«Գերագնահատելի գործ է կատարում ՀՅ Դաշնակցութիւնը, գործում է ի շահ հայրենեաց եւ ի վայելումն ազգիս հայոց». Պարգեւ Արք. Մարտիրոսեան

 Ստորեւ Հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նուիրուած հանդիսութեան, Շուշի

Այսօր մենք այստեղ` Շուշիում ենք նշելու, շնորհաւորելու Դաշնակցութեան 130-ամեակը: Մի պահ մտովի պատկերացրէք. 130 տարի է, որ այս կուսակցութիւնը ծնուել, գործել, գործում է եւ դեռ պիտի գործի: Քիչ կուսակցութիւններ կարող են հպարտանալ, որ այսպիսի երկար-երկար կենսագրութիւն ունեն: Սա խօսում է նրա մասին, որ Դաշնակցութիւնը կենսունակ մարմին է:

Ծնուեց հայրենասիրութիւնից, ազատատենչութիւնից: Ծնուեց մեր ժողովրդի պահանջով, երազանքներով եւ լծուեց հայդուկային շարժմանը, որ պաշտպանի հայ գիւղացուն: Արեւմտեան Հայաստան, Պաքու, Արեւելեան Հայաստան, Արցախ: Յետոյ տեսանք Ցեղասպանութիւն: Առաջին Հանրապետութեան հիմնադրում, որտեղ իր մեծ ներդրումն ունեցաւ կուսակցութիւնը: Բանակաշինութիւն, Սարդարապատ, Բաշ Ապարան, յետոյ խորհրդային հալածանքներ:

Սփիւռք: Սփիւռքում հայապահպանութեան մեծ գործունէութիւն, որի համար շնորհակալ ենք: Ազգը պահեց իր լեզուն, հաւատքը, հայ աղջկան հայ տղայի հետ էին ծանօթացնում Սպիտակ ցեղասպանութիւնից փրկելու համար եւ միշտ պահում էին այն երազանքը, որ Հայաստանը պիտի լինի անկախ եւ միացեալ: Աստիճանաբար Դաշնակցութիւնը լծուեց Ցեղասպանութեան ճանաչման գործին, ծնունդ տուեց Հայ դատին` բացի իր մարդասիրական կազմակերպութիւններից, սկաուտական շարժումից եւ այլն:

Այսօր կան երեք տասնեակ պետութիւններ, որոնք ճանաչել են Ցեղասպանութիւնը, վերջերս ԱՄՆ Քոնկրեսը եւ ծերակոյտը ճանաչել են Ցեղասպանութիւնը: Հայ դատը լծուեց նաեւ Արցախի անկախութեան ճանաչման այս կարեւոր առաքելութեանը: Այս երկու երեւոյթները կարեւոր են ռազմավարական առումով, կապուած են մեր ազգի, հայրենիքի անվտանգութեան հետ, որոնք կարող են կասեցնել թուրք եւ արեւելաթուրք խաժամուժի ցեղասպան ախորժակները: Լծուեցին արցախեան ազատագրական շարժմանը, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների կերտմանը, մշակոյթին, քաղաքական գործերին:

Այս առումով, մենք բոլորս պէտք է երախտապարտ լինենք եւ մաղթենք, որ մեր այս ազատատենչ, երազող կուսակցութիւնը կարողանայ մի օր շուտ տեսնել իր երազանքը, որ ամէն մի հայի երազանք է: Տեսնել Միացեալ, Ազատ Հայաստան, Ցեղասպանութիւնն աշխարհով մէկ ճանաչուած, ամուր հայրենիք, ապահով սփիւռք:

Թող ոչ ոք չկասկածի, որ մենք աշխարհով մէկ քիչ ուժ ունենք: Երբ որ քիչ ուժերը միաբանւում են, բազմաթիւ խնդիրներ են լուծւում, ինչպէս կաթիլը ժայռ է ծակում: Ուղղակի պէտք է կամք, հետեւողականութիւն, անշեղութիւն. ճանապարհից ոչ ոք պիտի չշեղուի` կուսակցական լինի, կամ ոչ կուսակցական: Կայ մի նպատակ, մի երազանք, որին բոլորս լծուած պիտի լինենք, որը ամէն ինչից վեր է: Ապահովենք մեր ազատութիւնը, մեր անկախութիւնը եւ մեր ապագան, մեր կեանքը:

Այս առումով, իսկապէս գերագնահատելի գործ է կատարում ՀՅ Դաշնակցութիւնը, եւ ես, կրկին շնորհաւորելով, երախտագիտութիւնս յայտնելով, կ՛ասեմ մէկ բան` կուսակցութիւնը գործում է ի շահ հայրենեաց եւ ի վայելումն ազգիս հայոց:

Leave a Comment

You must be logged in to post a comment.