Հրանդ Մարգարեան. «Մենք Հրաշալի Տարբերում Ենք, Որտեղ Է Իշխանութիւնը, Որտեղ` Հայրենիքն Ու Պետականութիւնը»


 

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան «Երկիր Մետիա» պատկերասփիւռի կայանի «Երկրի հարցը» հաղորդումին անցնող օրերուն տուաւ հարցազրոյց մը, որուն մէջ անդրադարձաւ Հայաստանի` Մաքսային միութեան անդամակցութեան հարցին:

Մարգարեան հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ մեր երկիրը պատերազմի մէջ է, հակառակ անոր որ այսօր զինադադարի հանգրուան է: «Պատերազմը միշտ հաւանական է: Պատերազմի ժամանակ երկրի արեւելումը չի փոխուիր, դաշնակիցները չեն լքեր: Եթէ այս իրողութիւնը մենք նկատի ունենանք եւ լուրջ վերաբերինք այն հարցին, որ մեր գլխաւոր հարցը Արցախի հարցն է, եւ այդ հարցով մենք կարենանք մինչեւ վերջ յաղթանակ ապահովել մեր ժողովուրդին համար, այն խօսակցութիւնները, որ մենք կրնանք արեւելում փոխել եւ այլ ուղղութեամբ երթալ` ամբողջութեամբ աւելորդ կը դառնան», նշեց Մարգարեան:

«Մեզի համար մէկ դիրքորոշում գոյութիւն ունի` հնարաւոր կարելին: Պէտք է մնացած ամէն ինչէն տարբերակել` ո՞րն է այսօր կարելին մեզի համար, ո՞րն է, որ այսօր մեզմէ նուազ գին պիտի պահանջէ», ընդգծեց Մարգարեան` աւելցնելով, որ «մենք հրաշալի կերպով կը տարբերենք, թէ ո՛ւր է իշխանութիւնը, ո՛ւր` հայրենիքն ու պետականութիւնը:

Ստորեւ Հարցազրոյցը ամբողջութեամբ։ 

 

ՀԱՐՑՈՒՄ.- Հանրային աղմուկը շատ մեծ է: Ինչ է տեղի ունեցել, ինչ արտառոց բան է  պատահել:  Արդեօք նոր փուլ  եւ կամ բախտորոշ ժամանա՞կ է սկսւում Հայաստանի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ամենակարեւոր հարցը, որի վերաբերեալ քիչ անդրադարձ է եղել, այն է, որ մեր երկիրը պատերազմի մէջ է, չնայած որ այսօր զինադադարի հանգրուանն է: Պատերազմը միշտ է հնարաւոր: Եթէ մենք այս ակնոցով ենք նայում հարցին, ապա ուզում եմ մէջբերել մի ասացուածք` ասում են գետանցումի ժամանակ ձիերը չեն փոխում: Պատերազմի ժամանակ երկրի արեւելումը չի փոխւում, դաշնակիցներին չեն լքում: Եթէ այս իրողութիւնը մենք նկատի ունենանք եւ լուրջ վերաբերուենք նրան, որ մեր գլխաւոր հարցը Արցախի հարցն է եւ այդ հարցով մենք կարողանանք մինչեւ վերջ յաղթանակ ապահովել մեր ժողովրդի համար, այն խօսակցութիւնները, որ մենք կարող ենք ձիերը փոխել եւ այլ ուղղութեամբ գնալ` ամբողջութեամբ աւելորդ կը դառնան: Գաղտնիք չէ, որ մեր երկրի պաշտպանական համակարգը հիմնուած է ռուսական դպրոցի վրայ, եւ այդ համակարգը փոխելը երկար ժամանակ կը պահանջի: Դա կախուած չէ մեր կամքից եւ ցանկութիւնից: Եթէ մենք նկատի ունենանք, որ երկրի հիմնական հարցը ուժանիւթն է, դարձեալ կարող ենք եզրակացնել, թէ որն է մեր ընտրութեան հնարաւորութիւնը: Այսինքն, հարցին պէտք է նայել այսպէս` դիրքորոշումը մեր ցանկութեամբ եւ քմահաճոյքով չէ պայմանաւորուած: Մեզ համար մի դիրքորոշում գոյութիւն ունի` հնարաւոր կարելին: Պէտք է մնացած ամէն ինչից տարբերակել` ո՞րն է այսօր  հնարաւորը մեզ համար, ո՞րն է, որ այսօր մեզանից նուազ գին է պահանջելու եւ ո՞րն է, որ մեզ կը տայ առաւելութիւն:

Եթէ զգացական կտրուածքով նայենք եւ նկատի չունենանք, որ պատերազմի մէջ ենք, հաշուի չառնենք Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ պաշտպանական համակարգի առանձնայատկութիւնները, ապա հարցին` Եւրոպա՞, թէ՞ Ռուսաստան, կարելի է միանշանակ պատասխանել` Եւրոպա: Սակայն  հարցն այդ ձեւով դրուած չի եւ ճիշդ է, որ այսօր մենք  հարցին ոչ թէ զգացմունքային մօտեցում ցուցաբերենք, այլ ամենալուրջ պատասխանատուութեամբ վերաբերուենք, անկախ այն բանից, թէ իշխանութիւններն ինչպէս ընտրեցին այս ճանապարհը` ինչ սխալներ եւ բացթողումներ ունեցան, ինչքանով կարողացան այս ամէնին համաքայլ պահել ամբողջ քաղաքական դաշտը, քաղաքական միջավայրը: Ի վերջոյ երկրի կողմնորոշման հարց է, իսկ այդ երկրում կան քաղաքական ուժեր` ընդդիմութիւն, իշխանութիւն, տարբեր քաղաքական հոսանքներ,  որոնք այս հարցում պէտք է ունենային միանման դիրքորոշում: Սակայն իշխանութիւնը այդ միասնական դիրքորոշման կայացման հնարաւորութիւնը չստեղծեց:

Հ.- Այսինքն, ձեր պատասխանից պէտք է ենթադրել, որ Հայաստանի այս ընտրութիւնը, եթէ մենք դիտարկում ենք անվտանգութեան, Ղարաբաղի հարցի, ուժանիւթի անվտանգութեան եւ մի շարք այլ խնդիրների համաթեքսթում, ապա ձեզ համար ընդունելի, հասկանալի, ընկալելի է  եւ հիմնաւորուած: Ձեր առարկութիւնը միայն որոշումը ընդունելու ձեւի՞ն է վերաբերում:

Պ.- Այո:

Հ.- Հիմա այդ կայ` քաղաքական կուսակցութիւններին, հասարակութեան լայն շերտերին, եթէ չասեմ մասնակից դարձնելու, ապա գոնէ իրազեկելու գործընթաց: Այդ դէպքում, եթէ դուք նայում էք, եւ, ըստ էութեան, մեր երկրի ղեկավարն էլ նայել է այդ տեսանկիւնից` ազգային անվտանգութիւն, Ղարաբաղ, ուժանիւթ եւ այլն… ինչի՞ համար էին երեք տարի ու կէս ձգուող այս բանակցութիւնները: Ինչո՞ւ էր այդքան ջանք, այդքան նիւթական, այդքան մարդկային պաշար  օգտագործւում: Իսկապէ՞ս մեզ թւում էր, թէ հնարաւոր է մեր անվտանգութիւնն  ապահովել Ռուսաստանի օգնութեամբ, բայց մնացած բարիքները ստանալ Եւրոպայից:

Պ.- Ես չեմ կարծում, թէ դա անօգուտ աշխատանք է եղել: Եւրոպական արժէքները որդեգրելը, մեր երկիրը եւրոպական արժէքներին համապատասխանեցնելը, կարծում եմ, մի նպատակ է, որն այսօր էլ մենք պէտք է հետապնդենք: Այսինքն, մենք պէտք է ձգտենք եւրոպական արժէքների` ոչ անպայման Եւրոպական Միութեանը մաս կազմելու նպատակով: Մի բան է քաղաքական դիրքորոշումը, մէկ այլ բան` քաղաքական եւ հասարակական արժէքները, որոնք դու իբրեւ նպատակ ես ճշդում եւ փորձում ես հասնել դրան: Այնպէս որ դա ի զուր աշխատանք չի եղել, չեմ էլ կարող ասել, թէ մենք վնաս ենք կրել` ծախսել ենք, մսխել: Ընդհակառակը, մենք մի բան էլ շահել ենք այդ ընթացքում:

Հ.- Չե՞նք վնասուել որեւէ բանով: Ասենք, որպէս վստահելի գործընկեր մեր վարկանիշը  չտուժե՞ց:

Պ.- Ես այդպէս չեմ մտածում: Այլ  է, եթէ մենք Եւրոպային խաբած լինէինք, այլ է, եթէ մենք ասէինք, ձեզ հետ այլեւս գործ չունենք: Մեր կազմակերպութիւնը միշտ էլ յայտարարել է, որ մենք ձգտում ենք մեր երկիրը համապատասխանեցնել եւրոպական արժէքներին: Եւրոպական արժէքներին համապատասխանեցնել երկիրը չի նշանակում անպայման մաս կազմել ազատ տնտեսական գօտուն: Դրանք տարբեր գործընթացներ են եւ այստեղ մեկնաբանութեան անհրաժեշտութիւն կայ` մէկը միւսին խանգարո՞ւմ է, թէ՞ ոչ, եւ, եթէ խանգարում է, ապա որքանով է խանգարում: Մեր երկիրը իւրայատուկ երկիր է: Ոչ սահման ունի Ռուսաստանի հետ, ոչ էլ սահման ունի Եւրոպայի հետ: Մի տեղ Վրաստանն է մեր ճանապարհին, մի տեղ Թուրքիան, որն էլ  փակ է: Այս իւրայատուկ կարգավիճակը գուցէ մեզ համար ապահովէր իւրայատուկ անդամակցութիւն  երկու միութիւններին էլ:  Չստացուեց:

Հ.- Երկու կողմն էլ ասում է, որ դա հնարաւոր չէ:  Իսկ ինչ վերաբերում է Եւրոպայի հետ յարաբերութիւններին` դուք ասում էք, որ  չէք կարծում, թէ դա անօգուտ աշխատանք է: Այսինքն արժէքները ներմուծել` պէտք է, եւ հիմա էլ է պէտք, բայց այլ հարց է այսպէս վիրթուալ եւրոպական արժէքներ ներմուծել ասելը, այլ հարց է, երբ  ստանում ենք յստակ ընկերակցութեան համաձայնագիր, ազատ, խորը համապարփակ առեւտրի համաձայնագիր: Տարբեր հարթութիւններ են:

Պ.- Արժէքներին ձգտելը պայմանաւորուած է մեր էութեամբ: Ընկերակցութեան համաձայնագրին  միանալը մեր ցանկութեամբ է պայմանաւորուած: Մէկը ցանկութիւնն է, միւսը` պայմանները: Ես կարծում եմ, շատ-շատերիցս եւրոպացիներն աւելի լաւ են գիտակցում, թէ մենք ինչ կաշկանդումներ ունէինք, ինչ դժուարութիւններ եւ ինչ հնարաւորութիւններ ունէինք: Երբ մենք գլխակորոյս վազում էինք դէպի Եւրոպա, իրենք մեզնից աւելի շատ էին զարմանում: Սակայն այդ վազքի պատճառը, իմ կարծիքով, եւրոպական արժէքներին ձգտելն է: Մենք փորձում էինք եւրոպական արժէքները բերել մեր երկիր: Եւ ես կարծում եմ, որ այդ ընթացքը պէտք չէ դադարի:

Հ.- Կարո՞ղ եմ ենթադրել, որ Հայաստանի այս ընտրութիւնը ՀՅԴ արտաքին քաղաքական պատկերացումների հետ  այս մասով համահունչ է:

Պ.- Մեծ հաշուով` այո: Սակայն մեր երկիրը կարգի բերելու, ժողովրդավարութիւն հաստատելու` երկիր դարձնելու համար մենք պէտք չունենք եւրոպացիների  միջամտութեանը:

Հ.- Բայց դա գաղտնի՞ք է:

Պ.- Յամենայն դէպս, ես կարծում եմ, որ դա մենք չենք ընդունում: Մենք չենք ընդունում, որ մեզ մօտ արտաքին ճնշումով պէտք է որեւէ բան փոխուի: Մեր ժողովրդի կամքով, ցանկութեամբ դա պէտք է փոխուի: Երբ արտաքին ուժին ենք  կառչում, դրա դիմաց  գին ենք վճարում: Այդ գինը յաճախ աւելի ծանր է լինում: Ուզում եմ ասել, այո, գուցէ նոյն մտահոգութիւնը կայ նաեւ այս ուղղութեամբ, բայց այնպէս չի թէ միւս ուղղութեամբ մենք մտահոգութիւն չունենք:

Հ.- Մեծ հաշուով ի՞նչ ձեռք բերեցինք, ի՞նչ կորցրեցինք: Հասկանալի է, որ զուտ բովանդակային, թղթերի հետ կապուած որեւէ վերլուծութիւն կամ մեկնաբանութիւն շատ դժուար է անել, որովհետեւ մինչեւ վերջին րոպէն, ո՛չ եւրոպական ուղղութեան փաստաթղթերը մեզ հասան, ո՛չ էլ Մաքսային միութեան փաթեթն է պատրաստ: Այդուամենայնիւ` ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ` ձեռք բերում:

Պ.- Կարծում եմ` ձեռք ենք բերում աւելի հանգստութիւն, աւելի կայունութիւն այս հանգրուանում: Այն մտահոգութիւնը, այն վայրիվերումները, որ մեր հասարակ ժողովրդին լրջօրէն մտահոգում էին` վերացան: Բայց փաստն այն է, որ դեռ 50 պայմանագիր պէտք է ստորագրուի: Այդ 50 պայմանագիրը պէտք է քննարկուի, Ազգային ժողովը դեռ պէտք է հաստատի: Այսինքն, մենք երկար ճանապարհ ունենք գնալու, ասում են, թէ սատանան մանրամասնութիւնների մէջ է: Այս մանրամասնութիւնները ճշդուելով` էլ աւելի կը յստակուի մեր դիրքորոշումը: Բայց ուղղութեան ճշդումով եւ, հաւանաբար, ոչ ամբողջութեամբ  Եւրոպայից հրաժարուելով, կարծում եմ հանգստութիւն բերեցինք մեր ժողովրդին, հայ զինուորին, հայոց բանակին: Ձեռքբերումի մասին դեռ վաղ է խօսելը: Այն կը լինի հետագայում,  պայմանաւորուած է 50 պայմանագրերի բովանդակութեամբ, որոնց  մասին, բնականաբար, մենք էլ ասելիք կ՛ունենանք:

Հ.- Այս մասով ձեր եւ Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումները համահունչ են: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը եւ ձեր կուսակցութեան պատկերացրած արտաքին քաղաքական ուղեգիծը ինչքանո՞վ են համահունչ այս րոպէին եւ ինչքանո՞վ տարբեր:

Պ.- Մենք ունեցել ենք տարբեր իշխանութիւններ: Եղել ենք հալածուած, ընդյատակեայ, Հայաստանում համարուել ենք ոչ օրինական կուսակցութիւն,  եղել ենք նաեւ իշխանութիւն, համաձայնական կառավարութիւն ենք կազմել, եղել ենք ընդդիմութիւն: Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ ազգի շահի առումով, մենք միշտ էլ համագործակցել ենք իշխանութիւնների հետ: Մենք փորձել ենք զանազանել պետականութիւն, իշխանութիւն, հայրենիք հասկացութիւնները: Վերջապէս Հայ դատի յանձնախմբերի ցանցը ամբողջ աշխարհում միշտ էլ համագործակցութեան մէջ է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան  հետ, եթէ հարցը վերաբերել է Ղարաբաղին, հայ-թուրքական յարաբերութիւններին, Հայոց ցեղասպանութեանը, Հայաստանի անկախութեանը: Եթէ հարցը վերաբերուել է Հայաստանում տնտեսական ներդրումներ կատարելուն, Հայաստանին դրամաշնորհներ, վարկեր  տրամադրելուն: Այս բոլոր հարցերում մենք համագործակցել ենք: Անկախ նրանից, որ մենք այս իշխանութեանը չենք ընդունել: Մենք իշխանութիւնների հետ ունենք ներքին պայքար` Հայաստանում, բայց մենք փորձել ենք դրա զոհը չդարձնել Ղարաբաղը, դրա զոհը չդարձնել սերունդների իրաւունքը, մեր ներքին պայքարի զոհը չդարձնել Ցեղասպանութեան հարցը, ներքին պայքարին զոհ չդարձնել այն, ինչ պէտք է օգնի հզօրացնելու մեր պետականութիւնը եւ երկրի տնտեսութիւնը: Յաճախ շատերը հէնց այդտեղ է, որ շուարում են, որովհետեւ իրենց իմացած ընդդիմութիւնը պէտք է դասական լինի: Մեր երկիրը դասական չի, մենք չենք աշխատում Զուիցերիայում, մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետութիւնում, որն ունի բազում հարցեր եւ ունի պետականութիւն,  ունի ընդամէնը 22 տարուայ անցեալ եւ դեռեւս ամրապնդուելու, կայանալու, հզօրանալու մեծ ճանապարհ ունի անցնելիք: Եւ մենք փորձում ենք մեր ներազգային պայքարի մէջ, օտարին մասնակից չդարձնել: Մեր ներազգային պայքարի զոհը չդարձնել ազգային հարցերը:

Հ.- Պարոն Մարգարեան, մեր երկրում ձեր կուսակցութիւնը ոչ այնքան ներքին, որքան  արտաքին հինգ քաղաքական հարցերի պատճառով դուրս եկաւ համաձայնական կառավարութիւնից եւ ընդդիմութիւն հռչակուեց: Հիմա ՀՅԴ-ն արտաքին քաղաքական հարցերով ընդդիմութի՞ւն է այս իշխանութեանը, թէ՞ ընդդիմութիւն չի:

Պ.- Չկասկածէք` մենք ընդդիմութիւն ենք: Եւ ինձ համար հարցն այսպէս է դրուած` մենք չենք ընդունում այս իշխանութիւնը: Իշխանութիւնը ժողովրդի քուէով փոխելու վճռականութիւնն ունենք եւ վերջ: Կարիք չկայ մեզ անընդհատ ստիպել` երդուել, որ ընդդիմութիւն ենք: Մեզ պէտք չէ անընդհատ ստիպեն հայհոյել, որ ապացուցենք, թէ ընդդիմութիւն ենք: Այդ խաղին մենք չենք տրւում: Մենք յայտարարել ենք, որ ընդդիմութիւն ենք եւ դրել վերջակէտ: Հարցն այն է, որ, այո, հայ-թուրքական յարաբերութիւնների տխրահռչակ արձանագրութիւնների պատճառով մենք դուրս եկանք համաձայնական կառավարութիւնից, բայց մեր պայքարով, չեմ վարանի ասել` մեր պայքարով, որովհետեւ հիմնական առանցքային ուժը, որ պայքարեց, այդ արձանագրութիւնների դէմ` մենք էինք, մենք ունեցանք Սահմանադրական դատարանի որոշում, մեր պայքարով  ստորագրումից երկու ժամ առաջ ունեցանք նախագահի յայտնի փաստաթուղթը: Իբրեւ մեր պայքարի արդիւնք ունեցանք նախագահի ելոյթը Տէր Զօրում, նրա` Ուիլսընի գերեզմանին արտասանած  խօսքերը, որոնք խօսքեր չեն միայն, այլ նաեւ փաստաթղթային արժէք ունեցող արտայայտութիւններ: Մի կողմում կայ Նալբանդեանի դրած ստորագրութիւնը, միւս կողմում կայ Սահմանադրական դատարանի որոշումը, որն ըստ էութեան նոյնն է, ինչը մենք էինք պահանջում: Ճիշդ է, այդ պայքարը մենք մինչեւ վերջ չարդիւնաւորեցինք, բայց ես կարծում եմ, Սահմանադրական դատարանի փաստով` մենք մեծ ձեռքբերում ենք ունեցել, որը շատ աւելի մեծ արժէք ունի ապագայ սերունդների համար, քան Նալբանդեանի ստորագրութիւնը:

Հ.- Եթէ ՀՅԴ-ն ընդդիմութիւն է եւ հէնց արտաքին քաղաքական հարցերի պատճառով դուրս եկաւ համաձայնական կառավարութիւնից եւ պահանջում է արտաքին գործերի նախարարի հրաժարականը, ապա ինչպէ՞ս է, որ ընդդիմադիր Հայ յեղափոխական դաշնակցութեան ղեկավար մարմնի անդամը յաւակնում է Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնին:

Պ.- Եթէ հարցերը շատ չպարզեցնենք` դժուար կը լինի հասկանալը: Յիշում եմ, թէ երբ մենք պահանջեցինք Նալբանդեանի հրաժարականը, եւ յիշում եմ, հէնց այն օրերին, տուած մեր բացատրութիւնը, որ մենք պահանջելով Նալբանդեանի հրաժարականը նախագահ Սերժ Սարգսեանին ցոյց ենք տալիս ճանապարհ այս սխալը սրբագրելու համար: Այսինքն, մեզ համար կարեւորը սխալը սրբագրելն էր, ոչ թէ Նալբանդեանին արտաքին գործերի նախարար չտեսնելը: Դա չէր մեզ համար կարեւորը, միւսն էր  կարեւորը: Դա տեղի ունեցաւ սրանից 4 տարի առաջ: Մենք մեր որոշման գերին չենք կարող մնալ: Մենք յստակ բան ենք ասել` յստակ նպատակ ճշդելով. որ մենք արտաքին գործերի նախարարի հրաժարականը պահանջում ենք, տալով հնարաւորութիւն նախագահ Սերժ Սարգսեանին, իր սխալը սրբագրելու համար: Եթէ այդպէս ենք ասել, ուրեմն ամէն ինչ պարզ է:

Հ.- Հիմա սխալը սրբագրուա՞ծ է:

Պ.- Ոչ, բայց սրբագրուած է այն չափով, որ կայ Սահմանադրական դատարանի որոշում, սրբագրուած է այն չափով, որ կան նախագահի այն յայտնի ելոյթները, որոնց մասին ասացի: Բայց սա այլեւս անցեալ է, 4 տարուայ պատմութիւն ունի. փոխուել է կառավարութիւն, նախագահի ընտրութիւններ են տեղի ունեցել, նոր կառավարութիւն է ձեւաւորուել: Մենք այսօր էլ սկզբունքայնութեան մակարդակի վրայ տանում ենք մեր պայքարը: Անշուշտ, մենք ընդդիմութիւն ենք եւ շատ ու շատ բաներից ենք դժգոհ: Բայց, կրկնում եմ, մենք ո՛չ մեր խօսքերի, ո՛չ ինչ-որ երեւոյթի տուրք տալու համար, ի վնաս այս երկրի եւ այս պետականութեան` ոչինչ չենք անում: Մենք չենք կարող ասել, որովհետեւ բառարանում գրուած է ընդդիմութիւնը այսպիսին է լինում, ուրեմն մենք պարտաւոր ենք այդպիսին լինել: Ոչ` մենք ասում ենք, այս իշխանութիւնը չենք ընդունում, բայց այս երկիրը մեզնից էլ շատ ենք սիրում: Ուրեմն այս երկրի համար պէտք է կարողանանք անել այն ամէնը, ինչ կարող ենք:

Ինչ վերաբերում է Վահան Յովհաննիսեանի դեսպան նշանակուելուն, ասեմ, որ մեր իշխանութիւնը մի կարեւոր անուանի մարդու, կարեւոր կուսակցական ղեկավարի, քաղաքական գործչի, մի մարդու ով ընդդիմադիր հայեացքներ ունի, ով այդ նոյն իշխանութեանը յաճախակի քննադատել է,  ում ելոյթները խորհրդարանում դաղել են այդ իշխանութեանը, առաջարկում է դեսպանի պարտականութիւն: Սրան ինչպէ՞ս էք նայում: Սրան մէկ ձեւով պէտք է նայել` ուրեմն պէտք են ունեցել, կարիք են ունեցել: Չեմ ասում, որ անճար էին, բայց ունեցած հնարաւորութիւնների մէջ նախընտրել են Վահան Յովհաննիսեանին: Սա կարծում եմ լաւ երեւոյթ  է, լաւ` թէ՛ իշխանութեան, թէ՛ մեզ եւ թէ՛ Վահան Յովհաննիսեանի համար:

Հ.- Դէմ չեմ, ընդհանուր առմամբ լաւ երեւոյթ է: Երբ իշխանութիւնն իր մէջ ուժ է գտնում, հրաւիրել եւ առաջարկել ընդդիմադիր գործչին դեսպանի պաշտօն: Լաւ երեւոյթ է, որ կարող են լաւագոյնս պաշտպանուել Հայաստանի  շահերը արտերկրում: Բայց երբ նայում ենք հանրային ընկալման տեսանկիւնից` դժուար ընկալելի է:

Պ.- Որովհետեւ ձեր ասած ընկալումը, ոչ այնքան մաքուր հանրային ընկալում է, որքան քաղաքական որոշ շրջանակների ընկալում: Նրանք հարցին այսպէս են մօտենում. եթէ ընդդիմադիր է, չի կարող դեսպան լինել, որովհետեւ պէտք է Հայաստանի իշխանութեան քաղաքականութիւնը գործադրի: Բայց չէ՞ որ նոյն իշխանութիւնները դեսպան են նշանակել Շարլ Ազնաւուրին, որը կարծում եմ ընդդիմադիրներից էլ աւելի խորը քննադատութիւն հնչեցրեց այս իշխանութիւնների հասցէին: Նոյնիսկ վիրաւորական աստիճանի, բարոյագիտութեան կանոնների դէմ, բայց հանդուրժեցին: Շարլ Ազնաւուրը արուեստագէտ է, հաւանաբար բոլորն այդպէս կ՛ասեն: Բայց Վահան Յովհաննիսեանն էլ  փայլուն քաղաքական գործիչ է, եւ իրենք հրաշալի են գիտակցում, որ Վահան Յովհաննիսեանից ակնկալել զուտ որպէս մեքենական աշխատանք կատարողի, խոհեմութիւնից հեռու է: Վահան Յովհաննիսեանն այն քաղաքական գործիչն է, որը եթէ մի բանի չի հաւատում, եթէ մի բանում համոզուած չի, երբեք չի անի: Կը նախընտրի նոյն վայրկեանին հրաժարական գրել, քան  իր համոզմունքներին, հաւատամքներին, սկզբունքներին դէմ գնալ: Այս տեսանկիւնից է պէտք հարցին նայել: Վահան Յովհաննիսեանի միջոցով, իրենք ուզում են գործադրել այն նպատակները, այն համոզումները, որ Վահան Յովհաննիսեանի մօտ էլ առկայ է: Իսկ ուր են ուղարկում Վահան Յովհաննիսեանին. Գերմանիա… Հայաստան-եւրոպական երկրներ յարաբերութիւնների ոլորտ: Բուն Գերմանիա-Հայաստան յարաբերութիւնները, համեմատաբար, ամենաթոյլն են: Գերմանիայում է գործում թուրք-ազրպէյճանական ամենամեծ լոպին, մօտ 4 միլիոն թուրք է ապրում այնտեղ:

Գերմանիան  շատ կարեւոր եւրոպական երկիր է, եւ այդ երկրում մենք նաեւ Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելից պէտք է դիմաւորենք: Թուրքերի, այդ  կազմակերպուած լոպիինկի պայմաններում պէտք է մենք հարիւրամեակ նշենք: Վահան Յովհաննիսեանին պէտք չէ ընդունել որպէս արտաքին գործերի նախարարութիւնից նշանակուած մի պաշտօնեայի: Նրան յանձնարարել են քաղաքական առաքելութիւն` Գերմանիայում: Ես հարցին այդպէս եմ նայում եւ վստահ եմ, որ Վահան Յովհաննիսեանն էլ է հարցին այդպէս վերաբերւում: Նրան նշանակողները, նշանակուողը եւ մենք վստահ ենք, որ ինքն իր սկզբունքներին դէմ բան երբեք չի անի: Դաշնակցական լինելուն զուգահեռ, այնուամենայնիւ բաւականին մեծ անհատական կարգապահութիւն կայ Վահան Յովհաննիսեանի մօտ, բարոյագիտութեան կանոնների մեծ գիտակցութիւն կայ իր մօտ, ինչը խօսում է այն մասին, որ  Վահան Յովհաննիսեանը չի կարող կեղծել ինքն իրեն:

Հ.- Խորքերում, ինչ որ ասում էք համոզիչ է: Բայց հանրային ընկալման մէջ առաջին հարցերն, այնուամենայնիւ առաջանում են` ինչպէ՞ս պէտք է Վահան Յովհաննիսեանն իրականացնի  երկրի նախագահի արտաքին քաղաքականութիւնը, ՀՅԴ-ն հիմա արտաքին գործերի նախարարի հրաժարական չի՞ պահանջում, հիմա, հայ-թուրքական յարաբերութիւնները եթէ վերակենդանացուեն, ի՞նչ է լինելու` Վահան Յովհաննիսեանը նախագահի քաղաքականութիւ՞նն է վարելու, թէ՞ ՀՅԴ-ի:

Պ.- Ինձ հետաքրքիր է, թէ այդ հարցին Հայաստանի նախագահը եւ արտաքին գործերի նախարարն ինչպէս կը պատասխանեն: Եթէ մէկն իրենց հարց տայ, որ հայ-թուրքական արձանագրութիւնները պէտք է վաւերացուեն եւ նորից պէտք է աշխուժանայ այդ գործընթացը, դուք ինչ էք կարծում, Վահան Յովհաննիսեանը, որպէս դեսպան, այդ ուղղութեամբ  ինչպէ՞ս կ՛աշխատի:

Հ.- Մտավախութիւն չունէ՞ք, որ երբ ընդդիմադիր գործիչը նշանակւում է դեսպան կամ առհասարակ որեւէ պաշտօնի, մարդկանց մօտ յուսահատութիւն է առաջացնում: Մարդիկ նորից մտածում են` եթէ ընդդիմութիւնն էլ իշխանութեան հետ է, ուրեմն ոչինչ չի փոխուի:

Պ.- Գուցէ լինեն մարդիկ, որ այդպէս մտածեն: Ես գիտեմ մարդկանց, ովքեր հարցնում են` լաւ, հիմա դուք ի՞նչ էք ուզում անել առաջիկայ 6 ամսում, առաջիկայ 9 ամսում, առաջիկայ մէկ տարում: Եթէ իշխանութիւնը կործանելու ծրագիր ունէք` կործանէք: Թէ՞ պիտի խօսէք մինչեւ յաջորդ ընտրութիւններ: Եթէ կարող էք դրական մի բան անել, այս երկրի համար, արէք, պայքարելով հանդերձ արէք: Մենք մեր սկզբունքներից չենք հրաժարուել, մենք մեր քաղաքականութիւնը չենք փոխել, մենք ծրագրերի մէջ փոփոխութիւն չենք մտցրել, բայց, այո մի տեղ, որ մենք կարող ենք այս պետականութեանը օգուտ տալ` պիտի տանք: Եթէ մենք կարող ենք հայ-գերմանական յարաբերութիւններին թափ հաղորդել, Գերմանիայի մէջ հակակշիռ ստեղծել թրքական ազդեցութեան դէմ, եթէ 100-ամեակի առիթով Գերմանիայում կարող ենք հող նախապատրաստել, հայամէտ շարժում ձեւաւորել` ինչո՞ւ չանենք: Ես չեմ կարողանում բացատրել` ինչո՞ւ չանենք: Որովհետեւ Հայաստանի նախագահին չե՞նք ընդունում. ի՞նչ կապ ունեն մէկը միւսի հետ: Այո՛, ես այս երկրի մէջ կը պայքարեմ նրա դէմ, բայց այս երկրից դուրս` ես այս երկիրը պաշտպանելու յանձնառութիւն ունեմ:

Երբ բանտում էի, մեր տղաները, վերջ ի վերջոյ, Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան ներքոյ կռւում էին Ղարաբաղում: Մենք ունէինք յատուկ խմբեր, գումարտակ, վաշտ, որ կռւում էր կամաւորութեան, ոչ թէ զինակոչիկի պարտադիր ծառայութեան հիմունքով: Լեւոն Տէր Պետրոսեանը  ինձ բանտարկել էր, բայց նոյն իմ ընկերը նրա հրամանատարութեան տակ կռւում էր: Մենք հրաշալի ենք տարբերում, որտեղ է իշխանութիւնը, որտեղից է սկսւում  հայրենիքը եւ որտեղ են վերջանում հայրենիքն ու պետականութիւնը:

Մեր ժողովրդի մի կարեւոր մասն այնքան խոհեմ է, որ կը կարողանայ տարբերել, թէ մենք որտեղ ենք օգնում երկրին, որտեղ օգնում իշխանութեանը:

Հ.- Ձեր կուսակցութիւնը ծրագիր է մշակում արտագաղթի վերաբերեալ, որի մասին Արծուիկ Մինասեանը հանրահաւաքին խօսեց: Ի՞նչ փուլում են հիմա աշխատանքները:

Պ.- Մեր առջեւ հարց ենք դրել` կայ  արտագաղթի երեւոյթ: Որո՞նք են պատճառները եւ դրանք վերացնելով, մենք որքանո՞վ  կը կարողանանք կոտրել արտագաղթի թափը: Ոչ թէ վերացնել արտագաղթը, այլ կոտրել նրա զանգուածային թափը: Ուսումնասիրելով` գտել են ելքեր, միջոցներ: Սա գիտական լուրջ աշխատանք է, ի՞նչ կարելի է անել առաջիկայ 6 ամսում: Ի՞նչ բարեփոխումներ մտցնել երկրում, որ այդ թափը կոտրուի: Մենք ասպարէզ ենք դուրս գալու ժողովրդին ասելով`  արտագաղթը աստուածային պատիժ չէ, մենք կարող ենք սրա դէմն առնել: Մենք իշխանութեանն ենք տալիս մեր առաջարկները, որպէսզի նա տայ լուծումներն, ու արտագաղթը մեր երկրից պակասի:  Մենք, որպէս ընդդիմադիր ուժ, ժողովրդի հետ ոտքի ենք կանգնում, համոզում, ճնշում, որպէսզի աղէտի առաջն առնենք:  Արտագաղթը ազգային արիւնահոսութիւն է` մեր երկրի անվտանգութեան հարց: Մենք մի կողմից լուծումն ենք  ցոյց տալու  իշխանութեանը. միւս կողմից` ձեռքներիս մահակը:

 

 



Leave a Comment

You must be logged in to post a comment.