Արցախի ազատագրական պայքարի մասնակից դոկտոր Վալոդ Երումեանի յիշատակին

2020 թուականի Յունուար 28ին մեզնից առյաւէտ բաժանուեց նուիրուած գաղափարական, Ղարաբաղեան ազատագրական պայքարի մասնակից դոկտոր Վալոդ Երումեանը:

Վալոդ Երումեանը ծնուել է 1960 թուականի Յուլիս 2ին Թեհրանում (Իրան): Եղել է Նշան եւ Յասմիկ Երումեանների անդրանիկ զաւակը եւ Երումեան գերդաստանի առաջնեկ թոռը: Իր նախնական եւ միջնակարգ կր-թիւթիւնը ստացել է Թեհրանի Սահակեան եւ Թովմասեան դպրոցներում, իսկ 16 տարեկան հասակում իր հօրեղբայր՝ դոկտ. Միհրան Երումեանի հովանաւորութեամբ փոխադրւում է Վենետիկ, ուր եւ յաճախում է Մուրադ Ռաֆայէլեան վարժարանը: Վալոդը ինչպէս իր կեանքի բոլոր ոլորտներում, այնպէս էլ կրթութեան ասպարէզում եղել է աշխատասէր եւ իր կամքի ու ջանասիրութեան շնորհիւ անցկացրել է ինքնազարգացման բոլոր հանգրուանները:

Մուրադ Ռաֆայէլ վարժարանը բարձրագոյն թուանշաններով աւարտելուց յետոյ ընդունւում է Փադվա քաղաքի բժշկական համալսարանը եւ իր եօթ տարիների անխոնջ ու ինքնամփոփ աշխատանքի շնորհիւ դառնում է բժիշկ: Նա չբաւարարուելով պարզ բժշկի տիտղոսով՝ ձգտում էր բարձրանալ ու բարձրանալ իր մասնագիտական ոլորտում եւ այդպէս ընդունւում է նոյն համալսարանի վիրաբուժական ֆակուլտետը (բաժանմունքը-Խմբ.):

Ուսուման բարձր մակարդակների ձգտելուց բացի նա ունէր նաեւ մի այլ սրբազան փափաք, մի ներքին մղում, որ իրեն կանչում էր հայրենի լեռներից եւ դաշտերից ու քաշում նրան, ուր որ իր ժողովուրդը իր կարիքն ունէր՝ դա հայրենիքին ու սեփական ժողովրդին ծառայելու իր տարերարին բնազդն էր: Պատահական չէր, որ Ղարաբաղի ազատագրական շարժման առաջին օրերից նրա ոգին սկսեց փոթորկուել, եւ 1993ին, չկարողանալով զսպել իր ներքին կանչը,  միանալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան խմբերին՝ մեկնեց Արցախ՝ իբրեւ կամաւոր: Իբրեւ մասնագետ բժիշկ՝ նա մեծ օգնութիւն ցուցաբերեց առաջին ճակատներում ամոքելով վիրաւորուած ռազմիկների վերքերը եւ փրկելով բազմաթիւ վիրաւոր ազատամարտիկների կեանքը: Իր զինակիցները ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակում բոլորն էլ լաւ յուշերով են յիշում «Եւրոպայից եկած կամաւոր բժշկին», որ օգնութեան հասաւ ազատամարտի ամենադաժան պահերին: Մէկ տարի անց Վալոդը մէկ անգամ եւս ուղեւորւում է Արցախ իր պարտքը կրկին մատուցելու իր ազգին ու հայրենիքին:

valod1

Պատերազմի յաղթական աւարտից յետոյ, այս անգամ հանգիստ մտքով վերադառնում է Իտալիա ուսումը շարունակելու եւ 1995ին դառնում է մասնագէտ վիրաբոյժ:

1997ին, իր ընտանիքին միանալու նպատակով փոխադրւում է Միացեան Նահանգներ, որտեղ եւս իր ջանասիրութեան շնորհիւ ստանում է Ամերիկայում իբրեւ բժիշկ աշխատելու արտօնութիւնը: Միացեալ Նահանգներում իր աշխատանքը սկսում է Մարսէ քաղաքում եւ հիմնում է իր սեփական բուժարանը Փալաս Վերդես քաղաքում: Ամուսնանում է 2017ին եւ բախտաւորւում մէկ աղջիկ զաւակով, Քարա-Մարիամ անունով:

Իր երազանքն ու փափագն էր հանգստի կոչուելուց յետոյ վերադառնալ հայրենիք ու ապրել Ղարաբաղում: Կեանքի ու մարտի բոցերի միջից անցած ազատամարտիկի համար սակայն ճակատագիրը դառն տնօրինութիւն էր կատարել…

2015ին Վալոդի մօտ յայտնաբերւում են քաղցկեղի նշոյլներ: Դաժան հիւանդութիւնը սկսեց յաղթել կեանքի ցանկացած դժուարութեան առջեւ տոկացող ու յաղթող Վալոդի մարմնին եւ վերջապէս 2020 թուականի Յունուար 20ին նրան խլեց մեզանից, վշտի ու սուգի մատնելով ընտանիքին, հարազատներին, ազատամարտիկներին ու նրան ճանաչող ու չճանաչող կուսակցական ընկերներին:

Իր կտակն է եղել, որ իր մոխիրը որդու՝ Քարայի միջոցով փոխադրուի Ղարաբաղ եւ մայր հողին յանձնուի: Նաեւ հարազատների ու ընկերների միջոցով փոխան ծաղկեպսակի հաւաքուած վեց հազար դոլարի գումարը տրամադրւում է Բրբանքի «Աղբալեան» կոմիտէութեան՝ Արցախի ազատամարտիկների օգնութեան ֆոնդին փոխանցուելու նպատակով:

Բառի բուն իմաստով խոնարհ հերոսների մի իւրօրինակ տիպար էր Վալոդ Երումեանը, այն աստիճան, որ շատերը, չիմանալով նրա նուիրական անցեալը, առիթն անգամ չունեցան իր փորձն ու վաստակը ըստ արժանւոյն վայելելու: Ռուբէն Տ. Մինասեանի հետեւեալ բառերը հերոսի մասին լաւապէս բնութագրում են Վալոդ Երումեանին. «Բուն հերոսը այն է, որ կը հետապնդէ իր նպատակը՝ կեանքն ու մահը խառնելով իրարու, բայց առանց իմանալու, թէ ինքը հերոս է»:

Սիրելի Վալոդ, երթաս խաղաղութեամբ, մենք քեզ միշտ կը յիշենք իբրեւ մարդկային բարձր տիպար՝ հերոսի պսակը ճակատին:

ՄԻ ԸՆԿԵՐ

Leave a Comment

You must be logged in to post a comment.