Արամականութիւնը դարձնելով հայ ժողովրդի սեփականութիւնը․ բացուեց Արամ Մանուկեանի պրոնզաձոյլ կիսանդրին

ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կեդրոնում այսօր, սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցաւ մեծանուն քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի յուշակոթող-կիսանդրու բացումը։ Նախաձեռնութեան եւ քանդակի հեղինակը գանատահայ քանդակագործ Յակոբ Ճամպազեանն է։ Քաղաքական գործչի պրոնզաձոյլ արձանը տեղադրուեց կեդրոնի նախասրահում՝ խորհրդանշական հատուածում, ուր ամէն օր ելումուտ են անում հարիւրաւոր երիտասարդներ։ Հաղորդում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, արժեւորելով Արամ Մանուկեանի կերպարն ու գործունէութիւնը, ասաց․ «Դժուար է թերագնահատել այն դերը, որ ունեցել է Արամ Մանուկեանը Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման գործում։ Եթէ չլինէր Արամ Մանուկեանը, չլինէին նրա ժամանակակից նուիրեալ գործիչները՝ չէինք ունենայ Առաջին Հանրապետութիւնը, Խորհրդային Հայաստանը, նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը։ Արամ Մանուկեանն իր ողջ կեանքի ընթացքում, անկախ նրանից, թէ որտեղ է գործել եւ ինչ հանգամանքներում, մշտապէս հանդէս է եկել որպէս լաւ կազմակերպիչ՝ լինի Պաքուում, Կարսում, Վանում, թէ՝ Երեւանում։ Նա իր որակական յատկանիշներով կարողացել է փայլուն արդիւնքներ արձանագրել իր ողջ գործունէութեան ընթացքում»։

Համբարձումեանի խօսքով՝ Արամ Մանուկեանն ամենաքիչ գնահատուած գործիչներից է՝ մինչեւ վերջին տարիները։ «Միայն վերջին տարիներին է, որ, տարբեր առիթներ օգտագործելով, կարողացել ենք Արամ Մանուկեան գործչի մասին բարձրաձայնել։ Վստահաբար, թէ՛ երէկ, թէ՛ այսօր, թէ՛ վաղը Արամ Մանուկեանի պէս գործիչների անհրաժեշտութիւն ենք ունենալու՝ որպէս կազմակերպողի, իբրեւ առաքինի մարդու, իբրեւ միասնութիւն ապահովող, անմնացորդ նուիրուողի։ Հէնց այս որակների շնորհիւ էր, որ Արամ Մանուկեանը բոլորի համար դարձել էր ընդունելի, հարազատ, հեղինակութիւն»,- ասաց նա, ապա, վերյիշելով Նիկոլ Աղբալեանի խօսքերը, շեշտեց՝ արդեօ՞ք մենք մտածում, գործում եւ ապրում ենք ինչպէս Արամ Մանուկեանը։

«Այս հարցը, կարծում եմ, իւրաքանչիւր հայ իրեն միշտ պիտի տայ, եւ եթէ իւրաքանչիւրը փորձի մի փոքր նմանուել Արամ Մանուկեանին՝ աշխարհը «շուռ տալու» հնարաւորութիւն կ՚ունենանք, այնպէս, ինչպէս ժամանակին դա արեց Արամը, երբ որեւէ մէկը չէր հաւատում, յուսալքութիւն էր, յոյսը չէր երեւում, բայց Արամը եւ նրա նման գործիչները բերեցին այդ յոյսը՝ մեր անկախութիւնը»,- ընդգծեց Համբարձումեանը։

Անդրադառնալով Արամ Մանուկեանի քանդակի ստեղծմանը՝ նա ասաց, որ երբ տեղեկացել են նախաձեռնութեան մասին՝ սիրով ընդառաջել են։

«Ուրախութեամբ պիտի փաստեմ, որ մեր ընկերը բաւականին յաճախակի է հանդէս գալիս նմանօրինակ նախաձեռնութիւններով։ Ընդամէնը մի քանի օր առաջ, իմանալով, որ նման նախաձեռնութիւն կայ, սիրով ընդառաջեցինք։ Նկատի ունենալով, որ բացօթեայ տարածքում տեղադրելու ընթացակարգերի հետ կապուած դժուարութիւններ կան, որոշեցինք, որ ճիշտ կը լինի կիսանդրին տեղակայել «Արամ Մանուկեան» կեդրոնում, միգուցէ հետագայում այն կարողանանք աւելի պատշաճ տեղում տեղադրել»,- յաւելեց նա։

Խօսքը փոխանցելով քանդակագործին՝ Համբարձումեանը յոյս յայտնեց, որ առաջիկայում Յակոբ Ճամպազեանը կրկին հանդէս կը գայ նոր անակնկալներով։

«Ինձ համար պատիւ եւ բերկրանք էր քանդակել Արամ Մանուկեանի նման հերոս զաւակներից մէկի յուշակոթող-կիսանդրին»,- ուրախութեամբ ասաց քանդակի հեղինակը՝ Յակոբ Ճամպազեանը։ Նա նշեց, որ Արամ Մանուկեանի մահուան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Սարդարապատ յուշահամալիրում եւս տեղադրուել է իր հեղինակած՝ Արամ Մանուկեանի յուշակոթողը։

«Այս կեդրոնում տեղադրուած կիսանդրին պրոնզաձոյլ արձան է, բայց այստեղ մտնող երիտասարդները, նրա թողած անմեռ յիշատակի, կտակի դիմաց, վառ պիտի պահեն նրա անմար ջահը, որ տարիներ շարունակ ՀՅԴ ներքոյ աշխատող բոլոր ղեկավարները, ընկերները ամենուրէք՝ Հայաստանից մինչեւ արտերկիր վառ պահեցին եւ պիտի պահեն, որպէսզի գալիք օրերը պայծառանան Արամ Մանուկեանի լուսահոգի, լուսադէմ եւ լուսապայծառ ծրագրերով եւ աւանդով»,- ասաց քանդակագործը՝ Արսէն Համբարձումեանին շնորհակալութիւն յայտնելով նման առիթ ընձեռելու համար։

Արուեստաբան Մովսէս Հերկելեանը (Ծիրանի), մեկնաբանելով քանդակն ու Արամ Մանուկեանի կերպարը, ասաց․ «Արամ Մանուկեանը հերոսների հերոսն էր, որովհետեւ կարողացաւ համախմբել ազգը եւ դարձնել մեծ բռունցք։ Լաւ նայէք Արամի աչքերին․ Յակոբը կերտել է այն պահը, երբ Արամ Մանուկեանը մեզ պատգամում է միասնականութիւն եւ միաժամանակ պարտաւորեցնում, որպէսզի լինենք յանձնառու իր պատգամներին։ Մենք հաշուետու ենք հէնց նրան, որովհետեւ նա է մեր պետականութեան հիմնադիրը, առանց Արամ Մանուկեանի՝ մենք այսօր պետականութիւն չէինք ունենայ»։

ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը, խօսելով քանդակագործի մասին, ասաց՝ Յակոբը իսկական արամական է, եւ եթէ մենք հայ ենք, ապա պիտի ամէն մէկս լինենք մի քիչ արամական։

«Երբ ասում ենք Արամ՝ հասկանում ենք պետականութիւն, Հայաստանի վերածնունդ։ Մեր այսօրւայ սերունդն այն սերունդն է, որն ապրեց մի իրականութեան մէջ, երբ յաղթած, ամուր պետականութիւն ունեցող երկիրը վատ կառավարմամբ քանդեցին։ Համեմատութեան մէջ՝ 100 տարի առաջ Ցեղասպանութեան ենթարկուած, բզկտուած, քայքայուած, անյոյս, անապագայ թուացող երկիրը մէկ այլ ղեկավար կարողացաւ վերականգնել ու դարձնել երկիր ու պետութիւն։ Այսինքն՝ լաւ եւ վատ ղեկավարները կարող են երկիրը քանդել կամ հակառակը՝ կառուցել»,- ասաց նա՝ շեշտելով՝ այստեղ է Արամ Մանուկեանի մեծութիւնը, այստեղ է, որ պէտք է նրան գնահատենք։ «Արամականութիւնը դարձնելով հայ ժողովրդի սեփականութիւնը՝ մենք հայ ժողովրդին ազգային ենք դարձնում, որի մէջ է մեր փրկութիւնը»,- յաւելեց Շահբազեանը։

«Անկախութիւնից յետոյ Արամի տունը դեռ պատշաճ վիճակում չէ, եւ երեւի թէ հէնց այդ անեծքն է մեր գլխին կախուած մինչեւ այսօր»,- միջոցառումն այս խօսքով եզրափակեց գրող, հրապարակախօս, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան տնօրէն Սպարտակ Ղարաբաղցեանը՝ յոյս յայտնելով, որ մօտ ապագայում Արամ Մանուկեանի տունը՝ Հայաստանը, կը կառուցուի, կամրապնդուի, կը շէնանայ։

Լիանա Սարգսեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.