Արցախի Ազգային Ժողովը Կ՛ողջունէ Լուիս Մորենօ Օքամփոյի Սկսած Տեղեկատուական Արշաւը

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյի կողմից մեկնարկած տեղեկատուական արշաւը, որը կազմակերպւում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային հռչակագրի կողմերի վեհաժողովի 29-րդ նստաշրջանին («ՔՈՓ29») ընդառաջ: Արշաւի նպատակն է բարձրաձայնել հիւրընկալող երկրի` Ազրպէյճանի կողմից մարդու իրաւունքների համակարգային եւ կոպիտ խախտումները: Այն նաեւ միտուած է միաւորելու համահայկական ու միջազգային ջանքերը Ազրպէյճանի կողմից անօրինաբար պահուող հայ պատանդների անյապաղ ազատ արձակման համար:

2023 թուականի սեպտեմբերին, Ազրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանութիւնից եւ Արցախի ամբողջական հայաթափումից յետոյ, Պաքւում նման հեղինակաւոր միջոցառում կազմակերպելու միջազգային հանրութեան (ներառեալ` Հայաստանի) համաձայնութիւնը` առանց այդ պետութեան գործած յանցագործութիւնների համար պատասխանատուութեան եւ դրանց հետեւանքների վերացման օրակարգի յստակ ձեւակերպման, լրացուցիչ հիմք է ստեղծում Ազրպէյճանի հետագայ յարձակողապաշտ եւ անպատիժ վարքագծի համար:

2020 թուականի սեպտեմբերից ի վեր, Ազրպէյճանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծուած ցեղասպանական նախայարձակումների հետեւանքով ոչ միայն Արցախի ողջ ժողովուրդը բռնի տեղահանուեց, այլեւ` բազմաթիւ հայեր ապօրինաբար պահւում են Պաքւում: Նրանք ենթարկւում են խոշտանգումների ու ապօրինի դատավարութեան` առանց տարրական իրաւունքների պաշտպանութեան: Այս պատանդների, ներառեալ` Արցախի ութ առաջնորդների անյապաղ հայրենադարձութիւնը Ազրպէյճանի միջազգային պարտաւորութիւնն է: Խուսափումը այդ պարտաւորութիւնից պէտք է յանգեցնի համապատասխան հետեւանքների:

Համաշխարհային այս կարեւոր միջոցառմանն ընդառաջ, միջազգային հանրութեան կողմից Ազրպէյճանի նկատմամբ վարուող քաղաքականութեան անկիւնաքարային հարցերից պէտք է դառնայ նաեւ Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ հաւաքական վերադարձի հարցը: Նախքան այդ, հրատապ ուշադրութեան կարիք ունի նաեւ Արցախի ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգութեան եւ հանրային ու մասնաւոր սեփականութեան պահպանութեան հարցը` յատկապէս դրանց զանգուածային ոչնչացման դէպքերի համաթեքսթում: Յատկանշական է, որ նշուած դրոյթները յստակօրէն ամրագրուած են ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի հրամանում, ինչպէս նաեւ առանձին պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների յայտարարութիւններում:

Հաշուի առնելով վերոգրեալը եւ գիտակցելով, որ այս թեմաները պէտք է լինեն առաջնահերթօրէն Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում` կոչ ենք անում աշխարհասփիւռ հայութեանը եւ Արցախի բարեկամներին գործուն աջակցութիւն ցուցաբերել մեկնարկած արշաւին: Խնդրում ենք կիրառել հասանելի բոլոր գործիքները արշաւի սահմանուած նպատակների իրագործման համար: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել արդարութեան եւ ապահովել մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը:

 

Comments are closed.