«Ադրբեջանը փորձում է օգտուել Ուկրաինայի շուրջ իրավիճակից»․ իրադրութիւնն Արցախում

Ռուս-ուկրաինական զարգացումների ֆոնին իրադրութիւնն Արցախում լարուել է։ Վերջին օրերին Ադրբեջանի զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղութիւններով՝ հնչեցնելով նաև «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքներ։

Մարտի 11-ին Արցախի ներքին գործերի նախարարութեան ոստիկանութիւնը հաղորդեց, որ Ադրբեջանը Խնապատ գիւղի ուղղութեամբ ականանետ է կիրառել, իսկ Թաղավարդում բարձրախօսով հնչեցրել գիւղը լքելու կոչեր։

Այս ամէնի հետ մէկտեղ ադրբեջանական կողմը մեդիայ հարթակներում տարածում է տեղեկութիւններ, թե ՌԴ խաղաղապահ զօրակազմի մի  մասը դուրս է բերւում Արցախից՝ Ուկրաինա ուղարկուելու համար։

Իրադրութիւնն Արցախում

Վերջին օրերին Ադրբեջանի զինուած ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թւում՝ ականանետերի կիրառմամբ  ակտիւ կրակ են վարում Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր Շուկայ, Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ գիւղերի ուղղութեամբ՝ թիրախաւորելով նաև խաղաղ բնակչութեանը։

Մարտի 10-ին իրենց տան բակում գիւղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ականանետի կրակոցից վիրաւորում էր ստացել խրամորթցի մի տղամարդ։

Մարտի 11-ին ադրբեջանական կողմը թիրախաւորել է Արցախի ևս երկու գիւղ՝ Խնապատն ու Թաղավարդը։ Խնապատի ուղղութեամբ կիրառուել է ականանետ, իսկ Թաղավարդում ադրբեջանցի ծառայողները բարձրախօսով հնչեցրել են գիւղը լքելու կոչեր։

«Մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տուեալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գիւղի դպրոցամերձ տարածքի ուղղութեամբ: Տուժածներ չկան»,– նշուած է Արցախի ՆԳՆ ոստիկանութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի գործողութիւնները՝ շեշտելով, որ դրանք «սպառնալիք են տարածաշրջանային խաղաղութեան ու կայունութեան համար,  հարուած՝ ռուս խաղաղապահ առաքելութեանը, մարտահրաւէր՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին»։

«Պաշտօնական Բաքուի քաղաքականութիւնն ինչպէս միշտ խիստ ապակառուցողական է, կոպտօրէն խախտում է միջազգային իրաւունքի  հիմնադրոյթները, մարդասիրութեան հիմունքները, իր էութեամբ հայատյացութեան, նացիզմի և ահաբեկչութեան համակցում է»,- ասուած է ԱԳՆ տարածած հաղորդագրութիւնում։

«Խաղաղապահներն Արցախից չեն հեռանում»․ ԱԽ-ն հերքում է

Արցախի Անվտանգութեան խորհրդի գրասենեակը շեշտել է՝  հակառակորդը դրսևորում է «ագրեսիւ պահուածք», «զինուած սադրանքներին» աւելացել է նաև ականանետերի կիրառումը։

Խորհուրդը վստահեցրել է՝ Արցախի իշխանութիւններն ու ռուս խաղաղապահները լիարժէքօրէն վերահսկում են իրավիճակը, ինչպէս նաև հերքել տարբեր հարթակներում տարածուող լուրերը, թէ խաղաղապահների մի մասը լքում է Արցախն ու մեկնում Ուկրաինա․

«Ադրբեջանական տեղեկատուական հարթակներում տարածուող տեղեկութիւնները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զօրակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականութեանը: Արցախում տեղակայուած ՌԴ խաղաղապահ զօրակազմը շարունակում է իրականացնել իր առաքելութիւնը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների»։

«Ադրբեջանը փորձում է օգտուել Ուկրաինայի շուրջ իրավիճակից»․ Արցախի նախագահ:

Անվտանգութեան խորհրդի ընդլայնուած նիստի ժամանակ Արցախի նախագահն անդրադարձել է ստեղծուած անվտանգային ու հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով, որ արդէն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի նորոգմանը՝ առանց հիմնաւորման: Վստահ է՝ ինչպէս գազատարի վնասումը, այնպէս էլ Արցախի խաղաղ բնակչութեան հանդէպ ցուցաբերած «ագրեսիւ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ»:

«Վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն է»․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Քրիստինէ Գրիգորեանը ադրբեջանական զինուժի գործողությունները բնորոշել է որպէս խաղաղ բնակչութեան նկատմամբ յանցաւոր ոտնձգութիւն։

Ասում է՝ սա Ադրբեջանի «յանցաւոր քաղաքականութիւնն» է՝ միտուած իրենց բնօրրանում ապրող մարդկանց կեանքն ու անվտանգութիւնը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մէջ պահելուն․

«Ակնյայտ է նաև, որ նման գործողութիւնների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակուող հայատյացութեան ու էթնիկ ատելութեան քաղաքականութեան դրսևորում է»,- ընդգծել է պաշտպանը։

Քրիստինէ Գրիգորեանի խօսքով՝ Ադրբեջանի «անպատասխանատու վարքագիծը» վնասում է խաղաղապահ առաքելութեան հեղինակութիւնն ու նսեմացնում խաղաղ կեանքի ապահովման ուղղութեամբ գործադրուող ջանքերը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.