«Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցութեան». ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հարցազրոյցը «Ազատութիւն» ռատիոկայանին հետ

– «Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտը այդպէս խայտառակեն»

– Մենք չէինք պատրաստւում կառավարութեան մաս կազմել, Նիկոլ Փաշինեանի դիմումի հիման վրայ ենք մենք մաս կազմել՝ ուրիշ բան չասելու համար։ Այսօր մենք այնտեղ ենք, որովհետև դեռ յոյս ունենք, որ կարող ենք իրա իրական խօսակիցը լինել և մեր մտահոգութիւններն արծարծել՝ իրեն փրկելու համար, Հայաստանը փրկելու համար։

 -Պարոն Մարգարեան, Խոսւում է, որ Ռոբերտ Քոչարեանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականութիւն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարեանի հետ:

– Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։

– Այդ թւում Քոչարեանի՞։

– Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցութեան, բայց յատուկ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։

– Փաստօրէն Դուք չէք բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութիւնը և մտադի՞ր եք համագործակցել։

– Ինչո՞ւ պէտք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ։

– Եղե՞լ է նման առաջարկ։

– Ոչ։

– Մտադի՞ր եք իրեն առաջարկել։

– Ոչ։

– Դուք սպասո՞ւմ եք, որ նա կը վերադառնայ ակտիվ քաղաքականութիւն։

– Իր անելիքները ես չգիտեմ, ես իսկապէս չգիտեմ։

– Հաշուի առնելով 2008 թուականի «Մարտի 1»-ի դէպքերը, Դուք հնարաւոր համարո՞ւմ էք Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութիւնը։

– Ես «Մարտի 1»-ի իրադարձութիւնների մասին սեփական դատողութիւն չունեմ, ես գիտեմ, որ դէպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թէ ով է կրակել նրանց վրայ, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տէր-Պետրոսեանի վզին էլ է փաթաթուած, Ռոբերտի վզին էլ է փաթաթուած։ Դա այդպէս պէտք է նայել, կարևոր չի, թէ ով է կրակել, կարևորը, թէ այդ երևոյթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևոյթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թէ՛ ընդդիմութեանը, թե՛ Ռոբերտ Քոչարեանին, որ էս ճանապարհով մի գնացէք, սա վտանգաւոր է, մեզ չեն լսել։ Մենք դէմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցուած ենք ունեցել և կեցուածքն էլ արտայայտել ենք, կեցուածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք յաջողել։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարեանի շուրջ ստեղծուած իրավիճակին, ում մեղադրանք է առաջադրուած երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, Մարգարեանը նշեց․

– «Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտը այդպէս խայտառակեն»:

Ինձ չի վերաբերում, Ռոբերտ Քոչարեանը կարող է իրան պաշտպանի և ես ոչ մի շահ չունեմ իրեն պաշտպանելու հարցում, ես պաշտպանում եմ սկզբունքը, սկզբունքը, որ նախագահական ինստիտուտը պէտք է մեր երկրի մեջ յարգուի, պէտք է դրա համար, եթե նոյնիսկ պարտաւոր ենք գին վճարել, պետք է կարողանանք գին վճարել։ 1996 թուականին Լևոն Տէր-Պետրոսեանը տանկեր դուրս բերեց փողոց, եթե անաչառ ենք, բա ինչո՞ւ դա չենք քննում, ես չեմ ասում, որ քննենք, ես ասում եմ, որ պէտք չէ անցեալն այնպէս խառնենք իրար, որ այսօրուայ և վաղուայ կեանքը վտանգուի։

Պարոն Մարգարեան, տասը տարի առաջ արիւնալի իրադարձութիւններ են տեղի ունեցել Հայաստանում և ոչ ոք դրա համար պատասխանատուութեան չի ենթարկուել։

– Ես դէմ չեմ քննարկման, բայց քննարկում պէտք է լինի այնպէս, որ վստահութիւն ներշնչի՝ անկախ այն արդիւնքից, որ յետոյ կը յայտնուի։

– Չպէ՞տք է հարցաքննել այդ ժամանակուայ նախագահին։

– Այո, պէտք է հարցաքննեն էլ, պէտք է քննութիւն էլ կատարեն, ամէն ինչ էլ պէտք է անեն, բայց այնպէս, որ վստահութիւն մթնոլորտ ստեղծուի, ոչ թէ քաղաքական հալածանքի տպաւորութիւն թողնի։ Ես տպաւորութեան մասին եմ խօսում, ես դեռ չգիտեմ քաղաքական հալածանքի մասին, դա կը խօսի ինքը՝ Ռոբերտ Քոչարեանը։

Նախորդ օրերն առանձնացան վարչապետ Նիկոլ Փաշինեանի և Դաշնակցութեան միջև ընթացող հեռակայ բանավէճով: Նախորդ շաբաթ գտնուելով Տաւուշում՝ Փաշինեանն արձագանգել էր իր գլխաւորած կառավարութեանը մաս կազմող Դաշնակցութեան՝ Յուլիսի վերջին արած յայտարարութեանը, թէ «Ռոբերտ Քոչարեանին և օրուայ իշխանութիւնների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։

«Մենք փորձ ենք արել ազգային համաձայնութեան կառավարութիւն ձևաւորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնութիւնից, մենք ոչ մէկին չենք բռնել և չենք պահում», – անցած շաբաթ օրը յայտարարեց վարչապետը:

– Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինեանը, ինքը չի կարող մեզ բռնի և պահի, մենք երբ ուզենանք կը գնանք, ինքը ճիշտ է ասում, բայց մի բան էլ կայ՝ ինքն է մեզ հրաւիրել ազգային կառավարութեան մաս կազմելու, մենք չենք խցկուել այնտեղ, ինքն է մեզ հրաւիրել, մենք ընդառաջել ենք իր հրաւէրին։

– Դաշնակցութիւնը պատրաստւո՞ւմ է դուրս գալ կառավարութիւնից։

– Մենք, ճիշտն ասած, չենք պատրաստւում, ոնց որ չէինք պատրաստւում կառավարութեան մաս կազմել։ Մենք չէինք պատրաստւում կառավարութեան մաս կազմել, Նիկոլ Փաշինեանի դիմումի հիման վրայ ենք մենք մաս կազմել՝ ուրիշ բան չասելու համար։ Այսօր մենք այնտեղ ենք, որովհետև դեռ յոյս ունենք, որ կարող ենք իրա իրական խօսակիցը լինել և մեր մտահոգութիւններն արծարծել՝ իրեն փրկելու համար, Հայաստանը փրկելու համար։ Եթէ ես չեմ կարողանում իրա հետ հանդիպեմ և խօսեմ, պէտք է հրապարակով խօսեմ, բա ի՞նչ պէտք է անեմ։

– Այսինքն՝ Դուք դիմել էք, Ձեզ մերժե՞լ են հանդիպել։

– Չեն մերժել, բայց չեն ընդառաջել, բայց էս տեսակ է էս պետական համակարգը՝ անկազմակերպուածութեան մարմնացումը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.