«Բարս մեդիա»-ի տեսախցիկն յաւերժացնում է ժամանակն ու վաւերագրում է Հայոց բանակի զինուորին

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

«Հորիզոն»

Առաջին հայեացքից Հայոց բանակի զինուորն ու Աֆրիկայի հեռաւոր լեռներում ապրող ու աշխատող Թոմ Քաթենա անունով վիրաբոյժը, որը «Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 2017 թուականի դափնեկիրն է, դժուար թէ հատման կէտեր ունենան: Սակայն նրանց միաւորում է աւելին, քան հնարաւոր է պատկերացնել առաջին հայեացքից: Եւ դա «բացայայտում» է «Պարս մետիա» ընկերութեան տեսախցիկը:

Վարդան Յովհաննիսեանը վաւերագրական ֆիլմերի արտադրութեամբ զբաղուող «Պարս մետիա» (Bars Media) ընկերութեան հիմնադիր-տնօրէնն է: Ռազմական լրագրող է եղել, նկարահանումներ կատարել աշխարհի տարբեր թէժ կէտերում: Ղարաբաղեան շարժումը սկսուելուց յետոյ անդրադարձել է Արցախեան պատերազմին, որի մասին մեծ արխիւ, վաւերագրութիւն ունի: Տարիներ անց՝ 2007 թուականին, այդ նիւթերը դառնում են ֆիլմ: «Պատմութիւններ պատերազմի եւ խաղաղութեան օրերից»A story of people in war and peace») ֆիլմը, «Պարս մետիա»ի առաջին մեծ արտադրութիւնն է: Անգլիական, ամերիկեան, գերմանական եւ ֆինլանտական հեռուստաընկերութիւնների հետ համատեղ նկարահանած ֆիլմը մեծ յաջողութիւններ է գրանցել Նիւ Եորքի «Թրիպէգա» (Tribeca Film Festival) փառատօնում. Վարդան Յովհաննիսեանը ստացել է լաւագոյն նոր վաւերագրող ռեժիսոր մրցանակը, որը Հայաստանի համար շատ մեծ ձեռքբերում է:

«Պարս մետիա»ն աշխատանքներն իրականացնում է՝ համագործակցաբար տեղական, արտասահմանեան ընկերութիւնների եւ հայաստանեան հեռուստաըներութիւնների հետ:

2016 թուականին Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան հետ համատեղ նկարահանել են 14 մասից բաղկացած «Իմ բանակը» ֆիլմաշարը, որը պատմում է Հայոց բանակի տարբեր ստորաբաժանումների մասին:

2017 թուականին արդէն «Պարս մետիա»ի հիմնադիրը Սուտանում նկարահանել է Թոմ Քաթինայի մասին պատմող վաւերագրական ֆիլմը:

Պատմում է Վարդան Յովհաննիսեանը.

– Մեզ համար ամենկարեւորը հետաքրքիր թեման է: Մենք չենք նկարահանի մի բան, որը մեզ չի հետաքրքրում: Կեանքն այնքան կարճ է, որ անիմաստ է նման բաների վրայ ժամանակ ծախսել: Միացանք «Աւրորա»ի թիմին ու նկարահանեցինք Թոմ Քաթինայի մասին պատմող ֆիլմը, որովհետեւ մրցանակաբաշխութեան ռազմավարութիւնը, ասելիքը մեզ հոգեհարազատ է:

Նոյնն է նաեւ «Իմ բանակը» նախագծի պարագայում: Փորձում ենք Հայաստանում այնպիսի նախագծեր իրականացնել, որոնք պէտք են մեր ժողովրդին: Համագործակցելով Պաշտպանութեան նախարարութեան, Հանրային հեռուստաընկերութեան հետ՝ նկարահանեցինք ֆիլմաշարը: Նախագիծը մինչեւ 2016 թուականի Ապրիլեան պատերազմն էինք սկսել: Սկսուեց պատերազմն ու մեր նկարահանող խումբն արդէն մեկնեց առաջնագիծ:

Առաւել հաճոյքով կը զբաղուէինք խաղաղ թեմաներով, սակայն տարիների փորձն ու Ատրպէյճանի վարած քաղաքականութիւնը ցոյց տուեցին, որ պատերազմը կարող է սկսուել ամէն օր: Նշանակում է՝ որպէս ֆիլմ արտադրող՝ պէտք է պատրաստ լինել շատ գրագէտ վաւերագրել այն:

Մեր թիմը նոյն բծախնդրութեամբ է մօտեցել երկու նախագծերին էլ:

Թոմ Քաթինայի մասին ֆիլմը նկարել ենք Ապրիլին, երկու փուլով: Մեկնեցինք երկուսով՝ ես եւ ռեժիսոր-օպերատոր Խանէ Պօղոսեանը: Ես Սուտանում մնացի մօտ երեք շաբաթ, իսկ Խանէն շատ աւելի երկար: Իրականում դժուար է նկարահանումներ իրականացնել յատկապէս քաղաքացիական պատերազմի գօտում, որտեղ իրավիճակն աւելի վտանգաւոր է, քան այլ պատերազմական կէտերում:

Յաղթահարեցինք, որովհետեւ փորձառութիւն ունէինք, կարեւոր առաքելութիւն: Գիտէինք, թէ որտեղ ի՛նչ պէտք է խօսել, Թոմ Քաթինան այնքան յայտնի մարդ է Սուտանում, որ նրա անունը օգտագործելով՝ շատ իրավիճակներում ենք յաջողել: Կարեւորը՝ եղանակը նոյնպէս մեր կողմից եղաւ ու անձրեւներ չսկսուեցին:

Ինձ համար ամենահետաքրքիրն այն էր, թէ մէկ վիրաբոյժն ինչպէ՛ս է 750 հազար բնակչի սպասարկում, ինչո՛ւ չի լքել Աֆրիկեան այդ երկիրը, ինչն է նրան պահում Նուպայի լեռներում: Երբ ծանօթանում ես նրա հետ, գտնում ես քո բոլոր հարցերի պատասխանը:

Թոմ Քաթինան զարմանալի մարդ է, նուիրուած իր գործին ու առաքելութեանը: Մարդ, որին հաւատում ես, հասկանում, որ նա կատարում է այն աշխատանքը, որին նախեւառաջ ինքն է հաւատում: Այդ պատճառով է, որ շատ մեծ յարգանք ունի ե՛ւ տեղացիների, ե՛ւ մեր նկարահանող խմբի, ե՛ւ «Աւրորա» մրցանակաբաշխութեան մասնակիցների մօտ: Այն հազուագիւտ մարդկանցից է, որը փոխզիջման չի գնում ու շարունակում է միայնակ պայքարել ու բժշկել մարդկանց:

Թոմ Քաթինան սովորական մարդ է, որը կնոջ հետ ապրում է կաւաշէն տնակում, ինչպէս շատերը՝ Նուպայի լեռներում: Նրա բոլոր օրերը գրեթէ միանման են՝ արթնանում է շատ վաղ, գնում է եկեղեցի, վերադառնում է նախաճաշելու, այնուհետեւ ուղեւորւում հիւանդանոց: Նա ամէն օր կատարում է մօտ 20 վիրահատութիւն: Ու այս ամէնը նա անում է մեծ նուիրումով:

Թոմ Քաթինան նաեւ շատ բարի է, եւ օգնում է քեզ կեանքում իրական արժէքներ փնտռել: Նրա ամենակարեւոր գիծը նուիրուածութիւնն է իր գործին, իր կոչմանը: Շատերը յայտնուելով նման պայմաններում՝ վախենում են, փախչում, իսկ նա իր աշխատանքն է կատարում: Հաւատում է, որ եթէ բժիշկ է, պէտք է օգնի: Հաւատում է մի բանի, որին շատ բժիշկներ չեն հաւատում: Նա մարդկանց կեանքեր է փրկում, ո´չ թէ գումար վաստակում: Մարդկային կեանքեր փրկող եւ պարզապէս գումար աշխատող բժիշկները տարբեր դրդող ուժ են ունենում: Քաթինայի դրդող ուժը ամենապարզ, ամենամարդկային ուժն է՝ օգտակար լինել մարդկանց, լինել նրանց կողքին, որոնք ունեն քո օգնութեան կարիքը:

Հայոց բանակի զինուորի դրդող ուժը հայրենիքն է, որովհետեւ զինուորը հասկանում է, որ իր յետեւում հայրենիք է, եւ ինքը չի կարող յետ քաշուել, իր դիրքը լքել: Ապրիլեան պատերազմում մենք շատ տարածքներ չկորցրեցինք, որովհետեւ հայ զինուորը հասկացաւ, որ ինքը չի կարող փախչել, նա կոչուած է իր երկիրը պահելու:

Այդ մարդիկ, որոնք նոյն ձեւով են մտածում, աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրականում շատ պարզ, իրական մարդիկ են: Նրանք «ճոխ» հերոսներ չեն, հնչեղ անուններ չունեն, իրենց քարոզչութեամբ չեն զբաղւում, այլ լուռ իրենց գործն են կատարում: Ես յարգում եմ նման մարդկանց: Հայ զինուորն առանց բարձրագոչ բառերի իր հայրենիքն է պաշտպանում: Իսկ տասնեակ հարիւրաւոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ արդար պահանջներով, բայց նրանց չե´ն հաւատում, որովհետեւ միայն խօսքեր են ասում, ուրիշ ոչինչ:

Հայ զինուորը, հասկանում է, որ մենք ունենք Հայաստան, որը պէտք է պաշտպանենք ամէն գնով:

Նոյն առաքելութեամբ է առաջնորդւում նաեւ մեր սթուտիան, որը կոչուած է գործունէութիւն ծաւալել Հայաստանում, որը ապրելու համար ամենալաւագոյն վայրերից է: Ճիշտ է, դրսում եւս նախագծեր ենք իրականացնում, բայց այն պարզ պատճառով, որպէսզի ինտեգրուենք միջազգային շուկային, կարողանանք գումար վաստակել ու այն օգտագործել Հայաստանում իրականացուող նախագծերում:

«Պարս մետիա»ի նախագծերը բազմազան են, որոնց անդրադառնում է արդէն ընկերութեան բրոտիուսեր Արեւիկ Աւանէսեանը.

– Ընկերութիւնը զբաղւում է վաւերագրական ֆիլմերի արտադրութեամբ հիմնականում երեք ուղղութիւններով:

Առաջինը եւ ամենակարեւորը մեզ համար միջազգային համատեղ արտադրութիւններն են, ֆիլմերը, որոնց միջոցով մենք պատմում ենք հայկական կամ ոչ հայկական պատմութիւններ՝ բայց ամբողջ աշխարհին հասկանալի լեզուով, ինչպէս օրինակ՝ «Հայաստանի վերջին լարախաղացը», «Մէկ, երկու, երեք» եւ այլն:

Այսօր մեր հիմնական նախագիծը Հայոց ցեղասպանութիւնը վերապրած Աւրորա Մարտիկանեանի մասին պատմող «Արշալոյսի լուսաբացը» ֆիլմն է: Այժմ այն հայ-գերմանական համատեղ արտադրութիւն է, յոյս ունենք՝ այլ երկրների արտադրողների եւս ընդգրկել նախագծում եւ ֆինանսաւորում գտնել:

Երկրորդ ուղղութիւնը հեռուստատեսային ֆիլմեր են: Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան հետ նկարահանել ենք «Հայաստանի առեղծուածները» 40 մասից բաղկացած ֆիլմը, 14 մասանի «Իմ բանակը» ֆիլմաշարը: Երրորդ նախագիծը «Ճանապարհ» ճամբորդական ֆիլմաշարն է: Վերջինս պատմում է սփիւռքահայ երիտասարդի՝ Ռաֆֆի Պետրոսեանի մասին, որը ոտքով քայլում է ամբողջ Հայաստանով՝ բացայայտելու իր հայկական արմատները եւ հասկանալու, թէ ի՛նչ ասել է լինել հայ: Ռաֆֆին մի քանի օր անցկացրել է նաեւ զօրմասում: Դժուար է պատկերացնել Հայաստանը առանց բանակի:

Այս ամէնին զուգահեռ՝ մենք մեծ ուշադրութեամբ եւ նուիրումով, որը Վարդանից է գալիս, անդրադառնում ենք պատերազմական իրավիճակներին:

2016 թուականի Ապրիլեան պատերազմի օրերին մեր ողջ նկարահանող խումբը Արցախում էր՝ առաջնագծում, մեր նիւթերից են օգտուել հայկական եւ արտասահմանեան մի շարք ԶԼՄ-ներ: Վարդանի համար շատ կարեւոր է, որ մենք՝ որպէս վաւերագրական սթուտիա, տեխնիկապէս, հոգեբանօրէն պատրաստ լինենք աշխատելու ցանկացած պայմաններում:

Իւրաքանչիւր մարդ ունի իր կեանքի նպատակը, իր առաքելութիւնը, առաջ մղող ուժը: Վարդանի դէպքում այդ ամէնը արտայայտւում է «Պարս մետիա»ի նախագծերում, յատկապէս՝ թէժ կէտերում նկարահանուած: Նա դեռ երիտասարդ տարիքում եղել է պատերազմական գօտիներում: Դա այն է, ինչով նա ապրում եւ շնչում է, որոնց չի կարող չանդրադառնալ:

Մեր ընկերութեան երրորդ ուղղութիւնը կորպորատիւ ճիւղն է, երբ մենք ֆիլմեր ենք նկարահանում այլ կազմակերպութիւնների, ընկերութիւնների համար: Համագործակցելով «Աւրորա»ի հետ՝ մրցանակաբաշխութեան համար նկարահանել ենք մի քանի ֆիլմեր Մարգարիտ Բարանկիցէի, Ճամիլ Աֆղանի, ինչպէս նաեւ Թոմ Քաթինայի մասին: Սուտանում նկարահանել ենք նաեւ հայ բժիշկների աշխատանքը, որոնք մեկնել էին Աֆրիկա՝ փոխարինելու Քաթինային, որպէսզի նա ժամանի Հայաստան:

Համագործակցել ենք նաեւ Գանատայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ, ով ֆիլմ էր պատրաստում Հայաստանում ապրող մուսալեռցիների մասին:

Այս ամէնը «Բարս մեդիա» (Bars Media) ընկերութէան աշխատանքների միայն նկարագրութիւնն է: Նրանք վաւերագրում են Հայոց բանակի զինուորին՝ մարտի դաշտում և խաղաղ օրերին, պատերազմը, Հայոց ցեղասպանութեան եւ հերոսական պայքարի իւրատեսակ խորհրդանիշ դարձած հայ կնոջ պատմութիւնը, Սուտանի լեռներում լուռ իր գործը կատարող բժշկին, նախնիների երկիրը բացայայտող սփիւռքահայ երիտասարդին կամ վերջին լարախաղացին, որը փորձում է կենդանի պահել մեռնող արուեստն այնպէս, ինչպէս «Բարս մեդիա»-ի տեսախցիկն է փորձում յաւերժացնել ժամանակն ու մարդկանց՝ պահի մէջ, որը և կոչւում է ֆիլմ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.