Ապրում ենք մեր պատմութեան ամենաամօթալի ժամանակները

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը «Վերադարձ» խորագրով միջոցառմանը.
Սիրելի հայրենակիցներ,
Առաջին անգամ Արցախի ժողովուրդն իր անկախութիւնը նշում է իր հող ու ջրից կտրուած, հայրենի Արցախից դուրս։ Մենք ապրում ենք մեր պատմութեան ամենաամօթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմութեան մէջ հայոց անկախ պետականութեան առկայութեան պայմաններում տեղի ունեցաւ հայերի նոր ցեղասպանութիւն։
Այսօր պահն է հասկանալու, թէ ինչ տեղի ունեցաւ եւ ինչպէս։ Մի բան արդէն իսկ պարզ է. եթէ հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպէս, մեծն Թումանեանի խօսքերով ասած՝ «դաւին անտեղեակ, ցաւին անտարբեր», շատ շուտով կը փակի իր անկախ պետականութեան վերջին էջը։
Թէ ինչո՞ւ հասանք այս օրուան, եւ ինչպէ՞ս յաղթանակած ժողովրդին հնարաւոր եղաւ տանել պարտութեան, կարելի է բերել իրար լրացնող բազմաթիւ պատճառներ։ Բայց գլխաւորն, ըստ իս, մէկն է՝ հետեւողականօրէն արժեզրկուեց մեր համազգային յաղթանակը, վարկաբեկեցին այդ յաղթանակն ապահոված հերոսները եւ կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբիւրներից։ Բոլորս տեսանք, թէ ինչպէս մեր յաղթական ազատամարտը ստորադասուեց 2018-ին կատարուածին, թէ ինչպէս մեր միջից մէկի լեզուն պտտուեց ասելու, որ մեր հերոսները զոհուել են յանուն ոչնչի, թէ ինչպէս միւսն էլ յայտարարում է, որ մինչեւ 2018 թիւը մի ողջ ժողովուրդ ըստ էութեան սխալ է ապրել պատմական, երեւակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում։ Բայց ահաւորն այն է, որ մեր աչքի առջեւ շարունակում են քանդել մեր յաղթանակների եւ ազգին ազգ պահող բոլոր յենասյիւնները. հայութիւնը միաւորող, հային հայ պահող եւ մեզ յաղթանակներ ապահոված ամէն ինչ հետեւողականօրէն աւերւում է։
Աւելի կոնկրետ.
– Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, որը կենսատու աղբիւրն է եղել մեր համազգային ներուժի, պղտորւում ու ցամաքեցւում է,
– Հայութեան գոյութիւնը, ինքնութիւնն ու նկարագիրը պահպանելուն կոչուած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ համազգային կառոյցները հետապնդւում եւ հալածւում են,
– «Ազգ-բանակ» գաղափարը կենսագործելուն կոչուած Հայոց Բանակը կորցնում է իր դերն ու նշանակութիւնը,
– Ժողովրդի իշխանութիւնն ապահովելուն կոչուած ՀՀ սահմանադրական կարգի շարունակական ոտնահարումները բերել են պետութեան եւ իշխանութեան նոյնացմանը, իսկ նոյն այդ կարգը պաշտպանելու կոչուած ուժային կառոյցները վեր են ածուել սոսկ վարչապետի պահակազօրի։
Եւ, վերջապէս, դէպի ամբողջական կապիտուլիացիայով ազգակործանում տանող ճանապարհին այս վարչախմբին մնացել է մի աւարտական արար՝ լիակատար հրաժարում Հայաստանի անկախութեան եւ ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրերի կենսագործման պարտաւորութիւնից։
ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրից հրաժարուեցին, արդիւնքը չուշացաւ՝ եղաւ Արցախի հայաթափումը։
Հայաստանի անկախութեան մասին Հռչակագրից հրաժարուելու անխուսափելի հետեւանքը լինելու է հայոց ինքնիշխան պետականութեան կորուստը եւ Հայաստանի թրքացումը։ 1988 թուականին մեր սերնդի համար ակնյայտ էր կապը Արցախի ազատագրութեան եւ Հայաստանի անկախութեան միջեւ։ Եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախութիւնը ձեռք է բերուել Արցախեան ազատամարտի պայմաններում։ Հիմա դժուար չէ պատկերացնել, թէ ինչ կը մնար Հայաստանի անկախութիւնից ու տարածքներից, եթէ չլինէր Արցախեան ազատամարտում մեր ժողովրդի յաղթանակը։
Չտեսնել փոխկապակցուածութիւնը Արցախի հայկականութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան միջեւ, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ինչն էլ դժբախտաբար հաստատուած է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ վարչախումբը լծուել է ազատամարտի արդիւնքները մսխելու գործին, եւ միանգամից հարց է առաջացել, թէ ինչ է մնալու արդէն Հայաստանի տարածքային ամբողջականութիւնից եւ ինքնիշխանութիւնից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլ մեր ժողովրդին համոզում է, թէ՝ տուեցինք Արցախը, կը փրկենք Հայաստանը՝ այն տրամաբանութեամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, յայտնւում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առաւել եւս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպէս դու ոչ թէ հաշտութիւն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապէս ստիպում ես քեզ՝ հաշտուել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտուած եւ պարտութեամբ հպարտացող ցանկացած մէկի ճակատագիրը։
Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հաւատամքն է պարտուողականութիւնն ու զիջողականութիւնը, եւ, որպէս հետեւանք, այս կառավարութիւնը դարձել է Ատրպէյճանի եւ Թուրքիայի պահանջները հիմնաւորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Աւելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմում անխուսափելի պարտութեամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապաւինել Ատրպէյճանի խոստացած խաղաղութեանը։ Ակնյայտ է, որ այդ խաղաղութիւն կոչուածի երաշխաւորն է լինելու հենց թուրք-ատրպէյճանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմութեամբ գիտի, թէ ինչ է լինում, երբ ցեղասպանը պէտք է երաշխաւորի իր անվտանգութիւնը: Եւ ուրեմն, եթէ միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրուի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արեւմտեան Ատրպէյճանի։
Բաւ է։ Պարտուածը եւ պարտութիւններ բերողը մեր ժողովրդին չպէտք է ղեկավարի։ Պէտք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից եւ հռչակած ծրագրային նպատակներից հրաժարուած, այլեւս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, եւ, քանի դեռ ուշ չէ, որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ։ Այդ ուղեգիծը նախ եւ առաջ պէտք է բխի Հայաստանի անկախութեան մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների եւ նահանջների պատճառների պատճառը։ Այս ուղեգծով առաջնորդուող նոր ազգային իշխանութիւններն առաջնահերթ քայլեր պէտք է ձեռնարկեն հետեւեալ ուղղութիւններով.
– Վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխութիւնը, սեփական ինքնութիւնը,
– Վերականգնել զինուած ուժերի մարտունակութիւնն ու անվտանգութեան համակարգերի արդիւնաւէտութիւնը,
– Ռազմաքաղաքական յարաբերութիւններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութիւն ապահովելու համար,
– Ատրպէյճանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն իրականացնել կողմերի օրինական շահերի յարգմամբ։ Համաձայնեցման ենթակայ բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրայ, որպէս նախապայման, առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ատրպէյճանական զօրքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահուող անձանց վերադարձը եւ մշակութային ժառանգութեան պահպանումը։
– Մինչեւ Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգաւորումը, հետապնդել արցախահայերի հաւաքական հայրենադարձութեան իրաւունքը՝ հիմնուած էթնիկ զտման հետեւանքով բռնաճնշումների ենթարկուած եւ բռնի տեղահանուած անձանց իրաւունքների լիարժէք յարգման վրայ,
– Ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծաւալով արցախահայութեանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխաւորուած քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքները։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք յայտնուել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնութիւնը պահպանելու եւ սերունդներին ժառանգելու հրամայականի առջեւ։ Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք դա անել, մենք զաւակներն ենք 88 թուականի համազգային զարթօնքի ու յաղթանակներ կերտած ժողովրդի։
Ազատագրենք մեր հոգիները, փակենք պարտութեան այս էջը, որ արցախցին ետ դառնայ իր տուն, որ Հայաստանն իր Սիւնիքով մնայ հայակական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու յաղթական։

Comments are closed.