Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը*

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ

 Նախաբան

Հայոց ցեղասպանութեան նշանաւոր ուսումնասիրող Վահագն Տատրեանի (1926(1), մայիսի 26 – 2019, Օգոստոսի 7) կեանքն ու գիտական գործունէութիւնն առանց վարանելու կարելի է բնութագրել որպէս իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում։ Տատրեանը, մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով եւ գիտական նոր տեսութիւնների ու համեմատական ցեղասապանգիտութեան հենքի վրայ այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։

Ուստի այսօր չափազանց կարեւոր է Տատրեանի գիտական ժառանգութեան վերաարժեւորումը, յատկապէս, երբ Հայաստանն ու Արցախը կրկին յայտնուել են հայ ժողովրդի գոյութեան եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը վտանգող թուրք-ադրբեջանական ծաւալապաշտական նկրտումների յանդիման։ Վ. Տատրեանի աշխատութիւնները հիմնարար գիտական լինելուց բացի՝ ունեն քաղաքագիտական արժէք։ Ցեղասպանագէտը, առաջին անգամ շրջանառութեան մէջ դնելով յոյժ կարեւոր վաւերագրեր, փաստական այդ նիւթերը քննել է միջազգային իրաւունքի, քրէագիտութեան, հասարակագիտութեան եւ ոճրագիտութեան տեսանկիւնից՝ միաժամանակ ստեղծելով Հայոց ցեղասպանութիւնը գիտականօրէն բնութագրող եզրոյթներ ու սահմանումներ։ Վ. Տատրեանի՝ գիտական նոր մեթոտաբանութեամբ արուած ուսումնասիրութիւններն ամրագրում են Հայոց ցեղասպանութեան կանխամտածուած լինելու իրողութիւնը։ Մեծ ցեղասպանագէտի ուսումնասիրութիւնները ներկայացնում են հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական ժամանակաշրջանի՝ կնճռոտ ու դեռեւս արդար հատուցում չստացած հարցերը, որոնց ուղղակի հետեւանքն է Հայաստանի Հանապետութեան ներկայիս բարդ իրավիճակը եւ Արցախի մեծագոյն մասի կորուստը։

Էջեր Վահագն Տատրեանի կենսագրութիւնից

Յակոբ Տատրեանը մօր, առաջին կնոջ և զաւակների՝ Աբրահամ Վահէի ու Ատրինէի (ախոռապանի գրկում) հետ, Չորում:

Տատրեան ընտանիքը սերում է Կեսարիայի գաւառի Գերմիր (Կարմիր) գիւղաքաղաքից(2)։ Հետագայում տեղափոխուել է Սեբաստիայի նահանգի Չորում գիւղաքաղաք, որտեղ ապրում էին մեծ թուով հայեր։ Տատրեաններն այնտեղ յայտնի էին որպէս ազգասէր տոհմ։ Գերդաստանի մեծ հօր՝ Աբրահամ էֆենդու բարերարութեամբ կառուցուել է քաղաքի եկեղեցին, իսկ որդին՝ Վ. Տատրեանի հայրը՝ Յակոբը, հիմնել է քաղաքի դպրոցի շէնքը։ Նրանց առանձնատունը հիւրատեղի է եղել քաղաքի ե՛ւ հարուստների, ե՛ւ աղքատների համար։ Ինչպէս գրում է Վ. Տատրեանի աւագ քոյրը՝ Ատրինէն՝ «Հայրս ալ կրկնած էր, թէ Չորումի մեր տունը բնաւ չէր գոցուեր։ Հոնկէ ներս կը մտնէին անօթիներ, տաք կերակուր մը գտնելու եւ որեւէ գործի առթիւ խնդրագիրներ գրել տալու համար»(3)։ Յակոբ Տատրեանը, աւարտելով Մարզուանի Ամերիկեան քոլեջը, Չորումում աշխատել է որպէս փաստաբան, զբաղուել է առեւտրական գործերով, ինչպէս նաեւ ճանաչուած էր թուրք քաղաքական գործիչների շրջանակում։

Հայոց ցեղասպանութեան ընթացքում Տատրեան ընտանիքը, անցնելով բռնագաղթի ճանապարհը, հաստատւում է Դամասկոսից հարաւ՝ Յորդանանի խորքերում գտնուող չերքեզական Ջերեշ գիւղաքաղաքում(4)։ Տարագրութեան ճանապարհին՝ Հալէպում, մահանում է Յակոբի կինը՝ Հայկանուշը(5), եւ նա իր մօր, երեք զաւակների՝ աւագ որդու՝ Աբրահամ Վահէի, դստեր՝ Ատրինէի եւ փոքր որդու՝ Բիւզանդի հետ հանգրուանում է Ջերեշում։ Տեղի քաղաքապետարանում Յակոբը պաշտօն է ստանում եւ շնորհիւ իր կապերի՝ կարողանում է Չորումից բաւական հայ ընտանիքներ, այդ թւում՝ ազգականներին տեղափոխել Ջերեշ։ Հետագայում նա իր ընտանիքով անցնում է Կ. Պոլիս՝ Բաքըրգիւղ (Բաքըրքէոյ, նախկինում՝ Մաքրի գիւղ), իսկ այնուհետեւ՝ հաստատւում Քադըգիւղում (Քադըքէոյ)։ Հ. Տատրեանն ամուսնանում է երկրորդ անգամ՝ իր ծանօթ քահանայի աղջկայ՝ Մայրենիի հետ։ Այդ միութիւնից ծնւում են Վահագն Նորայր Տատրեանը եւ քոյրը՝ Մելինէն(6)։ Վ. Տատրեանը մանուկ հասակում կորցնում է մօրը։ Հիւանդութեան պատճառով մահանում է նաեւ հայրը։ Ստիպուած Վահագնին եւ Մելինէին ուղարկում են Սկիւտառի գիշերօթիկ դպրոց(7)։

Վ. Տատրեանը նախնական կրթութիւն է ստանում Կ. Պոլսի Սկիւտառի Ներսէսեան-Երմոնեան վարժարանում, որից յետոյ վեց տարի սովորում է Բանկալթիի Վիէննական Մխիթարեան կրթահամալիրում(8), ապա՝ ընդունւում Սթանպուլի համալսարան(9)։ Արժանանալով Ալեքսանդր ֆոն Հումբոլդի կրթաթոշակին՝ նա իր ուսումը յաջորդաբար շարունակում է Պերլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիէննայի համալսարանի պատմութեան եւ Ցիւրիխի համալսարանի միջազգային իրաւունքի ֆակուլտետներում(10)։ Այդ տարիներից ուրուագծւում է ապագայ գիտնականի հետաքրքրութիւնների շրջանակը։

Ինչպէս հետագայում գրում է Տատրեանը, «Ես պատկանում եմ հայերի այն սերնդին, ովքեր ծնուել են Սթանպուլում՝ Թուրքիայում, եւ մեծացել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութիւնից յետոյ։ Ինչպէս իմ սերնդակիցներից շատերի, այնպէս էլ իմ կեանքի վրայ եւս զգացուել է ցեղասպանութեան աւերածութիւնների հետեւանքները։ Ի յաւելումն ընտանքիս մի քանի անդամների՝ հիմնականում իմ հօրական եւ մօրական տատիկի կորստին, ես ստիպուած էի դիմանալ այդ տրամայի պատճառով ի յայտ եկած այն անողոք տառապանքին, որը կրեցին իմ ողջ մնացած ընտանիքի անդամները, մինչեւ իրենց կեանքի վերջը»։ եւ ողբերգութիւնն ու նրա զոհերն էին, ինչպէս գրում է Տատրեանը, որ իրեն մղեցին գիտական որոնումների(11)։

Նրա մասնագիտական վերջնական կողմնորոշման համար շրջադարձային է եղել աւստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելի(12) «Մուսա լերան քառասուն օրը»(13) վէպի ընթերցումը. «Ես միշտ հետաքրքրուել եմ մաթեմատիկայով, ինչպէս նաեւ փիլիսոփայութեամբ, մասնաւորապէս՝ իմացաբանութեան հետ նրա առնչակցութեամբ, բայց Վիէննայի համալսարանի իմ դասախօսներից մէկի՝ պրոֆ. Ֆրիդրիխ Կայնցի հետ շփուելու ընձեռնուած հնարաւորութեան դիպուածը փոխեց ամէն ինչ։

Վահագն Տատրեանն աւագ քրոջ՝ Ատրինէի և կրտսեր քրոջ՝ Մելինէի հետ:

Իմանալով, որ ես հայ եմ, նա յորդորեց, որ կարդամ իր համադասարանցու՝ Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրը» վէպը։ Վերֆելը Կայնցին խոստովանել էր, որ այդ վէպը գրելու գլխաւոր դրդապատճառը գեղարուեստական միջոցներով ամբողջ աշխարհին հայերի զանգուածային ոչնչացման ներկայացումն էր, որը հրեաներին ուղղուած չարագոյժ կանխագուշակում էր։ Այդ գրքի ուժը, չնայած նրա մռայլ, նոյնիսկ ողբերգական էութեանը, իմ երիտասարդ մտքի վրայ գործեց երբեւէ չթուլացող ազդեցութիւն։ Երկու հատորներում ներկայացուած անհամաչափ յարաբերակցութիւնն այնպիսի երեւոյթների, ինչպիսիք են՝ մի կողմից մարդկային բարեպաշտութիւնը վշտի ու տառապանքի պահին, այդ տառապանքը կրելու ունակութիւնն ու հերոսականութիւնը եւ միւս կողմից՝ համատարած անհաւասարութիւնը, անտանելի դաժանութիւնը, որն է՛լ աւելի էր խորանում մնացեալ աշխարհի ան-

տարբերութեան արդիւնքում, ի վերջոյ, ստիպեցին ինձ վերաուղղորդել սեփական հետաքրքրութիւնն ու կենտրոնանալ հետազօտութեան նոր բնագաւառի, այն է՝ իշխանութեամբ օժտուած յանցագործ խմբաւորման կողմից խոցելի հաւաքականութիւնը նահատակութեան ենթարկելու հիմնահարցի վրայ»(14)։

Տատրեանն անձնական զրոյցներում նշել է, որ իր համար բեկումնային է եղել նաեւ տրապիզոնցի Լեւոն-Զաւէն Սուրմէլեանի «Ձեզ եմ դիմում տիկիններ եւ պարոններ» ինքնակենսագրական վէպը(15), որում հեղինակը պատմում է Տրապիզոնում անցկացրած մանկութիւնն ու 1915 թ. Հայոց ցեղասպանութիւնը տասնամեայ ականատեսի աչքերով։

1951 թ. տեղափոխուելով ԱՄՆ՝ Դետրոյթի Ուէյնի համալսարան, Տատրեանը մասնակցում է հասարակագիտութեան դասերին եւ ստանում մագիստրոսի աստիճան, իսկ 1954 թ. Չիկագոյի համալսարանում՝ դոկտորի աստիճան(16)։ 1956 թ. նա դասախօսական աշխատանքի է անցնում Այդահոյի համալսարանում(17)։ Այնուհետեւ հասարակագիտութիւն է դասախօսում Բոստոն քոլեջում (համալսարան)(18)՝ զուգահեռ աշխատակցելով «Հայրենիք» օրաթերթին(19)։ Տատրեանը շուրջ քսան տարի ամերիկյան մի շարք համալսարաններում դասաւանդել է հասարակագիտութիւն, սոցիալ-հոգեբանութիւն, քրէագիտութիւն եւ այլ առարկաներ, որպէս աւագ գիտաշխատող պաշտօնավարել է Հարվարդի համալսարանի Միջին Արեւելքի ուսումնագիտական եւ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Միջազգային ուսումնասիրութիւնների կենտրոններում, Դիւքի համալսարանում՝ որպէս հրաւիրեալ դասախօս(20):

Վահագն Տատրեանը երիտասարդ տարիքում:

Տատրեանի համար ճակատագրական է եղել Պէյրութում հանդիպումը կաթոլիկ հոգեւորական հայր Գրիգոր Գերգերեանի (Գրիգեր)(21) հետ։ Վերջինիս՝ Հայոց ցեղասպանութեանը նուիրուած հիմնաքարային ուսումնասիրութիւնները ճանապարհ են հարթել Տատրեանի հետագայ գիտական գործունէութեան համար։ 1964 թ. «Նիւ Եորք Թայմզ» թերթում Հայոց ցեղասպանութեան մասին Տատրեանի հրապարակումից յետոյ՝ 1965 թ., Գրիգերը նրան հրաւիրում է Պէյրութ(22)։ Այդ հանդիպման ժամանակ Տատրեանը տեղեկանում է, որ գոյութիւն ունեն մարդկութեան դէմ իրագործուած մեծագոյն ոճրի մասին վկայող ապացոյցներ եւ ոճրագործների դատավարութեանը վերաբերող իրական վաւերագրեր։ Յատկապէս Գրիգերն արժեւորում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում պահուող արխիւը։

Արխիւը ժամանակին հաւաքել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանին կից ու Հայոց պատրիարք Զաւէն արք. Տէր-Եղիայեանի հովանու ներքոյ, նաեւ՝ Գրիգոր Դաւիթեանի նախաձեռնութեամբ 1919 թ. հիմնուած «Տեղեկատու դիւանը»(23)։ Այդ արխիւում տեղ գտած վաւերագրերը պէտք է փոխանցուէին Կ. Պոլսում օտար, մասնաւորապէս՝ Բրիտանական բարձր յանձնակատարութեանը։ 1918 թ. Մուդրոսի զինադադարի 142-րդ եւ 230-րդ յօդուածների համաձայն Ազգերի լիգայի դատարանների առջեւ ոճրագործները պէտք է դատապարտուէին։ Գրիգերը գրում է. «Թուրք Պատերազմական Ատեանի վարած դատավարութեանց ընթացքին 1919–1921, Հայերը իրաւական կողմ էին Ատեանի առջեւ եւ այս իսկ հանգամանքով իրաւունք ունէին թուրք վաւերագրերէն պաշտօնապէս վաւերացուած պատճէններ եւ օրինակներ ունենալու»(24)։ «Տեղեկատու դիւանի» հաւաքած այս վաւերագրերի մի մասը եւս հիմք են դարձել Տատրեանի կոթողային ուսումնասիրութիւնների համար։

Վ. Տատրեանն ուղղակիօրէն զարգացրել եւ գիտամեթոդական նորագոյն եղանակներով շարունակել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրած հեղինակների գործերը։ Նրանք վաւերագրական ճշգրտութեամբ թողել են բացառի յուշագրութիւններ ու հետազօտութիւններ, որոնք աղբիւրագիտական արժէք են ներկայացնում բոլոր ժամանակների հետազօտողների համար։ Առանց այդ աղբիւրների հնարաւոր չէր լինի վեր հանել Հայոց ցեղասպանութեան վաւերագրական մանրամասներն ու յանցագործութեան ծաւալները։ Անգնահատելի են Արշակ Ալպոյաճեանի, Արամ Անտոնեանի, Թէոդիկի, Գրիգորիս վրդ. Բալաքեանի, Վահան Միրագենցի, Սեպուհ Ակունու, Արշակ Չոպանեանի, Զապէլ Եսայեանի, Երուանդ Օտեանի, Մուշեղ Սերոբեանի, Կարապետ Գաբիկեանի, Աւետիս Նագաշեանի, Յովհաննէս արք. Նազլեանի, Արշակ Սաֆրաստեանի, Վահան Մինախորեանի, Վահէ Հայկի, Հայկազն Ղազարեանի, Լեւոն Վարդանի կատարած ուսումնասիրութիւնները եւ գիտական ժառանգութիւնը, անշուշտ, Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զաւէն արք. Տէր-Եղիայեանի «Պատրիարքական յուշերս»(25), ինչպէս նաեւ՝ այլ երախտաւորների գործերը։ Մտաւորականների այս փաղանգն էր, որ ամենայն բծախնդրութեամբ ու մանրամասնութեամբ թղթին է յանձնել իր տեսած ու իմացած բոլոր ոճրագործութիւնները՝ շրջանառութեան մէջ դնելով տարաբնոյթ վաւերագրեր եւ տեղեկագրեր, ընդհուպ օսմանեան իշխանութիւնների՝ հայերի ոչնչացման հրամանագրերն ու դրանց գաղտնազերծուած օրինակները՝ օսմաներէն, հայատառ թուրքերէն եւ հայերէն տարբերակներով։ Ահա այս անհատականութիւններն էին, որ հարթեցին գիտական այն մայրուղին, որի բարդ ու վայրիվերումներով լի ճանապարհն ընտրեց մեծանուն գիտնական Վ. Տատրեանը։ Սփիւռքի եւ Հայաստանի գիտնականների սերունդը համոզուած առաջնորդւում էր այն գիտակցութեամբ, որ իր ապրած իւրաքանչիւր օրն ու գործունէութիւնը նպաստելու է Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման գործընթացին։

Վ. Տատրեանը, հիմք ընդունելով վերոհիշյալ հեղինակների աշխատութիւնները, հետազօտել է աշխարհի տարբեր արխիւներում պահուող Հայկական հարցին եւ Հայոց ցեղասպանութեանը վերաբերող բազմալեզու վաւերագրեր՝ կիրառելով գիտական ուսումնասիրման միջառարկայական նոր մեթոդաբանութիւն՝ առաջադրուած խնդիրները քննելով պատմագիտութեան, միջազգային իրաւունքի, հասարակագիտութեան, ոճրագիտութեան եւ զոհագիտութեան տեսանկիւնից։ եւ պատահական չէր, որ Տատրեանն ընտրուեց «Միջազգային ոճրագիտութեան ընկերութեան» նախագահ:

1970–1991 թթ. զբաղեցնելով Նիւ Եորքի նահանգային Ջենեսիոյի համալսարանում հասարակագիտութեան պրոֆեսորի պաշտօնը՝ Տատրեանը դասախօսական աշխատանքի հետ շարունակում է իր ուսումնասիրութիւնները Հայոց ցեղասպանութեան բնագաւառում: Համալսարանում Տատրեանն առաջին անգամ սկսում է վարել «Համեմատական ցեղասպանագիտութիւն» դասընթացը(26)։

1975 թ. Նիւ Եորքի համալսարանից կրթաթոշակ ստանալով՝ սկսում է իր հետազօտութիւնները Լոնտոնի, Փարիզի, Պերլինի, Բոննի եւ Վիէննայի պետական արխիւներում(27)։ Նրան յաջողւում է ձեռք բերել եւ առաջին անգամ շրջանառութեան մէջ դնել Բրիտանական հանրային արխիւում պահուող 1918–

1920 թթ. Կ. Պոլսի Բրիտանական Բարձր յանձնակատարութեան, Մերձաւոր Արեւելքում ռազմական եւ քաղաքական հետախուզութեան գրասենեակների թղթածրարները եւ, յատկապէս, Բրիտանական արքայական իրաւաբանական

գրասենեակի փաստաթղթերը(28)։ Տատրեանն ուսումնասիրութիւններ է կատարել Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում պահուող Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան, թերեւս, իր ծաւալով ամենամեծ ու բացառիկ արխիւում։ Նրա ուսումնասիրութեան առաւելութիւններից մէկն էլ այն է, որ վերլուծաբար շրջանառել է արխիւում պահուող օսմանեան կենտրոնական եւ տեղական իշխանութիւնների յանցագործութիւնները փաստող վաւերագրերը, թուրքական Ռազմական (Պատերազմական) արտակարգ ատեանի արձանագրութիւնները, դատական գործընթացներին վերաբերող «Թաքվիմ-ի Վեքայի» թերթի յօդուածները(29)։ Տատրեանը նշում է՝ ինչքան իրեն յայտնի է, Երուսաղէմի արխիւից բացի, որեւէ այլ արխիւային հիմնարկ կամ գրադարան չունեն թերթի այդ համարները, քանի որ թուրքական իշխանութիւնները տպուելուց անմիջապէս յետոյ դրանք հաւաքել են(30)։

1960–1990-ական թուականներին Տատրեանը հանդէս է եկել ֆրանսերէն, անգլերէն եւ գերմաներէն բազմաթիւ դասախօսութիւններով՝ Պերլինի, Միւնխենի, Պարմայի, Տորինոյի, Ցիւրիխի, Ուփսալայի, Մայնի, Ֆրանկֆուրտի, Բոխումի, Միւնստերի, 1993–1994 թթ.՝ Ամստերդամի, Ուտրեխտի, Ժնեւի եւ Բրիւսէլի համալսարաններում, ԵՈՒՆԵՍԿՕ-ի փարիզեան կենտրոնում ու ՄԱԿ-ի նիւեորքեան կենտրոնակայանում(31)։ 1996 թ. Բրիտանական Համայնքների պալատում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան 80-րդ տարելիցի առթիւ Տատրեանը զեկուցողի պատուին արժանացած առաջին հայ գիտնականն էր(32): 1999 թ. նա ստանձնում է Տորոնտոյում Զօրեան հաստատութեան Ցեղասպանութեան ուսումնասիրութեան գծով տնօրէնի պաշտօնը(33)։ Լայնածաւալ գիտելիքների եւ օտար լեզուների (թուրքերէն, օսմաներէն, ֆրանսերէն, գերմաներէն, անգլերէն) փայլուն իմացութեան արգասիքն են Տատրեանի բազմաթիւ յօդուածներն ու գրքերը Հայոց ցեղասպանութեան մասին. աշխատութիւններ, որոնք հիմնարար աղբիւրագիտական փաստարկումներով ու նրա՝ մաթեմատիկական ճշգրիտ մտածողութեամբ նոր որակ են հաղորդում եւ նոր մակարդակի են բարձրացնում Հայոց ցեղասպանութեան գիտական ուսումնասիրութիւնը։

Վ. Տատրեանի գրչին են պատկանում տարբեր լեզուներով գրուած 22 մենագրութիւն եւ շուրջ 140 գիտական յօդուած, բազմաթիւ հրապարակումներ, ինչպէս նաեւ տուել է բազմաթիւ հարցազրոյցներ։ Նա 1971 թ. անգլերէն է թարգմանել 1926 թ. Զարեւանդի «Միացեալ, Անկախ Թուրանիա» գիրքը(34)։ Մէկ տասնեակից աւելի յօդուածներ է գրել մասնագիտական հանրագիտարաններում(35)։ Գիտական արժէքաւոր ժառանգութիւն է նաեւ Տատրեանի ստեղծած բազմահազար էջանոց արխիւը, որը նրա 40 տարիների տքնաջան, բեղուն ու անձնուէր աշխատանքի արդիւնքն է։ Տատրեանն այս արխիւը ստեղծել է սեփական միջոցներով՝ աշխարհի տարբեր գրադարաններից ու արխիւներից հաւաքելով Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանութեանը վերաբերող բազմալեզու բացառիկ վաւերագրեր, որոնք էլ դարձել են նրա ուսումնասիրութեան ատաղձը։ Ցեղասպանագէտի արխիւից ակնյայտ է դառնում գիտնականի բծախնդրութիւնը նիւթի հանդէպ։ Տատրեանի արխիւը կարեւոր աղբիւր է այդ ժամանակաշրջանի պատմութիւնն ուսումնասիրողի համար։

2019 թ. մեծանուն հայ գիտնականը մահանում է՝ թողնելով գիտական բացառիկ ժառանգութիւն Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան վերաբերեալ։

Վ. Տատրեանի գիտական-հասարակական գործունէութեան լուսաբանումը սփիւռքեան մամուլում (1960–1990-ական թուականներ)

1960–1990-ական թուականներին, ինչպէս նաեւ 2000-ական թուականների առաջին տասնամեակին Վ. Տատրեանի ծաւալած գիտական-հասարակական գործունէութեանն ու հրատարակութիւններին արձագանգել է սփիւռքեան եւ օտարալեզու մամուլը՝ համակողմանիօրէն բացայայտելով նրա անհատի եւ գիտնականի կերպարը: Անուանի ցեղասպանագէտը մասնակցել է բազմաթիւ

միջազգային գիտաժողովների եւ դասախօսութիւններ կարդացել Սփիւռքի տարբեր համայնքներում։ 1960-ական թուականներին երեք անգամ եղել է Խորհրդային Միութիւնում, երկու անգամ՝ Խորհրդային Հայաստանում՝(36) կատարելով գիտական ուսումնասիրութիւններ, որոնց հիման վրայ 1963–1970 թթ. ընթացքում գիտական հանդէսներում ու մամուլում հրապարակել է Խորհրդային Միութեան ազգային խնդիրների վերաբերեալ մի շարք արժէքա-ւոր յօդուածներ։ Վերլուծել է կոմունիստական գաղափարաբանութիւնն ու սոցիալիզմի բովանդակութիւնը, Մոսկուայում տեղի ունեցող Ապրիլի 24-ի միջոցառումները, Խորհրդային Հայաստանի հայերի հասարակական եւ մշակութային զարգացումների հիմնական օրինաչափութիւնները, ազգային շարժումների աղբիւրներն ու նշանները, ազգերի նկատմամբ խորհրդային սկզբնական դիրքորոշման՝ Լենինի եւ Ստալինի դերերի վերագնահատմամբ։ Անդրադարձել է Ղարաբաղի հարցին, Խորհրդային Անդրկովկասում ազգամիջեան հակամարտութիւններին, խորհրդային տարիներին Հայաստանում եւ Վրաստանում ազգային նարատիւների զարգացումներին, արդիւնաբերականացման եւ էթնոցենտրիզմի նորագոյն միտումներին, Հայաստանում համայնավարութեան ու ազգային շարժումների դրսեւորումներին(37)։

Գիտնականի յօդուածներից ակնյայտ է դառնում, որ նրա ուշադրութեան կենտրոնում էին Խորհրդային Հայաստանը եւ 1960-ական թթ. Սկզբներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանցիների գործադրած հակահայ քաղաքականութիւնը։ 1964 թ. Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի հոկտեմբերի 6-ի համարում լոյս է տեսնում Տատրեանի ամերիկեան ազդեցիկ “Christian Science Monitor” օրաթերթում 1964 թ. սեպտեմբերի 25-ին հրապարակուած «Հայերու բողոքը Մոսկուայի դեմ» յօդուածի հայերէն տարբերակը։ Յօդուածում նա քննել է Արցախի հայերի բողոքը՝ ուղղուած ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Խրուշչովին. «Ղարաբաղի երկու հարիւր հազար հայերը, իրենց այդ հանրագրութեամբ, կը բողոքէին Պր. Խրուշչովին, պարզելով իրենց կեանքի անտանելի պայմանները, «եղբայրական» Ազրպէյճանի իշխանութեան ներքեւ»։ Այդ փաստաթղթում շուրջ 2.500 հայերի անունից Մոսկուայի կենտրոնական իշխանութեանը տեղեկացւում է, որ Ղարաբաղի ինքնավար մարզի եւ յարակից շրջանների շուրջ 200.000 հայ բնակչութեան համար «ստեղծուել է անհանդուրժելի դրութիւն»։ Տատրեանն ընդգծում է՝ այդ ամբաստանութեան մէջ նշուող գանգատների շարքում ամենագլխաւորն այն է, «թէ տեղական իշխանութիւնները, որոնք Ազրպէյճանցիներ են (թրքացեղ ժողովուրդ մը որ կապուած է Թուրքիոյ թուրքերուն կրօնական եւ ազգագրական խնամիութեամբ) Հայերու հանդէպ բռնատիրութիւն ի գործ կը դնեն»։ Նաեւ՝ «Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որուն բնակչութեան ճնշիչ մեծամասնութիւնը Հայերէ կը բաղկանայ եւ ուր ներկայ խմորումներու թատերաբեմն է»(38)։Մեկնաբանելով այդ բողոքը՝ Տատրեանը գրում է, որ պատմութեան, տրամաբանութեան եւ «ազգերի լենինեան սկզբունքի» պատգամները պէտք է հարկադրէին, որ ինքնավար այս մարզը Խորհրդային Հայաստանի մաս կազմեր, մինչդեռ այն ենթարկուել է Ադրբեջանի գերիշխանութեանը։ Խիստ արդիական եւ ուսուցողական է հետեւեալ դիտարկումը եւս. «Այդ է պատճառը, որ պատահական փոքրամասնութեան մը տրուած գերադաս հեղինակութիւնը անբնական եւ անկանոն կենսապայմաններու ազդակ դարձած է։ Եթէ նոյնիսկ բնական պայմաններ տիրէին հոն, Հայերու համար նման կարգավիճակ մը ամենայն հաւանականութեամբ օտար լուծի մը ճնշման համազօր պիտի ըլլար»(39)։ Ստեղծուած իրավիճակում հարցը բարդանում է մասնաւորապէս այն իրողութեամբ, որ «ներկայ պարագային, իշխանութիւնները թրքացեղ եւ թրքամիտ հանգամանք կը կրեն։ Արդարեւ, արդի պատմութեան մէջ Հայերու համար Թուրքերը կը հանդիսանան խորհրդանիշը այն բոլոր դաժանութեանց, որոնց ենթարկուած են Հայերը։ Իրողութեան մէջ, սակայն, պր. Խրուշչովին յղուած հանրագրութեան մէջ խստացող գանգատները ցոյց կու տան թէ բնական պայմաններ չեն տիրեր Ինքնավար Մարզին մէջ եւ Հայերը ստորադաս գոյավիճակի մը անպատեհութիւններուն չէ որ միայն կը հանդուրժեն»(40):

Տատրեանն առանձնացնում է բողոքի մէջ յիշատակուած հետեւեալ կէտերը՝ մշակութային կեղեքում, տնտեսական խափանում եւ բնակչութեան բռնագաղթ՝ եզրայանգելով, որ գործադրուած այս վերջին քայլի նպատակակէտը երկու ազգերի բնակչութեան՝ տուեալ պահի համեմատութիւնը փոխելն է եւ ի վերջոյ՝ շրջելը։ Բողոքագրում հայերը յայտարարում են. «Ուղղակի տարւում է ազգային-շովինիստական, պան-թուրքիստանական (համաթուրանական) քաղաքականութիւն» եւ «այս քաղաքականութիւնը մարզից դուրս գտնուող հայկական շրջաններում (Շամխորի, Շահումեանի, Խանլարի շրջաններ) աւելի նողկալի ձեւեր է ընդունել», եւ ընդգծւում՝ այս շրջանները «90 % հայկական ազգաբնակչութիւն ունեն»(41)։

Մեկնաբանելով բողոքագրում ներկայացուած իրողութիւնը՝ բնորոշում է՝ «աննորմալ եւ ծանր իրավիճակը … ծաղր մըն է ինքնավարութեան»։ Հայերն իրենց զայրոյթն էին յայտնում Մոսկուայի հանդէպ, եւ, փաստօրէն, այդ կեղծ ինքնավարութիւնը քօղազերծում է կեղեքումը հանդուրժող մի պետութեան դէմքը(42)։

Տատրեանը Ղարաբաղի հայերի այս քայլը գնահատում է խիզախ, յանդուգն, նաեւ՝ վտանգաւոր պնդում, երբ բողոքագրում նշւում է. «Ստեղծուել է անհանդուրժելի դրութիւն, խտրականութիւն ամէնուր եւ ամէն ինչում։ Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918–1920 թուականներին, թուրք-Մուսաֆաթական եւ անգլիական նուաճման շրջանում։ Այժմ կատարւում է նոյնը՝ բարեկամութեան ու եղբայրութեան քողի տակ եւ այս փաստաթղթի ստորագրողները «իրենց իսկ ձեռքով յայտնում են իրենց ինքնութիւնը»՝ չվարա-

նելով քաղաքական կուռ պահանջ ներկայացնելուց ու Մոսկուային մարտահրաւէր նետելուց»։ Բողոքագրում սուր ակնարկութիւններով խորհրդային իշխանութիւններին յիշեցւում է անցեալում նրանց տրուած հանդիսաւոր երաշխիքները։ Արցախի հայերը պահանջում էին «անյապաղ վճռել Լեռնային Ղարաբաղը եւ յարակից հայկական բոլոր շրջանները Հայկական ՍՍՌ-ի մէջ վերամիաւորելու հարցը», եւ այդ կերպ միայն կ’իրականանայ «Լենինեան ազգային քաղաքականութեան» սկզբունքը(43)։

Չափազանց արժէքաւոր է 1964 թ. Օգոստոսի 3-ին «Նիւ Եորք Թայմզում» հրապարակուած Տատրեանի «Յանուն ազատ Հայաստանի կատարուած հողային պահանջներուն ժխտումը կը վերագրուի անխիղճ դիւանագիտութեան» խորագրով նամակը, որի հայերէն թարգմանութիւնը լոյս է տեսել 1964 թ. Օգոստոսի 19-ի «Ազդակ» օրաթերթում։ Այդ նամակում անդրադարձել է ԱՄՆ հանրապետականների ընտրական ծրագրի ութերորդ յօդուածին, որը առաջադրում է՝ «Գերեալ ազգերի վերջնական ազատագրումը»։ Տատրեանի մեկնաբանմամբ՝ այն քաղաքականութեան անկաշկանդ ուղեգծերի համար մի նպաստ է, նաեւ՝ քննադատում Ս. Լ. Սալցբերգերին(44)։ Վերջինս դէմ էր ծրագրի այդ յօդուածին՝ որակելով «անիմաստութեան մի խառնուրդ», եւ յատկապէս նսեմացնում էր խորհրդային երկու հանրապետութիւնները՝ Ուկրաինան եւ Հայաստանը՝ առարկելով, որ այս երկու երկրները վաղուց գտնւում են ռուսական տիրապետութեան տակ։ Տատրեանը նրան հարց է ուղղում՝ արդեօ՞ք տրամաբանական է օտար տիրապետութեան տեւողութիւնն ընդունել որպէս վաւերականութեան չափանիշ։ Խորհրդային լծից Հայաստանի ազատագրելու խնդիրը յայտնի լրագրող Սալցբերգերն անբացատրելիօրէն կապում է զինակից Թուրքիայի հողային ամբողջականութեան դէմ սպառնալիքին։ Որպէս պատասխան՝ Տատրեանը գրում է. «Իսկապէս, ըլլայ ազատագրումի թէ առանց ազատագրումի, ըմբռնելի ի՞նչ հիմերու վրայ Հայերուն կարելի է զլանալ իրենց պապենական հողերը վերստին ձեռք ձգելու պահանջքի իրաւունքը. հողեր, որոնք Թուրքերը իւրացուցին, անոնց բնակիչները ջարդելէ յետոյ։ Այսպիսի զլացում մը միթէ համարժէք պիտի չըլլա՞յ ցեղասպանութիւնը հողային ընդարձակման իբրեւ միջոց գործածելու դրութեան համակերպելու»(45)։ Նամակում «Հայերը՝ դաշնակիցների կողքին» խորագրի ներքոյ Տատրեանը յիշեցնում է, որ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերը դաշնակիցների կողքին կռուել են քաջաբար եւ բազմապիսի զոհաբերութիւններով, որոնք գերազանցում էին նրանց համեստ միջոցները։ Իսկ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի անդրդուել դաշնակիցն էին եւ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակիցներին յարեցին պատերազմի աւարտից միայն երեք ամիս առաջ։ Իսկ ամէնից կարեւորն այն է, որ թուրքերն անպատիժ գործադրեցին այնպիսի արարքներ, որոնց բնութագիրը Տատրեանը

տալիս է՝ մէջբերելով Անգլիայի վարչապետ Ուիլիամ Գլադստոնի հետեւեալ խօսքը. «Դժոխքի ամէնէն աներեւակայելի եւ զզուելի տեսարանները գերազանցող իրենց ծաւալով ու ահաւորութեամբ»(46)։ Ուստի Տատրեանը կոչ է անում արդարամտութիւնը չշփոթել յարափոփոխ քաղաքական գործընթացների հետ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ում սպասուող նախագահական քարոզարշաւը կարող է եզակի պատեհութիւնների հնարաւորութիւն տալ, եւ այդ յոյժ կարեւոր խնդիրը ուշադրութեամբ քննութեան ենթարկուի որպէս կենսական ազգային հարց(47)։

1965 թ. «Արեգակ» ամսաթերթը հաղորդում է, որ Տատրեանն ամերիկեան դրամաշնորհով Լոնդոնում կարողացել է ձեռք բերել արխիւային վաւերագրեր եւ այդ առթիւ դասախօսել է «Հայ տանը»՝ լոնդոնահայ համայնքին ծանօթացնելով իր աշխատանքների մասին։ Յայտնել է նաեւ, որ իր տրամադրութեան տակ ունի Հայոց ցեղասպանութեանը վերաբերող 1200 վաւերագիր, որոնք լուսանկարել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի պետական արխիւում, եւ դրանց մանրաֆիլմը նուիրելու է Հայաստանին։ Այդ ժամանակ Տատրեանը Վաշինգտոնի համալսարանում հասարակագիտութեան դասախօս էր(48)։

Մինչ այդ նա Ամերիկայից մեկնել էր Լոնդոն, Փարիզ, Քիոլն, Բոնն, Պերլին, Միւնխեն, Վիէննա եւ Մոսկուա։ Ապա ուղեւորուելու էր Հայաստան: Սակայն Մոսկուայում յայտնի է դառնում, որ նրա մուտքը հայրենիք արգելուած է, եւ նա 1965 թ. մեկնում է Թեհրան։ Տատրեանը դասախօսութիւններով հանդէս է գալիս հայ համայնքի «Սիփան մշակութային միութիւնում», «Հայ ակումբում» եւ այլն։ Բազմամարդ սրահներում նրա ելոյթներն ընդունւում են մեծ ոգեւորութեամբ։ Մասնակցում է նաեւ հայ պատանիների կազմակերպած «Խանասորի արշաւանքի» հանդիսաւոր տօնակատարութեանը։ Տատրեանը յայտնում է, որ երկու անգամ այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով Ամերիկայից վերջնականապէս տեղափոխուելու եւ իր գործը Մայր հայրենիքում շարունակելու համար։ Ապա աւելացնում է. «Երկու անգամներուն ալ գացած եմ

որպէս հաւատացող մը Սովետական Հայաստանին. եւ թերահաւատ մը Հ. Յ. Դաշնակցութեան դերին հանդէպ։ Երկու անգամներ այցելելէ ետք, եկած եմ այն եզրակացութեան, որ ճշմարիտ է Հ. Յ. Դաշնակցութեան խօսքն ու գործը։ Այսօր, ձեզի այցելելով կու գամ ա՛ռ աւելիով զօրացնելու հաւատքս ձեր Մեծ կուսակցութեան հանդէպ։ Համայն հայ ժողովուրդը պէտք է հպարտանքով եւ երախտագիտական զգացումներով նայի Հ. Յ. Դաշնակցութեան սրբազան դերին»(49)։

Թեհրանում Տատրեանը հանդիպում է հայ համայնքի տարբեր խաւերին եւ իրանահայ գաղթօճախը բնորոշում որպէս օրինակելի համայնք, որտեղ հայութիւնը լծուած է համերաշխ ու շինարար աշխատանքի, եւ սփիւռքը պէտք է այդ ոգով առաջնորդուի։ Իսկ յօդուածագիր Ժ. Ղարիբեանի հետ հարցազրոյցում նա վեր է հանում իր ձեռնարկած աշխատանքի նպատակը. ցեղասպանութեան մասին վաւերական, յատկապէս՝ արխիւային եւ դիւանագիտական նիւթեր հաւաքել, բացայայտել թուրքերի շարժառիթներն ու բազմաթիւ պատճառները եւ համակողմանի վերլուծել «ջարդերուն աղէտը»։ Անդրադառնալով Հայ դատի գործունէութեանը՝ Տատրեանը կարծում է, որ «ներկայ պայմաններու մէջ, Հայ Դատին լուծումը որոշ հեռանկարներ կրնայ ունենալ միայն, եթէ Սովետ. Հայաստանը, որ տնտեսական եւ ճարտարարուեստի գետնի վրայ անսովոր բարգաւաճում կ՚արձանագրէ, եւ իսկապէս հիմը կրնայ կազմել ապագայ հզօր զինուորական կերպով Անկախ Պետութեան մը, այս բարգաւաճման զուգահեռ ձեռք ձգէ նաեւ համապատասխան քաղաքական Ազատութիւն, յատկապէս դիւանագիտական մարզին մէջ»(50)։

1966 թ. «Արմենիա» թերթը յայտնում է, որ «Հասարակագէտների միջազգային միութեան» հրաւիրած 6-րդ համագումարում Տատրեանը դասախօսելու էր «Խորհրդային դիրքաւորումի փուլերը ազգութիւններու խնդրին մէջ» թեմայով, նաեւ յաւելում՝ նա ելոյթ է ունենալու Ֆլորիդայում կայանալիք «Ամերիկեան հասարակագէտների միութեան» տարեկան համագումարի «Միջազգային յարաբերութիւնների» նիստում՝ բոլորովին մի նոր վարկած ներկայացնելով՝ «Արդիական ազգայնապաշտութեան կառուցուածքային տարրերը»(51)։

1970 թ. Յուլիսի 18-ին Տատրեանը դասախօսում է «Արմենիա» մշակութային ընկերութեան Գորտոպա քաղաքի մասնաճիւղում։ Բազմամարդ սրահում նա անդրադառնում է հայ յեղափոխական կուսակցութիւններին։ Մասնաւորապէս, հերքում է առաջ քաշուող այն թեզը, որ իբր հայկական ջարդերի պատասխանատուն հայ յեղափոխականութիւնն էր։ Այնինչ՝ Տատրեանը պատմական ստոյգ վաւերագրերով հաստատում է, որ թուրքերը հայկական ջարդերը ծրագրել էին դեռեւս առաջին աշխարհամարտից շատ առաջ եւ այն գործադրեցին՝ օգտուելով պատերազմի պատեհ առիթից։ Անդրադառնալով Հայ դատին՝ նա յատկապէս շեշտում է, որ բարեյաջող լուծման հասնելու համար հայ ժողովուրդը պէտք է ապաւինի սեփական ուժին եւ գործի միասնական ու միահամուռ կամքով, իսկ օտարներին պէտք է ընկալել որպէս օժանդակ գործօն(52)։

1970 թ. Յուլիսի 23-ին արգենտինահայ Համալսարանականների միութեան վարչութեան հրաւէրով Տատրեանը ներկայացնում է «Նոր արխիւային յայտնութիւններ Մեծ եղեռնի առնչութեամբ» դասախօսութիւնը(53)։ Հայ կենտրոնի սրահում զեկուցելիս ընդգծում է. «Թուրքերու մօտ ազգային գիտակցութիւնը եւ պատասխանատուութեան զգացումը այնքան զօրաւոր էին, որ ոչ մէկ թուրք գտնուեցաւ որ այդ մասին նոյնիսկ ակնարկէ իր բարեկամ հայերուն»։ Թուարկում է նաեւ հայերի թերացած կողմերը՝ դիտարկելով հասարակագէտի տեսանկիւնից, վերագրելով հայ ժողովրդի դարաւոր ստրկական վիճակին։ Այդ հենքի վրա անդրադառնում է ցեղասպանութեան ընթացքում հայ լրտեսների, մատնիչների եւ դաւաճանների դերին, որոնց գլխաւորը իր իսկ յեղափոխական ընկերներին մատնող եւ քսան հնչակեան գործիչներին կախաղան առաջնորդող հայ լրտեսն էր(54)։

Ինչպէս նշել է Տատրեանն իր ելոյթում, երբ 1920 թ. թուրքական բանակը յարձակւում է Հայաստանի Հանրապետութեան վրայ, ճակատագրական այդ օրերին յայտնւում են հայեր, որոնք զէնք են վաճառում թուրքերին։ Հայ իրականութեան մէջ նման խնդիրներ վեր հանելու համար Տատրեանն արժանանում է յօդուածագրի՝ Յովսէփ Օղուլեանի քննադատութեանը(55)։ Այնինչ գիտնականը համարձակութիւն է ունեցել բարձրաձայնելու հայ իրականութեան մէջ այս ցաւոտ ու կործանարար հարցերը՝ նման նորանոր դրսեւորումները կանխելու նպատակով։

1972 թ. նոյեմբերին Տատրեանը(56) Հայոց ցեղասպանութեանն ու զոհագիտութեանն առնչուող զեկոյցով ելոյթ է ունեցել Կարակասում՝ Միջամերիկեան ոճրագիտութեան երկրորդ համագումարում(57)։ Վ. Տատրեանին յատուկ ճանաչում բերեցին ոճրածին կազմակերպութիւնների մասին բարձրացրած հարցերը։ Նրան ընդունում է Վենեսուելայի նախագահը։ Նոյն աղբիւրը յայտնում է՝ Տատրեանը ցեղասպանութեան մասին դասախօսելու հրաւէրներ է ստանում աշխարհի տարբեր կողմերից։ Ծրագրւում էր մի շարք դասախօսութիւններ կարդալ Արգենտինայում։ 1973 թ. մասնակցելու էր Երուսաղէմում նախատեսուող Համաշխարհային Զոհագիտութեան առաջին գիտաժողովին։ Հրաւիրուած էր նաեւ համագործակցելու ՄԱԿ-ի ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների յանձնաժողովի հետ։

Մամուլից տեղեկանում ենք, որ Նիւ Եորքի Ջենեսիո համալսարանում առաջին անգամ, «Համեմատական ցեղասպանագիտութիւն» դասընթացին զուգահեռ, Տատրեանը շարունակում է իր հասարակական գործունէութիւնը։ Նա գրագրութիւն է ունեցել Ամերիկեան Կոնգրեսի անդամների հետ։ Ապրիլի 24-ը սգոյ օր յայտարարելու կապակցութեամբ առանձին նամակներ է յղել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի յանձնախմբերի անդամներին՝ կոչ անելով նաեւ քուէարկել յօգուտ Հոլոքոստի բանաձեւի։ Նման առաջարկներ է արել նաեւ Նիւ Եորք նահանգի 39 պետական ներկայացուցիչներին։ Հայոց ցեղասպանութեան 60-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով եւ 1975 թ. Ապրիլի 24-ը սգոյ օր հռչակելու համար ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի առաջարկով Տատրեանն ամփոփ մի զեկոյց է պատրաստում, որը հիմք պէտք է ծառայէր բանաձեւ ընդունելու համար։ Այսպիսով, Տատրեանի ջանքերով Ապրիլի 24-ը համընդհանուր ազգային սգոյ օր է հռչակւում ԱՄՆ Կոնգրեսի արձանագրութեան մէջ(58)։

1975 թ. «Ալիք» թերթը ծանուցում է, որ Ապրիլի 21-ին Վ. Տատրեանը Սիրակուզի համալսարանում հանդէս է գալու «Ցեղասպանութիւնը 20-րդ դարում», իսկ Ապրիլի 23-ին դասախօսելու է Նիւ Եորքում տեղի ունենալիք կրօնական համագումարում եւ Կոլումբիայի համալսարանում(59)։

1975 թ. Օգոստոսի 25–29-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ամերիկեան հասարակագէտների միութեան տարեկան համագումարի «Համաշխարհային հակամարտութիւնների սոցիոլոգիա» յատուկ նստաշրջանին մասնակցելու էին մեծ թուով հասարակագէտներ։ Հրաւիրուած էր նաեւ Տատրեանը՝ ներկայացնելու «Միջազգային բախումներում ցեղասպանութիւնը որպէս գործառնութիւն» զեկոյցը՝ ցեղասպանութեան համապարփակ տեսութեան վերաբերեալ(60)։ Մինչ այդ նա յատուկ հրաւէրով մասնակցելու էր Յուլիսի 1–12-ը Իտալիայում «Զոհագիտութիւն եւ ժամանակակից քաղաքակրթութեան պահանջները» խորագրով գիտական նստաշրջանին, որտեղ բանախօսելու էր ապագայ ցեղասպանութեան կանխարգելումի բարդ հարցի շուրջ(61)։

1975 թ. Տատրեանը հրատարակում է միջազգային որոշ բախումների ընթացքում հաւանական ցեղասպանածին պայմանները քննող աշխատութիւն(62)։ Այն ներկայացուելու էր Բելաջոյում՝ ՆԱՏՕ-ի Զարգացող ուսմունքների ինստիտուտի «Զոհերը եւ արդի հասարակութեան կարիքները» խորագրով նոյն թուականի Յուլիս ամսին կազմակերպուող յատուկ ժողովում(63)։ Ցեղասպանագէտի հեղինակութիւնն ու ճանաչումն այնքան մեծ էին, որ, ինչպէս հաղորդւում է, «… մասնագէտ եւ ազատ աշխարհը նրան հրաւիրել է ներկայ գտնուելու ՆԱԹՕ-ի կազմակերպած յատուկ ժողովին, քննելու համար ռազմագիտական, տեխնիկական եւ զինուորական գիտական խնդիրներ»(64)։ Գիտաժողովին մասնակցում էին Ճապոնիայից, Աւստրալիայից, Անգլիայից, Գանատայից ու եւրոպայից Ասիայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներից հրաւիրեալ մասնագէտներ։ Վ Տատրեանը ներկայացնում է ապագայ ցեղասպանութիւնների հաւանականութիւնը կանխատեսելու եւ այն հնարաւորինս կանխարգելելու վերաբերեալ իր առաջարկները։ եւ ահա նրա նախաձեռնութեամբ գիտաժողովի մասնակիցներն ընդունում են մի բանաձեւ՝ ուղղուած այն պետութիւններին որոնք դեռ չեն վաւերացրել ցեղասպանութեան դէմ Միացեալ Ազգերի ընդունած դաշինքը՝ անյապաղ այն ընդունելու կոչով։ Տատրեանը որպէս տեսական քննադատ մասնակցում է նաեւ գիտաժողովի ոճրագիտութեան ապագայ հեռանկարների ու ոճրագիտական վարկածների եւ յատկապէս հաւաքաբար գործած ոճիրների մասին ստորաբաժանման աշխատանքներին։

1975 թ «Արեւ օրաթերթն անդրադարձել է Տատրեանի նոյն թուականի Յունիս ամսին Պերլինի համալսարանի Ազգագրութեան ինստիտուտի բազմամարդ սրահում ցեղասպանութեան ընդհանուր թեմայի վերաբերեալ գերմաներէնով ընդարձակ դասախօսութեանը։ Հիմնական թեման Հայոց եւ այլ ցեղասպանութիւնների մանրամասն եւ համեմատական վերլուծութիւնն էր։ Նշենք նաեւ՝ Տատրեան գիտնականի իւրայատուկ յատկանշական կողմերից մէկն էլ այն էր որ նա իր դասախօսութիւնների ժամանակ ելոյթ էր ունենում առանց գրառումների «Ունկնդիրներու վրայ մեծ տպաւորութիւն թողուց Փրոֆ Տատրեանի բացառիկ այն տաղանդը որու շնորհիւ ան իր դասախօսութիւնը ներկայացուց ոչ միայն առանց ոեւէ նօթերու օգնութեան այլեւ գիտական կուռ ոճով(65)։ Նաեւ՝ Շատ մը գերման դասախօսներ ուղղակի զարմանք եւ հիացում յայտնեցին որ օտար մը այսքան բարձր մակարդակով կրնար գերմաներէն լեզուով դասախօսութիւն մը տալ առանց օգտուելու գրաւոր նօթերէ եւ յենելով միայն իր յիշողութեան եւ կազմակերպուած մտքի վրայ»(66)։

1976 թ Ամերիկեան հասարակագէտների միութեան նորընտիր նախագահ Ալֆրեդ ՄաքՔլանկին Տատրեանին հրաւիրում է կազմակերպելու եւ նախագահելու Համագումարի ցեղասպանութեանը նուիրուած յատուկ նստաշրջանը(67)։ Արեւ օրաթերթը գրում է «Սա առաջին անգամն է որ Միութիւնը գնահատելով փրոֆ Տատրեանի ընկերաբանական աշխատանքները կը ճանչնայ ցեղասպանութիւնը իբրեւ վաւերական ընկերաբանական նիւթ եւ կը տնօրինէ կազմակերպումը յատուկ նստաշրջանի մը։ Օգոստոսի 30-ին տեղի ունեցած այդ նստաշրջանում գիտնական ցեղասպանագէտն իր վերլուծական ելոյթում լուսաբանում է թուրքերի գործադրած տանջանքի եւ ահաբեկութեան դերը Հայոց ցեղասպանութեան ընթացքում(68)։

Սեպտեմբերի-ին այս նոյն թեման Տատրեանը ներկայացնում է Վաշինգտոնի Ամերիկեան հասարակագէտ հոգեբանների ընկերութեան տարեկան համագումարում՝ մեծ տպաւորութիւն թողնելով։ Արեւ օրաթերթը նաեւ յայտնում է «… Վ Տատրեան կուռ ոճով մը եւ առանց օգտուելու նոթագրութիւններէ ներկայացուց ուժեղ կազմակերպուած թեզ մը Հայկական ցեղասպանութեան մասնայատուկ մէկ հանգամանքի մասին։ Հայ ցեղասպանագէտը ընդգծում է տանջանքի եւ ահաբեկման տարաբնոյթ եղանակները եւ դրանց նպաստող հասարակական պայմանները։ Նաեւ նշում է որ շարունակաբար անտեսւում է Հայոց ցեղասպանութիւնը(69)։

1980 թ Օգոստոսի 5–9-ը Ֆրանսիայի Լա Նափուլ գյուղաքաղաքում՝ ցեղասպանագիտութեանը վերաբերող գիտաժողովում տասնչորս հեղինակաւոր հրեայ գիտնականների մէջ միակ հայը փրոֆեսոր Տատրեանն էր։ Այդ ժամանակ նա Նիւ Եորքի նահանգային համալսարանում հասարակագիտութեան դասախօս էր։ Գիտաժողովին նա ընդարձակ զեկոյցով մանրամասնում է Հայոց ցեղասպանութեան թէ՛ հասարակական եւ թէ՛ իւրայատուկ յատկանիշները՝ շեշտելով ««Իւրայատկութիւնը ցեղասպանութեան զոհ որեւէ ազգի մը փորձառութեան բնագաւառին մէկ անբաժան մասը կը կազմէ որով ցեղասպանութեան ստորոգելիները թէ հասարակ յայտարարներով եւ թէ իւրայատուկ հանգամանքներով կը բնորոշուին(70)։ Բանավէճի ժամանակ իսրայէլցի մի շարք պատմաբաններ համառօրէն պնդում են որ հրէական Ողջակիզումը պէտք է տարորոշել Հայոց ցեղասպանութիւնից։ Տատրեանն իր զարմանքն ու ցաւն է յայտնում որ այդ պնդողները որքան քիչ եւ հարեւանցիօրէն են ուսումնասիրել Հայոց ցեղասպանութիւնը։ Երուսաղէմի Հրէական համալսարանի հրէագիտութեան բաժնի վարիչ Եհուդա Բաուերն ընդունում է որ իրենք քիչ բան գիտեն Հայոց ցեղասպանութեան մասին եւ հաւանական է որ հայերի ու հրեաների հանգամանքները համեմատելի են։ Գիտաժողովին մասնակից մի շարք ամերիկացի հրեայ փրոֆեսորներ որոնց առաջնորդում էր Եյլի համալսարանի ամերիկացի հրեայ գիտնական յայտնի հոգեբոյժ Ռոբերդ Լիֆթոնը նա պատրաստում էր ընդարձակ հատոր՝ բժիշկների յանցաւոր դերը ցեղասպանութեան իրականացման մէջ թեմայով, շեշտում են որ չպէտք է տարուել ու սեւեռուել հրէական Ողջակիզումի տարանջատումով ու բացառիկ զոհի բարդոյթով։ Տատրեանն իր երկրորդ ելոյթում բացատրում է երկու թուրք բժիշկների՝ Պէհաէտտին Շաքիրի եւ Նազըմի ունեցած որոշիչ դերը Հայոց ցեղասպանութեան կանխամտածման ծրագրման եւ իրագործման մէջ։ Ներկայացնում է փաստեր Էրզրումի զինուորական հիւանդանոցում կատարուած իբր ժանտախտի դէմ փորձարկումների հետեւանքով անթիւ հայերի զոհուելու փաստերը յիշատակում է նաեւ Տրապիզոնի Պետական հիւանդանոցի թուրք բժշկի դահճային մասնակցութիւնը նա հիւանդանոցում թունաւորել էր հարիւրաւոր երեխաների ապա նրանց նետել Սեւ ծովը։ Տատրեանի բերած այս տեղեկութիւնները նորութիւն էին մասնակիցների համար։ Հետագայում գիտնականն այդ թեմայով հրատարակում է արժէքաւոր յօդուած(71)։

Յայտնութիւն էր նաեւ երբ Տատրեանը գիտաժողովում բացատրում է Հայոց ցեղասպանութեան իրագործման մէջ բանտերից դիտաւորեալ ազատ արձակուած ոճրագործների ունեցած բացառիկ դերի մասին։

Եզրափակիչ նիստում Տատրեանն իր զեկուցումը սկսում է Արիստոտելին յղելով՝ Երբ մարդը անջատւում է օրէնքի եւ արդարադատութեան կապանքներից դառնում է վատթարագոյն մի անասուն։ Ընդգծում է նաեւ մարդկային պատմութեան ողբերգական հանգրուանները որոնք պայմանաւորուած են ատելութեան եւ դաժանութեան կրքերի գերակշիռ տարողութեամբ։ Հայոց ցեղասպանութիւնը բնորոշում է որպէս մարդկային արդարութեան մղձաւանջ եւ մարդկութեան սկզբունքների սնանկացման շռնդալից փաստ։ Ապա Տատրեանը յայտարարում է «Իբրեւ հայ չեմ վարանիր արտայայտելու իմ խորարմատ յոռետեսութիւնը մարդկութեան ապագայի մասին։ Այս իմաստով կը համարձակիմ նոյնիսկ յայտարարել, որ անհաւանական կամ անկարելի պէտք չէ նկատել պայմաններու յեղաշրջումով մը Գերմանացիներու դիմադարձութիւնը»(72)։ Աւելացնում է նաեւ, որ չի բացառւում՝ մի օր Գերմանիան կրկին որդեգրի նացիզմը եւ կանգնեցնի Հիտլերի արձանը՝ նրան յայտարարելով ազգային հերոս։ Միգուցէ այն ժամանակ հրեայ գործընկերները հասկանան հայերի «հոգեկան լուծը եւ անսահման թախիծը», գնահատեն այն իրողութիւնը, որ եթէ Գերմանիան յաղթէր, հրեաները յայտնուելու էին հայերի վիճակում։ Նրանք եւս պէտք է տանջուէին ու չարչարուէին իրենց զոհ-ազգ ներկայացնելու համար, թերեւս այն ժամանակ կը հասկանային, թէ ինչ են զգում հայերը՝ տեսնելով Թալէաթի յուշարձանը կամ Անգարայում նրա անունով փողոց(73)։

1995 թ. Հայոց ցեղասպանութեան 80-րդ տարելիցին Երեւանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում Տատրեանը տեսական հիմնաւորումներով ու փաստերով ներկայացնում է Հայոց ցեղասպանութիւնը՝ որպէս պետական ոճիր («state crime»)(74)։ 1997 թ. ապրլի 17–29-ն Աւստրալիայի Մելբուրն քաղաքում նրան հիւրընկալում են Ցեղասպանութիւնների համեմատական ուսումնասիրութիւնների կենտրոնը եւ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման յանձնախումբը՝ որպէս ցեղասպանութեան 82-րդ տարելիցի ոգեկոչման գլխաւոր բանախօս։ Տեխնոլոգիական համալսարանում հայ եւ յոյն գիտնական-

ների ու գիտաշխատողների ներկայութեամբ զեկուցում է «Օսմանեան կայսրութեան անկման օրերին ազգայնական հակամարտութիւնների դերի» մասին։ Ապրիլի 22-ին Նիւ Սաութ Վեյլզ նահանգում դասախօսում է «Ահաբեկչութիւնը որպէս ցեղասպանութեան նախերգանք» թեմայով։ Հանդիպումներ է ունենում աւստրալիական քաղաքական շրջանակների, Նիւ Սաութ Վեյլզ նահանգի ընդդիմադիրների առաջնորդ Փ. Քոլինզի հետ։ Նահանգային խորհրդարանում Տատրեանը ներկայացնում է ցեղասպանութեան վերաբերեալ իր ուսումնասիրութիւնները։ Այդ հանդիպմանը մասնակցում էին հայ համայնքի եւ Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցչիները։ Ապրիլի 24-ին Վիլըբի քաղաքում նահանգի բարձրաստիճան պաշտօնեաների եւ 1500 մասնակցի ներկայութեամբ գիտնական-ցեղասպանագէտը իր ելոյթում պարզաբանում է մեծ ուժերի անտարբերութեան ու ոճրագործների անպատժելիութեան իրողութիւնը, որը թոյլ տուեց ցեղասպանութեան շարունակութեանը։ Հանդիպմանը ելոյթ է ունենում նաեւ նահանգի վարչապետ Բոբ Քարը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանութեան ժխտումը՝ պահանջելով, որ Գերմանիայի նման Թուրքիան եւս պէտք է ճանաչի իր ոճիրը եւ կատարի համապատասխան հատուցում։ Ապրիլի 26-ին Տատրեանը հայերէն դասախօսում է «Հայ-թուրքական յարաբերութիւնների հեռանկարը ցեղասպանական յանցանքի ներքոյ» թեմայով, իսկ Ապրիլի 26-ին՝ Ցեղասպանութիւնների համեմատական ուսումնասիրութիւնների կենտրոնում խօսում է Գերմանիայի պատասխանատուութեան մասին։ Շուրջ 300 հոգու ներկայութեամբ հիմնարար վերլուծութիւններով ապացուցում է Հայոց ցեղասպանութեանը գերմանացիների ուղղակի մասնակցութիւնը՝ ցոյց տալով, որ այդ «յաջողութիւնը» հրէական Ողջակիզումի նախատիպը դարձաւ։ Առաջադրում է մի շատ կարեւոր թեզ. ժողովրդավար Գերմանիան ժամանակի ընթացքում պէտք է ճանաչի Հայոց ցեղասպանութեանն իր մեղսակցութիւնը, ինչպէս որ այն արել է այլ առիթներով։ Ըստ նրա՝ այդ քայլն աւելի կը մեծացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հաւանականութիւնը։ Սիդնիում՝ Խաղաղութեան եւ հակամարտութեան ուսումնասիրութիւնների կենտրոնում, զեկուցում է «Զանգուածային բռնութիւնը՝ որպէս պետական ուժի գործիք» թեմայով։ «Ցեղասպանութեան քաղաքականութիւն» դասընթացի շրջանակում Տատրեանը վերլուծում է Հայոց ցեղասպանութեան եւ Հոլոքոստի համեմատական կողմերը(75)։

Վ. Տատրեանի գիտական ուսումնասիրութիւնների հիմնախնդիրների ուրուագիծ

Մեծանուն գիտնականը, տարիների անխոնջ աշխատանքի շնորհիւ, գիտական նոր մակարդակի բարձրացնելով եւ բազմակողմանի խորքային քննութեան ենթարկելով Հայոց ցեղասպանութեան իրողութեան ուսումնասիրութիւնը, իր աշխատութիւններում առաջադրում է նոր հիմնահարցեր ու հարցադրումներ։ Նրա իւրաքանչիւր հետազօտութեան վերնագիրն ինքնին համապարփակ գիտաբանական սահմանում է։ Եթէ համառօտ ուրուագծենք Տատրեանի հետազօտութիւնների ընդգրկած ժամանակագրութիւնը, ապա, ինչպէս ցոյց է տալիս նրա՝ 1995 թ. լոյս տեսած «Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը. էթնիկ հակամարտութիւն Պալկաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս» կոթողային ուսումնասիրութիւնը, ցեղասպանագէտը քննութեան է ենթարկել XIX դարում Հայկական հարցի ծագման պատմաքաղաքական հանգամանքները, այդ շրջանում եւրոպական տէրութիւնների կողմից Օսմանեան կայսրութեան ազգերի ինքնագիտակցութեան արթնացման խթաններն ու նպատակները, որոնք եւս էապէս սրել են հայ-թուրքական հակամարտութիւնը։ Նախացեղասպանական այդ միջավայրում էր, որ ապդուլհամիդեան վարչակարգը 1894–1896 թթ. իրականացնում է հայերի զանգուածային կոտորածները։ Պատմաբան-ցեղասպանագէտի բնութագրմամբ՝ «Սասունից մինչեւ Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ մինչեւ շրջաններ թէ՛ մարդկային, եւ թէ՛ նիւթական ոչնչացման կայուն աճ էր նկատւում, եւ ջարդերի այս աւելացումներն են հասցնում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանութեանը, որն այդ կոտորածների գագաթնակէտն էր։ Իսկ կոտորածների հիմնական մեխանիզմն այն է, որ դրանց պատասխանատուները

վստահ էին, որ մինչեւ վերջ անպատիժ են մնալու»(76)։

1894 թ. Սասունի կոտորածն օսմանեան պատմութեան մէջ հայերի առաջին կազմակերպուած զանգուածային սպանդն էր եւ պայմանաւորուած չէր որեւէ արտաքին պատերազմի հետ(77)։ 1915 թ. երիտթուրքերի իրագործած Հայոց ցեղասպանութիւնը Տատրեանը դիտարկում է որպէս ապդուլհամիդեան կոտորածների պատմական շարունակութիւն, որի ներսում դահիճ-զոհ յարաբերութեան յանցաւոր բնոյթը ոչ միայն պահպանուել էր, այլեւ տարիների ընթացքում ընդգծուել՝ հասնելով հայերի ամբողջական ոչնչացմանը(78):

Հետազօտելով այդ շրջանի եւրոպական դիւանագէտների զեկոյցները՝ նա եզրայանգում է, որ կենտրոնական իշխանութիւնները՝ անձամբ սուլթան Ապտուլ Համիտը, մասնակից էին կոտորածների կազմակերպմանը։ Այն հարցին, թէ ինչպիսին տէրութիւնների հակազդեցութիւնը, Տատրեանը պատասխանում է, որ վերջիններս այդպէս էլ չդիմեցին որեւէ քայլի՝ պաշտպանելու հայերին: Հերթական անգամ նրանք չկարողացան առաջարկել աւելի լաւ լուծում, քան ամուլ «Մայիսեան բարենորոգումների նախագիծը»(79): Ցեղասպանագէտը 1894–1896 թթ. կոտորածները որակում է որպէս ապագայի «նախազգուշացում եւ նախընթաց»(80)։ Նա նաեւ առաջիններից մէկն էր, ով Ապտուլ Համիտի ծրագրած եւ իրականացրած 300.000 հայերի սպանդն անուանեց «նախացեղասպանութիւն»(81)։

Ըստ Տատրեանի՝ հայ յեղափոխական կուսակցութիւնների հիմնումը եւգործողութիւնները նաեւ հետեւանք էին բարենորոգումների իրականացման հարցում եւրոպական տէրութիւնների անկարողութեանը: Այդ էր պատճառը, որ 1896 թ. Օգոստոսի 13-ին դաշնակցականները գրաւում են Օտոմանեան բանկը(82)։ Ըստ Տատրեանի՝ եւրոպական տէրութիւնների նախապատերազմեան բարենորոգումների ջանքերն էական դրական դեր չխաղացին հայերի համար։ Ինչպէս եզրայանգում է գիտնականը, «19-րդ դարում «եւրոպական համախմբումի» «Մարդասիրական միջամտութիւնը», որն ունէր հայերին պաշտպանելու նպատակ, հիմնականում ձախողուեց, քանի որ ներգրաւուած տէրութիւններն անհրաժեշտ ուշադրութիւն չդարձրեցին սոցիալ-քաղաքական գործօններին, որոնք հայերին մղել էին ենթակայ կարգավիճակի։ Չկարողանալով հաշուի առնել այդ կենտրոնական գործօնները՝ եւրոպացիներն օսմանեան պետութեանը թոյլատրեցին հետապնդելու աւելի համապատասխան, բայց շատ աւելի նուազ արդիւնաւէտ ուղի՝ առ ի հակազդեցութիւն այն տագնապին, որն առաջացնում էր սոցիալ-քաղաքական այդ համակարգը»(83)։

1909 թ. Ատանայի կոտորածը Տատրեանը բնորոշում է՝ «Փորձաքար անպատիժ կոտորած մը» եւ «որպէս նախաքայլ Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանութեան»։ Փաստական եւ տեսական վերլուծութեամբ նա վեր է հանում պետութեան ու կուսակցութեան միաձոյլ դերը Հայոց ցեղասպանութեան մէջ(84)։ Համեմատելով ապտուլհամիտեան ռեժիմի եւ երիտթուրքերի մինչ ցեղասպանական գործողութիւնները՝ ցեղասպանագէտ-գիտնականն ուղղակի անքակտելի կապ է տեսնում 1915 թ. օսմանեան իշխանութիւնների իրականացրած Հայոց ցեղասպանութեան հետ։ Առաջարկելով «ցեղասպանութեան պարադիգմայի» հայեցակարգը՝ պատմաբանը տարորոշում է դիտաւորութեան երկու փուլեր՝ «նախնական» եւ «վերջնական»՝ փաստելով դրանց միջեւ օրգանական կապը(85)։

Հետազօտելով Հայոց ցեղասպանութեան պատճառներն ու հետեւանքները՝ Վ. Տատրեանը քննադատում է հայերի «սադրիչ» վարքագծի մասին թուրքական մտացածին տեսութիւնը, ժխտում օսմանեան կառավարութեան նկատմամբ հայերի անհաւատարմութեան թեզը, ցոյց տալիս օսմանեան իշխանութիւնների հանցագործ էութիւնը, վերլուծում 1914–1918 թթ. տեղի ունեցած իրադարձութիւնների նկատմամբ եւրոպական պետութիւնների դիրքորոշումները(86)։

Ցեղասպանագէտը քննել է հայութեան ոչնչացմանն ուղղուած օսմանեան իշխանութեան մի շարք որոշումներ եւ անգլերէն թարգմանութեամբ շրջանառել (1914 թ. Դեկտեմբեր–1915 թ. Յունուար ամիսներին) մի խումբ պետական գործիչների ու Թալէաթի ղեկավարութեամբ ընդունուած ցեղասպանութեան պետական ծրագիրը, որի թիրախում էր նաեւ հայ ժողովուրդը. այն գոյութիւն է ունեցել երեք փատաթղթի տեսքով։ Այդ որոշումները յայտնի էին «10 պատուիրաններ» անունով(87)։

Տատրեանը կարեւոր եզրակացութիւնների է յանգել 1995 թ. լոյս տեսած իր «Հայոց ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով» գրքում՝ “Teşkilâti Mahsusa”-ի («Յատուկ կազմակերպութեան») էութիւնն ու նպատակը լուսաբանելիս(88)։ Թուրքական այն տեսակէտներին, որ իբր կազմակերպութիւնը ստեղծուել էր կայսրութեան «անջատողական» կամ «կենտրոնախոյս տարրերը» զսպելու նպատակով(89)՝ արխիւային վաւերագրի հիման վրայ բացայայտում է այդ կազմակերպութեան ուղղակի մասնակցութիւնը հայութեան ոչնչացմանը։ Այն գործել է խիստ գաղտնաբար եւ միտումնաւոր՝ գրեթէ գրագրութիւն չունենալով կենտրոնական իշխանութեան հետ, որպէսզի վերջինս հետագայում հնարաւորութիւն ունենայ ժխտելու իր պատասխանատուութիւնը90։

Տատրեանը քննել է նաեւ «Տեղահանութեան օրէնքը» եւ ունեզրկմանն առնչուող խնդիրները(91)։ Ուսումնասիրել է ապտուլհամիտեան կոտորածների եւ Հայոց ցեղասպանութեան ժողովրդագրութիւնը(92), ինչպէս նաեւ՝ երեխաների ճակատագիրը՝ որպէս զոհեր(93)։

Ցեղասպանագէտ-գիտնականի հետազօտութեան առանցքային հարցերից էին Հայոց ցեղասպանութիւնն իրագործած յանցագործներին պատժելու նպատակով 1918 թ. Դեկտեմբերին հիմնուած Ռազմական արտակարգ ատեանի եւ Անգարայի նախկին կուսակալ Մազհար բեյի նախագահութեամբ հարցաքննիչ յանձնաժողովի՝ ոճրագործների հարցաքննութիւնները։ Ուսումնասիրել է նաեւ այդ նոյն դատական գործընթացները, ոճրագործների նկատմամբ քրէական դատ բացելու համար Օսմանեան երեսփոխանական ժողովի (Meclisiն Mebusan) նիստերի արձանագրութիւնները։ Տատրեանը, հիմք ընդունելով հայ, յոյն եւ թուրք երեսփոխանների ու նախարարների ելոյթների սղագրութիւնները, հաստատում է, որ դրանք ուղղակի վկայութիւններ են՝ հայերի հանդէպ գործուած ոճրագործութիւնների(94)։ 1919–1920 թթ. Ռազմական արտակարգ ատեանը, արձակելով մի շարք ամբաստանագրեր եւ վճիռներ, հաստատեց, որ Հայոց ցեղասպանութիւնը կանխամտածուած, ծրագրուած ոճիր էր՝ իրականացուած իթթիհաթական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի եւ նահանգների իշխանութիւնների միջոցով(95)։ Ինչպէս եզրայանգում է Տատրեանը, խորհրդարանի այս նիստերի ուսումնասիրութիւնն «ունի անսովոր հանգամանք». մասնակցում էին նաեւ հայ վեց երեսփոխան։ Տեղի են ունեցել մանրամասն խոստովանութիւններ, զղջումի արտայայտութիւններ եւ ելք գտնելու անհրաժեշտութեան հաւաստիքներ։ Թուրքիայի պատմութեան մէջ առաջին եւ վերջին անգամ խորհրդարանային մակարդակով քննարկման նիւթ դարձաւ հայերի դէմ ծրագրուած եւ իրագործած ոճիրը(96): Նշենք, որ քեմալականների իշխանութեան գալով՝ դատական այդ գործընթացները դադարում են։

Պատմական ընդարձակ փաստերի հիման վրայ ներկայացնելով Մեծ տէրութիւնների եւ Օսմանեան կայսրութեան շահերի բախումների կիզակէտում յայտնուած Հայկական հարցը՝ Տատրեանը եզրակացնում է՝ Դաշնակիցները, որոնք պարտութեան էին մատնել օսմանեան բանակին, չկարողացան կամ չցանկացան արգելել նման զանգուածային ոճիրը. «Աւելին, անոնք ձախողեցան պատժելու ոճրագործները պատերազմի վաղորդայնին, հակառակ որ հրապարակաւ յանձնառու եղած էին պատիժ սահմանելու անոնց»(97)։

Մեծանուն գիտնականի հետազօտութեան ծիրում էր նաեւ Հայոց ցեղասպանութիւնն իրագործողների, այդ ոճիրը կանխելու եւ պատժելու ձախողումների իրաւական եւ քաղաքական, Հայոց ցեղասպանութեան որպէս ազգային ու միջազգային իրաւունքի եւ օրէնքի խնդիրը(98)։ Նա վեր է հանել նաեւ օսմանեան հասարակութիւնը ձեւաւորող իսլամական դրոյթներն ու կրօնական այն համոզմունքները, որոնք մղել են թուրքերին տապալելու եւրոպայի եւ հայերի մարդասիրական ջանքերը(99)։

Վ. Տատրեանի քննութեան առարկայ են նաեւ դարձել Հայկական հարցը եւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանութիւնը՝ վաւերագրուած Օսմանեան կայսրութեան դաշնակիցների՝ Գերմանիայի եւ Աւստրո-Հունգարիայի կողմից, ինչպէս նաեւ՝ թուրքական պաշտօնական աղբիւրները(100)։ եւ 1996 թ. Վ. Տատրեանն այս արխիւների հիման վրայ հրատարակում է «Գերմանիայի պատասխանատուութիւնը հայերի ցեղասպանութեան մէջ. գերմանական մեղսակցութեան պատմական ապացոյցների ակնարկ» ծաւալուն աշխատութիւնը, որում բացայայտում է թուրք-գերմանական ռազմական դաշինքի պայմանները, դրանց զարգացումները, այդ համապատկերում Գերմանիայի «ուղղակի եւ անուղղակի» ներգրաւուածութիւնը Հայոց ցեղասպանութեան մէջ(101)։

Արեւելեան Հայաստան քեմալականների ներխուժումը, անուանի գիտնականի բնորոշմամբ, հայերի ցեղասպանութեան շարունակականութեան եւ հայկական պետականութեան ոչնչացման ծրագիր էր։ Ամենեւին պատահական չի համարում արտերկիր փախած յանցագործ երիտթուրք կուսակցութեան պարագլուխներ Թալէաթ եւ Էնվեր փաշաների, Պեհաէտտին Շաքիր բեյի՝ այդ յարձակումից ոգեւորուած ողջոյնի նամակները՝ ուղղուած թուրքական բանակի Կովկասեան կորպուսի հրամանատար Մուստաֆա Քեմալին ու Քազըմ Քարաբեքիր փաշային(102):

Վ. Տատրեանը հանգամանօրէն վերլուծել է Հայոց ցեղասպանութեան իրողութիւնների թուրքական «ժխտողականութեան սինդրոմը»(103)՝ բացայայտելով թուրքական կեղծարարութեան բիրտ զինանոցը(104)։ Ինչպէս գրում է պատմաբանը. «Ամէն մի ճիգ՝ ուղղուած ցեղասպանութեան իրողութեան ապացոյցին, հանդիպելու է «թուրքական ժխտման սինդրոմին»: Փաստօրէն, թուրքերն իրենց ժխտողական քաղաքականութեան մէջ այնքան հեռու են գնացել, որ այն դառնում է ուսումնասիրման առանձին դաշտ: Խնդիրն է՛լ աւելի է բարդանում, քանի որ որոշ տեսաբանների կարծիքով՝ «ժխտումը ոչ մի ապացոյց չի պահանջում»: Փաստօրէն, հիմնական ծանրութիւնն ընկնում է հակառակ կողմի վրայ, որը հակուած է ապացուցելու ցեղասպանութեան փաստը(105):

Ցեղասպանագէտը նաեւ առաջին հայ գիտնականն էր, ով համեմատական քննութեան է ենթարկել Հայոց ցեղասպանութեան եւ Հոլոքոստի առանձնայատկութիւնները՝ զոհագիտութեան տեսանկիւնից(106)։

Տատրեանի ուսումնասիրած հարցերը համապարփակ ժամանակագրական զարգացումով ներկայացնում են 1995 թ. լոյս տեսած «Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը. էթնիկ հակամարտութիւն Պալքաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս»(107) կոթողային ուսումնասիրութիւնը։ Այն թարգմանուել է տարբեր լեզուներով, այդ թուում՝ թուրքերէն(108)։ 1998 թ. լոյս է տեսնում Տատրեանի «Ցեղասպանութեան հրաման։ Թուրք-հայկական հակամարտութեան հիմնական տարրերը» նոր աշխատութիւնը(109):

Խիստ արդիական է Տատրեանի հետեւեալ եզրակացութիւնը. Մարդկութեան դէմ իրագործուած յանցագործութիւնը չի կարող սահմանափակուել յանցագործ-զոհ փոխյարաբերութեամբ։ Ուստի միջազգային իրաւունքի նորմերի կատարման ապահովման համար պարտադիր է միջազգային հանրութեան ակտիւ մասնակցութիւնը։ Ժողովրդավար պետութիւնների կրաւորական եւ դիտորդի կեցուածքն անթոյլատրելի է, քանի որ պատմութիւնն ապացուցել է, որ այն, ի վերջոյ, պարարտ հող է ստեղծում ժխտողականութեան, անպատժելիութեան, արդարութեան ոտնահարման համար եւ անուղղակիօրէն նպաստում է ներկայում ու ապագայում այդ տեսակի յանցագործութիւնների կրկնութեանը։ Ինչպէս գրում է մեծ ցեղասպանագէտը, անհրաժեշտ է Հայոց ցեղասպանութիւնից դասեր քաղել՝ ապագայում նման զանգուածային ոճիրները կանխարգելելու համար(110)։

Եզրակացութիւն

Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան ռահվիրա, ականաւոր գիտնական Վահագն Տատրեանի՝ նոր մեթոտաբանութեամբ արուած ուսումնասիրութիւնները եւս մէկ անգամ փաստում եւ ամրագրում են Հայոց ցեղասպանութեան կանխամտածուած լինելու իրողութիւնը։ Նրա աշխատութիւնները հիմնարար գիտական լինելուց բացի՝ ունեն քաղաքագիտական արժէք։ Գիտական շրջանառութեան մէջ դնելով արխիւային մեծաքանակ նիւթ՝ համեմատական ցեղասպանագիտութեան տեսութիւնների ու մեթոտի կիրառմամբ, նա ոչ միայն իր քննած հիմնահարցերի արդիւնքները հասանելի էր դարձնում միջազգային գիտական եւ այլ հարթակներում, այլեւ Սփիւռքի հայ համայնքներին ու Հայաստանին։ Տատրեանն առաջին անգամ շրջանառութեան մէջ դնելով յոյժ կարեւոր վաւերագրեր, պատմական հենքի վրայ փաստական այդ նիւթերը քննել է միջազգային իրաւունքի, քրէագիտութեան, հասարակագիտութեան եւ ոճրագիտութեան տեսանկիւնից՝ միաժամանակ ստեղծելով Հայոց ցեղասպանութիւնը գիտականօրէն բնութագրող եզրոյթներ ու սահմանումներ։ Նա իր աշխատութիւններով անհերքելի ներդրում ունի Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացում՝ իրաւական ամուր հենք ստեղծելով հատուցման համար։

Տատրեանը, կերտելով ցեղասպանութեան գիտականացման պատմութիւնը, նաեւ գործուն մասնակցութիւն է ունեցել կրթական գործում՝ ստեղծելով ցեղասպանութեանն առնչուող նոր դասընթացներ։ Վաստակաշատ պատմաբանի կեանքի եւ գիտական գործունէութեան ուսումնասիրութիւնը մեզ կրկին առերեսում է այն պատմաքաղաքական հիմնախնդիրներին, որոնք ցայսօր լուծում չեն ստացել եւ գոյաբանական վտանգ են Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Սփիւռքի համար։

Լուսինէ Սահակեան

«Պատմաբանասիրական Հանդէս», 2023

Լուսինէ Սահակեան – բ. գ. թ., ԵՊՀ թրքագիտութեան ամպիոնի դոցենտ, ԵՊՀ-ի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչ։ Գիտական հետաքրքրութիւնները՝ պատմական ժողովրդագրութիւն, տեղանուանագիտութիւն, համշէնահայերի պատմութիւն, Օսմանեան կայսրութեան էթնոքաղաքականութիւն, Հայոց ցեղասպանութիւն, Հայկական հարց։ Հեղինակ է 6 գրքի եւ 50-ից աւելի յօդուածի: 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Աքչամ Թ. 2019, Սպանութեան հրամաններ, Թալէաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանութիւնը (թարգմ. անգլ.՝ Անդրանիկ Իսրայէլեան), Երեւան, «Նյումեգ», 408 էջ։

Գրիկէր. 1980, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւն, Նիւ Եորք, «Ոսկետառ» հրատ., 468 էջ։

Տատրեան Վ. 2012, Հայոց ցեղասպանութիւնը ազգային եւ միջազգային իրաւունքի երկակի հիմնախնդիր (անգլ. թարգմ.՝ Ա. Բեժանեանի, հայերէն թարգմ. խմբ.` Լ. Սահակեան), Երեւան, ԵՊՀ հրատ., 44 էջ։

Զաւէն Արքեպս. 1947, Պատրիարքական Յուշերս. Վաւերագիրներ եւ վկայութիւններ, Գահիրէ, տպ. «Նոր Աստղ», 424 էջ:

Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան. 1991, հ. 3, Երեւան, ԵՊՀ հրատ., 991 էջ։

Հայ ուսուցիչ մը համալսարանին մէջ.– «Պայքար» (Պոստոն), 28. VIII. 1957։

Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի. 1989, առաջ., թարգմ. եւ ծանօթ. Ա. Հ. Փափազեանի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 255 էջ։

Մարտիկեան Ճ. 1957, Երգն Ամերիկայի.– Մատենաշար «Համազգայինի», Պէյրութ, 436 էջ։

Մանուկեան Ս. 2019, Ցեղասպանագիտութեան դասականը. Վահագն Տատրեանի պայծառ յիշատակին.– «Վէմ» (Երեւան), թիւ 3, էջ 178–192։

Պողօսեան Ս. 2001, Վահագն Տատրեան (կենսագրական տուեալներ).– «Հայոց ցեղասպանութեան պատմութեան եւ պատմագրութեան հարցեր», Երեւան, թիւ 3, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ, էջ 3–50։

Փրոֆ. Տատրեանի ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնասիրութիւնն ընդունուեց.– «Ալիք» (Թեհրան), 26. III. 1975:

Սահակեան Լ. 2022, Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում պահուող «Տեղեկատու դիւանի» Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան արխիւի պատմութիւնը եւ «Բովանդակութիւնը» .– «Հայագիտութեան հարցեր» (Երեւան), 1 (22), էջ 3–32։

Սաֆրաստեան Ռ. 2009, Օսմանեան կայսրութիւն. Ցեղասպանութեան ծրագրի ծագումնաբանութիւնը (1876–1920 թթ.), Երեւան, «Լուսակն», 247 էջ։

Սուրմէլեան Լ. Զ. 1980, Ձեզ եմ դիմում տիկիններ եւ պարոններ (ինքնակենսագրական վէպ), Երեւան, «Սովետական գրող», 304 էջ։

Վ. Ք. Փրոֆ. Վահագն Տատրեան դասախօս Պոստըն Գալըճին մէջ.– «Բուրաստան» (Մոնթրէալ), 1963, թիւ 4–5, Յուլիս–Օգոստոս, էջ 7։

Տատրեան Ա. 1995. Կեանքին մէջէն իմ եւ ուրիշներու կենաքը (Յուշեր), Իսթանպուլ, տպ. «Ժամանակ», 480 էջ։

Տատրեան Վ. Հայերու բողոքը Մոսկուայի դէմ.– «Հայրենիք» (Բոստոն), 06. X. 1964։

Տատրեան Վ. 1945, Դէպի անապատ: Փրցուած էջեր օրագրէս, Նիւ Եորք, տպ. «Կոչնակ», 476 էջ։

Տատրեան Վ. 1995, Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, ԱՄՆ, Մասաչուսեթս, «Պայքար», 147 էջ։

Տատրեան Վ. Ն. 2003, Հայոց ցեղասպանութեան՝ թուրքերի կողմից ժխտման գլխաւոր տարրերը. Խնդրի աղաւաղման եւ կեղծման ուսումնասիրութիւնը.– Հայոց ցեղասպանութեան պատմութեան եւ պատմագիտութեան հարցեր, թիւ 8, Երեւան, էջ 136–168։

Տատրեան Վ. Ն. 2012, Հայոց ցեղասպանութիւնը։ Վերաքննութիւնը անոր պատմական քաղաքական եւ օրինական երեւոյթներուն, թարգմ.՝ Ս. Յ. Մինասեան, Լոս Անճելըս, էջ 3–79։

Տոքթ. Վահագն Տատրեանի նամակը «Նիւ Եորք թայմզի»-ի մէջ։ Յանուն ազատ Հայաստանի կատարուած հողային պահանջներուն ժխտումը կը վերագրուի անխիղճ դիւանագիտութեան.– «Ազդակ» (Պէյրութ–Լիբանան), 19. VIII. 1964։

Տոքթ. Վ. Տատրեան Լոնտոնի մէջ.– «Արեգակ» (Լոնտոն), 1965, թիւ 17, Օգոստոս, էջ 11։

Տր. Վահագն Տատրեանի յօդուածը «Մոնիթըր»ի մէջ Ղարաբաղի հայերու մասին.– «Հայրենիք» (Պոստոն), 27. IX. 1964։

Տոքթ. Վահագն Տատրեանը Թեհրանում.– «Ալիք» (Թեհրան), 30. VIII. 1965։

Տոքթ. Վահագն Տատրեանի դասախօսութիւնները.– «Արմենիա» (Բուենոս-Այրես), 26. VII. 1966։

Տոքթ. Վահագն Տատրեանը Թեհրանում Բ-Տեսակցութիւն Տոքթ. Տատրեանի հետ.– «Արմենիա» (Բուենոս-Այրես), 02. VII. 1970։

Ցեղասպանութեան մասին միջազգային գիաժողով.– «Արեւ» (Գահիրէ), 26. VIII. 1980։

Փրոֆ. Վահագն Տատրեանի Գործունէութիւնը.– «Արեւ» (Գահիրէ), 02. V. 1975, 13. X. 1976։

Փրոֆ. Վահագն Տատրեանի ակադեմական գործունէութիւնը եւրոպայի մէջ.– «Արեւ» (Գահիրէ), 11. VIII. 1975։

Փրոֆ. Վ. Տատրեան Կը Մասնակցի Գիտաժողովի Մը.– «Արեւ» (Գահիրէ), 15. VIII. 1975։

Փրոֆ. Վահագն Տատրեանի Բ. Դասախօսութիւնը Տոքթ. Տատրեանի հետ.– «Արմենիա» (Բուենոս-Այրես), 22. VII. 1970։

«Ֆրայէ Փրեսէ» Փրոֆ. Վ. Տատրեանի մասին, Հայ գիտնական մը՝ Պուէնոս Այրէսի մէջ.– «Արմենիա» (Բուենոս-Այրես), 02. IX. 1968։

Дадрян В. 2007, История Армянского Геноцида: Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа, перевод С. Д. Оганесян. Ереван, «Гладзор», 584 с.

Dadrian V. 1963, An Appraisal of the Communist Formula in Form, Socialist in Content, Part II.– “Armenian Review” (Watertown), vol. 16, no. 4–64, pp. 3–14.

Dadrian V. 1965, Major Patterns of Social and Cultural Changes of Soviet Armenians.– “American Philosophical Society”, N 65, pp. 375–379.

Dadrian V. 1967, An Interpretation of the Address to the Central Committee of the Communist Party of the Soviet Union.– “Armenian Review” (Watertown), vol. 20, no. 1–77, pp. 64–78.

Dadrian V. 1967, The Events of April 24 in Moscow.– “Armenian Review” (Watertown), vol. 21, no. 2–78, pp. 9–26.

Dadrian V. 1967, Sources and Signs of Armenian Unrest.– “Problems of Communism”, 16, pp. 70–71.

Dadrian V. 1968, The Initial Development of the Soviet Posture on Nationalities: A Reappraisal of the Roles of Lenin and Stalin.– “Indian Sociological Bulletin”, India, VI, no.1, October pp. 18–38.

Dadrian V. 1968, The Karabagh Issue.– “Armenian Review” (Watertown), vol. 21, no. 3–83, pp. 57–84.

Dadrian V. 1969, Inter-Ethnic Conflicts in the Soviet Transcaucasus.–“International Review of History and Political Science” (Meerut, India), 6, no. 2, pp. 79–92.

Dadrian V. 1970, National Communism – A Soviet Dilemma.–“Political Scientist”, 2, no. 1–2, pp. 13–20.

Dadrian V. 1972, Industrialization and Recent Trends of Ethnocentrism in Armenia.– “Ukrainian Quarterly”, vol. 28, New York City, no. 1, pp. 53-68.

Dadrian V. 1972, Nationalism, Communism and Soviet Industrialization: A Theoretical Exposition.– “Sociologia Internationalis” (Duncker & Humbolt-Berlin ), 10, no. 2, pp. 183–212.

Dadrian V. N. 1975, A Typology of Genocide.–“International Review of Modern Sociology”, 5, no. 2, pp. 201–212.

Dadrian V. N. 1975, Common Features of the Armenian and Jewish Cases of Genocide: A Comparative Victimological Perspective, ed. by Israel Drapkin, Emilio Viano, “Victimology: A New Focus”, Vol. 4, Lexington, MA: D. C. Health and Co., pp. 99–120.

Dadrian V. 1976, Authority on the Study of Genocide, to Attend Concert.– “The Armenien Reporter” (New York), April 19.

Dadrian V. 1977, Nationalism in Soviet Armenia: A Case Study of Ethnocentrism, Nationalism in the USSR and Eastern Europe, ed. George Simmonds. Nationalism in the USSR and Eastern Europe in the era of Brezhnev and Kosygin, Detroit, University of Detroit Press, pp. 201–258.

Dadrian V. 1986, The Role of Turkish Physicians in the World War I Genocide of Ottoman Armenians.– “Holocaust and Genocide Studies” (Great Britain, Pergamon press), Vol. 1, No. 2, pp. 169–192.

Dadrian V. N. 1989, Genocide as a Problem of National and International Law: The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications.– “Yale Journal of International Law” , Vol. 14, no. 2, Summer, pp. 221–334.

Dadrian V. N. 1990, Towards a Theory of Genocide: Incorporating the Instance of Holocaust: Comments, Criticisms and Suggestions.– “Holocaust and Genocide Studies” (Oxford University Press), Vol 5, No. 2, pp. 129–143.

Dadrian V. N. 1991, The Documentation of the World War I Armenian Massacres in the Proceedings of the Turkish Military Tribunal.– “International Journal of Middle East Studies” (Cambridge University Press), Vol. 23, No. 4, Nov, pp. 549–576.

Dadrian V. N. 1991, Documentation of the Armenian Genocide in Turkish Sources. – In “Genocide: A Critical Bibliographic Review”, edited by Israel W. Charny. London, Mansell Publishing, pp. 86–138.

Dadrian V. N. 1993, The Secret Young Turk Ittihadist Conference and the Decision for the World War I Genocide of the Armenians.– “Journal of Political and Military Sociology” (University of Florida), Vol. 22, no. 1, pp. 173–201.

Dadrian V. N. 1993, The Role of the Special Organisation in the Armenian Genocide During the First World War, State University of New York, Geneseo, Reprinted from Minorities in Wartime, 39 p.

Dadrian V. N. 1995, The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Oxford, 452 p.

Dadrian V. N. 1996, German Responsibility in the Armenian Genocide: A Review of the Historical Evidence of German Complicity. Watertown, Massachusetts, Blue Crane Books, 304 p.

Dadrian V. N. 1998, Warrant for Genocide, Key Elements of Turko-Armenian Conflict, New Brunswick (USA) and London (UK), Transaction Publishers, 214 p.

Dadrian V. N. 1999, Armenian Genocide: Court-martial of Perpetrators.– Encyclopedia of Genocide, Macmillan Reference, vol. 1. CA, Oxford, Great Britain: ABC-CLIO, pp. 87–89.

Dadrian V. N. 1999, The Convergent Roles of the State and a Governmental Party in the Armenian Genocide. In L. Chorbajian and G. Shirinian, eds., Studies in Comparative Genocide. London, Macmillan and New York, St. Martin’s Press, pp. 92–124.

Dadrian V. N. 1999, The Key Elements in the Turkish Denial of the Armenian Genocide: A Case Study of Distortion and Falsification, Zoryan Institute, Toronto, 84 p.

Dadrian Vahram. 2003, To the Desert: Pages from My Diary, translated from the Armenian by Agop J. Hacikyan [edited by Ara Sarafian], Gomidas Institute, Princeton, 426 p.

Dadrian V. N. 2003, The Signal Facts Surrounding the Armenian Genocide and the Turkish Denial Syndrome .– “Journal of Genocide Research”, vol. 5, no. 2, June, Routledge, pp. 269–279.

Dadrian V. N. 2003, Children as Victims of Genocide: The Armenian Case.– “Journal of Genocide Research”, vol. 5, no. 3, September, Routledge, pp. 421–427.

Dadrian V. N. 2005, Armenians in the Ottoman Empire and the Armenian Genocide.– Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 1. Macmillan Reference, pp. 67–76.

Dadrian V. N. 2005, Atatürk, Mustapha Kemal Pasha.– Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 1, Macmillan Reference USA, pp. 92–94.

Dadrian V. N. 2005, Impunity.– Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 2, Macmillan Reference USA, pp. 489–491.

Dadrian V. N. 2005, Talaat.– Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 3, Macmillan Reference USA, pp. 1019–1020.

Dadrian V. N. 2010, The Quest for Scholarship in My Pathos for the Armenian Tragedy and Its Victims.– “Pioneers of Genocide Studies” (ed. Totten S., Jacobs S. L.), Transaction Publishers, pp. 235–251.

Prof. Vahakn Dadrian Returns Here After Venezuelan Congress on Crime.– “The

Armenian Reporter” (New York), 07. XII. 1972.

Professor Dadrian Visits Australia April 17–April 29.– «Արմենիա» (Սիդնեյ), 07. V. 1997։

Zarevand. 1971, United and Independent Turania: Aims and Designs of the Turks. Translated from the Armenian by V. N. Dadrian. Leiden, E. J. Brill, 153 p.

Werfel F. 1933, Die Vierzig Tage des Musa Dagh, 1 Band, 556 S., 2 Band, Berlin, Publisher P. Zsolnay, 584 S.

Bali R. Musa Dağ’ da Kırk Gün’ün Hikâyesi.–“Tarih ve Toplum” (İstanbul), 1989, sayı 170, s. 21–33.

Dadrian V. N. 1995, Ermeni Soykırımı Tarihi: Balkanlardan Anadolu ve Kafkasya’ya Etnik Çatışma, Birinci baskı, İstanbul, Belge yayınları, 664 s.

Dadrian V. N. 1995, Ulusal ve Uluslarası Hukuk Sorunu Olarak Jenosid, Türkcesi: Yavuz Alogan, İstanbul, Belge yayınları, 221 s.

Dadrian V. N. 2005, Türk Kaynaklarında Ermeni Soykırımı. Toplu Makaleler 2, çeviren Attila Tuygan, İstanbul, Kitapyurdu, 384 s.

İstanbul Ermenilerin F. Werfele Mukabelesi. – “Cumhuriyet” (İstanbul),

  1. XII. 1935.

 

 

Ծանօթագրութիւններ

(*) Ներկայացուել է 27. I. 2023 թ., գրախօսուել է 06. III. 2023 թ., ընդունուել է տպագրութեան 23. III. 2023 թ.: Հետազօտութիւնն իրականացուել է ՀՀ գիտութեան կոմիտէի տրամադրած ֆինանսական աջակցութեամբ՝ 20TTSH–042 ծածկագրով գիտական թեմայի շրջանակում։ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի «Արարատ-Էսքիջեան» թանգարանում, պահուող Վահագն Տատրեանի արխիւում աշխատելու հնարաւորութեան եւ մեզ նիւթեր ու լուսանկարներ տրամադրելու համար շնորհակալութիւն ենք յայտնում տնօրէն Մագի Մանգասարեան Գոշինին, ում շնորհիւ այդ արխիւը Պոստոնից տեղափոխուել է Լոս Անջելես եւ ի պահ տրուել սոյն թանգարանին։

(1) Վ. Տատրեանի անձնական արխիւում պահուող նրա թուրքական անձնագրում ծննդեան թիւը նշուած է 1921 թ.:

(2) Ա. Տատրեան. 1995, 52–53։

(3) Ա. Տատրեան. 1995, 20–21։

(4) Ա. Տատրեան. 1995, 9։ Տատրեանների ազգական Վահրամ Տատրեանն իր յուշերում եւս պատմում է ընտանիքի տեղահանութեան պատմութիւնը (տե՛ս Տատրեան. 1945, 564, D a d r i a n. 2003, 408)։

(5) Ա. Տատրեան. 1995, 53։

(6) Ա. Տատրեան. 1995, 53–54։

(7) Ա. Տատրեան. 1995, 68։

(8) «Բուրաստան» (Մոնթրէալ), 1963, թիւ 4–5, Յուլիս–Օգոստոս, 7։

(9) «Պայքար» (Բոստոն), 28. VIII. 1957:

(10) “The Armenien Reporter” (New York), 19. IV. 1976.

(11) D a d r i a n. 2010, 235.

(12) Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ Ֆ. Վերֆելն որոշ ժամանակ ապաստանում է Սբ. Ղազարի Մխիթարեան միաբանութիւնում եւ վանականներից իմանալով թուրքերի յարձակումների դէմ Մուսա լերան հայերի հերոսական դիմադրութեան մասին՝ ներշնչուած գրում է «Մուսա լերան քառասուն օրը» վէպը (տե՛ս Մ ա ր տ ի կ ե ա ն. 1957, 343)։

(13) W e r f e l. 1933. Այնքան մեծ է եղել Ֆր. Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրը» վէպի ազդեցութիւնն ու արձագանգները, որից խիստ անհանգստացած՝ նացիստները, Գերմանիայում հաւաքելով գրքի օրինակները, այրել են։ Նոյնը տեղի է ունեցել Կ. Պոլսում (տե՛ս Վ ե ր ֆ ե լ. 2022, 10)։ Մի խումբ հայեր, թուրքական կառավարութեանը հաճոյանալու եւ իրենց հաւատարմութիւնը ցոյց տալու համար, կամ, միգուցէ, վախից դրդուած, 1935 թ. Դեկտեմբերին այս գիրքը հաւաքում են Բանկալթի թաղամասի հայոց եկեղեցու բակում եւ ցուցադրաբար Վերֆելի մեծադիր լուսանկարի հետ այրում։ Կրակը վառում է «Ազդարար» ու «Նոր լուր» թերթերի թղթակից Ա. Քեչեանը, իսկ Բեյօղլուի հայկական վաքըֆի կառավարիչ Ա. Ասլանը ելոյթ է ունենում՝ քծնելով թուրքական կառավարութեանը եւ Վերֆելի վէպը հռչակելով «ցնդաբանութիւն»։ Այդ լուրը, տեսարանի լուսանկարով, յայտնւում է թուրքական հեղինակաւոր «Ջումհուրիէթ» եւ մի շարք այլ թերթերի էջերում [“Cumhuriyet” (İstanbul), 16. XII. 1935; B a l i. 1989, 21–22]։

(14) D a d r i a n. 1995, XV–XVI; Д а д р я н. 2007, XVI.

(15) Ս ո ւ ր մ է լ ե ա ն. 1980։

(16) «Բուրաստան», 1963, թիւ 4–5, Յուլիս–Օգոստոս, 7։

(17) «Բուրաստան», 1963, թիւ 4–5, Յուլիս–Օգոստոս, 7։

(18) «Հայրենիք» (Պոստոն), 06. X. 1964:

(19) «Արմենիա» (Բուենոս-Այրես), 02. IX. 1968։

(20) Տ ա տ ր ե ա ն. 2012, 3։ Տե՛ս նաեւ Տատրեան. 2009, 33։

(21) Գրիգերը ծնուել է 1911 թ. Մայիսի 12-ին Սեբաստիայի նահանգի Կիւրինի շրջանում։ Նա ընտանիքի 16 երեխաներից ամենափոքրն էր։ Տեղահանութեան ժամանակ փրկուել են ընտանիքից միայն վեցը, իսկ միւս տասը երեխաները՝ ծնողների հետ սպանուել։ Աւագ եղբօր հետ նա 1916 թ. հասնում է Պէյրութ եւ ապաստան գտնում որբանոցում։ 1925 թ. Գրիգերն ընդունւում է Զմմառի հայ կաթոլիկ վանքի դպրոցը։ 1930 թ. աւարտում է Պէյրութի Սբ. Յովսէփ ֆրանսիական համալսարանը։ Կրթութիւնը շարունակել է Հռոմի Լեւոնեան ակադեմիայում՝ դառնալով աստուածաբան եւ հոգեւորական։ Անաւարտ է մնացել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նրա դոկտորական ատենախօսութիւնը։ Գրիգերի արխիւում կան իր իսկ կողմից լուսանկարուած, Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում պահուող «Տեղեկատու դիւանի» մի շարք վաւերագրեր (տե՛ս Ա ք չ ա մ. 2019, 37–39)։ Աքչամը յայտնում է, որ Գրիգերի կեանքի մասին տեղեկութիւնները ստացել է Էտմոն Գերգերեանից (Աքչամ. 2019, 327)։

(22) Տե՛ս նաեւ Մ ա ն ո ւ կ ե ա ն. 2019, 180–181։

(23) Ս ա հ ա կ ե ա ն. 2022, 5–32։

(24) Գ ր ի կ է ր. 1980, 71:

(25) Զ ա ւ է ն Ա ր քե պ ս. 1947:

(26) “The Armenian Reporter”, 07. XII. 1972.

(27) «Արեւ» (Գահիրէ), 02. V. 1975։ Տե՛ս «Ալիք» (Թեհրան), 26. IV. 1975:

(28) D a d r i a n. 1989, 221.

(29) D a d r i a n. 1991, “International Journal of Middle East Studies”, Vol. 23, № 4,

549–576.

(30) D a d r i a n. 1989, 221. «Թաքուիմ-ի Վեքայի» թերթի կարեւորութեանն անդրադարձել է նաեւ Գրիգերը. «Պաշտօնաթերթ Թագուիմը Վագայի նոյնութեամբ արձանագրած է Պատերազմական Ատեանի նիստերուն ատենագրութիւնը, բայց ոչ ամէնը, այլ կարեւորներ. տուած է բազմաթիւ թուրք պաշտօնական վաւերագրեր, որոշումներ, վճիռներ եւ կարեւոր աղբիւրներ: Թուրք պաշտօնաթերթ Թագուիմը Վագայի ոչ թէ միայն յիշած է թուրք պաշտօնական վաւերագրերը, այլ անոնցմէ շատեր նոյնութեամբ հրատարակած է: Այս վաւերագրերը կը հաստատեն վերջնականապէս թէ Երիտասարդ Թուրքերու Կուսակցութիւնը 1914 Յուլիս ամիսէն սկսեալ կազմակերպեց Թէշքիլաթը Մահսուսայի հրոսապետները եւ հրոսակները (չէթէ) որոնց պաշտօն տրուեցաւ հայ կարաւաններ կոտորել եւ յափշտակել ինչքերն ու գոյքերը» (Գ ր ի կ է ր. 1980, 33, 35): «Թաքուիմ-ի Վեքայի» թերթի մի շարք համարներ ուսումնասիրել է նաեւ Ա. Փափազեանը (տե՛ս Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի. 1989)։

(31) Դ ա դ ր ե ա ն. 2012, 3։

(32) Պ ո ղ օ ս ե ա ն. 2001, 49։

(33) Դ ա դ ր ե ա ն. 2012, 3։

(34) Z a r e v a n d. 1971.

(35) D a d r i a n. 1999, Encyclopedia of Genocide, vol. 1, 87–89; D a d r i a n. 1999, Encyclopedia of Genocide, vol. 1, 90–93; D a d r i a n. 1999, Encyclopedia of Genocide, vol. 1, 93–95; D a d r i a n. 2005, Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 1, 67–76; D a d r i a n. 2005, Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 1, 92–94; D a d r i a n. 2005, Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 2, 489–491; Dadrian. 2005, Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, vol. 3, 1019–1020 (Վ. Տատրեանի գիտական հրապարակումների ցանկը տե՛ս նաեւ հետեւեալ կայքում՝ www. genocidestudies.org/vahakn-dadrian).

(36) «Արմենիա», 02. IX. 1968:

(37) D a d r i a n. 1963, “Armenian Review” (Watertown), vol. 16, no. 4–64, 3–14; D a d r i a n. 1967, “Armenian Review”, vol. 21, no. 2–78, 9–26; D a d r i a n. 1965, 375–379; D a d r i a n. 1967, “Armenian Review”, vol. 20, no. 1–77, 64–78; D a d r i a n. 1967, 16, 70–71; D a d r i a n. “Indian Sociological Bulletin”, VI, no. 1, October 1968, 18–38; D a d r i a n. 1968, “Armenian Review”, vol. 21, no. 3–83, 57–84; D a d r i a n. 1969, “International Review of History and Political Science”, 6, no. 2, 79–92; Da d r i a n. 1970, “Political Scientist”, 2, no. 1–2, 13–20; D a d r i a n. 1972, vol. 28, 53–68; D a d r i a n. 1972, no. 2, 183–212; D a d r i a n. 1977, 201–258.

(38) «Հայրենիք», 06. X. 1964:

(39) «Հայրենիք», 06. X. 1964:

(40) «Հայրենիք», 06. X. 1964:

(41) «Հայրենիք», 06. X. 1964:

(42) «Հայրենիք», 06. X. 1964:

(43) «Հայրենիք», 06. X. 1964:

(44) Սայրես Լեո Սալցբերգերը «Նիւ Եորք Թայմզ» թերթի միջազգային հարցերի

թղթակիցն էր։ Նրա ընտանիքին էր պատկանում սոյն թերթը։

(45) «Ազդակ» (Պէյրութ), 19. VIII. 1964։

(46) «Ազդակ», 19. VIII. 1964։

(47) «Ազդակ», 19. VIII. 1964։

(48) «Արեգակ» (Լոնտոն), 1965, թիւ 17, Օգոստոս, 11։

(49) «Ալիք», 30. VIII. 1965։

(50) «Ալիք», 30. VIII. 1965։

(51) «Արմենիա», 26. VII. 1966:

(52) «Արմենիա», 30. VII. 1970։

(53) «Արմենիա», 22. VII. 1970։

(54) «Արմենիա», 28. VII. 1970։

(55) «Արմենիա», 28. VII. 1970։

(56) “The Armenian Reporter”, 07. XII. 1972.

(57) «Արեւ», 02. V. 1975։

(58) «Արեւ», 02. V. 1975։ Տե՛ս նաեւ «Ալիք», 26. IV. 1975:

(59) «Ալիք», 26. IV. 1975:

(60) «Ալիք» (Թեհրան), 26. IV. 1975:

(61) «Արեւ», 02. V. 1975։

(62) Տե՛ս D a d r i a n. 1975, no. 2, 201–212.

(63) «Ալիք», 26. IV. 1975:

(64) «Ալիք», 26. IV. 1975:

(65) «Արեւ», 11. VIII. 1975։

(66) «Արեւ», 11. VIII. 1975։

(67) «Արեւ», 02. V. 1975:

(68) «Արեւ», 13. X. 1976։

(69) «Արեւ», 13. X. 1976։

(70) «Արեւ», 26. VIII. 1980։

(71) D a d r i a n. 1986, 169–192.

(72) D a d r i a n. 1986, 169–192.

(73) D a d r i a n. 1986, 169–192.

(74) Տատրեան. 1995, 107–133, D a d r i a n. 1999, 92–124.

(75) «Արմենիա» (Սիդնեյ), 07. V. 1997։

(76) D a d r i a n. 1995, 123.

(77) D a d r i a n. 1995, 123.

(78) D a d r i a n. 1995, 154.

(79) D a d r i a n. 1995, 119.

(80) D a d r i a n. 1995, 117.

(81) D a d r i a n. 1995, 111–116; Ս ա ֆ ր ա ս տ ե ա ն. 2009, 38։

(82) D a d r i a n. 1995, 138–142.

(83) D a d r i a n. 1995, 379.

(84) Տատրեան. 2012, 110։

(85) D a d r i a n. 1990, 143.

(86) Տատրեան. 1995, 50–51։

(87) D a d r i a n. 1993, no. 1, 174–175. Այդ փաստաթղթի գոյութեան մասին յայտնի է դարձել 1919 թ. Կ. Պոլսի հայկական մամուլից։ Հայերէն թարգմ. տե՛ս Ս ա ֆ ր ա ս տ ե ա ն. 2009, 168։

(88) Տատրեան. 1995, 127–131։ Տե՛ս նաեւ D a d r i a n. 1993, 257–288.

(89) D a d r i a n.1993, 5.

(90) D a d r i a n. 1993, 32.

(91) Տատրեան. 2012, 65–70։

(92) Տատրեան. 2003, 144։

(93) D a d r i a n. 2003, vol. 5, no. 3, 421–427.

(94) Տատրեան. 1995, 147։

(95) Տատրեան. 1995, 6–102, D a d r i a n. 1995, 79–106.

(96) Տատրեան. 1995, 89։

(97) Տատրեան. 2012, 4։

(98) D a d r i a n. 1989, 221–334; D a d r i a n. 1995, 62–72.

(99) D a d r i a n. 1989, 230–234. Տե՛ս նաեւ D a d r i a n. 1995, 62–72.

(100) D a d r i a n. 2005, 384.

(101) D a d r i a n. 1996.

(102) D a d r i a n. 1995, 363.

(103) D a d r i a n. 2003, Vol. 5, no. 2, 269–279.

(104) D a d r i a n. 1999. Տե՛ս նոյնի հայերէն թարգմ. Տատրեան. 2003, 136–137:

(105) Տատրեան. 2003, 136–168։

(106) D a d r i a n. 1975, vol. 4, 99–120. D a d r i a n. 1995, 394–419.

(107) D a d r i a n. 1995.

(108) D a d r i a n. 1995. Հայոց ցեղասպանութեան 80-րդ տարելիցի առթիւ Ստամպուլում թուրքերէնով լոյս տեսած սոյն գիրքը սկզբնական շրջանում դատական յատուկ վճռով արգելւում է, սակայն թուրքական վճռաբեկ դատարանը բեկանում է վճիռը (տե՛ս Պ ո ղ օ ս ե ա ն. 2001, 49)։

(109) D a d r i a n. 1998.

(110) D a d r i a n. 1998, 229.

Comments are closed.