Արցախի Եղցահողից՝ Ջրառատ. 5 անչափահաս երեխայ ունեցող ընտանիքը տուն է փնտռում

Սեպտեմբերի 19-ի առաւօտեան Արցախի Եղցահողի իրենց տանը Մարիամ Ասրեանը սովորականի պէս չորս հաց էր թխել: Չորրորդը չէր հասցրել հանել վառարանից, երբ լոյսերն անջատեցին: Այն այդպէս էլ մնաց վառարանում: Թարմ թխուած հացի հոտն արդէն տարածուել էր տանը, երբ Մարիամի դուստրերը՝ Սաթենիկն ու Սվետլանան, դպրոցից տուն էին եկել: Սաթենիկն ուրախացել էր, քանի որ ինքն էլ երբեմն օգնում էր մօրը հաց թխելիս: Երեխաները գնացել էին սենեակ՝ դպրոցական հագուստը փոխելու: Նախորդ օրը Մարիամը նոր մանուշակագոյն վարագոյր էր կախել նրանց սենեակում, որը գնել էր Ստեփանակերտից երկու շաբաթ առաջ: Մինչեւ երեխաները հագուստը կը փոխէին, իսկ Մարիամը ճաշի սեղան կը դնէր, կրակոցի ձայներ էին լսուել:

Ամուսինը՝ Արսէն Ամիրշատեանը, 6-ամսական որդուն՝ Աշոտին էր քնեցրել ու կողքին պառկել: Նա էլ էր լսել կրակոցի ձայներն ու կնոջը կանչել, որ երեխայի մօտ մնայ, ինքը դուրս գայ տնից, հասկանայ, թէ ինչ է կատարւում: «Ասեցի՝ Արս, էս կռիւ ա սկսուե՞լ։ Ասեց՝ կարող ա Օգոստոսի նման ա, սաղ լաւ կը լինի, մի մտածի: Ու էլի խփում էին: Էրեխէքին ասեցի՝ գնացէք սենեակ, էդ պահին մենակ էդ էի կարողանում ասել։ Ամուսինս դուրս եկաւ, տեսաւ, որ իրօք կռիւ ա, կրակում են։ Ասեց՝ մտէք բաղնիք, որ յանկարծ ձեզ բան չլինի: Ասեցի՝ մի գնայ, մնայ, որ էրեխէքին հանելու լինեմ, միասին հանենք։ Ամուսինս ասեց՝ ո՞ւր հանենք, քո մտածելով որտե՞ղ պիտի հանենք, եթէ տեղ չկայ հանելու. Գորիսը՝ փակ, Ստեփանակերտը՝ փակ», յիշում է 26-ամեայ Մարիամ Ասրեանը:

Բաղնիքում ծածկոցը փռել էր գետնին, որ երեխաները չմրսեն, ու նրանց տեղաւորել այնտեղ՝ 8-ամեայ Սաթենին, 6-ամեայ Սվետլանային, 4-ամեայ Սուսաննային, 3-ամեայ Դանիէլին ու 6 ամսական Աշոտին: Երեխաները վախեցել էին ձայներից: Մայրն անընդհատ հանգստացնում էր նրանց, որ դրսում «ընդամէնը խաղում են»:

Այդ երեկոյ Արսէնի՝ դիրքեր բարձրանալու հերթափոխն էր: Նա աշխարհազօրային էր եւ մասնակցում էր գիւղի ինքնապաշտպանութեանը: Բայց այդ օրը հերթափոխն աւելի շուտ եղաւ: Արսէնը բակից արագ տուն էր վերադարձել, երեխաներին գրկել ու տարել գիւղի ապաստարան: Գիւղացիներն արդէն հաւաքուել էին այդտեղ: Երբ ներս էին մտել, բոլորը լացում էին: Մարիամն ասում է՝ անընդհատ խփում էին գիւղին: Արսէնին խնդրել էր, որ ինքն արագ տուն գնայ ու հագուստը փոխի, բայց իրականում գնացել էր՝ թխած հացն ու բակի խաղողից պատրաստած կոմպոտը բերելու:

Փոքր ապաստարանը լցուած էր լացող մարդկանցով: Տօթ էր, շնչելու օդ գրեթէ չկար: 6-ամսական Աշոտն անհանգիստ էր, անընդհատ լացում էր, բայց չէին կարող ապաստարանից դուրս բերել: 3 տարի առաջ այդ իրավիճակում եղբայրն էր՝ Դանիէլը, որը ծնուել է 2020-ի Սեպտեմբերի 1-ին:

Մինչեւ երեկոյեան ժամը 8-ը կրակոցները չէին լռում: Յետոյ իրավիճակը հանդարտուել էր: Մարիամն ասում է՝ մտածում էին, թէ գիւղի բարձունքը՝ Սարիբաբ լեռն են հայկական ուժերը կորցրել, բայց չէին պատկերացնում, որ «Արցախն են տուել»:

Ծածկոցները, լապտերները թողել էին ապաստարանում ու վերադարձել տներ: Մարիամը երեխաներին շորերով պառկեցրել էր քնելու: Գիշերը ժամը 1-ին գիւղապետը զանգել էր Արսէնին ու ասել, որ դուրս գայ, իջնելու են ներքեւ: Սկզբից մտածել էին, թէ խօսքը միայն տղամարդկանց մասին է, բայց յետոյ ճշդել էին, որ կանանց ու երեխաներին տարհանում են: Այդ պահին Մարիամը միայն փաստաթղթերն էր վերցրել ու դուրս եկել: Գնացել էին գիւղապետի տան բակ, որտեղ կրակոցի հետքեր կային: «ՈւԱԶ» մեքենայով Արսէնը, Մարիամն ու երեխաները գիւղի կանանց ու երեխաներին էին գնացել վերցրել: Ճանապարհին կրակում էին: Արսէնը կանգ չէր առնում, արագ վարում էր մեքենան:

«Մեզ հասցրեց ռուսի բազա: Էդ տեղին Տասը Վերստ ենք ասում: Էրեխէքին քնացրեցի, դուրս եկայ Արսէնի հետեւից, ասեցին՝ գիւղ ա գնացել: Ուզում էի լացէի, բայց ասեցի՝ չեմ լացելու, գիտեմ, որ առաւօտ գալու է, տուն գնանք», պատմում է 26-ամեայ արցախցի կինը: Այդ գիշերն անցկացրել են Տասը Վերստ գիւղի տարածքում: Մարիամն ասում է՝ դրա ուղղութեամբ էլ էին կրակում: Եղցահողցիները մնացել էին վրանների մէջ, որտեղ ցուրտ էր: Յաջորդ օրը նրանց տեղափոխել էին Հակարիի կամրջի մօտ գտնուող ՌԴ խաղաղապահների բազա: Այստեղ պայմանները մի քիչ լաւ էին՝ տաք ջուր կար, ու տեղն էր տաք: «Մեր գիւղապետն ու ռուսի կոմանդիրը որոշեցին, որ տանեն էդտեղ: Սննդի խնդիր կար, որովհետեւ շատ-շատ էինք։ Ամուսինները գնացին գիւղ, մտել են տներով, ում ինչ սնունդ ունէր, ուղարկել են», նկատում է մեր զրուցակիցը:

Սեպտեմբերի 24-ի կէսօրին Մարիամն ամուսնու եւ երեխաների հետ անցել են Հայաստան: Այժմ ժամանակաւորապէս բնակւում են ամուսնու ծնողների տանը՝ Հրազդանի Ջրառատ գիւղում: Այստեղ մէկ յարկի տակ ապրում է 15 հոգի: Արսէնի ծնողները Արցախի վերաբնակներից էին, սակայն 2020 թ. պատերազմից յետոյ մնացել են Հայաստանում: Տունը գերմանահայ բարերարներից մէկի նուէրն է:

Այժմ Մարիամի ու Արսէնի ընտանիքը տուն է փնտռում Հրազդան քաղաքի շրջակայքում:

Արցախից բռնի տեղահանուելու մինչեւ վերջին պահը Մարիամը մտածում էր, որ դարձեալ յետ են գնալու: Արցախից մնացած միակ յուշն այն խաչն է, որ գնել էր Ստեփանակերտից: Դա էլ պատահաբար էր մնացել գրպանում:

«Մինչեւ դուրս գալը ռուսի պոստի մօտ նստել էինք գետնին, ասում էի՝ Արս, էնքանով որ մի բուռ հող վերցնեմ էստեղից: Արսէնն ասեց՝ ինչի՞, որ տանջուե՞նք։ Հողը վերցնես աւելի տանջանք է, վերցնես, նայենք, ձեռք տանք, յիշենք, որ մերն ա, կորցրել ենք», յիշում է Մարիամը:

Մեր զրոյցի պահին երեխաներն անընդհատ ներսուդուրս են անում, երբեմն հետեւում տեսախցիկի աշխատանքին ու մօր յուզուած ձայնին:

Մարիամն ասում է, որ երբ դուրս էին գալիս, ամուսինն ասել էր՝ «Մար, բա մեր գիւղը, մեր տունը»: Հիմա այդ հարցն ինքն է իրեն տալիս: «Ես դեռ իմ տան մէջ եմ։ Ամէն մի անկիւնը, ամէն մի անցկացրած րոպէն», ասում է նա:

Մարիամը Եղցահողի դպրոցի տնտեսվարն էր: Այս Սեպտեմբերին դպրոցում 12 աշակերտ կար, որից երկուսն իր դուստրերն էին:

Թախտին իրար կողքի նստում են Սաթենը, Սվետիկը, Սուսիկը, Դանին: Արցախից դուրս գալուց յետոյ ամենափոքրը՝ Աշոտը, կորցրել է հանգստութիւնը: Մայրն ասում է՝ իր իմացած երեխան չէ, կարծես, լրիւ փոխուել է, անընդհատ լացում է, երկար չի քնում:

Մարիամը նկատում է, որ երեխաներից ամէն մէկին տանը մի անուն են տուել՝ Սաթենն իրենց կարմիր ծաղիկն է, Սվետիկը՝ պանդան, Սուսիկը՝ արջը, Դանին՝ թագաւորը:

– Մենք ապրում էինք մեր տանը։ Եղցահողի դպրոց էինք գնում: Սվետիկը մենակ էր դասարանում, իսկ իմ դասարանում ես ու մի աղջիկ էինք՝ Զոյկան,- ասում է Սաթենը:

– Բայց Զոյկան քաչալ էր,- շարունակում է Սվետիկը:

– Խաբում ա, քաչալ էր, բայց աղջիկ ա,- պատասխանում է Սաթենը:

Յետոյ պատմում են իրենց երեք կատուների մասին, որոնք չունէին անուններ: Նաեւ կով, խոզ, հաւ, ճագար էին պահում:

– Ի՞նչն էք ամենաշատը կարօտում,- հարցնում եմ երեխաներին: Ու անսպասելի, երկար լռութիւն է: Նրանց զուարթութիւնը, կարծես, մի քանի վայրկեանում վերափոխւում է:

– Մեր տունը, մեր կովերը մնացել են էնտեղ, բայց մենք չենք գնալու էլ,- պատասխանում է Սաթենն ու աչքերը լցնում:

-Իսկ ի՞նչ գիտես, ո՞վ ա ասել, որ էլ չէք գնալու:

-Էնտեղ էլի ա կռիւ սկսելու, դրա համար էլ չենք գնալու։ Ոչ մի անգամ չենք գնալու,- ձայնը նուաղում է,- որովհետեւ մեր տունը սաղ թուրքերը վերցրել են։

Մարիամը պատմում է Սեպտեմբերի 19-ի երազի մասին, ինչի պատճառով աշխատանքի չէր գնացել: Երազում տեսել էր, թէ ապաստարանում են, որտեղ անծանօթ տղամարդիկ՝ զէնքերը ձեռքին, դուռը բացել էին ու զէնքերը պահել իրենց վրայ: Նրանցից մէկն ատրպէյճաներէն էր խօսում, ասում էր՝ «Ղարաբաղն Ատրպէյճան ա», իսկ կողքինը ռուսերէն էր ասում: «Էդ պահին վեր թռայ, ասեցի՝ Արս, երազ եմ տեսել, բայց չեմ պատմի: Երբ կրակոցները եղան, երազս պատմեցի», յիշում է Մարիամը:

Քիչ անց երեխաները դուրս են գալիս բակ: Սաթենն ասում է՝ ամենաշատը տերեւներով են սիրում խաղալ: Մարիամն Աշոտին գրկած է դուրս գալիս: Կէսօրից յետոյ սառը քամի է բարձրացել Ջրառատում: Այն շատ են նմանեցնում Ասկերանի քամուն:

Արծուիկ Դաւթեան, Մարինէ Մարտիրոսեան

«Հետք»

Comments are closed.