Ատրպէյճանի Մէջ Իրականացած Հայերու Ջարդերուն Պատճառով Երկրէն Շուրջ 400,000 Հայ Բնակիչներ Արտաքսուեցան. Երեւան

Պաքուի ջարդերուն 35րդ տարելիցին առիթով, Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

«Այս օրերին յիշատակւում է Բաքւում հայերի ջարդերի, էթնիկ զտումների եւ զանգուածային տեղահանութիւնների 35րդ տարելիցը: Մէկ շաբաթուայ ընթացքում, ադրբեջանական կազմակերպուած խմբերը լիակատար անպատժելիութեան միջավայրում եւ ադրբեջանական իշխանութիւնների թողտուութեամբ ու աջակցութեամբ, ինչպէս նաեւ խորհրդային իշխանութիւնների լիակատար անգործութեան պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործութիւններ:

«Հայերի ճնշող մեծամասնութիւնը ստիպուած էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19րդ դարի կէսերից էական դեր էր խաղացել Բաքուի արդիւնաբերական քաղաքի կառուցման եւ զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւններ, մշակութային եւ կրթական հաստատութիւններ: Արդիւնքում, Բաքուի հայերը, թողել են միլիարդների արժողութեամբ ունեցուածք եւ հարստութիւն` յաջորդիւ զրկուած լինելով դրա դիմաց որեւէ փոխհատուցում ստանալու հնարաւորութիւնից:

«1990թ. Յունուարին Բաքւում հայ բնակչութեան կոտորածին, որը յստակ նպատակ ունէր բռնի տեղահանութեան ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ եւ Կիրովաբադ (ներկայիս Գեանջա) քաղաքներում աւելի մասշտաբային ջարդերը:

«1980ականների վերջին եւ 1990ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով երկրից արտաքսուեց մօտ 400,000 հայ բնակչութիւն: Աւելին, ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամեայ հետքերը միտումնաւոր ջնջուեցին, եւ կեղծուեց նրանց հարուստ պատմութիւնն ու ժառանգութիւնը:

«Յարգանքի տուրք մատուցելով Բաքուի ջարդերի զոհերի յիշատակին եւ վերապրածներին` Հայաստանը խորապէս հաւատում է, որ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութիւնը միայն կարող է կանխել ապագայում մարդկութեան դէմ այսպիսի ոճրագործութիւնների կրկնութիւնը», կը նշուի  յայտարարութեան մէջ:

Comments are closed.