Բանակցային 2023 թուականը։ Ի՞նչ սպասել 2024-ից
Աւարտին է մօտենում 2023 թ., սակայն Հայաստանի, Ատրպէյճանի եւ միջազգային միջնորդների կողմից ողջ տարուայ ընթացքում հնչեցուած լաւատեսական յայտարարութիւնները, թէ մինչեւ 2023-ի վերջ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ կարող է խաղաղութեան պայմանագիր ստորագրուել, այդպէս էլ կեանքի չկոչուեցին։ Աւելին, անցնող տարին նշանաւորուեց Ատրպէյճանի եւս մէկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայով, որի հետեւանքով Արցախն ամբողջութեամբ հայաթափուեց, իսկ անվտանգութեան բոլոր միջազգային երաշխիքները յօդս ցնդեցին։
Այս իրողութիւնները ստիպում են միանգամայն նոր լոյսի ներքոյ ընկալել այն ամէնը, ինչ տեղի է ունենում արցախեան հիմնախնդրի եւ հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների շուրջ։ Ակնյայտ է, որ հակամարտութեան վերջին տարիների փուլը, որն այդքան յաջողութիւններ բերեց Ատրպէյճանին, Ալիեւի վարչակազմին ու նրա հովանաւորներին ոգեւորել է աւելի հեռուն գնացող պահանջներ ներկայացնելու Հայաստանին՝ ընդհուպ յաւակնելով ՀՀ որոշ տարածքներ նուաճելուն կամ գոնէ այդ տարածքներով Նախիջեւանի ու Թուրքիայի հետ անխափան եւ չվերահսկուող կապ ստեղծելուն։ Պաքուի նման ծաւալապաշտութիւնը խնդիր է դարձել նոյնիսկ Փաշինեանի կառավարութեան համար։ Վերջինս, հասկանալով Հայաստանին պատուհասած ողբերգութեան ողջ ծաւալները, սկսել է յայտարարել այն մասին, որ խաղաղութեան պայմանագիրը դեռ չի նշանակում, որ դրա ստորագրումից յետոյ խաղաղութիւնը երաշխաւորուած է լինելու։ Մի կողմից՝ Փաշինեանը խօսում է խաղաղութեան պայմանագրի դրոյթները կեանքի կոչելու երաշխիքների մասին՝ շեշտելով, որ դրանք կարող են ապահովուել միայն միջազգային հանրութեան (առաւելապէս Արեւմուտքի – Հ.Մ.-Շ.) ջանքերով, միւս կողմից՝ համաձայնւում Թուրքիայի նախագահ Էրտողանի կողմից մշակուած հայ-ատրպէյճանական երկկողմ ուղիղ բանակցութիւնների գաղափարին։
Ակնյայտ է, որ բանակցային գործընթացի զարգացումները դուրս են հայկական կողմի վերահսկողութիւնից։ Այս հարցում պաշտօնական Երեւանը հանդէս է գալիս կա՛մ արձագանգողի, կա՛մ էլ ուրիշների թելադրանքով առաջնորդուողի դերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր անհետեւողական եւ հակասական քաղաքականութեամբ հենց ինքն է զիջել Հայաստանի սուբիեկտայնութիւնը։ Ամէն ինչ սկսուեց այն բանից, երբ Փաշինեանի վարչակազմը միակողմանի կատարեց Նոյեմբերի 9-ի եւ Յունուարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների իր բաժին բոլոր պարտաւորութիւնները՝ չսպասելով ու չպահանջելով, որպէսզի նոյնը անեն նաեւ ատրպէյճանական ու ռուսական կողմերը։ Սա Ալիեւին նոր պահանջներ ձեւակերպելու եւ դրանց հետամուտ լինելու հնարաւորութիւն տուեց։ Բանը հասաւ նրան, որ 2022 թ. Հոկտեմբերին ատրպէյճանական կողմը պարտադրեց Հայաստանին ճանաչել Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը։ Պրահայի այդ յայտարարութիւնից յետոյ բանակցային գործընթացի տրամաբանութիւնն ամբողջութեամբ փոխուեց։ Սակայն Ալիեւը դրանով էլ չբաւարարուեց եւ բոլոր այն հարցերը, որոնք արդէն կարող էր լուծել դիւանագիտական ճանապարհներով, արագ կարգով լուծեց զէնքի ուժով։
2023 թ. Սեպտեմբերի 19-20-ի զարգացումներից յետոյ Արցախի հարցը փաստացի վերջնական դուրս է եկել հայ-ատրպէյճանական բանակցութիւնների օրակարգից։ Երկու երկրների ներկայացուցիչներն այժմ միայն խօսում են սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների, տրանսպորտային միջանցքների, փախստականների իրաւունքների, անկլաւների եւ նման այլ հարցերի մասին։ Ըստ այդմ՝ բանակցային այդ գործընթացում Հայաստանի դիրքորոշումներն ու մօտեցումներն այլեւս ոչ մի հետաքրքրութիւն չեն ներկայացնում մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող տէրութիւնների համար։ Մեծ հաշուով նրանց համար միեւնոյն է, թէ կոնկրետ քանի հազար քառակուսի քիլոմեթր կը լինի ՀՀ տարածքը եւ որքան՝ Ատրպէյճանինը։ Այս փուլում գերտէրութիւններին հետաքրքրում են միայն Հարաւային Կովկասի կոմունիկացիոն հնարաւորութիւններն ու տրանսպորտային այն ուղիները, որոնք մօտ ապագայում ամենայն հաւանականութեամբ կը գործարկուեն։ Սակայն այս հարցում էլ նրանք Երեւանի դիրքորոշմանը գրեթէ ուշադրութիւն չեն դարձնում՝ լաւ հասկանալով, որ իրենցից իւրաքանչիւրն առանձին վերցրած Հայաստանին կարող է հեշտութեամբ իր կամքը պարտադրել։ Իսկ եթէ այդ հարցում լինի նաեւ փոխադարձ համաձայնութիւն, այսինքն՝ գերտէրութիւնները կարողանան միմեանց հետ համագործակցելու որոշակի եզրեր գտնել, ապա ամէն ինչ շատ աւելի հեշտ եւ արդիւնաւէտ կը ստացուի նրանց համար։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարութեան մշակած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրին, ապա այն կարճ կեանք ունի։ Քաղաքական ակտորները, ինչպէս նաեւ փորձագիտական շրջանակները շատ արագ են հասկացել, որ Փաշինեանի այս «գաղափարը» նոյնպէս պոպուլիզմի ոլորտից է։ Պատճառները պարզ են։ Նախ՝ որովհետեւ, այսպէս կոչուած, «Խաղաղութեան խաչմերուկը» չի արտացոլում տարածաշրջանում տեղի ունեցող իրական քաղաքական զարգացումների տրամաբանութիւնը։ Երկրորդ՝ որովհետեւ Հայաստանն այսօր խաղաղութեան օրակարգ թելադրելու կարողութիւն չունի։
Սակայն այն փաստը, որ Արցախի հարցը դուրս է եկել հայ-ատրպէյճանական բանակցութիւնների օրակարգից, ամենեւին չի նշանակում, որ Արցախի հարցը, որպէս այդպիսին, դադարել է գոյութիւն ունենալ։ Ճիշդ հակառակը։ Այն հիմա աւելի միջազգայնացել եւ համընդգրկուն նշանակութիւն է ստացել։ Անցնող տարուայ ամբողջ ընթացքում Արցախի խնդիրը եղել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եւրոպայի, Իրանի, Թուրքիայի առաջնորդների շուրթերին։ Ընդ որում, նրանցից շատերը, մասնաւորապէս՝ Մոսկուան, Պրուքսէլն ու Ուաշինկթոնը պնդում են, որ հայերը պէտք է վերադառնան Արցախ։ Այս հարցում նրանց դիրքորոշումները յստակ են։ Հակասութիւնները վերաբերում են միայն հայերի՝ Արցախ վերադառնալու մեխանիզմներին ու ապագայ անվտանգային երաշխիքներին։
Վերոնշեալը նշանակում է, որ գերտէրութիւնները Արցախն ընկալում են որպէս Հարաւային Կովկասում իրենց ներկայութեան եւ ազդեցութեան մեծացման հիմնական գործիք։ Սակայն, որպէսզի Արցախը կարողանայ այդ դերակատարումն ունենալ նրանց համար, անհրաժեշտ է կոնֆլիկտայնութեան որոշ աստիճան։ Այսպէս, օրինակ՝ ռուսական կողմը պէտք է կարողանայ բացատրել, թէ ի՞նչ գործ ունի իր խաղաղապահ զօրախումբն Արցախում, եթէ այնտեղ հայեր չեն բնակւում։
Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը լաւ է հասկանում, որ հայերի վերադարձի հարցն ուշ թէ շուտ դրուելու է իր առջեւ։ Ներկայում նա փորձում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել եւ հնարաւորինս ապահովագրել իրեն դժուար զարգացումներից։ Այդ խնդրի լուծմանն ուղղուած Ալիեւի քաղաքականութիւնը մի քանի պարզ քայլ է ենթադրում.
ա) Ատրպէյճանի նախագահը փորձում է ամէն ինչ անել, որպէսզի արցախցիների մի մասը վերադառնայ Ստեփանակերտ, բայց նրանց թիւը չգերազանցի մի քանի հազարը։ Այսինքն՝ Արցախում այնքան հայեր բնակուեն, որ մի կողմից՝ նա կարողանայ յայտարարել, թէ հայերի վերադարձի հարցը լուծուած է, միւս կողմից էլ՝ վերադարձած հայերը խնդիր չդառնան Ատրպէյճանի համար։ Ալիեւի վարչակազմն արդէն սկսել է ակտիւ աշխատել այս ուղղութեամբ։ Նրանք աջուձախ անվտանգութեան երաշխիքներ են շռայլում, խոստումներ տալիս հայերին, քարոզչական հոլովակներ նկարահանում եւ այլն։
բ) Հայերի՝ Արցախ վերադառնալու խնդրին զուգահեռ քաղաքական օրակարգ են բերում նաեւ ատրպէյճանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու անհրաժեշտութիւնը։ Այս հարցում Ալիեւի հիմնական եւ կարեւորագոյն դաշնակիցը, որքան էլ տարօրինակ չհնչի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է ու նրա քաղաքական թիմը։ Վերջիններս վաղուց են արդէն յայտարարում, որ Հայաստանում ատրպէյճանցիների անվտանգութիւնն ու իրաւունքները երաշխավորուած կը լինեն։
գ) Արտահերթ նախագահական ընտրութիւններ կազմակերպելով՝ Ալիեւը փորձում է նախապէս չէզոքացնել իր իշխանութեանը սպառնացող բոլոր այն խնդիրները, որոնք, անկասկած, կ‘առաջանան հայերի՝ Արցախ վերադառնալուց յետոյ։ Ասել է, թէ Ալիեւը գիտի իր գլխին գալիքը եւ ուզում է մինչ գերտէրութիւնների առջեւ ստանձնած պարտաւորութիւնների կեանքի կոչելը լուծի իր իշխանութեան հարցը Ատրպէյճանում։
Այս ամէնը վկայում է այն մասին, որ գալիք 2024 թ. կարող է միանգամայն նոր զարգացումների տարի դառնալ արցախահայութեան համար։ Դրա մասին է խօսում նաեւ այն հանգամանքը, որ այլ տարածաշրջաններում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցութիւնը հետզհետէ մօտենում է հանգուցալուծմանը։ Կասկածից վեր է, որ ուքրանիական ճակատում իր խնդիրները լուծելուց յետոյ Ռուսաստանն ակտիւացնելու է Հարաւային Կովկասում իր դիրքերը վերականգնելուն ուղղուած ջանքերը։
Հայկական կողմը պէտք է պատրաստ լինի այդ զարգացումներին։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխման, աւելի ճիշդ՝ կարգաւորման ժամանակները սարերի ետեւում չեն։ Եւ եթէ պաշտօնական Երեւանը ճիշդ կողմնորոշուի գալիք զարգացումներում եւ դաշնակիցների ընտրութեան հարցում, ապա կարելի է սպասել նաեւ, որ վերականգնման ու նաեւ Արցախում որոշակի հայանպաստ լուծումների հնարաւորութիւններ կը բացուեն։
Հրանդ Մելիք-Շահնազարեան
Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կեդրոնի ղեկավար
Comments are closed.