Այո֊ն մերժում է Եւրոպական կառոյցները, մերժում է անկախ դատարանը և պետութեան ապակեդրոն ինքնակառավարումը

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Հրապարակախօս Վահան Իշխանեանը «168 ժամ» եւ «Երկիր» լրատուական կայքէջերուն վրայ յօդուած հրապարակած է՝ «Այո֊ն մերժում է Եւրոպական կառոյցները, մերժում է անկախ դատարանը և պետութեան ապակեդրոն ինքնակառավարումը» խորագրով, ուր անդրադարձ կը կատարուի ապրիլի 5-ին սպասուող սահմանադրական հանրաքուէին ու յարակից հարցերուն:

Հրայր Թովմասեանը սահմանդրութիւն կարե՞լ է Սերժ Սարգսեանի հագով

Այո-ի կողմնակիցների գլխաւոր թէզն այն է, թէ ՍԴ (Սահմանադրական Դատարան) նախագահ Հրայր Թովմասեանը Սերժ Սարգսեանի հագով սահմանադրութիւն է կարել, հետեւաբար պէտք է պաշտօնանկ ըլլայ.

  1. 2015-֊ի Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի վրայ մի ամբողջ խումբ է աշխատել, որի անդամներից միայն մէկն է Թովմասեանը։
  2. Այդ սահմանադրական փոփոխութիւնների մէջ իրեն շատ յարմարաւէտ է զգում վարչապետ Նիկոլ Փաշինեանը, հետեւաբար նրա երկրպագուները պէտք է շնորհակալ լինէին Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի հեղինակներին, որ այնպիսի փոփոխութիւններ են արել, որ նրա վրաէ լաւ նստել է։

Այսուհանդերձ, Սահմանադրութիւնը Փաշինեանին մի փոքր նեղում է, այնտեղ ուր ուզում է աշխատանքից ազատել այս կամ այն դատաւորին, Սահմանդրութիւնը թոյլ չի տալիս, հետևաբար Սահմանդրութեան մի քանի կէտերի խախտումով է հանրաքուէի դրուել ՍԴ (Սահմանադրական Դատարան) եօթը դատաւորներին պաշտօնանկ անելու նախագիծը։

Եթէ բարդ է իմանալ, թէ ինչ է նշանակում անկախ դատարանը եւ այոյ֊ով դատաւորներին հեռացնելը ինչպէս է աւերում իրաւական պետութիւնը, ապա կարելի է քննարկել աւելի պարզ հասկացութիւններ, ինչպէս, օրինակ արդարութիւնը. Այոյի կողմնակիցները, եթէ նոյնիսկ չեն կարող հանդուրժել, որ սահմանադրական փոփոխութիւնների հեղինակներից մէկը լինի դատաւոր, ապա պէտք է խոստովանեն, որ իրենց այոյ֊ով միայն Թովմասեանին չեն հեռացնում, այլ նաեւ վեց դատաւորի են պաշտօնանկ անում, որոնք կապ չունեն սահմանադրական փոփոխութեան նախագծի հետ։ Առնուազն արդար չի որեւէ մէկին առանց որեւէ խախտում անելու աշխատանքից հեռացնելը։ Ուրեմն նրանք, ովքեր այոյ֊ով հեռացնում են աշխատանքից բարեխիղճ, անկաշառ դատաւորներին, արդարութեան զգացում չունեն։

  1. Ինչո՞ւ Սերժ Սարգսեանը սահմանադրական փոփոխութիւններ արեց, որ նախագահի պաշտօնից տեղափոխուի վարչապետի պատշօնի՞ն։ Այո։ Արդեօ՞ք այդ փոփոխութիւնները նրա հագով էին կարուած, ինչպէս պատկերաւոր սիրում են ասել նրա հակառակորդները։ Ո՛չ, եթէ իրօք սահմանադրութիւնը Սերժ Սարգսեանի հագով լինէր, ապա անհնար կը լինէր սահմանադրական ճանապարհով նրան պաշտօնանկ անել։

Եթէ հագով կարելն այն է, որ սահմանափակուած չէր վարչապետի կառավարման ժամկէտը, ապա սովորաբար խորհրդարանական կառավարմամբ սահմանդրութիւններում վարչապետի պաշտօնավարման ժամկէտը չի սահմանափակւում, ինչպէս օրինակ Անժելա Մերքելը Գերմանիայի վարչապետն է 2005 թուից, արդէն 15 տարի, և կարող է էլի ինչքան ասես պաշտօնավարի։ Իսկ Հայաստանի ընդդիմութիւնները դեռ 25 տարի առաջուանից պահանջում էին նախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով։

Ուրեմն, Սահմանադրութիւնները ոչ թէ լինում են սերժական, նիկոլական կամ պօղոսական, այլ աւել կամ պակաս ժողովրդավարական, կամ էլ աւել կամ պակաս իրաւական։ Նրանց մէջ, ովքեր գոչում են՝ «Հրայր Թովմասեանը Սերժ Սարգսեանի հագով սահմանադրութիւն է կարել, ուրեմն, պետք է հեռանայ», չկայ մէկը, ով դժգոհած լինի սահմանադրական փոփոխութեան որեւէ դրոյթի դէմ։ Հակառակը, այն, որ գործադիր իշխանութիւնը օրէնսդրութիւն խախտելով է փորձում ազատուել իր համար անցանկալի որոշումներ ընդունող դատաւորներից, ցոյց է տալիս, որ Սահմանադրութիւնը երաշխաւորում է դատաւորների անկախութիւնը (ինչպէս, օրինակ, չկարողանալով որեւէ կերպ պաշտօնանկ անել, ստիպուած քրէական գործ հարուցեցին առաջին ատեանի դատաւոր Դաւիթ Գրիգորեանի դէմ այն բանի համար, որ կալանքից ազատել էր Ռոպերթ Քոչարեանին և նրա գործը ուղարկել Սահմանադրական դատարան, ապա նոյն կերպ չկարողնալով պաշտօնանկ անել, ստիպուած հանրաքուէով են ուզում ազատուել ՍԴ եօթ դատաւորներից, այն բանի համար, որ կրկին նրանք վարչապետի կամքով չեն առաջնորդուել եւ Քոչարեանի դիմումը ուղարկել են Եւրոպական կառոյցներ խորհրդատուական կարծիքի)։

  1. Գործող սահմանադրութիւնը արդեօ՞ք հնարաւոր է աւելի ժողովրդավարական դարձնել։ Ի հարկէ, օրինակ կեդրոնաձիգ կառավարուող մարզերը դարձուեն ինքնակառավարուող, այսինքն մարզպետին ոչ թէ վարչապետը նշանակի, այլ մարզերի բնակիչները ընտրութիւններով ընտրեն իրենց աւագանիներն ու մարզպետներին: Սակայն ինքնակառավարուող շրջանները վերացուել և մարզերը որպէս կեդրոնից կառավարուող տարածքներ ստեղծուել են 1995-ի Սահմանադրութեամբ, որի հետ որևէ առնչութիւն չունի Հրայր Թովմասեանը։ 2005-֊ի սահմանադրական փոփոխութիւնները մի փոքր դեմոկրատականցրին Սահմանադրութիւնը՝ Երևանը կառավարութեան կողմից կառավարուող մարզից վերածելով ինքնակառավարուող համայնքի, որի շնորհիւ էլ Երևանի աւագանու ու քաղաքապետի ընտրութիւններ են լինում։

Նրանք, ովքեր պնդում են թէ այս Սահմանադրութիւնը պէտք է ժողովրդավարանայ, առաջին հերթին պիտի առաջարկէին մարզերը դարձնել ինքնակառավարուող մարմիններ, նաև տրամաբանական կը լինէր եթէ մարզերի բնակիչները ձգտէին ինքնակառավարման, քանի որ անարդար է Երևանի բնակիչներն ունենան ընտրովի մարմին, իսկ մարզերում զրկուած լինէն ինքնակառավարման իրաւունքից, և իրենց գլխին Երևանից նշանակեն ղեակավար։

Տեղական ինքնակառավարումը ժամանակակից ժողովրդավարութեան գլխաւոր սկզբունքներից մէկն է, որ երկրի իւրաքանչիւր շրջանի բնակչութիւնը ինքնուրոյն կազմակերպի շրջանի կեանքը ներկայացուցչական մարմնի միջոցով, և ոչ թէ կեդրոնից նրանց գլխին ղեկավար դնեն։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինեանը սկզբունքօրէն դէմ է ապակեդրոն ինքնակառավարման համակարգին, դեռ 2007-֊ի «Հայկական ժամանակ»ի Յուլիսի 7-ի խմբագրականում նա համեմատում է 1995-թ. Կեդրոնաձիգ Սահմանադրութիւնը եւ 2005-ի փոփոխութիւնները. «Առաջինը լաւ կամ վատ Սահմանադրութիւն էր, երկրորդը՝ հակասահմանադրութիւն: Որովհետեւ առաջինը պետութեան հիմնական օրէնք էր, երկրորդը՝ պետականութեան անկման օրէնք: Էս սահմանադրութիւնը գործադիր իշխանութեան մենաշնորհը ուզում է պետութիւնից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանութիւնը կարող է իրականացնել ոչ միայն պետութիւնը, ոչ միայն կառավարութիւնը, այլեւ, ասենք` Շէնգաւիթի Ծըգըլը, ինչին լրիւ համապատասխանում է օրուայ իրականութիւնը»:

Յօդուածը ամբողջութեամբ կարդալ հոս

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.