Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը. Արթուր Խաչատրեան
Արցախի վերամիաւորումը Հայաստանին մեր ազգի գոյութեան երաշխիքն է: Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը: Չի կարելի ներքին խնդիրները լուծելու համար Արցախի ու Հայաստանի գոյութիւնը վտանգել, չի կարելի ներքին լսարանին միտուած արտաքին քաղաքականութիւն վարել:
Տարիներ շարունակ մենք վախուորած արտաքին քաղաքականութեան զոհ ենք եղել: Քաղաքական վերնախաւը վախեցել է յայտարարել, որ Արցախը մեզ համար կենսական տարածք է, որ չկայ հայ-ատրպէյճանական սահման, այլ կայ ռազմաճակատի գիծ: Պատերազմում կը յաղթի նա, ով ճակատային գծում աւելի բարուոք դիրք ունի:
Հիմա էլ են նոյն գիծը տանում: Ի՞նչ է նշանակում` «Արցախի հարցը լուծուելու է հրապարակում»: Արցախի հարցը սահմաններին է լուծւում, զէնքը ձեռքին է լուծւում: Չի կարելի պատասխանատուութիւնը դնել «հրապարակի» վրայ: Չի կարելի կաթիլ-կաթիլ վարկաբեկել մարտական ուղի անցած զինուորականներին, չի կարելի Արցախեան ազատամարտը համեմատել որեւէ ներքին փոփոխութեան հետ:
Երիտասարդ սերունդը չի անցել պատերազմի, ցուրտ ու մութ տարիների միջով, անմիջապէս չի զգացել կորստի ցաւն ու չի վայելել յաղթանակի բերկրանքը: Ղարաբաղի մասին շատ յաճախ դատողութիւններ են անում նրանք, ովքեր կա՛մ երբեք Ղարաբաղում չեն եղել, կա՛մ տուրիստի կարգավիճակով այցելել են Ստեփանակերտ, Գանձասար ու Դադիվանք: Ղարաբաղի լուծման ուղիներ են առաջարկում Սորոսի փողերով սնուած ու սնուող մարդիկ, որոնց համար գերագոյն հաճոյք ու պատիւ է Սորոսի ու այլոց կողմից գովասանքի ու «առաջադէմ խաղաղարարի» կոչմանն արժանանալը: Նրանք «պռադվինուտի» են, որովհետեւ Սորոսի հետ բարեկամութիւն են անում ու ատրպէյճանցիների հետ Սորոսի փողերով «տժժում» են: Իսկ մենք յետամնաց ույհետադիմական ենք, որովհետեւ համոզուած ենք, որ խաղաղութիւն հաստատելու միակ միջոցը պատերազմին պատրաստ լինելն է:
Դաշնակցութիւնն է, որ զէնքը ձեռքին պայքարել է Արցախում: Պայքարել է այն ժամանակ, երբ ՀՀՇ-ական իշխանութիւնները պարտուողականութիւն էին քարոզում, մարդկանց ուղեղներն էին լուանում, թէ` «Սերգօ՛ ճան, լաւ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծուել»: Դաշնակցութիւնն է պայքարել, երբ հանրապետականներն էին մատրիտեան, կազանեան ու չգիտեմ էլ ինչ սկզբունքներ քարոզում, երբ յայտարարում էին, որ «Աղտամը մեր հայրենիքը չէ»: Դաշնակցութիւնն էր, որ 2016-ի Ապրիլի-Մայիսին մի քանի հարիւր կամաւորով մօտ 2 ամիս Թալիշի դիրքերը պահում, Դաշնակցութիւնն էր, որ սպառնացել ու սպառնում է «հող յանձնողին յանձնել հողին»:
Քուէարկելով Դաշնակցութեան օգտին` Ազգային Ժողովում կ’ունենաք մի ուժ, որի համար Արցախը մեծ քաղաքական խաղի խաղաքարտ չէ, որի համար Արցախը եղել ու կը մնայ առաջնահերթութիւն՝ անկախ նրանից` մենք ընդդիմութիւն ենք, թէ` իշխանութիւն, անկախ նրանից` ով է նախագահը կամ վարչապետը, անկախ նրանից, թէ ինչ են ասում Ամերիկան ու Ռուսաստանը:
Արթիւր Խաչատրեան
Թիւ 2 ընտրատարածքում ՀՅԴ վարկանշային թեկնածու