Արցախի Քարինտակ գիւղում մզկիթ է կառուցւում
- (0)

«Այն դժոխքը, որի միջով անցաւ մեր ժողովուրդը ու ողջ մնաց, դա նշանակում է անելիք ունենք ու երբեք, ոչ մի վայրկեան չդադարենք գործել», MediaHub-ին ասում է Արցախի Քարինտակ գիւղի բնակիչ Նարինէ Պետրոսեանը։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանի իշխանութիւնը մատը մատին չի տալիս, ու վաղուց ընդունուած փաստ է, որ Փաշինեանն ու Ալիեւը գործում են համատեղ ու համաձայնեցուած. «Ու այսօր մեզ աւելի շատ պէտք է մտահոգի ոչ միայն մեր տների աւերումը, այլեւ վերադարձը։ Մենք ունենք դրա բաւարար իրաւունքը, որ վերադառնանք ու կանխենք մշակութային ցեղասպանութիւնը, գերեզմանների պղծումը»:
2020 թուականին Քարինտակ գիւղն անցել է Ատրպէյճանի վերահսկողութեան տակ։ Արցախի հայաթափումից յետոյ այն ամբողջութեամբ աւերուել է, բոլոր տներն ու հասարակական նշանակութեան շինութիւնները հաւասարեցուել են հողին։ Պղծուել են գերեզմանները, գիւղում նոր մզկիթ են կառուցել։
«Քարինտակն այն գիւղերից էր, որ կառուցուել էր Շուշիի ոճով՝ սպիտակ քարով, կամարաձեւ պատուհաններով, նեղ ու քարէ փողոցներով։ Պատմական տեսքը պահպանւում էր մինչեւ ատրպէյճանական վանդալների այդ տարածքում յայտնուելը։ Հիմա գիւղը չկայ, գիւղի տեղը կայ, յիշողութիւնը կայ, վերադարձի կամքը կայ, նորը կառուցելու ցանկութիւնը կայ։ Մեզ միայն պակասում է իշխանութիւնների կողմից ճիշդ բանակցութիւն։ Եթէ չեն ապահովում մեր անվտանգ վերադարձը, գոնէ պայմանաւորուեն, որ ձեռք չտան մեր գերեզմաններին։ Մեզ զրկեցին սառը շիրմաքար գրկելու հնարաւորութիւնից», նշում է նա։
Նարինէն թէեւ չի հաւատում ու այլեւս չի վստահում որեւէ միջազգային կառոյցի, բայց մէջբերում է՝ հայկական յուշարձանների, այդ թուում՝ գերեզմանոցների պղծումն արգելուած է Լա Հէյի Արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թուականի Դեկտեմբերի 7-ի որոշմամբ. «Սա, յամենայնդէպս, մեր վերջին յոյսն է»։
Համաձայն այդ որոշման, Ատրպէյճանը պէտք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանտալիզմի ու պղծման գործողութիւնները հայկական մշակութային ժառանգութեան դէմ՝ ներառելով, բայցեւ չսահմանափակուելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, յուշարձաններով, տեսարժան վայրերով եւ գերեզմանատներով։
«Գերեզմանոցների պղծումը նաեւ պատերազմական յանցագործութիւն է համաձայն Հռոմի պայմանգրին։ Բայց աշխարհը թքած ունի այս ամէնի վրայ, որովհետեւ Հայաստանի իշխանութիւնը խոշոր հաշուով պէտք է ձեռնարկի միջոցներ, որ այս ամէնը կանխուի։ Մինչեւ ե՞րբ ենք ջուր լցնելու թշնամու ջրաղացին», յաւելեց մեր զրուցակիցը։
Յունան Թադեւոսեան