Դրօշներ, պայքար եւ վրէժ. 1904 թուականի Սասունի դէպքերը հայ ֆիտայիների լուսանկարների լոյսի ներքոյ

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈԵԱՆ

Լէօ Թորոսեանի «Ռուսական թակարդը հայ ֆիտայինների դէմ» հետազօտական յօդուածում ներկայացուած լուսանկարների բացայայտումը առիթ է տալիս լուսանկարների լոյսի ներքոյ անդրադառնալու 1904 թուականի Սասունի դէպքերին՝ բացայայտելով դրանց պատմական եւ գաղափարական նշանակութիւնը։

Ուոթերթաուն, Մասաչուսեթս կատարած այցի ընթացքում, հնարաւորութիւն ունենալով աշխատելու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան արխիւներում, Լէօն կազմել է հայկական յեղափոխական շարժման դրօշների լուսանկարների լայն ցանկ։ Ներկայացուող նիւթը դրանցից մէկի մասին է, որը վաւերագրուած է նաեւ Լէօ Թորոսեանի «Ռուսական թակարդը հայ ֆիտայինների դէմ» յօդուածում, եւ արտացոլում է 1904 թուականի Սասունի ապստամբութեան մի դրուագ՝ գերեվարուած հայ ֆիտայինների լուսանկարների միջոցով։

Լէօն նոյն պահին արուած երկու լուսանկար է բացայայտել։


Այս լուսանկարները վկայում են ֆիտայինների թէ՛ հերոսութիւնը, թէ՛ գերեվարման պահին ունեցած ծանր վիճակը, բայց, եւ յատկապէս, ընդգծում հայկական յեղափոխական շարժման խորհրդանիշների՝ դրօշների եւ զինանշանների պատմական կարեւորութիւնն ու գաղափարական բովանդակութիւնը։

Լուսանկարների պատմական համատեքստը վերակազմելու նպատակով Լէօն յղում է անում ֆրանսական երկշաբաթաթերթ Pro Armenia-ի 1904 թ. համարներին, որը որպէս ժամանակակից մամուլի աղբիւր հնարաւորութիւն է տալիս վերականգնելու դէպքերի ժամանակագրութիւնն ու դրանց վերաբերեալ շրջանառուող մեկնաբանութիւնները։ Միաժամանակ նա յենւում է նաեւ Անդրանիկ Չելէպեանի «Դրօ․ Հայաստանի առաջին պաշտպանութեան նախարարը արդի ժամանակաշրջանում» աշխատութեանը, որտեղ ներկայացուած փաստագրական նիւթերն ու յիշողութիւնները լրացուցիչ տեղեկութիւններ են հաղորդում ժամանակաշրջանի քաղաքական եւ ռազմական իրադրութեան մասին։ Հետազօտութեան մէջ օգտագործուել են նաեւ այլ արխիւային եւ պատմագիտական աղբիւրներ, որոնք թոյլ են տալիս համադրել լուսանկարները գրաւոր վկայութիւնների հետ։

Հիմնուելով այս աղբիւրների վրայ՝ Լէօն պարզել է, որ լուսանկարները արուել են Սասունի ապստամբութեան ժամանակ, 1904 թուականին, երբ Սասունի հայերը զինուած ընդվզեցին թուրքական բռնատիրութեան եւ նրանց բնաջնջելու նպատակով իրականացուող թուրքական կառավարութեան վայրագ արշաւանքի դէմ, որի ընթացքում թուրքական բանակի հրետանին եւ զօրքերը ոչնչացրցին Սասունի «արծուի բները»՝ տասնեակ հայկական գիւղեր, քանդեցին մօտ 2 հազար հայ տուն, սպանեցին հազարաւոր անմեղ հայերի, իսկ մօտ 8 հազար հայ գիւղացի ստիպուած եղաւ լքել էր իր բնօրրանը։

Սասունցիների պաշտպանութեամբ հանդէս չի եկել որեւէ մեծ տէրութիւն։ Ռուսաստանը, մտահոգուած լինելով Անդրկովկասում յեղափոխական շարժումների ակտիւացմամբ, շահագրգռուած էր Արեւմտեան Հայաստանում յարաբերական հանգստութիւն եւ կարգ պահպանելու մէջ։ Այդ պատճառով ցարական կառավարութիւնը տարբեր միջոցներով խոչընդոտում էր կովկասահայերի կողմից Սասունին օգնութիւն ցուցաբերելուն՝ մասնաւորապէս արգելելով նրանց անցնել Արեւմտեան Հայաստան։

Այդ պայմաններում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները շարունակում են կազմակերպուած դիմադրութիւն ցոյց տալ Սասունի բարձունքներում եւ Մշոյ դաշտի գիւղերում, ներգրաւուած լինելով տեղական ինքնապաշտպանութեան գործողութիւններում։

Ապստամբութեան հետ կապուած հիմնական խնդիրները լուծուել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կեդրոնական կոմիտէի ու այնտեղ գործող ֆիտայինների որոշումների միջոցով։

Դեռեւս 1903 թ. աշնանը Սասունի, Գելիէգուզանի եւ Ռշկանի բարձունքներում, ինքնապաշտպանութեան ղեկավարներ Հրայրի, Անդրանիկի, Թորգոմի, Սեպուհի եւ այլոց մասնակցութեամբ անցկացուած ժողովում քննարկուել էր գոյամարտի պլանը։ Ժողովի արդիւնքում ստեղծուել էր զինուորական խորհուրդ, իսկ գոյամարտի ընդհանուր հրամանատարութիւնը յանձնարարուել էր Անդրանիկին։ Նոյն ժողովի առաջարկութեամբ, Թորգոմը եւ Կայծակ Վաղարշակը մեկնում են Անդրկովկաս՝ զէնք եւ զինամթերք բերելու նպատակով։ (Ա. Համբարեան, Սասունի 1904 թուականի գոյամարտը, 1989)։

1904 թ. մարտին Սասուն մեկնող Թորգոմի եւ Որսորդ Գէորգի 61 հոգուց բաղկացած «Որսկան» հայդուկային երկրորդ ջոկատի կազմում ընդգրկուած էին մի շարք մտաւորականներ, բժիշկներ, ուսանողներ եւ քահանաներ: Խմբի կազմում էր նաեւ Պաքուի հայ հարուստ ընտանիքներից մէկի` Հայրապետ Քալանթարեանի որդին՝ ՀՅ Դաշնակցութեան անդամ Լեւոն Քալանթարեանը (Գիւլխանդանեան Ա, Պաքուի մեր գործիչները, 1936)։

Ֆրանսական երկշաբաթաթերթ Pro Armenia-ի, 1904 թ. սեպտեմբերի 1-ի համարը, որին յղում է անում Լէօն, նկարագրում է 1904 թուականի յունիսի 30-ի դէպքերը. «51 քաջ ֆիտայիներ, որոնք եկել էին Հայաստանի տարբեր շրջաններից, հաւաքուել եւ սպասում էին Ռազմական խորհրդի վերջնական որոշումներին։ Մինչ երկու յեղափոխական առաջնորդներ Որսորդը եւ Թորգոմը զբաղուած էին մարդկանց հաշուառմամբ եւ բաշխմամբ, գումարտակի յիսունամեայ քահանայ Տէր Ղազարը երիտասարդական եռանդով պատրաստում էր պատարագի նշխարը։ Երեկոյեան պէտք է մատուցուէր Սուրբ Պատարագ, եւ ֆիտայիները պատրաստւում էին հաղորդութիւն ստանալ»։ Եւ ապա թերթը յայտնում է, որ կէսգիշերին սկսւում է եկեղեցական արարողութիւնը. ֆիտայիները փոքր խմբերով հաւաքւում են եկեղեցում եւ շարքով կանգնում խորանի առջեւ, իսկ ջոկատի դրօշները դրւում են խորանին՝ Պատարագից յետոյ օծուելու համար։

Յաջորդող դէպքերը զարգացան Օլթիի շրջանում։ Սահմանն անցնելուց յետոյ խումբը բախւում է ռուսական սահմանապահ զօրամասերին եւ մտնում մարտի։ Միաժամանակ հակառակ կողմից կրակ են բացում նաեւ թուրքական ուժերը։ Այսպիսով խումբը յայտնւում է երկկողմանի կրակի տակ։

Ջոկատից Լեւոն Քալանթարեանը մօտենում է ռուս զինուորներին՝ բացատրելու, որ նրանց նպատակը Սասունին շտապ օգնութիւն հասցնելն է, սակայն նրան ձերբակալում են։ Երկրորդ պատուիրակին՝ ռուսական բանակի սպա Անուշաւան Դիլանեանին եւս չի յաջողւում դադարեցնել տալ կրակը, չնայած նրա պնդումներին, որ հայերի կռիւը ռուսների դէմ չէ, այլ միայն թուրքերի։

Ռուսների նպաստաւոր դիրքից քաջալերուած թուրքերը սկսում են աւելի ուժգին ճնշել հայերին։ Վիճակը տեսնելով, Տէր Ղազարը, ձեռքին սպիտակ կտոր եւ բարձր պահած խաչը, շարժւում է դէպի ռուսները։ Գնդակները, սակայն, խոցում են ե՛ւ քահանային, ե՛ւ խաչը։ Մարտի ընթացքում զոհւում են հայդուկներից շատերը, այդ թուում՝ Թորգոմը։ Միայն քչերին է յաջողւում փրկուել, որոնց թուում նաեւ Լեւոն Քալանթարեանին։

Գերի ընկածները ռուսական զօրքի հրամանատար, գնդապետ Բիկովի հրամանով, թուրք զինուորների աչքի առաջ մորթոտւում են (Մ. Վարանդեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութիւն, 1992, էջ 242)։

Իսկ արդէն Ֆրանսական երկշաբաթաթերթ Pro Armenia–ն իր 1904 թ. սեպտեմբերի 15-ի համարում յայտնում է, որ Բիկովը, իր «փառահեղ ձեռքբերումը» կեդրոնական իշխանութիւններին ներկայացնելու նպատակով, հրամայել էր լուսանկարել սպաննուած ֆիտայիների դիակները՝ որպէսզի դրանք ուղարկուեն Կարս, Թիֆլիս եւ Փեթեսպուրկ։ Այս լուսանկարներից երկու շաբաթ անց նոյն թերթը հաղորդում է Բրիկովի յանկարծակի սպանութեան մասին։

ՀՅԴ Կարսի Կեդրոնական կոմիտէն մահուան է դատապարտում գնդապետ Բիկովին։ Անձնազոհ մարտիկների պակաս չի լինում, սակայն, ինչպէս գրում է Անդրանիկ Չելէպեանը իր «Դրօ․ Հայաստանի առաջին պաշտպանութեան նախարարը արդի ժամանակաշրջանում» աշխատութիւնում, առաջադրանքը վստահւում է տասնիննամեայ Համօ Ճանփօլատեանին, ով մեծահարուստ ընտանիքի զաւակ էր, անկուսակցական եւ յեղափոխական գործունէութեան փորձ չունէր։

Ըստ նոյն աղբիւրի՝ երիտասարդը ամիսներ շարունակ դիմել է Կարսի կոմիտէին՝ խնդրելով իրեն ուղարկել երկիր՝ մարտական գործողութիւնների մասնակցելու։ Սակայն կոմիտէի անդամները տարակուսում են՝ հաշուի առնելով նրա տարիքն ու փորձառութեան բացակայութիւնը։

Թիֆլիսի Հ.Յ.Դ. Արեւելեան բիւրոյի կողմից, Բիկովի մահափորձը կազմակերպելու նպատակով, Կարս է մեկնում Սեւքարեցի Սագօն։ Տեղեկանալով նրա ժամանման մասին՝ երիտասարդ Համօն դիմում է Սագոյին՝ աղաչելով իրեն վստահել առաջադրանքի իրականացումը։ Սագօն, համոզուելով երիտասարդի վճռականութեամբ եւ անկեղծութեամբ, եւ որպէս Բիւրոյի լիազօր ներկայացուցիչ, որոշում է յանձնարարութիւնը վստահել նրան։

Համօն նախ ուսումնասիրում է Բիկովի շարժումները՝ ճշդելով նրա առօրեայ երթուղիներն ու ժամանակացոյցը։ Միաժամանակ Բիկովը, ենթադրելով, որ կարող է ենթարկուել հայերի կողմից վրէժխնդրութեան, սահմանափակում է իր տեղաշարժերը։ Խստացնում է նաեւ ճանապարհների հսկողութիւնը։ Սակայն Համօն կարողանում է շրջանցել պահակների հսկողութիւնը։ Դիմակաւորուած որպէս աղքատ ներկարար՝ մաշուած, մրոտ ու կեղտոտ հագուստով, նա տնէտուն է շրջում՝ իբր աշխատանք որոնելու, ինչը հնարաւորութիւն է տալիս ճշդելու Բիկովի տնից ակումբ գնալու ժամերը։

Եւ ահա մի երեկոյ, ակումբի ճանապարհին, Համօն որսորդական հրացանով կրակում է Բիկովին։ Գնդակը անմիջապէս հասնում է նպատակին, եւ Բիկովը անշարժ ընկնում է գետնին։ Համօն չի փախնում։ Մօտենում է դիակին, ատրճանակով մի քանի գնդակ խփում կրծքին, եւ ապա հեռանում մօտակայ անտառները։ Նրա հետքը գտնել չեն յաջողում։

Բրիկովը սպաննւում է 1904 թուականի օգոստոսի 31-ին՝ ֆիտայիների կոտորածից մէկուկէս ամիս անց։

Օսմանեան բռնապետութեան դէմ զէնք բարձրացրած սասունցիներն ու նրանց կողքին կռուող հայդուկները դրսեւորել են բացառիկ քաջութիւն եւ անձնազոհութիւն։ Սակայն ապստամբութեան հետեւանքները ծանր էին․ Սասունն ու Դաշտի բազմաթիւ գիւղեր աւերուեցին, հարիւրաւոր հայեր զոհուեցին թուրքական զօրքերի եւ քիւրտ զինուած խմբերի գործողութիւնների հետեւանքով։ Միջազգային հանրութիւնը հիմնականում անտարբեր մնաց տեղի ունեցող ողբերգութեանը։

Սասունի պաշտպանների եւ օգնութեան շտապած առաջնորդների՝ Հրայրի, Անդրանիկի, Գէորգ Չաւուշի, Սեբաստացի Մուրատի եւ միւսների հերոսական պայքարը խոր հետք թողեց ազգային յիշողութեան մէջ։ Այդ պայքարը դարձաւ դիմադրութեան օրինակ՝ հետագայ սերունդների ազգային-ազատագրական գիտակցութեան ձեւաւորման եւ պայքարի պատրաստակամութեան ամրապնդման գործում։

Լէօ Թորոսյանի հետազօտական յօդուածին (անգլերէնով) կարող էք ծանաթանալու այս յղումով.
https://www.teotorosian.com/post/the-curious-case-of-a-russian-ambush-on-armenian-fedayis