«Այս իշխանութեան մնալը մեզ սպառնում է, որ ատրպէյճանական բոլոր պահանջները իրականութիւն կը դառնան». Քրիստինէ Վարդանեան
- (0)

«Հորիզոն»-ի ամանորեայ բացառիկի զրուցակիցն է Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեան։
«Հորիզոն».- Հետեւելով Ձեր գործունէութեանը՝ նկատում ենք, որ յաճախ էք լինում մարզերում, շփւում մարդկանց հետ։ 2026 թուականի ամրանը տեղի են ունենալու հերթական համապետական ընտրութիւնները։ Ի՞նչ էք կարծում, քաղաքացիները այս տարիների ընթացքում դո՞ւրս են եկել էյֆորիայից, արդեօ՞ք այս իշխանութեան վարկանիշը նուազել է։
Ք.Վ.- Եթէ «էյֆորիա» ասելով նկատի ունէք այն, ինչ կար 2018 թուականին, ապա, բնականաբար, այն այլեւս չկայ, դրա նշոյլներն անգամ չկան։ Մենք լրիւ այլ իրականութիւնում ենք։ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնները յանգեցրել են մարդկանց տրամադրութիւնների փոփոխութեան։ Հիմա աւելի շատ կայ յուսահատութիւն, անհանգստութիւն, անելանելիութեան զգացողութիւն․․․
«Հորիզոն».- Ի՞նչ պէտք է անի ընդդիմութիւնը, ինչպէ՞ս պէտք է մէկտեղի ուժերն իշխանափոխութեան հասնելու համար, հասարակութեանը փաստերով ցոյց տալու, բացատրելու համար, թէ ինչ կարող է լինել, եթէ այս իշխանութիւնը վերարտադրուի։
Ք.Վ.- Ամենակարեւորը մարդկանց հետ աշխատելն է, յուսատութեան յաղթահարումը, տեսլական ու այլընտրանք առաջարկելը։ «Ուժերը մէկտեղել» ասելով՝ կարելի է հասկանալ, որ ընդդիմութիւնը կարող է ունենալ խաղի ընդհանուր կանոններ, իրար չհարուածել, կեդրոնանալ գլխաւոր խնդրի լուծման վրայ։ Ի հարկէ, բոլոր ընդդիմադիր ուժերի փոխարէն որեւէ բան չեմ կարող ասել, բայց սա է ճիշդ ճանապարհը։ Մենք հենց դա էլ առաջարկում ենք, հենց այդ սկզբունքով էլ աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել։ Աւելի մեծ ջանքեր ենք գործադրելու, որպէսզի պարզ լինի, որ սրանք սովորական ընտրութիւններ չեն. մեր խնդիրն, իսկապէս, պետականութեան պահպանումն է ու այս ամօթի էջը շրջելը։ Հայաստանում չկայ մի ուժ, որը կարող է այս ամէնը միայնակ իրականացնել։ Պարզ է, որ պէտք է լինի ինչ-որ համագործակցութիւն կամ լինեն պայմանաւորուածութիւններ։ Թէ ինչպէս կը լնի դա, կը լինի, թէ չի լինի կամ ինչ ձեւաչափերով կը լինի․․․ արդէն ապագան ցոյց կը տայ։ Իսկ ով դուրս կը լինի այդ համագործակցութիւնից ու պայմանաւորուածութիւններից, դրա պատասխանատուութիւնն էլ պիտի կրի։
«Հորիզոն».- Ինչպէ՞ս կը գնահատէք հանրութեան վերաբերմունքը, արձագանգը՝ եկեղեցու, հոգեւորականների դէմ տարուող արշաւի նկատմամբ։
Ք.Վ.- Դա ես չեմ գնահատում, Նիկոլ Փաշինեանն է գնահատում, երբ ասում է, որ զարմանում է, թէ ինչպէս մարդկանց չի հետաքրքրում իր բարձրացրած հարցերը, թէ ինչու իր բարձրացրած նարատիւները չեն կրկնում։ Խոշոր հաշուով մարդիկ հասկանում են, որ իրենց վատ սոցիալական վիճակի հարցում դերակատարում չունի որեւէ եկեղեցական։ Անվտանգային ճգնաժամի, գերեվարուած հայրենակիցներ ունենալու, խաղաղութեան բացակայութեան, թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան ծաւալների՝ մի քանի անգամ աւելանալու, պարբերաբար տեղի ունեցող սպանութիւնների ու կրակոցների, մայրաքաղաքային տրանսպորտի՝ 50 տոկոսով թանկնալու հարցում եկեղեցականներն առնչութիւն չունեն։ Այսինքն՝ մարդու առօրեայ խնդիրների հետ եկեղեցին առնչութիւն չունի։ Այս շոուները պատասխանատուութիւնից խուսափելու եւ մարդկանց ուշադրութիւնը շեղելու համար են։ Թալինում Փաշինեանի կազմակերպած շոուին մի քանի հարիւր մարդ էր մասնակցում այն պարագայում, երբ ամէն անգամ այդպիսի շոուների համար ամբողջ վարչական ռեսուրսը մոբիլիզացւում է։ (Յիշեցնենք՝ 2025 թուականի Նոյեմբերի 9-ին Փաշինեանը Թալինի Սուրբ Աստուածածինի մէջ մասնակցեց Տէր Թադէ Թախմազեանի կողմից մատուցուող Պատարագին։ Նրա՝ հոգեւոր ծառայութիւնը շարունակելու հարցը դրուած է քննութեան Մայր Աթոռի կարգապահական յանձնաժողովում։ Տէր Թադէն եւս ընդվզում է հոգեւոր վերնախաւի դէմ- հեղինակ)։
«Հորիզոն».- Յատկապէս վերջին ամիսներին աղմկայարոյց կալանաւորումներ են տեղի ունենում՝ հոգեւորականներից մինչեւ ազգային բարերար ու ընդդիմադիր գործիչներ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ միջազգային կազմապերպութիւնները համարժէք գնահատական չեն տալիս կատարուող այս իրադարձութիւններին։
Ք.Վ.- Մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ, երբ բախւում են հանրահռչակուած սկզբունքները (այդ թուում՝ մարդու իրաւունքների պաշտպանութիւն, ազգերի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւն) եւ աշխարհաքաղաքական շահերը, ապա յաղթում են աշխարհաքաղաքական շահերը։ Եւ այդ կոնտեքստում է, որ բազմաթիւ կառոյցներ, որոնք մինչեւ տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների տեղի ունենալը խիստ յայտարարութիւններ կարող էին տարածել ժողովրդավարական զարգացումների մասին, ապա հիմա լուռ են, որովհետեւ կարող են այնպիսի թիւրըմբռնում ունենալ, թէ գործող իշխանութիւնը կարող է որեւէ կերպ սպասարկել իրենց աշխարհաքաղաքական շահերը կամ օգնել այդ հարցում։ Բայց, իրականութիւնն այլ է․ պատմութեան մէջ բազմիցս տեսել ենք, որ այդ քաղաքականութիւնը յանգեցնում է նրան, որ կերտւում են նոր բռնապետներ, որոնք քանդում են տարածաշրջանների փխրուն կայունութիւնը կամ այնպիսի արհաւիրք են բերում ընդհուպ մինչեւ ամբողջ աշխարհի վրայ, որ նախընտրելի կը լինէր այդպիսի հակումները զսպել նախնական շրջանում։ Ուստի, այդ հաշուարկն արդարացուած չէ։ Մենք տեսնում ենք՝ երբ աչք ես փակում մարդու իրաւունքների ոտնահարման վրայ, սարսափելի յանցագործութիւններ են տեղի ունենում․ դա այժմ տեսնում ենք Մերձաւոր Արեւելքում, տեսել ենք Արցախում․․․ Այսպիսի բաներն ի վերջոյ անհետեւանք չեն մնում․ խախտում են տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն կայունութիւնը ու շատ փխրուն հաւասարակշռութիւնը։ Դրա արդիւնքում տուժում են բոլորը, այդ թուում՝ այն ուժերը, որոնք իրենց լռութեամբ հովանաւորում են այս ամէնը։
«Հորիզոն».- Հաւանական համարո՞ւմ էք, որ առաջիկայ ամիսներին՝ նախընտրական շրջանում ռեպրեսիաները կարող են սաստկանալ, ձերբակալութիւնների դէպքերն էլ շատանալ։
Ք.Վ.- Ոչ թէ հաւանական եմ համարում, այլ կանխատեսում եմ, տեսնում եմ։ Հանրային սէր ու յարգանք վայելող իշխանութիւնը ռեպրեսիաների չէր դիմի։ Ե՞րբ է իշխանութիւնը դիմում ռեպրեսիաների եւ այլախոհներին նետում բանտերը․ այն դէպքում, երբ հասկանում է, որ դրա այլընտրանքը չունի։ Ու քանի որ այս իշխանութիւնների համար կենաց-մահու հարց է այդ ընտրութիւնը, իրենց գործելաոճը սա է։ Բայց սրան պէտք է հակազդեցութիւն ցոյց տալ․ հենց այդտեղ է, որ իշխանութեան գործողութիւններն իր այլախոհների դէմ կարող է ի վերջոյ վերածուել իր դէմ գործողութիւնների, որովհետեւ այո՛, գուցէ հնարաւոր է որոշ ժամանակ վախեցնել, սպառնալ մարդկանց, բայց դա երկսայր սուր է, որն ի վերջոյ կարող է շրջուել այս իշխանութիւնների դէմ։
«Հորիզոն».- Այս իշխանութեան ներկայացուցիչները պարբերաբար յայտարարում են, թէ խաղաղութիւն են բերել, մինչդեռ Ատրպէյճանի նախագահը եւ այդ երկրի այլ բարձրաստիճան պաշտօնեաներ չեն թաքցնում իրենց նուաճողական ու հակահայկական դիրքորոշումը. պարբերաբար կիրառում են «Արեւմտեան Ատրպէյճան» բառակապակցութիւնը, խօսում Հայաստանի որոշ տարածքներում ատրպէյճանցիների վերաբնակեցման մասին։ Օրերս Ատրպէյճանի նախագահը Սեւանը «Գիոյչա» անուանեց ու դարձեալ ատրպէյճանցիների վերաբնակեցման մասին խօսեց։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթէ այս իշխանութիւնը վերընտրուի 2026 թուականին եւ շարունակի իր այս քաղաքականութիւնը։
Ք.Վ.- Նախ ժամանակաւոր հրադադարը կամ զինադադարը խաղաղութիւն չէ։ Մենք դա Մերձաւոր Արեւելքի պարագայում տեսանք․ թմբկահարուած խաղաղութիւնը Իսրայէլի ու Պաղեստինի միջեւ քանի՞ օր տեւեց, քանի՞ օր յետոյ սկսուեցին թիրախային ռազմական գործողութիւնները, հարուածները։ Հետեւաբար, մի օր կամ մի ամիս չկրակելը խաղաղութիւն չէ։ Խաղաղութեան մասին հնարաւոր է խօսել միայն ուժերի բալանսի ու միջազգային գործող երաշխիքների պայմաններում։ Այդ դէպքում էլ երբեք չես կարող վստահ լինել։ Ուստի, մարդկանց ուշադրութիւնը, զգօնութիւնը բթացնում են այս իշխանութիւնները։ Ի՞նչ կարող ենք ակնկալել, եթէ իշխանութիւնը շարունակի պաշտօնավարումը․ միակողմանի զիջումների շարունակականութիւն, որոնք եօթ տարուայ ընթացքում իրականացրել են։ Կարող է ընդդիմութեան ասածները շատ ականջահաճոյ չեն, բայց նայէ՛ք՝ ինչ էր զգուշացնում ընդդիմութիւնը 2021-ից առաջ․ կը տեսնէք, որ ասուածի աւելի քան 70 տոկոսը (եթէ ոչ աւելին) իրականութիւն է դարձել։ Ատրպէյճանի հետ պայմանագիրը նախաստորագրելուց յետոյ, յաջորդ օրը յայտարարում է, որ «Հայաստանի վերահսկողութեան տակ դեռեւս կան ատրպէյճանական տարածքներ»։ Եթէ սա թարգմանենք «նիկոլերէնից», նշանակում է՝ Հայաստանը դեռեւս պէտք է տարածքներ զիջի Ատրպէյճանին։ Սա էլ դեռ աւարտը չէ․ Ատրպէյճանը տարածքային պահանջներից բացի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտութեան հարցեր է բարձրացնում, Հայաստանն ատրպէյճանցիներով բնակեցնելու մասին է բարձրաձայնում եւ որեւէ դիմադրութեան չի հանդիպում։ Ինչ պահանջների մասին բարձրաձայնում է, ի վերջոյ հասնում է դրան։ Այս իշխանութեան մնալը մեզ սպառնում է, որ ատրպէյճանական բոլոր պահանջները իրականութիւն կը դառնան։ Բացի այս արտաքին վտանգներից՝ երկրում ուղղակի որեւէ ենթակառուցուածք այդպէս էլ չի ստեղծուի, ինչպէս չի ստեղծուել նախորդ եօթ տարիների ընթացքում․ աղքատութիւնը չի կրճատուի, որեւէ էական նշանակութիւն ունեցող արտադրութիւն չի բացուի․․․ այսինքն՝ կը լինի տոտալ կոլապս բոլոր բնագաւառներում՝ սկսած քաղաքային կառավարումից, մինչեւ անվտանգային հարցեր։
Հարցազրոյցը վարեց Յասմիկ Պալէեան