Գրիգորեանները որոշել են բնակարանային աջակցութեան ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գիւղում՝ մտքում միշտ պահելով Արցախ վերադառնալու երազանքը

Գիշեցի Արարատ Գրիգորեանն իր բազմանդամ ընտանիքով հանգրուանել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում։ Արցախից տեղահանուելուց յետոյ միանգամից հաստատուել են այստեղ, ապրում են անվճար։ Երբ այցելեցինք նրանց, արցախցի ընտանիքը շատ ուրախացաւ մեր անակնկալ այցելութիւնից։ Սկզբից չգիտէին, որ արցախցի ենք ու աշխատում էին խօսել գրական հայերէնով, բայց երբ պատասխանեցինք արցախեան բարբառով, բոլոր 8 անդամների դէմքերը ողողուեց ժպիտով։ Անգամ ամենափոքրը՝ Հայկը, ուրախութիւնից սկսեց չարաճճիութիւններ անել ու թռչկոտել մեր շուրջը։

Տունը, որ զբաղեցնում էին Գրիգորեանները, գտնւում էր անմխիթար վիճակում։ Օրեր առաջ տեղացած անձրեւի հետքերը դեռ տանն էին։ Տան տանիքից անձրեւաջուր էր թափուել ու խոնաւութեան շունչը դեռ պահպանւում էր։

Աղքատիկ իրավիճակ էր, ինչպէս բռնատեղահանուած արցախցիների մեծամասնութեան տներում։ Այնուհանդերձ այս ընտանիքում բոլորը ժպտերես ու պինդ էին։

– Երբ Սեպտեմբերի վերջին մեր կամքին հակառակ դուրս եկանք մեր գիւղից ու բռնեցինք գաղթի ճանապարհը, կեանքն ինձ համար կանգ էր առել։ Գիշուց հեռու ապրել չէի պատկերացնում։ Սակայն, ինչպէս ասում են, մարդ ամէն ինչի կարողանում է յարմարուել։ Չեմ ասում, թէ յարմարուել եմ հայրենիքս կորցնելու մտքին, բայց արի ու տես, որ շարունակում ենք ապրել՝ հարիւրաւոր քիլոմեթրեր Արցախից հեռու։ Այս գիւղում մեզ լաւ են ընդունել, պարբերաբար օգնութիւններ ենք ստանում, էլ չեմ խօսում մարդկանց հոգատար վերաբերմունքի մասին։ Փորձում ենք ինտեգրուել նոր միջավայրին, ծանօթանալ տեղի կենցաղին, մարդկանց բնաւորութեանը։ Այստեղ շատ արցախցիներ կան, առանձնապէս Մարտունու շրջանից, երբեմն թւում է՝ Արցախում ենք։ Բայց եթէ հենց այս պահին հնարաւորութիւն լինէր վերադառնալ՝ առանց երկմտելու արդէն մեր գիւղի ճամբան բռնած կը լինէի․ միայն թէ անվտանգ ու առանց թշնամու լինէր Արցախը,- ասում է Արարատը։

Կինը՝ Գայիանէն, լրացնում է ամուսնու խօսքը։ «Մենք հիմա մտածում ենք միայն մեր երեխաների ապահովութեան համար։ Այն, ինչ տեսանք Արցախում, թող երբեք ոչ ոք չտեսնի։ Ճիշդ է, ձեռնունայն ենք հեռացել գիւղից, նեղութեան մէջ ենք այսօր, բայց չենք վհատւում։ Կեանքը կոփել է մեզ, աւելի ենք ուժեղ դարձել։ Միայն կարօտն է, որ կեղեքում է մեր սիրտը։ Կարօտի ու յիշողութիւնների դէմ պայքարել անզօր ենք։ Մեր մտքում միայն Արցախ վերադառնալու երազանքն է, մեր գիւղում լիաթոք շնչելու եւ «Ոսկէ խաչում» մոմ վառելու տենչը»։

Երեխաները՝ Կարէնը, Արմանը, Մարիամը, Լիլիթը, Ալեքսն ու փոքրիկ Հայկը չեն կարողանում մոռանալ Գիշին, իրենց տունը, ընկերներին, «Ոսկի խաչը»․․․ Մարիամի խոշոր ու հմայիչ աչքերը արցունքով լցուեցին, երբ խօսեցինք գիւղի մասին, իսկ Լիլիթն անընդհատ փախցնում էր ամօթխած հայեացքը։ Տղաներն աւելի ամուր էին իրենց պահում․ միեւնոյն է, երբ էլ լինի, վերադառնալու են Արցախ․․․

Արցախեան այս ընտանիքը տրամադրող էր, ամէն ինչ աւանդական էր․ ամուսնու վճռական խօսքը, կնոջ պահուածքը, երեխաների դաստիարակութիւնը։
Գրիգորեանները մտադրուած են բնակարանային աջակցութեան ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գիւղում, զբաղուել հողագործութեամբ ու անասնապահութեամբ։ Այդ նպատակի համար արդէն ձեռք են բերել մի քանի հորթ եւ տրամադրուած են բազմացնել անասնապահութիւնը։
Գիշիում կինը տնային տնտեսուհի էր, ամուսինը՝ զինուորական թոշակի անցնելուց յետոյ զբաղւում էր տարբեր աշխատանքներով։ Լեռնահովտում եւս նա կը փորձի կայուն աշխատանք գտնել, որ կարողանայ կերակրել ընտանիքը, թէեւ այս տարածաշրջանում աշխատանք գտնելը շատ դժուար է։
Ներկայ պահին ընտանիքը զբաղւում է ՀՀ քաղաքացիութիւն ձեռք բերելու գործընթացով։

Կարինէ Բախշիեան

Comments are closed.