«Դրօշակ»-ի Առաջնորդող. Բաժանարար
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» ընդդիմադիր խմբակցութիւնները յունիսի 3-ին հրաւիրել էին խորհրդարանական արտահերթ նիստ: Նիստի նպատակն էր ընդունել յայտարարութիւն, ըստ որի, Հայաստանի Հանրապետութիւնն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանը եւ ԼՂՀ միջազգային ճանաչմանը, անընդունելի է համարուելու հակամարտութեան այնպիսի լուծումը, որի դէպքում Արցախը կարող է յայտնուել Ազրպէյճանի կազմում, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ պէտք է ապահովուի յուսալի ցամաքային կապ, Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման համար անհրաժեշտ է նախապայման ընդունել Հայաստանի տարածքից ազրպէյճանական զօրքերի դուրսբերումը, ռազմագերիների ու պահուող անձանց վերադարձն ու ՀՀ ինքնիշխան տարածքից ԱՀ զօրքերի դուրսբերումը, հայ-թուրքական յարաբերութիւններում Հայոց ցեղասպանութեան եւ հայրենազրկման իրողութիւնները չեն կարող հարցականի տակ դրուել եւ այլն: Ինչպէս յայտարարում էին ընդդիմադիր շարժման առաջնորդները, այս նախաձեռնութիւնը բաժանարար գիծ է` փաստելու, թէ Արցախի ու Հայաստանի կենսական շահերի հարցում ինչ դիրքորոշում ունեն իշխանութիւնները: Եթէ նկատի ունենանք, որ յայտարարութեան շուրջ լայն քարոզչութիւն էր ծաւալուել, խորհրդարանական ուժերի նախաձեռնութեան մասին յայտարարուել էր ընդդիմութեան բազմահազարանոց հանրահաւաքի ժամանակ, իշխանութեան հակառակ դիրքորոշումը վարկաբեկիչ հարուած կը լինէր նրա համար:
Չնայած հոգեբանական, հանրային եւ քաղաքական մեծ ճնշմանը` իշխող ուժը տապալեց հարցի քննարկումը` պարզապէս չներկայանալով նիստին, ինչպէս, ի դէպ, վարուել էր նախորդող նմանատիպ դէպքերում: Հակազգային այս դիրքորոշումը ակնյայտ է դարձնում, թէ ՀՀ ներկայ իշխանութիւններն ինչ չափով են կախման մէջ արտաքին ուժերից եւ որքան են վախեցած թշնամիներից: Կարելի է ասել, որ յանձինս բախտախնդիր ու ապազգային կառավարողների` Հայաստանն ու հայութիւնը երբեք այսքան նուաստացած ու զիջող չեն եղել: Եւ այս ամէնը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական տեւտոնական ցնցումների պայմաններում ձեւաւորւում է համաշխարհային նոր աշխարհակարգը: Ի յայտ եկած մարտահրաւէրների յանդիման չունենալով համարժէք պատրաստուածութիւն եւ աւելի ու աւելի կաշկանդուելով արտաքին կախումների մէջ` ապազգային ու անսկզբունք իշխանութիւնը գաւառական խորամանկութեամբ ձգտում է պատմակշիռ հակամարտութեան մէջ գտնուող աշխարհաքաղաքական հակադիր բեւեռներին բաւարարելու միաժամանակ: Ընդ որում, իշխանութիւնն իրեն տեսնում է երկու տեսակի զիջումների երկընտրանքի առջեւ` անվերապահօրէն ընդունել արտաքին ուժերի եւ մասնաւորապէս զաւթիչ հարեւանների բոլոր պահանջները` ապահովելով արտաքին ուժերի հանդուրժողականութիւնը (անգամ` հովանաւորութիւնը) ներքաղաքական կեանքում ցանկացած անօրինականութիւն թոյլ տալու համար, կամ հրաժարուել իշխանութիւնից` փրկութեան դուռ բացելով Հայաստանի ու Արցախի համար:
Հայաստանը հեղինակապետութեան վերածած վարչապետը յամառ հետեւողականութեամբ փորձում է իրականացնել Արցախի յանձնումն ու Հայաստանի կենսական զիջումները` իշխանութիւնը չկորցնելու նպատակով, ինչպէս եւ խուսափելու բազմաթիւ յանցագործութիւնների համար պատասխանատուութիւնից: Նա հաշուարկել է, որ, անկախ համակրանք-հակակրանքից, արտաքին ուժերն իր իշխանութիւնը կը հանդուրժեն այնքան ժամանակ, քանի դեռ կարելի է զիջումներ պոկել Հայաստանից, իսկ դրանից յետոյ հաւանաբար կ՛երաշխաւորեն իր փախուստն ու ապաստանը արտերկրում: Նա մտածում է նաեւ, որ շահագրգիռ արտաքին ուժի համար քաղաքական վատ խամաճիկն աւելի լաւ է, քան` նրա փոխարինումը ազգային ու ինքնուրոյն ուժերով: Արտաքին հովանաւորութեան պայմաններում անօրինականութիւններ թոյլ տալով ու բռնութիւններ կիրառելով ներքաղաքական գործընթացներում` թիւ մէկ իշխանաւորը, միեւնոյն է, ջղագարութեան հասնող անհանգստութեան մէջ է: Ի տարբերութիւն իր անմեղսունակ խմբակիցների` նա հասկանում է, որ, ըստ էութեան, այն, ինչ տեղի է ունենում Երեւանի փողոցներում, ազգային-ազատագրական պայքար է, որի ծաւալումն ու յաղթանակը կարելի է յետաձգել, բայց կասեցնել անհնարին է:
Ի տարբերութիւն գաղափարապէս ու հոգեբանօրէն կենսունակ ժողովրդական շարժման` իշխանութեան որդեգրած ստերի ու ձեռնածութիւնների քաղաքական վարդապետութիւնը բարոյապէս սպառուած է:
Հրապարակայնօրէն հրաժարուելով ազգային շահերին հետամուտ լինելուց եւ թշնամական օրակարգեր սպասարկելով` անհնար է քաղաքական նորանոր պարտութիւններն ու զիջումները մշտապէս բարդել նախկինների վրայ: Հայրենիքում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների թիւ մէկ պատասխանատուն, այլեւս չապաւինելով կեղծ բացատրութիւններով ժողովրդին մոլորեցնելու իր ճարպկութեանը, ուղղակիօրէն եւ բացայայտօրէն անցել է սեփական իշխանութիւնը բռնի ուժով պահպանելու գործելակերպին: Նա կարծես ցանկանում է համոզել, որ օրինական ճանապարհով իր հրաժարականին հասնելու ակնկալիքն անիմաստ է, ինչը, ի դէպ, ոմանց մօտ վաղ թէ ուշ ծնելու է օրինականութեան կարմիր գծերից անդին ելքեր փնտռելու գայթակղութիւն: Քաղաքական խաղաղ պայքարին հակադրելով բռնի ուժն ու իրաւական հալածանքների սիրած մեթոտը, ծառայամտութեան դիմաց մուրալով արտաքին հովանաւորների աջակցութիւնը, միաժամանակ գիտակցելով, որ սեփական ուժերին ապաւինող ընդդիմութեան պայքարը չի կարող սահուն ու կայծակնային յաջողութիւններ գրանցել, քաղաքական դիակի վերածուած ղեկավարը յոյս ունի, թէ կը կարողանայ գոնէ մինչեւ իր ֆիզիքական ապահովութիւնը երաշխաւորող հակահայկական պայմանագրերի ստորագրումը ձգել պաշտօնավարման շրջանը: Միաժամանակ նա հասկանում է, որ ժամանակն իր դաշնակիցը, առաւել եւս հովանաւորը չէ ոչ մի առումով: Գրկից գիրկ ցատկելու պատեհապաշտութեան սահմանները գնալով նեղանում են, եւ ի վերջոյ նրան ստիպելու են անդաւաճան սէր խոստովանել աշխարհաքաղաքական բեւեռներից մէկին: Որքան էլ նա շարունակի տնտեսական ժանրի հեքիաթներ պատմել առաջընթացի մասին, համընդհանուր ու շօշափելի գնաճը ստիպում է նրանից երես դարձնելու նաեւ հասարակութեան այն հատուածին, որն անվերապահօրէն ընդունել է իր կուռքի քաղաքական կեղծարարութիւնները: Օտարասուն իշխանութեանը հասցուած թերեւս ամենածանր հարուածն էր ազգային արժէքների դէմ իրականացուած վերջին տարիների լայնածաւալ հակաքարոզչութիւնից յետոյ հայ ժողովրդի ընդվզումը` յանուն Արցախի, Հայաստանի եւ համազգային կենսական շահերի: Դժուար է ասել, թէ դեռ որքան կը շարունակուի վերջինիս դաւաճանական գործունէութիւնը, ակնյայտ է, սակայն, որ Լեւոն Տէր Պետրոսեանից եւ ՀՀՇ-ից ժառանգած պարտուողական վարդապետութիւնը հերթական անգամ փլուզուեց հանրային դաշտում` այս անգամ քաղաքականօրէն խորտակելով Նիկոլին ու իր ապազգային խառնախմբին:
Ակնկալելով դանդաղօրէն մեծացնել պայքարի թափը` «Դիմադրութիւն» շարժումը յոյս ունի, որ կը կարողանայ օրինական ճանապարհով պարտադրել պարտութեան առաջնորդի հրաժարականը: Այս պահին ընթանում է յամառ դիմակայութիւն, երբ ազգային եւ հակազգային բաժանարարի տարբեր կողմերում գտնուող քաղաքական ուժերը փորձարկում են իրենց ու դիմացինների նեարդերի ամրութիւնը:
Ճակատագրական հերթական ճամբաբաժանին հայ ժողովուրդը հարկադրուած է կրկին միայնակ յաղթել նախ ներքին եւ ապա արտաքին թշնամուն, եթէ ցանկանում է յարատեւել հայրենիքում` իր սեփական պետութեան մէջ: Ռումբեր չեն պայթում, թուրքական ու պոլշեւիկեան հորդաները դրսից ու ներսից չեն թրատում, կացնահարում ու հալածում զանգուածաբար, սակայն չի նշանակում, թէ մարտահրաւէրն ու դրա հետեւանքները նուազ ծանր կարող են լինել մեզ ու մեր հայրենիքի համար: Պայքարն այլընտրանք չունի, եւ թշնամու ու դաւաճանի դէմ դարաւոր այս պայքարը մեր ընտրութիւնը չէ, այլ` մեր խաչը: Դեռ երէկ մենք յաջողութեամբ յաղթահարեցինք պատերազմ ու արհաւիրք, դրանից առաջ ներկայիս Ֆրանսական հրապարակից ոչ հեռու երկու տարի ամէն օր մասնակցեցինք հանրահաւաքի ու երթի, բախուեցինք զանազան փորձութիւնների: ՔՊ-ականների նախորդները նոյնպէս փորձեցին երկրին պարտադրել Արցախը յանձնելու ինքնադաւաճանութիւնը, թալանեցին երկիրը, մատնեցին այն սովի ու տնտեսական աւերի: Այն ժամանակ նոյնպէս ժողովուրդը միանգամից ու համընդհանուր ձեւով ոտքի չելաւ: Զանգուածներն առհասարակ վախենում են անորոշութիւնից եւ ամենավատ, սակայն ընկալելի ներկան չեն ցանկանում փոխարինել անորոշ ապագայով, որքան էլ որ այն հրամցուի վարդագոյն ակնոցներով: Բազմիցս խաբուած հասարակութիւնները հիմնաւոր փաստարկներ են ուզում այն մասին, որ հերթական փոփոխութեանը չի յաջորդելու հերթական հիասթափութիւնը: Անկեղծութիւն, անմնացորդ նուիրուածութիւն, ազգային բոլոր առողջ ուժերի ներգրաւում` այս է ցանկանում տեսնել հայ մարդը եւ ունենալ երաշխիքներ, որ չեն կրկնուելու նիկոլիզմի ոչնչապաշտութեանը հասցրած տասնամեակների սխալներն ու սայթաքումները: Ջրբաժանը շատ աւելի լայն է, բայց պիտի անցնենք այն, եթէ իսկապէս ցանկանում ենք ապրել յանուն սերունդների դարաւոր իղձերի իրականացման, յանուն արժանապատիւ ու հզօր հայրենիք ունենալու մեր զաւակների իրաւունքի:
«ԴՐՕՇԱԿ», թիւ 6 (1667), 2022թ.