Արցախահայութեան արտագաղթի կասեցումը հրամայական է

Արցախահայութեան արտագաղթի կասեցումը ազգային միասնական պատասխանատուութիւն է պահանջում։ Արցախը համահայկական պայքարի ոգին է, կորիզը, համախմբողը։

Արցախեան ողբերգական օրերից յետոյ, այսօր կրկին դառն ու ցաւալի իրողութեան առջեւ ենք կանգնած, երբ այդ կորիզը փշրւում է, մեր աչքի առջեւ տարածւում աշխարհի տարբեր հատուածներում։

Շատերը գնում են վիրաւորուած, խոցուած, ցանկութիւնը մեծ է Հայրենիքում ապրելու, արարելու, բայց պայմանները բարդ են, նրանց խօսքը լսելի չէ, ձայնը խեղդուած, անպատասխան, հոգեպէս եւ բարոյապէս կոտրուած, այլընտրանք չի մնում։ Արցախի իշխանութիւնները՝ որպէս ժողովրդի առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, անմիջական մասնակցութիւն չեն ունենում նրանց խնդիրների լուծմանն ուղղուած հարցերում։ Արտագաղթին նպաստող երեւոյթները շատ են, թեւաթափ եղած ժողովրդին չեն սպասեցնում։

Մենք կորցնում ենք հաւաքական պայքարի կորիզը։ Չպէտք է թոյլ տալ, որ պայքարող արցախցին անյոյս նայի դէպի օտարութիւն, այնտեղ փնտռի ապագան։ Այսպէս մենք դաւաճանում ենք մեր պայքարի գաղափարը, մեր նուիրեալներին, ովքեր չխնայեցին ոչինչ՝ Արցախը փրկելու ճանապարհին, վտանգում` վերադարձի իրաւունքի մեր արդար պահանջը։

Որքան էլ ծանր լինի պէտք է ընդունենք, որ համահայկական զարթօնքի կարիք ունենք։ Օրուայ հրամայական է համահայկական օրակարգի մշակումը՝ ազգային կառոյցների միասնական պատասխանատուութեամբ նպաստելու, գործուն աջակցութիւն ունենալու այդ կորիզը պահելու, թոյլ չտալու նոր ուծացման։

Այս ուղին բարդ է ու խոցելի, բայց իրականանալի՝ երբ լինենք ազգային մտածողութեամբ, միասնական, զինուած հաւատքով եւ պայքարով։

«Ապառաժ»-ի խմբագրական

Comments are closed.