Գանատայի մօտ ՀՀ դեսպան Անահիտ Յարութիւնեանի ուղերձը Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի կապակցութեամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խնկարկում ենք Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը:

105 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնը իրականացրեց հայ ժողովրդի ծրագրուած բնաջնջումն ու հայրենազրկումը: Դա մի ոճիր էր, որն ուղղուած էր ոչ միայն հայութեան, այլեւ ողջ մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ:  Դա մի ոճիր էր, որ այդ ժամանակ դեռ անգամ անուն չունէր: Հետագայում տրուած բոլոր ձեւակերպումները` միայն մասնակիօրէն են արտայայտում հայ ժողովրդի վերապրած ողբերգութիւնը, դրա ծաւալներն ու աւերիչ հետեւանքները:

Ցաւօք, համավարակի այս պայմաններում, ինչպէս ամենուր, այնպէս էլ Գանատայում մենք ստիպուած եղանք չեղարկել ծրագրուած բոլոր տեսակի ոգեկոչման արարողութիւններն ու միջոցառումները: Սակայն այս իրողութիւնը ոչ մի կերպ մեզ չի կարող կաշկանդել եւ ետ պահել մեր արդարացի պահանջը բարձրաձայնելուց:

Ուստի որպէս Պետութիւն, որպէս 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ, մեր պարտքը պէտք է լինի հետեւողականօրէն պայքարել աշխարհում մարդկութեան դէմ իրագործուած ամենադաժան յանցագործութեան՝ ցեղասպանութեան բոլոր դրսեւորումների դէմ` ազգատեացութիւնից մինչեւ բնաջնջում, անտարբեր լռութիւնից, ատելութեան սերմանումից մինչեւ ժխտում: Այս պայքարը մեզ է պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը:

Յիշատակի այս պահին` կը ցանկանայի վերահաստատել Հայաստանի եւ հայ ժողովրդի խորին երախտագիտութիւնը Գանատայի իշխանութիւններին եւ ժողովրդին` մեր պատմութեան ամենադաժան ժամանակահատուածում ցուցաբերած բացառիկ համերաշխութեան, եւ Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու եւ դատապարտելու համար:

Սիրելի հայրենակիցներ,

Այժմ առաւել քան երբեւէ մենք գիտակցում ենք, որ հայ ժողովրդի պատասխանը Հայոց եղեռն իրագործողներին եւ ժխտողներին պէտք է լինի ուժեղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ Հայաստանը` խարսխուած Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութեան վրայ:

Եւ այսօր մենք` որպէս այդ եռամիսնութեան վկայութիւն, եկէք մեր ձայնը միաւորենք աշխարհի բոլոր անկիւններում Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատաւը ոգեկոչողներին եւ մտովի ծաղիկներ խոնարհենք Ծիծեռնակաբերդի անմար կրակի մօտ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.