ԱՏՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ԶՈՒ ՅԱՐՁԱԿՈՒՄԻՑ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ Է 6 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ, 2-Ի ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ
Ատրպէյճանական զինուած ուժերի յարձակումից Արցախում վիրաւորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին յայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Խօսքը Արցախի Նոր Շէն համայնքի մասին է, որի անմիջական հարևանութեամբ են տեղակայուած Ատրպէյճանական զինուած ուժերի դիրքերը: Արցախի Հարաւ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղութեամբ ևս կրակոցներ են արձակուել:
Քիչ առաջ խօսեցի Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ, ով այս պահին այցելել է զինուորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:
Սա Ատրպէյճանական իշխանութիւնների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականութեան ուղիղ արդիւնքն է:
Ատրպէյճանական զինուած ուժերի ներկայութիւնը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանութեամբ լրջագոյն սպառնալիք է մարդկանց անվտանգութեան ու նրանց կեանքի իրաւունքի ոտնահարում է:
Հաշուի առնելով, որ Արցախի պաշտպանութեան բանակի դիրքերը Նոր Շէն ու միւս համայնքների անմիջական հարևանութեամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կեանքն ու անվտանգութիւնը, ակնյայտ է, որ վիրաւորում ստացած բոլոր զինուորների առողջութեանը վնաս պատճառելու համար Ատրպէյճանական զինուած ուժերն ուղիղ պատասխանատուութիւն են կրում իրենց յանցաւոր արարքների համար»,- յայտնել է Թաթոյեանը: