Ամուր կանգնած ենք սահմանին, որ յարատեւի Հայաստան աշխարհը
Սահմանային գիւղերը երկրի դարպասներն են: Տաւուշի մարզի Չինարի գիւղը հէնց սահմանի պռնկին է:
– Երբ վտանգուել է հայրենի եզերքը, չինարեցիները մի մարդու պէս ոտքի են կանգնել, ասում է համայնքի ղեկավար Սամուէլ Սաղոյեանը:
Իր հողի վրայ ամուր կանգնած է չինարեցին: Օտար եզերքում ապրողներն էլ մշտապէս սատարում են ծննդավայրին: Աշխատասէր ու ժրաջան, քարից հաց քամող, պատուախնդիր ու սրտաբաց է չինարեցին: Գիւղում հիմնական ապրուստի միջոցը անասնապահութիւնն է, խաղողագործութիւնը: Թուզը միշտ արտահանուել է արտերկիր, արքայանարինջ, հոն, կիուի, ձիթապտուղ, ինչ ասես չի աճում, բնութեան բարիքների պակաս չկայ այստեղ:
Սահմանին ապրողները մի առանձնայատուկ ակնածանք ու սէր ունեն զինուորի, զինուորականի հանդէպ, իսկ տօնական օրերին էլ ընդունուած աւանդոյթ է՝ իրենց բնաշխարհի բարիքներից պարտադիր բաժին են հանում զինուորին: Գիւղում վաղուց աւանդոյթ է դարձել նաեւ զօրակոչուող տղաներին մեծ տօնախմբութեամբ բանակ ճանապարհելը: Չինարեցիները մէկ մարդու պէս հաւաքւում են գիւղամիջում՝ թնդում է զուռնա-դհոլը, աւագները խորհուրդ-խրատ են տալիս, բարեմաղթանքի ջերմ խօսքեր ասում ու հանդիսաւորութեամբ ճանապարհում: Նոյն կարգով էլ ընդունում են բանակից զօրացրուածներին:
– Սահմանում կանգնած զինուորն է խաղաղութեան երաշխաւորը: Միայն խաղաղութիւն լինի, չինարեցին իր ծննդավայրը դրախտ կը դարձնի, համոզուած է համայնքի ղեկավարը:
Չինարեցի Սերգէյ Սաղոյեանը օրերս կը համալրի հայոց բանակի շարքերը.
– Ինչպէս սահմանում ապրող շատ երեխաների, իմ մանկութիւնն էլ անցել է կրակի տակ: Հայրս առաջին կամաւորականներից է, ինքնապաշտպանական մարտերի մասնակից: Հիմա էլ իմ հերթն է մեր Հայրենիքը պաշտպանելու:
***
Ամանորի նախաշեմին հիւրընկալուեցինք հայրենիքի դարպասներն անառիկ պահող զինուորներին: Լեռնային ոլորապտոյտ ճանապարհով բարձրացանք մարտական դիրքերից մէկը:
– Սերժանտ Սամուէլ Յարութիւնեան,- զինուորական խրոխտ կեցուածքով ներկայացաւ դիրքի աւագը: Ծառայութիւնն իր հունով ընթանում է, կրակոցներ չեն գրանցուել:
Մինչ բանակ զօրակոչուելը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում է ուսանել Սամուէլը: Մի քանի օրից զօրացրուելու է:
– Հայրենիքի պաշտպանութիւնը չի սկսւում եւ սահմանափակւում զինուորական ծառայութեամբ: Էս հողուջրում ապրող իւրաքանչիւրս զինուոր ենք ընդմիշտ: Քանի կանք մեր երկրի զինուորն ենք ու պաշտպանը,- ասաց սերժանտ Յարութիւնեանը:
– Ես հինգ տարի Ռուսաստանում ապրելով հասկացայ, որ աշխարհում հայրենիքից թանկ ու հարազատ անկիւն չկայ: Շատ էի կարօտել մեր հողին ու ջրին,- զրոյցին է միանում չարենցաւանցի Անտոն Աբագեանը: Անտոնը քանդակագործութեամբ է զբաղւում՝ քանդակագործ հայրիկի ճանապարհն է ընտրել:
– Մտածում եմ զինուորական ուղիով գնալ, երեւի պայմանագրային ծառայութեան անցնեմ,- մեզ հետ իր ապագայի ծրագրերով է կիսւում Անտոնը:
Անտոնն առաջին Նոր տարին է դիմաւորելու զինուորական միջավայրում:
– Իմ եւ զինակից ընկերների անունից ուզում եմ շնորհաւորել մեր ժողովրդի Ամանորը, մաղթում եմ հզօրութիւն բանակին ու երկրին, խաղաղութիւն, առողջութիւն: Նաեւ ուզում եմ ասել, որ մենք՝ դիրքապահներս, ամէն ինչ կ’անենք, որ այս մաղթանքներն իրականանան,- վստահեցրեց շարքային Աբագեանը:
– Յոյս, հաւատ, սէր, խաղաղութիւն ու երջանկութիւն ենք մաղթում,- շարքային Դաւիթ Պետրոսեանն էլ իր կողմից է «ճոխացնում» մաղթանքները:
Հայոց բանակում հայ զինուորների կողքին ծառայում են նաեւ այլազգի տղաներ: Ազգութեամբ եզիտի Արմէն Սնջոյեանը, Ռոմիկ Աւանեանը եւ Սինոտ Հասոյեանը եւս միանում են բարեմաղթանքին:
– Ազգութեամբ եզիտի ենք, բայց Հայաստանը մեր ծննդավայրն է, մեր հայրենիքը: Ադլայ դներա՝ բարեմաղթում են իրենց մայրենի լեզուով ու թարգմանում՝ խաղաղութիւն երկրին:
***
…Օրը մթնում էր, երբ հասանք յաջորդ յենակէտ:
Դիրքի աւագ, պայմանագրային սերժանտ Անդրանիկ Բաբասեանը մանրամասնօրէն ներկայացնում է դիրքի պայմանները.
– Ամէն ինչով էլ ապահովուած ենք՝ գիշերային, ցերեկային տեսանելիութեան սարքերով, կենցաղային բոլոր խնդիրները լուծուած են, եւ ամենակարեւորը՝ անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Այստեղ մի ընտանիքի պէս ենք, մշտապէս իրար թեւ ու թիկունք:
– Ու այսպէս միասնական ու միակամ էլ աչքի լոյսի պէս պահում ենք մեր հողը, որի ամէն թիզը կեանքի գնով է պաշտպանուած: Առաւելագոյնը պէտք է անենք: Այստեղ՝ մարտական յենակէտում կանգնած, աւելի ես կարեւորում քո դերը, քո պատասխանատուութիւնը,- դիրքի աւագին է միանում շարքային Մհեր Մինասեանը:
Դիրքի աւագի ուղեկցութեամբ մօտենում ենք դիտակէտում աչալուրջ ու զգօն կանգնած զինուորին: Շարքային Նարեկ Յակոբեանն է։ Շնորհաւորում ենք գալիք Ամանորը։ Ժպտում է ու փորձառու դիրքապահին բնորոշ վստահութեամբ հաւաստիացնում.
– Մենք այստեղ ենք, որ հայրենակիցների տօնը տօնի նման լինի: Տարեմուտի շեմին էլ վստահ ու աներեր խրամատում կը կանգնենք, որ մեր թիկունքում խաղաղ սրտով նշէք Ամանորը: Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…
Հրաժեշտից առաջ մարտական հերթապահութիւն իրականացնող տղաներին մատուռի մօտ լուսանկարում ենք:
– Աստուած պահապան, հայրենիքի պաշտպաններ…
Ալիս Ալավերդեան
Լուսանկարները՝ Արեգ Վարդանեանի
Comments are closed.