ՀՀ կառավարութիւնը խոչընդոտում է Սփիւռքի լոբբիստական աշխատանքներին

Այսօր ՀՀ կառավարութեան օրակարգը գրեթէ 100%-ով հակասում է սփիւռքեան ուղենիշներին: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման կարծիք է յայտնել Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը:
«Այսօր պետութեան եւ Սփիւռքում քաղաքական գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների միջեւ յարաբերութիւնները չափազանց վատ են, եւ ըստ էութեան, Սփիւռքն առաջնորդւում է իր քաղաքական օրակարգով, քանի որ ՀՀ կառավարութեան ունեցած օրակարգը գրեթէ 100%-ով հակասում է սփիւռքեան ուղենիշներին: Այս պարագայում, մեզանում Սփիւռքի ներուժը հնարաւորինս չի կապիտալիզացւում», ասել է Գէորգ Ղուկասեանը:
Ղուկասեանը, միեւնոյն ժամանակ, ընդգծել է, որ չպէտք է թերագնահատել Սփիւռքի աշխատանքները: Նրա խօսքով՝ բացառութեամբ մէկ-երկու դէպքերի, ՀՀ դեսպանատները Հայ Դատի յանձնախմբերի գրասենեակների գործունէութեանը չեն խոչընդոտում, փոխարէնը, Հայաստանի կառավարութիւնն իր քաղաքական յայտարարութիւնների մակարդակով է նրանց խանգարում:
Ի պատասխան հարցի՝ արդեօ՞ք Սփիւռքում հայկական լոբբինկով զբաղուող կազմակերպութիւնները պէտք է վերաձեւակերպեն իրենց ռազմավարութիւնը, մեթոտները՝ հաշուի առնելով ստեղծուած վիճակը, Ղուկասեանը ասել է, որ Հայ Դատի յանձնախմբերը 2020 թուականի պատերազմից յետոյ արդէն իսկ փոխել են իրենց մօտեցումները, քաղաքական առաջադրանքները եւ սկսել զբաղուել այնպիսի հարցերով, որոնք հայկական լոբբի համար այդ ժամանակ նորութիւն էին:
«Հետպատերազմեան շրջանում մենք առաջ քաշեցինք օրինակ՝ ռազմագերիների վերադարձի ապահովման հարցը, դէոկուպացիայի խնդիրների բարձրաձայնումը, Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ պատժամիջոցների կիրառման նախաձեռնութիւնը եւ Արցախի ժողովրդի ինքորոշման իրաւունքի պաշտպանութեան հարցը միջազգային քաղաքական դիսկուրս վերադարձնելը: Վերջինը մեր պայքարում այժմ առաջին տեղն է զբաղեցնում», շեշտել է Գէորգ Ղուկասեանը:
Alpha News-ի խնդրանքով՝ Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն նաեւ թուարկել է այն երկրների անունները, որտեղ կայ հայկական համայնք, սակայն ՀՀ իշխանութեան աշխատանքի բացակայութեան պատճառով Սփիւռքի ներուժը չի օգտագործւում ու չի ռէալիզացւում՝ ինչպէս հարկն է:
«Աշխատանքներ կան տարուելու Գերմանիայում, որտեղ մեծ է Թուրքիայի ազդեցութիւնը, Իսպանիայում, որը Ատրպէյճանի հետ ունի ռազմաքաղաքական առեւտրային յարաբերութիւններ: Այդ հանգամանքից բացի, Եւրոպական խորհրդարանի սոցիալիստական ֆրակցիայում գերակշռում է իսպանական մասը, ֆրակցիայի ղեկավարը իսպանացի է, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորելը նոյնպէս ազգութեամբ իսպանացի է», նշել է Ղուկասեանը եւ յաւելել, որ Իսպանիան այժմ Եւրոպայի քաղաքական վարքի վրայ մեծ ազդեցութիւն ունեցող պետութիւններից է:
Մանրակրկիտ աշխատանք պէտք է տանել նաեւ Իտալիայի հայկական համայնքի հետ: Նրա գնահատմամբ՝ բաւականին ակտիւ աշխատողներից է Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը: Վերջերս Ատրպէյճանական ֆինանսաւորմամբ բելգիական թերթերը ողողուել էին գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանի նկատմամբ հիւանդագին եւ կեղծ պնդումներով, որոնց յաջորդել են դատական գործընթացներ:
Արցախի եւ Սփիւռքի միջեւ քաղաքական փոխգործակցութեան մակարդակն աւելի բարձր է: Սա գուցէ պայմանաւորուած է հանգամանքով, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռանկիւնում Հայաստանն իր գագաթը յետ է քաշել. տեսակէտ յայտնեց Գէորգ Ղուկասեանը:
Նրա խօսքով, Արցախի ԱԳՆ-ի եւ, առհասարակ, Արցախի քաղաքական շրջանակների հետ Սփիւռքի յարաբերութիւններն անհամեմատ լաւ են, կառուցողական: Արդիւնաւէտ փոխգործակցութեան տեսանելի արդյունքներից մէկը, ըստ Ղուկասեանի, եղել է ամիսներ առաջ տեղի ունեցած «Արցախ» փակ ֆորումի կազմակերպումը: Այն համախմբել է աւելի քան 300 միջազգային գործչի՝ կոնգրեսականների, Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների, որոնք լսել են միմանց ու խելք խելքի տուել, թէ ինչպէս կարող են իրենց նպաստը բերել Արցախի հիմնահարցի հայանպաստ կարգաւորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեանը:
Ռազմավարութեան եւ անվտանգութեան հարցերից ելնելով՝ Ֆորումը բաց է եղել միայն գրանցուած անձանց համար: Տեղեկատուութիւնը տարածուել է միայն ամփոփ հաղորդագրութեամբ: Գէորգ Ղուկասեանն անդրադարձել է նաեւ Զարեհ Սինանեանի գլխաւորած Սփիւռքի գործերի յանձնակատարի գրասենեակի աշխատանքներին եւ համարել, որ դրանք կենսական չեն:
«2018-ին, երբ Սփիւռքի նախարարութիւնը փակուեց, դա արդէն քաղաքական ուղերձ էր, որ ընդհանրապէս, Սփիւռքին վերաբերող հարցերը Հայաստանի հասարակական, պետական քաղաքական կեանքում երկրորդւում են: Դրանով Սփիւռքի հետ յարաբերութիւնների նշաձողն իջեցուեց: Այդ ժամանակ ակնյայտ էր, որ Սփիւռքը այլեւս չի ունենալու այն մեծ դերը, որը նախկինում նրան տրւում էր», ընդգծել է Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն՝ շեշտելով, որ պետութիւնը պէտք է մեծ դերակատարում ունենայ Սփիւռքի համայնքային կեանքի զարգացման աշխարհասփիւռ հայութեան միջեւ յարաբերութիւնների սերտացման գործում, ինչը այսօր չենք տեսնում:
Գէորգ Ղուկասեանի դիտարկմամբ՝ Սփիւռքն այսօր ՀՀ իշխանութիւնից ակնկալում է վերջ տալ պետական այն քաղաքականութեանը, որը ենթադրում է Արցախից հրաժարում եւ Թուրքիային գրկաբաց ընդունում, ինչպէս նաեւ ազգային արժանապատուութեան նուաստացում:
Յիշեցնենք՝ Սփիւռքի նախարարութիւնը ստեղծուել է 2008 թուականին եւ գործել 10-ը տարի: 2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, Փաշինեանի գլխաւորած կառավարութեան որոշմամբ, Սփիւռքի նախարարութիւնը լուծարուել է: Վերջինիս գործառոյթը 2019-ին դրուել է կառավարութեանն առնընթեր Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի վրայ, որը ղեկավարում է ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին ղեկավար Զարեհ Սինանեանը:

 

Comments are closed.