Գլխաւոր գործօնը ժողովուրդն է

«Դրօշակ»-ի Խմբագրական

19-րդ դարի վերջերին հրապարակ իջած հայկական առաջին կուսակցութիւնները, որդեգրելով հայութեան եւ Հայաստանի ազատագրութեան գաղափարներ, իրենց վերջնանպատակին հասնելու կարեւոր պայման էին համարում ժողովրդի լուսաւորութիւնը։ Նրանք տեսնում էին, որ անկիրթ ու չլուսաւորուած հասարակութիւնը զուրկ է ոչ միայն ազատութեան ու անկախութեան ձգտումից, այլեւ արժանապատւութեան  զգացումից։ Իր ստրկական գոյութիւնը նա համարում է իրենից վեր ուժերի նախանշած ճակատագիր եւ կամազուրկ հնազանդութեամբ կրում է այդ «ճակատագրի» բոլոր հարուածներն ու անիրաւութիւնները։ Այդպիսի հայը, ունակ չլինելով ըմբռնելու իրեն պատուհասող մշտական ողբերգութիւնների խորքային պատճառները, երբ սեփական բնօրրանում քոչւոր նուաճողի ճորտն է, երբ եկուորը սեփական քմահաճոյքով կարող է խլել նրա հողը, տունը, պապենական ինչքը, «կինն ու աղջիկը», բնականօրէն անընդունակ է նաեւ ընդվզելու այդ պարտադրուող իրողութիւնների դէմ։ Մեր առաջին մեծ յեղափոխականներից մէկը՝ Միքայէլ Նալբանդեանը, «Մանկութեան օրեր» բանաստեղծութեան մէջ գրում է.

«Գիտակցութիւնը յաջորդեց սորան,

Ազգի վիճակը ծանրացաւ սրտիս»։

Ակնյայտ է այն միտքը, որ ազգի վիճակի ըմբռնումն ու դրանից ծնուած ապրումները ի յայտ են գալիս, երբ անձը գիտակցութիւն է ձեռք բերում։ Աբովեանի, Պատկանեանի, Նալբանդեանի, Րաֆֆու եւ միւս լուսաւորիչների ցանած կայծերից ծլարձակեց ու տարածուեց ազգային-յեղափոխական շարժումը, որը, երեսնամեայ պայքարի ճանապարհ յաղթահարելով, յանգեց հայութեան եւ հայոց հայրենիքի մնացորդացի փրկութեանը։

Կեանքը փաստել եւ փաստում է, սակայն, որ կրթութեան, ազգային ու բարոյական դաստիարակութեան գործը կամ, լայն առումով, լուսաւորչական առաքելութիւնը պէտք է լինի ժողովրդի գիտակցութիւնը խաւարի մէջ խարխափումներից, կեղծ նախապաշարումներից եւ արժէքներից զերծ պահելու յարատեւ աշխատանք։

Վերն ակնարկուած երեսնամեայ պայքարի շնորհիւ վերականգնուած հայոց պետականութեանը պատուհասեցին աղէտներ, որոնք նոյնպիսի «հիւանդութեան» հետեւանք էին։ Բախտորոշ 1919 թուականին, երբ հայոց մէկամեայ պետութիւնը յաղթահարում էր սովն ու համաճարակը եւ ոտքի էր կանգնում, երբ զբաղուած էր թուրք-թաթարական ու քրդական ներքին խռովութիւնները ճնշելով, հայութեան անառակ զաւակները Ռուսաստանից ու Կովկասից Հայաստան ներմուծեցին բոլշեւիզմի վերազգային վարդապետութիւնն ու նպատակները։ Ազգային ազատագրութեան գաղափարախօսութեանը, որը սեփական ինքնութեան ու պետականութեան կայացման հիմքն էր, հակադրուեց դասակարգային գաղափարախօսութիւնը։ Պատերազմներից, կոտորածներից, սովից ու համաճարակներից ուժասպառ ժողովրդին փորձ արուեց համոզելու, թէ իր թշնամին թուրքը չէ, օտարը չէ, այլ նա, ով տասնամեակներ շարունակ առաջնորդել է իրեն հրի ու սրի միջով եւ այժմ էլ փոթորիկների միջով վարում է իր պետութեան ղեկը։ Այս թիրախաւորուած քարոզչութիւնը ազգային բուրժուազիայից, դասակարգերից ու սոցիալական պայքարներից զերծ երկրում դժբախտաբար յաջողուեց ցեցի պէս տարածել յատկապէս զէնքը վայր չդրած զինուորականութեան շրջանում։ Փլուզուեցին օրէցօր ամրապնդուող ու մեծացող, պատմական մեծագոյն հեռանկարներ փայփայող երկրի հիմնասիւները, թուրքի ու բոլշեւիկի հետ գործակցած հայ դաւաճաններին յաջողուեց կործանել ամէն ինչ, մասնակցել երկրի մաս-մաս վաճառքին եւ նրա` փոքրացած, բոլշեւիկեան մուրճի ու թուրքական սալի արանքում կքած հատուածը յանձնել օտարի եւ նրա տեղական խամաճիկների կառավարմանը։

Պատմութիւնը վերյիշելու համար չէր այս անդրադարձը, այլ փաստելու, որ մէկ անգամ ապրուածը դժբախտաբար նաեւ կրկնւում է։ Այն, ինչ տեղի ունեցաւ Հայաստանում հարիւր տարի անց, ազգային ողբերգութեան սցենարի վերախաղարկումն էր։

Անկախացած եւ ազատագրուած Արցախի հետ պատմական նոր հորիզոնների առջեւ գտնուող երկրում յաջողուեց զանգուածային գիտակցութեան յեղաշրջում իրականացնել եւ պայքարի սլաքն ուղղել դէպի ներս։

Պետութեանը իր հիմնական խնդիրներից, արտաքին մարտահրաւէրներից շեղելը, այսպէս կոչուած, նախկին թալանչիների դէմ ներքաղաքական հալածանքների սանձազերծումը այլ բան չէին, քան դասակարգային պայքարի սադրում, ինչն այսօր էլ բախտախնդիր կառավարողների համար շարունակում է համարուել առաջնահերթութիւն։ Միւս կողմից` իր չդադարող ներքին «յեղափոխութեան» պատճառով երկրի մէկ քառորդը կորցրած, հազարաւոր անմեղ մահերի պատճառ դարձած իշխանութիւնը, դեռ ռազմադաշտի վերածուած տարածքներից իր դիակները չհաւաքած, գերիներին չազատած, երկրի սահմաններից թշնամու շարունակուող ներթափանցումը չկասեցրած, առիթ ու անառիթ յայտարարում է պատերազմ պարտադրած թշնամու հետ բարեկամութեան, տնտեսական յարաբերութիւնների եւ երկրի հաղորդակցական ուղիները նրա ծաւալապաշտական ծրագրերի առջեւ բացելու մտադրութեան մասին։ Շարունակուող ներքին հալածանքների պայմաններում թուրք-արեւմտեան թելադրանքին ենթակայ իշխանութիւնը բացարձակապէս անտարբեր է գրաւեալ Արցախի ճակատագրի նկատմամբ, իսկ իր ղեկավարած պետութեան սահմանների պաշտպանութիւնը պատրաստ է յանձնելու ցանկացած օտար պետութեան։ Իսկ ժողովո՞ւրդը, որի ուսերին հեծած` նա շարունակում է պահպանել իր իշխանութիւնը։ Ժողովրդի իշխանապաշտ հատուածի մէջ են նրանք, ովքեր նոյն իշխանութեան թողտուութեան պատճառով դարձել են բնաւեր կամ սեփական բնակավայրում յայտնուել են դարաւոր թշնամու թակարդում, նրանք են, ովքեր խոնարհւում ու համբուրում են այն ձեռքերը, որոնք թաթախուած են իրենց ու իրենց ազգի զաւակների արեան մէջ։

Երբ թէկուզ անհատ անձինք կարող են թոյլ տալ իրենց բարձրաձայնել, թէ ազատուել ենք Արցախի բեռից, երբ գլուխ են բարձրացնում հայութեան այս կամ այն հատուածի նկատմամբ իրենց անբարիացակամութեան մասին խօսողներ, իսկ երկիրը պարտութեան տարած եւ շարունակուող անկումը կասեցնելու անընդունակ արկածախնդիրները շարունակում են իրենց կործանարար կառավարումը, նշանակում է, որ լրջօրէն խաթարուած են տուեալ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը եւ ինքնապաշտպանական բնազդը։ Երբ դասակարգային պայքարի պղտոր ջրերում յայտնուած զանգուածների համար ցեղասպան թուրքն աւելի հանդուրժելի է, քան իրենց երկրի նախկին իշխանաւորները, պէտք է հասկանալ, որ երկիրը գնում է պետականութեան կորստի, իսկ նոյն ժողովուրդը՝ ինքնաոչնչացման։

Իրողութիւնն այն է, որ բոլոր պարագաներում գլխաւոր գործօնը ժողովուրդն է, որովհետեւ թէ՛ նուիրեալները եւ թէ՛ տականքը մշտապէս եւ ամենուր լոյս աշխարհ են գալիս, իսկ ժողովուրդը որոշում է, թէ ում նախապատուութիւն տալ։ Իրականութիւնը պէտք է փոխուի, ինչպէս 1918 եւ 1988 թւականներին, բայց իրականութիւնը հնարաւոր չէ փոխել` ժողովրդին փոխարինելով մէկ ուրիշով։

Հայ ժողովուրդը այս միակն է, եւ մնում է վերափոխել նրան կամ, այլ խօսքով, լուսաւորել նրա մթագնած ու աղաւաղուած գիտակցութիւնը, արթնացնել նրա ազգային ինքնագիտակցութիւնը, յիշողութիւնը, արժանապատուութիւնն ու ըմբոստ ոգին։ Յետպատերազմեան եօթ ամիսների պայքարի ընթացքում յաջողուեց  այդ յեղաշրջումը առաջ բերել հսկայական զանգուածների շրջանում, բայց, վախենալով այդ ընթացքից, խորամանկ ու նենգ ինքնակոչը կանխեց զարգացումները` կազմակերպելով վաղաժամ ընտրութիւններ։ Հնարաւոր դարձաւ ուռճացող ազատագրական պայքարը ժամանակաւորապէս շեղել իր ուղուց, բայց հնարաւոր չէ կասեցնել դրա օրինաչափ ընթացքը ընդհանրապէս։ Լուսաւորչական ու դաստիարակչական ջանքերի շնորհիւ զանգուածների գիտակցութիւնը պէտք է ազատագրուի հայրենադաւ եւ հակահայ ուժերի գերութիւնից։ Այդ աշխատանքի ոչ գլխաւոր, բայց կարեւոր ամբիոնը կարող է դառնալ խորհրդարանը։ Կրկնենք եւս մէկ անգամ, որ մրցակցութիւնը քաղաքական ուժերի մէջ չէ, այլ քաղաքական նպատակների՝ կը կասեցուի՞, թէ՞ կը շարունակուի հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան կործանումը։ Հայութեան ներկայ սերունդները կանգնած են անցեալի ու ապագայի առջեւ պատմական պատասխանատուութեան  յանդիման։

«Դրօշակ», թիւ 8 (1654), օգոստոս, 2021 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.