Այս ամէնը դառնում է և’ անհասկանալի, և’ անընդունելի. Իշխան Սաղաթելեան
1653
0
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը անդրադառնալով ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի վերջին տեսաուղերձին գրում է.
«Հիմա մենք մեր հասարակութեանը նախապատրաստում ենք ցաւոտ փոխզիջումների, թէ՞ տրամադրում, կազմակերպում, ոգևորում և մղում ենք բաղձալի յաղթանակի։
Երբ զօրքը ճակատում կռւում է, երբ յայտարարւում է համազգային զօրահաւաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցւում երկրի ղեկավարի կողմից և զուգահեռ խօսւում է կապիտուլացիայի կամ դրան այլընտրանք ցաւոտ փոխզիջման մասին, այս ամէնը դառնում է և՛ անհասկանալի, և՛ անընդունելի։
Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խօսել ցաւոտ փոխզիջումների մասին։
Ժողովրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինուորից մինչև գեներալ, կամաւորից մինչև թիկունքում գտնուող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչև բժիշկ և առաջնագծում հերոսացող երիտասարդ։
Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները և կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում և թիկունքում։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդիւնաւէտ օգտագործումը կենսական անհրաժեշտութիւն է։ Չյաղթելու տարբերակ չունենք»։