբարգօ կիրառելու՝ Հայաստանի երկարամեայ քաղաքականութիւնը կը դադարի այս ծրագրի իրագործման շնորհիւ: Ադրբեջանի երկու շրջանների` Նախիջևանի և Արևելեան Զանգեզուրի (Արցախից օկուպացուած Կովսականի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները) միջև կը կառուցուի աւտոճանապարհային, երկաթուղային և էլեկտրիկ հաղորդակցութիւն` Իրանի տարածքով»,- նշել է նա:
Ըստ Հաջիևի` «այդ ծրագիրը կը փոխի տարածաշրջանի տրանսպորտահաղորդակցային լանդշաֆտը, այն կը կապի Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը` հիմք դնելով նոր եւրասիական միջանցքի»:
Ըստ Ղասեմիի` երկու երկրների միջև ստորագրուել է ճանապարհային քարտէզ մի շարք ոլորտներում: Նա նշել է, որ իրանական կառավարութեան համար առաջնահերթութիւն է իր հարևանների հետ յարաբերութիւնների բարելաւումը:
Սրան զուգահեռ, ադրբեջանցի ղեկավարի` Անկարա կատարած այցի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան պայմանաւորուել են արագացնել Նախիջևանից Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները, ինչն արդէն անիմաստ և երկրորդական կը դարձնի Գիւմրիից Կարս ելքը: Այնպէս որ, ինչպէս նշում է Caucasus Watch-ը, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը ամբողջութեամբ կախուած կը լինի Հայաստանի ճկունութիւնից Ադրբեջանի հետ հարցերում:
Ադրբեջանցի քաղաքագէտ Ահմեդ Ալիլին ուշադրութիւն է հրաւիրել Ադրբեջանի նախագահի` Իրանի հետ դիւյարաբերութիւնների 30-ամեակի կապակցութեամբ յղած նամակին։ «Միանշանակ, մեր հինաւուրց, պատմական տարածքների ազատագրումով իրանա-ադրբեջանական պետական սահմանի վերականգնումը ստեղծել է բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտներում ներուժի ամբողջական օգտագործման, տրանսպորտահաղորդակցային միջանցքների ծրագրերի համատեղ իրականացման համար: Այդ կապակցութեամբ կը ցանկանայի ընդգծել Իրանի և Ադրբեջանի միջև կնքուած յուշագիրը` «Արևելեան Զանգեզուրի և Նախիջևանի միջև հաղորդակցութեան վերականգնման վերաբերեալ». սա նշանակում է, որ այլևս չկայ Զանգեզուրի միջանցք, որը կ’անցնի Հայաստանի հարաւային շրջաններով», – եզրափակել է նա:
Ադրբեջանցի մէկ այլ քաղաքագէտ` Ֆարհադ Մամեդովը նշում է, որ, այսպիսով, Ադրբեջանն իր համար լուծել է մէկ կարևոր սկզբունքային հարց` «ցամաքային ելք դէպի Նախիջևան, այնտեղից էլ Թուրքա` առանց Հայաստանի համար կոմունիկացիաների բացման»: «Սա շատ կարևոր տարր է, քանզի հաղորդակցութիւնների բացումը կը նշանակի հաղորդակցութեան բոլոր տեսակների բացում։ Այժմ Ադրբեջանը նման պարտաւորութիւններ չունի, և Իրանը ստիպուած է խնդրել Բաքուին՝ բացել դէպի Իրան և Ռուսաստան երկաթգիծ իր տարածքով, ինչպէս նաև օգտուել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից»:
«Եթէ առաջ հաղորդակցութիւնների բացումը Հայաստանի համար եղել է Զանգեզուրի միջանցքի բացման դիմաց, ապա այժմ պայմաններն այլ են լինելու, հաւանաբար` խաղաղութեան պայմանագիր՝ տարածքային ամբողջականութեան ճանաչման դիմաց»,- նշել է Մամեդովը: