Գեներալ-Գնդապետ Օնիկ Գասպարեանի յայտարարութիւնը
Յարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ`
Լսելով 2020 թուականի Սեպտեմբերի 27-ին սանձազերծուած ռազմական գործողութիւնների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ յանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրութիւնները, նպատակայարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացուած որոշ հարցերին եւ ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:
1. Պատերազմի նախապատրաստման եւ վարման հետ կապուած հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:
2. Վարչապետը պէտք է գնահատի ոչ թէ միայն զինուած ուժերի գործունէութիւնը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունէութիւնը` նշելով դրական եւ բացասական կողմերը, ինչպէս նաեւ անյաջողութիւնների օբիէկտիւ եւ սուբիէկտիւ պատճառները:
3. Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի եւ գործողութիւնների հաւանական բնոյթի ու նրա զինուած ուժերի կարողութիւնների վերաբերեալ ոչ իրատեսական վերլուծութիւնների ներկայացման հանգամանքները, պէտք է նշեմ որ այս թեմային ես որոշակիօրէն անդրադարձել եմ 2020 թուականի Նոյեմբերի 17-ի իմ յայտարարութիւնում, բայց հիմա պահպանելով գաղտնիութեան ռեժիմի պահանջները, կը ներկայացնեմ որոշ հատուածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցութիւններին եւ նիստերին իմ կողմից տրուած զեկոյցներից.
– 2020 թ. Յուլիսի 4-ին, զինուած ուժերի գլխաւոր շտաբում ՀՀ Վարչապետին եւ ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի անդամներին, գլխաւոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչութիւնների պետերի մասնակցութեամբ ներկայացրել եմ զեկոյց, ստեղծուած ռազմաքաղաքական իրավիճակում զօրքերը հակառակորդի հաւանական ագրեսիայի դիմագրաւմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերեալ: Ստեղծուած իրադրութեան բազմակողմանի գնահատման արդիւնքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
ձեռնարկել քաղաքական եւ դիւանագիտական բնոյթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնուազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնաւորապէս՝ յանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարութեանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղուած հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան մասնակից պետութիւնների հետ (յատկապէս՝ ՌԴ հետ) յարաբերութիւնները կտրուկ բարելաւելուն, իսկ տարածաշրջանի միւս պետութիւններին` (Իրան եւ Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպէս նաեւ, օգտագործելով հայկական Սփիւռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ատրպէյճանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն եւ ընդդէմ նրանց ռազմատենչ քաղաքականութեան միջոցառումներ կազմակերպելուն…։
– 2020 թուականի Յուլիսի 10-ին անցկացուած ազգային անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի 2020-2024 թուականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի ընդհանուր առմամբ զինուած ուժերի առջեւ դրուած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ տոլար…:
– 2020 թուականի Օգոստոսի երկրորդ կէսին անցկացուած ազգային անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբաւորման արդիւնաւէտութիւնը գնահատւում է «թոյլ», առկայ ՌԷՊ ուժերով եւ միջոցներով հնարաւոր չէ արդիւնաւէտ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թոյլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդիւնաւէտ հետախուզման, օպերատիւ ղեկավարման ու տեղեկութիւնների հաղորդման հնարաւորութիւնները: ՀՀ զինուած ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաեւ առկայ անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դէմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, ի հարկէ, ներառուած են ՍՌՏ 2020-2024 թուականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, եւ դրանց ձեռքբերման հնարաւորութիւնները նուազագոյն են, քանի որ բիւջէով հնարաւոր չէ լուծել: Բայց եւ անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածութիւններում եւ ժամանակահատուածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական եւ հարուածային ԱԹՍ-ներ:
Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, յստակեցնել ընկերութիւնների արտադրողական հնարաւորութիւնները, ներկայումս առկայ հետախուզական, հարուածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինուած ուժերին տրամադրելու հնարաւոր ժամկէտները:
ՍՌՏ 2020-2024 թուականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպէսզի ունենանք սեփական հետախուզութեան եւ կապի կազմակերպման արբանեակ գէոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզութեան եւ կապի կազմակերպման արբանեակ: Վարձակալման դէպքում գումարը կը կազմի… դրամ, իսկ ձեռքբերման դէպքում՝… դրամ:
Վերջին երկու տարուայ ընթացքում 100%-ով լուծուել է պաշտպանութեան բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիւ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղութիւններում: Միաժամանակ առկայ են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ:
Խնդիրներ ունենք նաեւ ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնաւորապէս…:
Կարեւոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինուած ուժերում շահագործուող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով եւ տեխնիկական վիճակով չեն բաւարարում ժամանակակից մարտի պահանջներին, առաւել եւս գիշերային պայմաններում մարտ վարելուն…:
Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղութիւններով կենտրոնացնելու, զօրքերի կիրառման շրջաններին հնարաւորինս մօտեցնելու եւ հակառակորդի հաւանական հարուածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինուած ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնեայ (թունելային տիպի) պահեստներ…:
Իրային գոյքի պաշարները չեն ապահովում մարտական գործողութիւնների վարման սահմանուած պահանջարկը (զօրահամալրուող անձնակազմ, նոր կազմաւորուող զօրամասեր, օպերատիւ եւ զօրային պաշարներ…:
Բժշկական ապահովման կարեւորագոյն խնդիր է վիրաւորներին՝ մարտի դաշտից տարհանման եւ մասնագիտացուած բուժօգնութեան ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բաւարարել լայնածաւալ ռազմական գործողութիւնների պահանջները…:
Իմ զեկոյցում սահմանափակուել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթութիւնների:
2020 թուականի յուլիսեան գործողութիւններից յետոյ վարչապետը իսկապէս հարցրել է ինձ թէ ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինուած ուժերի կարիքները ձեւակերպուած եւ ամրագրուած են 2018-2024 թուականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառուած է ՍՌՏ 2020-2024 թուականների զարգացման պետական ծրագրի նախագծում եւ ըստ էութեան անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքաւորուած է: Սակայն պէտք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամէնը երկու ամիս եւ գործնականում հարցը չէր կարող լուծուել:
Բացի այս զեկոյցներից, գլխաւոր շտաբի պետի պաշտօնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ յարաբերութիւնները կտրուկ բարելաւելու համար` ներկայացնելով յստակ գործողութիւնների յաջորդականութիւնը: Ի դէպ, առաջարկները նրա կողմից ընդունուեցին, եւ մենք սկսեցինք իրագործել պլանաւորած միջոցառումները, սակայն մինչեւ պատերազմի սկիզբը լուրջ յաջողութիւնների չհասանք:
4. Ինչ վերաբերւում է պատերազմից առաջ անվտանգութեան խորհրդի նիստում իմ կողմից զեկուցուած «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանութիւնը կազմակերպելու հարցին, ապա պէտք է հաշուի առնենք որ անվտանգութեան խորհրդին ներկայացուած իւրաքանչիւր զեկոյց նախապատրաստուել է տուեալ նիստի օրակարգի հարցերին համահունչ եւ չի կարող բովանդակային առումով արտայայտել անվտանգութեան համակարգի հիմնախնդիրներին վերաբերուող բոլոր հարցերը: Օբիէկտիւ եզրայանգումներ անելու համար պէտք է ուսումնասիրել տարբեր ձեւաչափի քննարկումների ընթացքում ներկայացուած զեկոյցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնաւորապէս իմ զեկոյցում նշել եմ որ ըստ կատարուած օպերատիւ-մարտավարական հաշուարկների արեւելեան եւ հիւսիս-արեւելեան օպերացիոն ուղղութիւններում ուժերի եւ միջոցների յարաբերակցութիւնը առանց Թուրքիայի գործօնի հաշուառման հնարաւորութիւն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…: Դա ենթադրում է դիրքային պաշտպանութեան կիրառում, երբ տարածքի կորուստը համարւում է անթոյլատրելի եւ տեղանքի տեղամասերը եւ կարեւոր օբիէկտները պահւում են ջանքերի առաւելագոյն լարումով` պատճառելով հակառակորդին առաւելագոյն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկէտ, քանի որ զօրքերի կարողութիւնները սահմանափակւում են կրակային խոցման միջոցների, հրթիռների եւ զինամթերքի ու նիւթատեխնիկական այլ պաշարների առկայութեամբ:
Իսկ միւս օպերացիոն ուղղութիւններում հակառակորդը ունէր ուժերի եւ միջոցների բացարձակ առաւելութիւն եւ այդ պայմաններում լուրջ դիմադրութեան հնարաւորութիւն, նոյնիսկ զօրաշարժային պաշտպանութեան կիրառման համար մենք չունէինք:
Կատարելու ենք մարտական խնդիրը մինչեւ վերջ` չի նշանակում մինչեւ յաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռուելու ենք ջանքերի գերլարումով, մինչեւ վերջին հնարաւորութիւնը:
Ոչ իրատեսական գնահատական պետութեան ղեկավարութեանը երբեք չեմ ներկայացրել:
5. 2020 թ. նախապատերազմական եռամսեայ ժամանակաշրջանում`(Սկսած 2020 թուականի Յունիսի 8-ից` իմ պաշտօնավարման օրուանից) իրականացուել են բազմաթիւ պլանային եւ արտապլանային միջոցառումներ զօրքերի կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման կէտերի պաշտպանուածութեան աստիճանի բարձրացման, կառավարման մարմինների գործնական ունակութիւնների կատարելագործման, տարբեր օղակներում տեղեկատուութեան փոխանակման ժամանակացոյցերի կրճատման, ստեղծուած իրավիճակներում ուժերի եւ միջոցների կիրառմամբ՝ արագ արձագանգման ու զօրքերի մարտունակութեան բարձրացման ուղղութեամբ։ Բոլոր միջոցառումների վերաբերեալ սահմանուած ժամկէտներում զեկոյցներ եմ ներկայացրել վարչապետին:
Պէտք է նաեւ նշեմ, որ պատերազմի նախապատրաստման եւ վարման հետ կապուած հարցերի վերաբերեալ փաստարկուած վերլուծութիւնը մանրամասն ներկայացրել եմ եւ քննչական մարմիններում եւ ԱԺ քննիչ յանձնաժողովում:
6. Քննիչ յանձնաժողովին ներկայացրել եմ պաշտպանութեան հետ կապուած համակարգային թուով 11 հիմնախնդիրներ, որոնք պատճառ դարձան 2020 թ.-ի 44-օրեայ պատերազմում գրանցած անյաջողութիւնների համար, այդ թուում՝ Շուշիի ուղղութեամբ վարած մարտական գործողութիւնների մասով եւ մի քանի առանցքային գործօն: Ներկայացնեմ միայն պատերազմի ելքի վրայ ազդած հիմնական գործօնները.
1) աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չեզոքութիւնը եւ անտարբերութիւնը, ու ըստ էութեան ագրեսիայի արդարացումը եւ դրա արդիւնքում Հայաստանի Հանրապետութեանը քաղաքական աջակցութեան եւ ռազմական օգնութեան ցուցաբերման ձեւական մօտեցումները,
2) հակառակորդի քանակական եւ որակական բացարձակ գերակայութիւնը, այդ թուում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինութիւնում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը,
3) մեզ չյաջողուեց իրականացնել զինուած ուժերի 2018-2024 թուականների արդիականացման ծրագրով նախատեսուած միջոցառումները եւ սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետեւանքով զինուած ուժերի ռազմական հզօրութիւնը չհասցրեցինք բերել պլանաւորուած մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսուեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում:
7. Պէտք է նշեմ, որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, եւ նրա գործունէութեան արդիւնաւէտութիւնն անմիջականօրէն կախուած է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք, որ զինուած ուժերը վարում են ռազմական գործողութիւնները, իսկ պատերազմը վարում է պետութիւնը):
Պաշտպանութեան ոլորտում իրականացուած գործունէութեան ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից թոյլ տրուեցին մի շարք բացթողումներ, որոնք զգալիօրէն ազդեցին ռազմական գործողութիւնների արդիւնաւէտութեան վրայ, մասնավորապէս.
– Ռազմական դրութեան իրաւական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու եւ իրականացնելու հետեւանքով մեր ազգաբնակչութիւնը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները եւ արգելափակում ՀՀ տարածքում տեղակայուած զօրամասերի տեղաշարժը դէպի մարտական գործողութիւնների շրջաններ.
– Ռազմական յանցագործութիւնների դէմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձեւաւորուեց անպատժելիութեան մթնոլոլտ, որի հետեւանքով մարտական գործողութիւնների շրջաններից զանգուածային փախուստի դէպքեր արձանագրուեցին, ինչը զգալիօրէն ազդեց պաշտպանական համակարգի կայունութեան վրայ.
– Դիւանագիտական թոյլ աշխատանքի հետեւանքով շրջափակման մէջ յայտնուելու պայմաններում, ոչ արդիւնաւէտ կազմակերպուեց զինուած ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով եւ զինամթերքով անխափան ու կանոնաւոր ապահովումները, ինչի հետեւանքով լիարժէք հնարաւորութիւն չտուեց հրթիռների եւ զինամթերքի ծախսը, ինչպէս նաեւ սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար.
– Համացանցից օգտուելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին յաջողուեց բարձր արդիւնաւէտութեամբ իրականացնել հոգեբանական օպերացիա եւ ազդել ՀՀ եւ Արցախի ազգաբնակչութեան բարոյահոգեբանական վիճակի վրայ` թուլացնելով դիմադրութիւն ցուցաբերելու կամքը.
– Անպատասխանատու մօտեցման հետեւանքով ձախողուեց մարտական գործողութիւններին մասնաւոր ռազմական կազմակերպութիւնների եւ այլ երկրներից կամաւորականների մասնակցելու նախաձեռնութիւնը:
Ընդ որում, սկզբնական շրջանում խոչընդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների յատկացման առումով, իսկ 2020 թուականի Հոկտեմբերի 27-ին, Վարձկանների հաւաքագրման, օգտագործման, ֆինանսաւորման եւ ուսուցման դէմ, միջազգային կոնվենցիան վաւերացնելու մասին ՀՀ օրէնքի ընդունումով վերջնականապէս տապալուեց բաւականին մեծ թուով կամաւորականների` պատերազմին ներգրաւելու գործընթացը.
– Քաղաքական եւ դիւանագիտական բաւականաչափ ջանքեր չգործադրուեցին պատերազմը ՀՀ-ի եւ Արցախի համար առաւել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար:
8. Պարզաբանելով հրամանատարական կազմի կողմից թոյլ տրուած թերութիւնների ու բացթողումների վերաբերեալ մեղադրանքների հանգամանքները, պէտք է նշեմ.
Պատերազմների պատմութիւնում գոյութիւն չունի որեւէ արձանագրուած փաստ, որի համաձայն այս կամ այն զօրահրամանատարները եւ հրամանատարները զօրքերի կառավարումն իրականացրած լինեն անթերի: Պատերազմի ընթացքում բարդագոյն իրավիճակում, ըստ իմ գնահատման, հրամանատարները կատարել են առաւելագոյն հնարաւորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար:
Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում իւրաքանչիւր օղակի հրամանատարի գործունէութեանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի եւ ելքի վրայ յստակ ազդեցութիւն ունեցած գործօնները, մասնաւորապէս՝ հակամարտող կողմերի ուժերի եւ միջոցների քանակական եւ որակական յարաբերակցութիւնը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարաւորութիւնները, սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի, այլ նիւթական միջոցների ծախսի եւ կորուստների վերականգնման հնարաւորութիւնները, նորմատիւ-իրաւական բազայի համապատասխանութիւնը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զօրքերի գործողութիւններին աջակցելու եւ խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանութիւնը պատերազմի վարման ընթացքում իրադրութեան փոփոխութիւններին օպերատիւօրէն արձագանգելու առումով եւ այլն:
Վերջիվերջոյ պէտք է հասկանալ՝ կարող էր հրամանատարը տուեալ պայմաններում խնդիրը կատարել, թէ ոչ: Ու շատ կարեւոր է օբիէկտիւօրէն պարզել եւ յստակ տարանջատել թերութիւն եւ յանցանք հասկացութիւնները: Իրաւական ոչ օբիէկտիւ գնահատականները ճակատագրական նշանակութիւն են ունենալու մեր զինուած ուժերի թէ գործող եւ թէ ապագայ հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախուած լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մօտեցում ցուցաբերող հրամանատարներ կ’ունենանք թէ ոչ:
9. Պարզաբանելով Արցախի նախագահի եւ իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկութիւններ ներկայացնելու հանգամանքները պէտք է նշեմ, որ իւրաքանչիւր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատուութեան շրջանառութիւնը, իսկ մեր դէպքում իրականութիւնը հետեւեալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատուութեան աղբիւրներ, ինչպէս նաեւ Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դէպքերում աւելի շուտ էր իրազեկւում իրադրութեան վերաբերեալ եւ ըստ էութեան ստեղծուել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից եւ նախագահը եւ տարբեր պաշտօնեաներ ու այլ անհասկանալի լիազօրութիւններով օժտուած անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկութիւններ, շրջանցելով ՊԲ հրամանատարութեանը: Դա յաճախ առաջացնում էր խառնաշփոթ եւ պահանջւում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրութիւնն օբիէկտիւ գնահատելու համար: Ի դէպ, ես բացատրեցի վարչապետին որ նման կարգով աշխատանքը նուազեցնում է զօրքերի կառավարման արդիւնաւէտութիւնը եւ առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնուող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատուութիւնը հաւաքել ՊԲ շտաբում: Դա անհրաժեշտ էր իրադրութեանն օպերատիւօրէն արձագանգելու տեսակէտից, այսինքն ցանկացած տեղեկատուութիւն առաջնահերթ պէտք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծուած իրադրութեանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախւում էինք հակասական տուեալների ստացման երեւոյթին:
10. Ամէն դէպքում զինուած ուժերը իրենց թերութիւններով ու բացթողումներով հանդերձ 44 օր մարտնչեցին բազմակի անգամ գերազանցող թշնամու դէմ եւ պատճառելով նրան մեծաթիւ կորուստներ, ընձեռում էին իշխանութիւններին հնարաւորութիւն` քաղաքական որոշումներ կայացնելու համար:
11. Ինչ վերաբերւում է 2021 թուականի Փետրուարի 25-ին գլխաւոր շտաբի յայտարարութեանը, ապա ամենայն պատասխանատուութեամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ՝ գնահատելով տարածաշրջանում ստեղծուած ռազմաքաղաքական իրադրութիւնը: Իմ կայացրած որոշումները որեւէ այլ պետութեան պաշտօնական կամ ոչ պաշտօնական շրջանակների, ինչպէս նաեւ ներքաղաքական ուժերի հետ առնչութիւն չեն ունեցել: Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը,որ ոչ մի պաշտօնատար անձի վրայ իմ կողմից ճնշում չի գործադրուել:
Comments are closed.