Առաջնագծի բուժքոյրը

Առաջին պատերազմում մօրը, Ապրիլեանում հօրը կորցրած Լուսին սպասում է գերութիւնից սիրելիի վերադարձին

Լուսին Քաջարանի կամաւորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպէս են նրան դիմում կամաւորները ու տանում նրա հետ ծանօթացնելու։ Լուսին էլ, նրանց պէս, մինչեւ Սիւնիքի սահման հետ քաշուելը, պատերազմով է անցել․ «Շտապ օգնութեան» կամաւոր բուժքոյր էր։

Պատերազմի հետքերը դեռ Լուսիի դէմքին են․ ցրտից չորացած մաշկը շարֆով ծածկում է, որ «հիւրերը» չտեսնեն։ Կարճ ժամանակում դուրս ենք գալիս հիւրի պաշտօնական կարգավիճակից․ Լուսին իր տեսած պատերազմի մասին է պատմում։

«Սեպտեմբերի 30-ից կամաւոր ենք եղել․ Հադրութ, Ջաբրայիլ, Ստեփանակերտ, Մատաղիս։ Ամէն «Շտապում» եղել է 5 վիրաւոր, 2 մահ, ինքս 120 հիւանդ եմ մինչեւ նոյեմբերի 6-ը տեղափոխել։ Սկզբում մի քանիսին Ստեփանակերտ ենք տարել, յետոյ հիմնականում Գորիս։ Մի ժամ, ժամուկէս տեւել է ամէն գնալ գալը, գնացել, հետ ենք եկել օրուայ մէջ մի քանի անգամ։ Եթէ թեթեւ վիրաւորներ էին, սպասել ենք կրակը հանդարտուի, նոր անցնենք, եթէ չէ, աղօթելով, կրակների միջով անցել ենք։ Ամէն ինչ տեսել ենք, անգամ ինքնապաշտպանուել ենք զէնքով։ Քնել ենք նստած, եթէ ստացուել է, մի անգամ էլ մեքենան Շուշիի տակ կանգնեցրած՝ մեքենայի տակ ենք քնել․․․ Պատերազմը ոչ մի լաւ յուշ չի թողնում»,- պատմում է նա։

Լուսիի պատմութիւնների մէջ ջահել մահեր են, ոտքերն ու ձեռքերը կորցրած երիտասարդներ, ապրելու յոյսով հիւանդանոց ճանապարհուած, բայց տեղ չհասած տղերք են։ Լուսին դանդաղ ու զգոյշ է խօսում՝ ընտրելով յիշողութիւնները։ Հասկանում ենք, որ պատերազմի օրերին իր ապրածի միայն մի փոքր մասն է, որը պատրաստ է օտարի հետ կիսել։

«Սկզբում հիմնականում հրետանու, դիպուկահարի խփածներ էին, ամսի 13-ից յետոյ արդէն ֆոսֆորային զէնքի անթոյլատրելի կիրառման հետեւանքով վիրաւորուածներ։ Որտեղ անտառային ծածկը շատ էր, այնտեղ էին հիմնականում ֆոսֆոր կիրառում։ Ֆոսֆորայինի հարուածին հիմնականում չէին դիմանում, մնացածից տղաներ են եղել՝ դիմացել են, եղել է՝ չեն դիմացել, եղել է ոտքը կտրած զինուոր, խաբել ենք, որ ապրելու ես, բայց չի ապրել»,- պատմում է նա։

Լուսիի բջջային հեռախօսում ֆոսֆորային զէնքից առաջացած վնասուածքների լուսանկարներ կան։ Դրանցից մէկում զինուորը վնասուածք է ստացել թիկունքից։

«Ֆոսֆորը որ կրակել են, միանգամից ամբողջ մարմինը վնասել է 45 տեղից, ու սա հաշուած ժամերի ընթացքում փտախտ է առաջացնում։ Այս տղան էլ ֆոսֆորից գանկուղեղային վնասուածք է ստացել, մահացել է»,- ցոյց է տալիս նա։

«Ֆոսֆորային զէնքերը սարսափելի են, էդ ընթացքում եթէ չհասցրիր շնչուղիներդ փակել, փախնել, դժուար է ապրելու հաւանականութիւնը։ Հարուածը հիմնականում վերեւից է լինում, մինչեւ 1 քլմ. շառաւղով է հարուածում, որ ուժգնութիւնն աւելի հզօր լինի, քանի որ ինքն ինչքան մօտ է, այնքան իր քիմիական նիւթի ազդեցութիւնն աւելի շատ է։ Պայթում է ու թոյն է տարածում, որից էլ անտառներում հրդեհներ, իսկ մարդկանց դէպքում մարմնի այրուածքներ են առաջանում։ Ֆոսֆորից գանկուղեղային, դիմածնոտային այրուածքներ են եղել, մէջքի, ողնաշարի, ողնուղեղի, թեւերի, ոտքերի կտրուածքներ վառուածից»,- ասում է Լուսին ու կտրուկ ընդհատում պատմութիւնը․ «Մի քիչ դժուար է խօսելը, յիշողութիւններ են, որ չեմ ուզում, որ թարմանան»։

Լուսիի անձնակազմի բժիշկը դիպուկահարի կրակից զոհուել է պատերազմի դաշտում՝ Մարտակերտում, հոկտեմբերի 18-ին։ Ինքը, ինչպէս ասում է, Աստծոյ պահած է․ Արցախեան առաջին պատերազմի տարիներին է ծնուել Տաթեւի վանքում, քանի որ պատերազմին մասնակցող կամաւոր մօրը չեն հասցրել Ղարաբաղից Հայաստան՝ ծննդատուն տանել։ 4 տարեկան է եղել, երբ մայրը զոհուել է կռւում։ Հայրն էլ զոհուել է Քառօրեայ պատերազմի ժամանակ։ Այս պատերազմն էլ 30-ամեայ աղջկան բաժանել է սիրելիից․ նրա նշանածը գերեվարուել է։ Լուսին հաւատում է, որ իր կեանքում մէկը միւսի ետեւից հարազատներին կորցնելու  շղթան արդէն կտրուել է ու սիրելիի վերադարձով նոր կեանք սկսելու շանս կունենայ։

Գայիանէ Ալեքսանեան

News.am

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.